Սեպտեմբերի 22-ին Գրողների միության տանը «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատումը և ելքերի առաջադրումը» թեմայով կազմակերպած հավաքի ժամանակ ելույթ ունեցավ Վարդան Հայկազյանը։
Հայաստանի Հանրապետությունը իրական հնարավորություններ ունի մոտակա 3-5 տարիների ընթացքում իր պարենային անվտանգության բարձրացման ուղղությամբ շոշափելի քայլեր կատարելու, հասցնելով այն պարենային ապահովության աստիճանի, այսինքն առնվազն 80%-ով ապահովելով իր բնակչությունը սեփական արտադրության մթերքով:
Պարենային անվտանգությունը միայն գյուղմթերքի արտադրությամբ և համապատասխան մշակաբույսերով զբաղեցրած տարածություններով չի պայմանավորված: Այստեղ կարևորվում են նաև գների և պահանջարկի տատանումները, ռեզերվների ոչ բավարար լինելը, գնագոյացման շղթայի կարգավորումը, գյուղմթերքների և արդյունաբերական ապրանքների գների միջև գոյություն ունեցող անհավասարությունը (դիսպարիտետը), շուկայից էժան ապրանքների արտամղումը: Այս անուղղակի գործոնների շարքում մենք առավել կարևորություն ենք տալիս բնակչության սննդի կառուցվածքին1:
Հատկապես վերջին երկու տասնամյակների ընթացքում մի շարք երկրներ կամք դրսևորեցին և ավանդույթների ու հետազոտությունների վրա հենվելով սկզբունքային փոփոխություններ մտցրեցին իրենց սննդակարգերում, ինչը շատ շուտով բերեց կյանքի տևողության երկարացմանը, հիվանդությունների հաճախականության նվազեցմանը, առողջության այլ չափանիշների բարելավմանը: Դրան հնարավոր եղավ հասնել կարմիր մսի (տավար, ոչխար, խոզ), ինչպես նաև կենդանական ծագման յուղերի, կաթնամթերքի, ձվի և շաքարի օգտագործման կրճատման և սպիտակ մսի (թռչուն, ձուկ, ճագար) տեսակարար կշռի սննդակարգում ավելացման միջոցով: Ամբողջական ալյուրն այդ երկրներում սկսեց հետզհետե դուրս մղել սպիտակ թեփազրկված ալյուրը, իսկ բանջարեղենի և մրգի օգտագործումը մոտավորապես կրկնապատկվեց:
Հետաքրքրական է, որ ճիշտ այդ ժամանակ մեր երկրում նույնպես սկիզբ առան նման տենդենցներ, որոնց նախաձեռնողները2 մինչև այժմ էլ դրանք հաջողությամբ զարգացնում են, և որոնց հետազոտություններից շնորհակալությամբ օգտվել ենք:
Ըստ մեր կողմից առաջարկվող սննդակարգի գրեթե կրկնապատկվում է մրգի և բանջարեղենի օգտագործումը (բանջարեղենն այսօր արդեն դրա համար բավարար չափով արտադրվում է, իսկ մրգի արտադրության ավելացման համար` հատկապես որ որպես այդպիսին մենք ճանաչում ենք նաև հատապտուղն ու բոստանային մշակաբույսերը, արդեն իսկ կան բոլոր նախադրյալները, ընդ որում երկու դեպքում էլ բնական երկրագործության անխուսափելի մուտքը հանրապետության գյուղատնտեսություն կերաշխավորի արտադրության անհրաժեշտ մակարդակը): Առաջարկվում է զգալիորեն կրճատել հացի և հացամթերքի օգտագործումը, միևնույն ժամանակ նախապատվությունը տալով ամբողջական ալյուրին և ձավարեղենին, որոնցով ներկայացված օսլան ավելի արժեքավոր է, քան կարտոֆիլինը, նվազեցնել շաքարի օգտագործումը, կարտոֆիլինը, ձվինը և կաթնամթերքինը, վերջինիս դեպքում նախապատվությունը տալով պանրին և մածունին` մյուս տեսակների նկատմամբ: Առաջարկվում է կրկնապատկել բուսական յուղի օգտագործումը, ինչը խնդիրներ չի առաջացնի թեկուզ այն առումով, որ երկիրն արդեն վաղուց ունի սեփական բուծած սոյայի սորտեր, իսկ գյուղացին պատրաստ է զանգվածաբար աճեցնել այդ շատ տեսակետներից արժեքավոր, եկամտաբեր մշակաբույսը, եթե ունենա դրա սպառողը: Այդպիսին կարող է հանդիսանալ վերակառուցված և արդիականացված ձեթ-օճառ կոմբինատը, սոյայի համալիր մշակման կարողություններով: Բացի այն, ար սա հնարավորություն կտա հրաժարվելու բուսական յուղերի ներկրումից, մենք ձեռք կբերենք դյուրամարս բուսական սպիտակուցների շատ մատչելի աղբյուր:
Հանրապետությունում արդեն ամեն ինչ պատրաստ է մոտակա մեկ-երկու տարում նաև շաքարավազի ներկրումից հրաժարվելու համար, Շիրակում և Սպիտակում աճեցնելով շաքարի ճակնդեղ և տեղում վերամշակելով: Ճիշտ է, տեղում արտադրված շաքարավազի ինքնարժեքը փոքր ինչ ավելի բարձր է ստացվում, քան ներկրվածինը, բայց փոխարենը ունենում ենք երկրի գյուղատնտեսության դիվերսիֆիկացման նոր օղակ, գյուղացին ստանում է մթերման երաշխավորված հնարավորություն, բարձրանում է հանրապետության պարենային անվտանգությունը:
Նշելով, որ ինչպես վերևում ակնարկվեց, մսի և մսամթերքի առումով մեզ սպասում են ավելի որակական, քան քանակական փոփոխություններ, անցնենք պարենային անվտանգության կենտրոնական` հացահատիկի խնդրին:
Վերջին տարիների տվյալներով հանրապետությունում արտադրվում է տարեկան միջինը 220-230 հազար տոննա հացահատիկ, իսկ օգտագործվում` 650-700: Այսօրվա տարեկան մեկ շնչի փաստացի օգտագորված 180 կգ փոխարեն մենք առաջարկում ենք 110 կգ, ելնելով սննդակարգի էներգետիկական պահանջներից, բալանսավորվածությունից և վերը շարադրվածի տրամաբանությունից: Այդ դեպքում կարելի է ընդհանուր օգտագործման թիվը ճանաչել 400-450 հազար տոննայի սահմաններում, նվազեցնելով նաև ֆուրաժային նպատակներով օգտագործվող հացահատիկը և փոխարինելով այն խոտով, խոտալյուրով ու այլ բնական կերերով, ինչը աշխարհի մասշտաբով կարևոր կռվան է հայտարարված այսօրվա տարեկան 1.5 միլիարդ տոննայից 2020 թվականին 2.1 միլիարդ տոննային հասցնելու և դրանով պարենի խնդիրը լուծելու համար: Կարևոր կլինի մեզ համար նաև նվազեցնել օղու թորումը հացահատիկից, հատկապես որ ունենք մրգային օղու թորման հսկայական ռեզերվ, էլ չենք խոսում գինու զանգվածային օգտագործման ավանդույթին վերադառնալու մասին:
400-450 հազար տոննայի արտադրությունը, չնայած այսօրվանի կրկնապատիկն է, այնուամենայնիվ միանգամայն իրատեսական և լուծելի խնդիր է: Դրան կնպաստեն այսօր չօգտագործվող վարելահողերի, որ մոտ 40% է կազմում, նորից շրջանառության մեջ դնելը, բնական երկրագործության կիրառումը, որ իշխանությունների մոտ, կարծես, հետաքրքրություն է առաջացնում, և վերջապես ՀՀ կառավարության ս.թ. հուլիսի 29-ի որոշումը, որ հաստատում է մոտակա տարիներում իրականացվող ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության, կարելի է ասել, հաջողված ծրագիրը:
Այսպիսով, ելնելով գյուղատնտեսության այսօրվա վիճակից և զարգացման ուրվագծվող հնարավորություններից, ինչն առաջին հերթին վերաբերվում է բնական երկրագործությանը, առաջարկվում է բալանսավորված ըստ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի սննդակարգ, որը մի կողմից ստեղծում է երկրի քաղաքացիների առողջ ապրելակերպի համար ամուր հիմքեր, մյուս կողմից հարիր է թե մեր ազգային ավանդույթներին, թե մեզանում ավանդաբար կիրառվող ցանքերի կառուցվածքին: Հարկ է նշել նաև, որ այս առավելություններով հանդերձ այն չի դառնում պակաս մատչելի. այն պարագայում, որ նոր սննդակարգում նախատեսվում է մեկ շնչի հաշվով տարեկան 12 կգ ձուկ և ձկնամթերք, ինչն իսպառ բացակայում է այսօր գործող սննդակարգում, տարեկան զամբյուղը թանկանում է ընդամենը 20-22 հազար դրամով:
1Պարենային անվտանգությանը վերաբերվող այս և այլ խնդիրներին կարելի է ավելի մանրամասն ծանոթանալ Նորավանք գիտակրթական հիմնադրամի Դար XXI վերլուծական ամսագրի համարներում տպագրված հեղինակի ծավալուն աշխատություններում(www. noravank.am).
2Էթնոառողջագիտության կենտրոնի հիմնադիրներ, բժշկական գիտությունների թեկնածուներ Արուսյակ Նալյան և Լևոն Դռնոյան (www. nalyan.com)
Aucun commentaire:
Enregistrer un commentaire