lundi 25 avril 2011

Մարսելում Արևմտյան Հայաստանի հայերի պահանջագրի հանձնումը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողության ժամանակ տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի կառավարության պահանջագրի հրապարակումը և հանձնումը թրքական հյուպատոսությանը: 24 ապրիլ 2011.


Արևմտյան Հայաստանի կառավարության պահանջագիրը ամբողջությամբ`

lundi 18 avril 2011

Թուրքիոյ կողմէ Հայերու դէմ իրագործուած Ցեղասպանութեանց ճանաչման պահանջք



ՏԵՂ. : Յ.Ն.Ս. 18.04.2011 - Թիւ 2
Նիւթ՝ Թուրքիոյ կողմէ Հայերու դէմ իրագործուած Ցեղասպանութեանց ճանաչման պահանջք
Փարիզ, Ֆրանսիա, 18 Ապրիլ 2011 թ.
ԴԻՄՈՒՄ ԹՈՒՐՔԻՈՅ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՊՏԻՒԼԼԱՀ ԿԻՒԼԻՆ
Պարոն Նախագահ,
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտեան Հայաստանի Հայերու Համագումարը
(արձանագրուած՝ ՄԱԿ-ի հետեւեալ յանձնախումբերուն, WIPO - World Intellectual Property Organisation,
EMRIP - Expert Mechanism on the Rights of Indigenous Peoples եւ ECOSOC - Economic and Social Council),
ինչպէս նաեւ Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութիւնը, նստավայր ունենալով Փարիզ,
ՖՐԱՆՍԱ՝ սոյն պաշտօնական նամակագրութեամբ կը պահանջէ Թուրքիոյ Հանրապետութեան
Կառավարութենէն՝ պաշտօնապէս ճանչնալ 1894-1923 թթ. օսմանեան, երիտթուրքական եւ քեմալական
կառավարութիւններու կողմէ՝ հայութեան եւ հայկական քաղաքակրթութեան դէմ կատարուած
շարունակական ոճրագործութիւնը, այսինքն՝ հայերու դէմ կատարուած ցեղասպանութեան փաստը:
Թրքական կառավարութիւններու կողմէ նախապէս ծրագրուած եւ իրականացուած
ոճրագործութիւններու առ ի հետեւանք, հայութիւնը ունեցաւ մօտ երկու միլիոն նահատակ: Իսկ
բռնագաղթի, հայրենազրկման եւ ուծացման ենթարկուեցան աւելի քան մէկ միլիոն հայ:
Այսօր, որպէս բնիկ ժողովուրդ, մօտաւորապէս տասը միլիոն հայեր, Թուրքիոյ Հանրապետութեան
վարած հայատեաց քաղաքականութեան հետեւանքով՝ կ՛ապրին իրենց հայրենիքէն դուրս ու կ՛ենթարկուին
ձուլման եւ ոչնչացման՝ առանց իրենց ազատ, նախօրոք եւ լուսաբանված համաձայնութեան:
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Վտարանդի կառավարութիւնը կտրականապէս կը
մերժէ Հայոց ցեղասպանութեան հարցի քաղաքականացուած կեդրոնացումը միայն 1915 թուականի վրայ:
Ցեղասպանութիւնը սկսուած է 1894 թուկանէն Սասունի ջարդերով, որու նպատակով 1891
թուականէն նախապէս կազմուած էին համիտեան գունդերը:
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Վտարանդի կառավարութիւնը Թուրքիոյ կողմէ
իրականացուած ցեղասպանութեան փաստը կը բաժնէ երեք ժամանակաշրջաններու.
1. 1894 - 1896 թթ. Ապտիւլ Համիտ Բ-ի կողմէ կատարուած ցեղասպանութիւնը,
2. 1909 թ. Հայկական Կիլիկիոյ՝ Ատանայի ջարդերը, երիտթուրքերու կողմէ կատարուած
ցեղասպանութիւնը,
3. 1915 - 1923 թթ. երիտթուրքերու եւ քեմալական կառավարութեանց կատարած ցեղասպանութիւնը:
Ըստ այնմ, Թուրքիոյ Հանրապետութեան կառավարութենէն կը պահանջուի 1894 - 1923 թթ. հայերու
դէմ պետականօրէն ծրագրուած եւ իրականացուած ցեղասպանութեան փաստի ամբողջական ճանաչումը,
հիմնուած պատմական-իրաւական արխիւային հետեւեալ փաստաթուղթերու հիման վրայ.
- «1915 թ. մայիս 24-ին Երրեակ Համաձայնութեան տէրութիւնները՝ Մեծն Բրիտանեան, Ֆրանսան եւ
Ռուսաստանը, առաջինն էին, որոնք հանդէս եկան Օսմանեան կառավարութեան կողմէ հայերու
բնաջնջման քաղաքականութեան դէմ համատեղ մէկ յայտարարութեամբ, որով Օսմանեան
կառավարութեան կողմէ հայերու նկատմամբ ի գործ դրուած բռնութիւններն ու ջարդերը որակեցին իբրեւ
«Թուրքիոյ նոր ոճիրները ընդդէմ մարդկութեան եւ քաղաքակրթութեան»:
- 1919 թ. Կ. Պոլսոյ Ռազմական յատուկ ատեանի վճիռները:
- 1965 - 2010 թթ. հայերի ցեղասպանութիւնը դատապարտած պետութիւններու ցանկը:
- 1984 թ. ժողովուրդներու մշտական ատեանի վճիռը:
- 1985 թ. ՄԱԿ-ի Մարդկային իրաւանց ենթայանձնախումբի որոշումը:
- 1987 թ. Եւրոպական Խորհրդարանի որոշումը:
- 2007 թ. «Բնիկ Ժողովուրդներու իրաւունքներու մասին» Հռչակագիրը:
- 2011 թ. Արժանթինի Գերագոյն ատեանի վճիռը:
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի Նախագահ՝
Պրն. Արմենակ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութեան Վարչապետ՝
Պրն. Տիգրան ՓԱՇԱԲԵԶԵԱՆ
Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդ
stat.gov.wa@haybachdban.org

http://www.western-armenia.eu/stat.gov.wa/arm/2011/Timoum-Nakhagah.Abdullah-Gyulin-18.04.2011.pdf

dimanche 10 avril 2011

ԴԱՍԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ՄԱՐՍԵԼՈՒՄ

Հայազգի երգիչներ` Վահան Մակվեցյանի (բաս), Անի Եյմազյան-Կոնկեի (սոպրանո), Վարդուհի Թանգալյանի (դաշնամուր) մասնակցությամբ Մարսելի Սահակ-Մեսրոպ մշակութային կենտրոնում տեղի ունեցավ դասական երաժշտության երեկո: Նարկայացվեցին հայ հեղինակների ստեղծագործություններ` "Կռունկ'', "Անտուն","Սարեն ելավ երկու ծուխ", "Շողեր ջան", "Օրոր", "Բարի արագիլ", "Իմ անուշ տավիղ" և "Կաքավիկ" երգերը, իսկ օտար հեղինակներից` Չայկովսկու, Մուսորսկու, Շալյապինի, Մասենետի, Գունոդի, Ռոսինիի, Կամպանայի ստեղծագործություններից հատվածներ:


vendredi 8 avril 2011

"ՀԱՅՐԻԿ"

Ամենօրյա ունայնությունից կտրվեք և վայլեք, Աղասի Այվազյանի սցենարով 1972 թվականին, ռեժիսորը Հենրիկ Մարլյանի նկարահանած, "Հայրիկ" ֆիլմը: Խորհրդային ժամանակաշրջանի հայկական բեմի աստղաբույրի ներկայացուցիչներ` Մհեր Մկրտչյանը, Ա. Շերենցը, Վ. Վարդերեսյանը և այլք, իրենց անկեղծ մարմնավորումով` պատմում են մեր բոլորիս պապերի նման մի հայ մարդու կյանքի երջանիկ մայրամուտի մասին: Իր ցեղասպանված նախնիների, կամ իր ասած ''ավազակ'' (ֆիդայի) պապերի արժանի ժառանգն է նա` ֆիլմի մեծ պապը, որ հիմա իր գերդաստանով կերտում է Հայաստան աշխարհի նոր արշալույսը:

lundi 4 avril 2011

ԻՆՉՈ՞Ւ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏՆԻ ՎՏԱՐԱՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԱՍՈՒԼԻՍ՝ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՍՐՈԲՅԱՆ



«Հայելի» ակումբի հյուրերն ապրիլի 4-ին կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն ու Ազգային վիճակագրական ծառայության Գների վիճակագրության և համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն էին: Ասուլիսի թեման՝ «Առաջին եռամսյակում արձանագրված գնաճ»:

Անժելա Թովմասյան.-Բարև՛ ձեզ, շնորհակալություն, որ հրավերն ընդունեցիք, այսօր մեր հյուրերն են Գուրգեն Մարտիրոսյանն ու Հարություն Մեսրոբյանը: Պրն Մարտիրոսյանը կներկայացնի վերջին եռամսյակում արձանագրված գնաճը, որպեսզի պատկերն ավելի պարզ լինի, մենք հետո պրն Մեսրոբյանին կխնդրենք ներկայացնել տարածաշրջանում, հարևան երկրներում տեղի ունեցած գնաճը, խնդրեմ:

Գ. Մարտիրոսյան.-Ինչպես գիտեք, յուրաքանչյուր ամիս ԱՎԾ-ի կողմի հաշվարկվում են ՀՀ-ում սպառողական ապրանքների և ծառայությունների գների փոփոխությունները և սպառողական գների ինդեքսը, և այդ ցուցանիշը յուրաքանչյուր ամսվա վերջին տեղակայվում է ԱՎԾ-ի կայքէջում: Իհարկե, արդեն արձագանքները կան, որոշակի հրապարակումներ կան: Ես ներկայացնեմ վերջին երեք ամիսների գնաճը և ցուցանիշներ. 2011 թ.մարտին փետրվարի նկատմամբ հանրապետությունում արձանագրվել է 0.8 տասնորդական տոկոս գնաճ, այդ թվում՝ պարենային ապրանքների գներն աճել են 0.9 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ կես տոկոսով, և ծառայությունների սակագնային աճը կազմել է 0.9 տոկոս: 2011թ. մարտը 2010 թ. մարտի համեմատ՝ գնաճը հանրապետությունում կազմել է 11.5 տոկոս, այդ թվում՝ պարենային ապրանքների գներն աճել են 17.1 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գնաճը կազմել է 7.8 տոկոս, ծառայությունների սակագներն աճել են 8.6 տոկոսով: Մեկ ցուցանիշ ևս՝ 2011 թ. մարտին 10 թ. դեկտեմբերի նկատմամբ, այսինքն՝ երեք ամսվա ընդհանուր գնաճը, հանրապետությունում կազմել է 5.2 տոկոս: Պարենային ապրանքները նշված ժամանակահատվածում աճել են 8.6 տոկոսով, ոչ պարենային ապրանքները՝ 0.9 տոկոսով, իսկ ծառայություններն ու սակագները՝ 2.5 տոկոսով: Հանրապետությունում վերջին մեկ ամսում դիտարկվող 11 բնակավայրերում գնաճը տարաբնույթ է եղել, մասնավորապես այն կազմել է 0.2 տոկոսից մինչև 2.7 տոկոս: Ամենացածր գնաճն արձանագրվել է վերջին մեկ ամսում Գյումրի քաղաքում, և ամենաբարձր գնաճը՝ Եղեգնաձոր քաղաքում: Երևանում գնաճը կազմել է կես տոկոս: Մեկ հանգամանքի մասին ևս ես կուզենայի նշել, որ, ըստ մեր ծրագրավորված աշխատանքի, առնվազն հինգ տարին մեկ մենք իրականացնում ենք սպառողական ինդեքսի հաշվարկման համար ապրանքների և ծառայությունների կազմի և կառուցվածքի վերանայում և բազիսային տարվա փոփոխություն: Մասնավորապես վերջին փոփոխությունը կատարվել էր 2005 թ., և 2005 թ.-ն ընդունված էր որպես բազիսային տարի՝ ներառյալ 2010 թ.-ը՝ սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար: Եվ, հաշվի առնելով ՀՀ-ում իրականացվող գնային տնտեսությունների կենսամակադակի ամբողջացված հետազոտության տվյալները, դրանք ներառում են 2009 թ. հոկտեմբերից 2011 թ. սեպտեմբեր ամիսները՝ 12-ամսյա պարբերականությամբ, ժամանակահատվածը ներկայացված ցուցանիշի հիման վրա վերահաշվարկվել է գների ինդեքսների հաշվարկման համար՝ ապրանքների, ծառայությունների տեսակարար կշիռն ընդհանուր կազմում, ընդհանուր զամբյուղում, այն է՝ եթե տնային տնտեսությունների միջինացված ծախսումն ընդունում ենք որպես 100 կամ մեկ, ապա մնացած ապրանք/ծառայությունների տեսակարար կշիռը դրանց մեջ տոկոսային հարաբերությամբ փոփոխական է, և ընդհանուր գումարը կազմում է 100 տոկոսը: Դա նրա համար է, որպեսզի յուրաքանչյուր ապրանքի և ծառայության անհատական գների ինդեքսները հաշվարկելուց, գնային փոփոխությունները հաշվարկելուց հետո մենք կարողանանք միջին կշռված ինդեքս հաշվենք ընդհանուր բնակավայրի կամ ընդհանուր հանրապետության համար: Ոչ միայն ընդհանուր զամբյուղի ապրանքներ և ծառայություն տեսակարար կշիռն է կազմում կառուցվածքը, այնպես էլ դիտա?կվող բնակավայրերի տեսակարար կշիռներն են վերահաշվարկվում, մասնավորապես՝ դրա հիմքում մենք ընդունում ենք մշտական բնակչության թվաքանակը յուրաքանչյուր մարզի, տարածքի կամ բնակավայրի, ապրանքաշրջանառության և ծառայությունների ծավալների տարածաշրջանային ցուցանիշները, և դրանցով յուրաքանչյուր բնակավայրն էլի ունենում է իր տեսակարար կշիռը՝ ընդհանուր հանրապետական միջին ցուցանիշների հաշվարկման համար: Իհարկե, քանի որ փոխվելու է կառուցվածքը, մենք, բնական է, պետք է վերահաշվարկեինք 2011 թ. հունվար-փետրվարի գնաճի ցուցանիշները: Նախկինում հունվարի համար 2005 թ. բազիսային կշռվածությամբ արտադրվել է 2.8 տոկոս գնաճ, իսկ վերահաշվարկած զամբյուղում այն 3.4 տոկոս է, և փետրվարի համար 1.9 տոկոսի փոխարեն վերահաշվարկած գնաճը կազմել է 0.9 տոկոս, մարտն արդեն նոր կշռվածությամբ է հաշվարկվել և կազմում է 0.8 տոկոս, և ընդհանուր գնաճը 3 ամսում կազմել է 5.2 տոկոս:

Ռուբեն Մելոյան, «Ազատություն».-Կներեք, մի ճշտում՝ դա Ձեր պատասխա՞նն է այն մեղադրանքին, որ 5.5 պետք է լիներ, հիմա 5.2 է:

Գ. Մարտիրոսյան.-Չգիտեմ՝ ինչ մեցղադրանքի մասին է խոսքը:

Ռուբեն Մելոյան, «Ազատություն».-Այսինքն՝ առաջին երկու ամսվա համար 4.7 էր՝ Ձեր տվյալներով, հիմա, երբ գումարում ենք 0.8 տոկոս, դառնում է 5.5, բայց Դուք տալիս եք 5.2:

Գ. Մարտիրոսյան.-Այո-այո… Եվ սա ոչ թե միտումնավորություն է, ինչպես Դուք եք ասում, այլ ուղղակի ծրագրավորված… Ըստ միջազգային 6 խոշոր կազմակերպությունների կողմից հրատարակված՝ սպառողական գների ինդեքսի հաշվարկման ձեռնարկի՝ 535 էջանոց հաստափոր գրքի և Աշխատանքի վիճակագիրների միջազգային կոնֆերանսի 2003 թ. բանաձևի՝ պետք է յուրաքանչյուր 5 տարին մեկ վերանայվի սպառողական գների ինդեքսի հաշվարկման զամբյուղը, կազմը և կառուցվածքը: Ես նշեցի՝ նախկինը 2005-ն էր, հիմա վերահաշվարկել ենք 2010 թ. բազիսային կշռվածությունն իրականացնելու հաշվարկը: Տարեկան ցուցանիշների փոփոխությունը մոտավորապես մեկ տոկոսի սահմաններում է, հունվարը նախորդ տարվա հունվարի նկատմամբ նախկին բազիսային կշռվածութմամբ հաշվարկված 10.6-ի փոխարեն նոր կշռվածությամբ հաշվարկված սպառողական գների ինդեքսը կազմում է 110.3 տոկոս, ևփետրվարի համար 12.4-ի փոխարեն կազմել է 11.4 տոկոս, կուտակային ցուցանիշը հունվար-փետրվարին նախորդ տարվա հունվար-փետրվարի նկատմամբ 11.5-ի փոխարեն 10.8 տոկոս է:

Հ. Մեսրոբյան.-Նախ՝ ես կաշխատեմ բոլոր թվերը չկրկնել, որոնք ասվեցին, կփորձեմ ուրիշ տեսանկյունից նայել այս խնդրին: Վարչապետի կողմից ենթադրվում է, որ 6 տոկոս է լինելու տարեկան սղաճը՝ այս տարվա: Եվրոպական զարգացման բանկի կողմից իրենք կրկնում են բյուջեում գրված թիվը՝ չորս տոկոս, գումարած-հանած մեկուկես տոկոս, և Միջազգային արժութային հիմնադրամն ասում է 4.6 տոկոս: Եթե դուք նայեք այդ սպասումները, ապա դրանք բավականին համընկնում են անցյալ տարվա սպասումներին, ընդ որում՝ ինչպես և անցյալ տարի, հիմա էլ է ասվում, որ մինչև կես տարի կլինի բարձրացում՝ գնաճ, իսկ հետո կլինի նվազում, և կլինեն մոտավորապես այս թվերը, որ ես ասացի, այսինքն՝ տարվա երկրորդ կեսին սպասվում է դեֆլյացիա: Շատ հետաքրքիր է… Ինչ վերաբերում է ներկայացված թվերին, ապա եթե մենք տարեկան կտրվածքով նայենք այս ներկայացված թվերը, ապա հանգիստ տեսնում ենք, որ տարեկան կտրվածքով այս երեք ամսվա սղաճն անցնում է 10 տոկոսից, այսինքն՝ անգամ ավելի մեծ է մեր սղաճը, քան անցյալ տարի, երբ տարեկան սղաճն արձանագրվեց 9.4 տոկոս: Մի երկու խոսք տարածաշրջանի մասին. ասեմ, որ եթե վերցնենք ԱՊՀ երկրները, ամենաբվարձր սղաճն ունենում են Հայաստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը, ընդ որում՝ հունվարին Հայաստանն առաջին տեղն էր զբաղեցրել ԱՊՀ երկրներում իր սղաճով, 2.7 ուներ Ղրղզստանը, 2.6՝ Ռուսաստանը: Ամենացածր սղաճն ունենում են ուկրաինան, Մոլդովան և Ադրբեջանը, ընդ որում՝ հունվարին Ադրբեջանն ամենացածր սղաճն ուներ ամբողջ ԱՊՀ-ում՝ 0.8 տոկոս: բայց ավելի հետաքրքիր է, թե ինչ մեթոդաբանություն է կիրառվում մեր վարչության կողմից: Դա հետևյալն է՝ 2005 թ. վերցվել է 470 ապրանք, որի հիման վրա սկսվել է հաշվարկվել սղաճը, և հինգ տարին մեկ պետք է փոխել, ի միջի այլոց՝ այդ սխեման ընդունված է միջազգային հանրության կողմից: Ի՞նչն է հետաքրքիր՝ սղաճի ցուցակի հաշվարկման մեջ, օրինակ, կան կոմպակտ դիսկեր, տեսաձայնագրիչներ և այլն: Այսինքն՝ գիտե՞ք ինչ է ստացվում, կախված այն բանից, թե դուք ինչ ապրանքներ եք նայում, և այդ ապրանքներին ինչ տեսակարար կշիռ եք տալիս, դուք կարող եք, օրինակ, ապացուցել, որ Հայաստանում սղաճը 0.1 տոկոս է տարեկան, կարող եք ուրիշ ապրանքներ վերցնել և ուրիշ տեսակարար կշիռ, կարող է ցույց տաք, որ 99 տոկոս է:

Անժելա Թովմասյան.-Կա՞ նման բան, պրն Մարտիրոսյան:

Հ. Մեսրոբյան.-Իհարկե, ասեմ Ձեզ, Անժելա ջան, 470 ապրանքից ամեն մեկն ունի տեսակարար կշիռ գործակից: Կախված նրանից, թե դուք ինչ ապրանքներ եք դնում, ինչ գործակիցներ եք դնում, դուք կարող եք ստանալ բազմաթիվ տարբեր թվեր: Սա մաթեմատիկա է, ընդ որում՝ մաթեմատիկան, ասեմ ձեզ, ոչ քաղաքականացված գիտություն է, և անկախ նրանից՝ դուք որ դաշտում եք, 2 գումարած 3՝ 5 է, դրա համար այս թվերի վրա չարժե կասկածել, բայց այստեղ ուրիշ հարց կա՝ անապահով խավերը, որպես կանոն, ծախսում են երկու ուղղությամբ՝ զուտ սննդամթերքի, ընդ որում՝ շատ նեղ շրջանակներում, որոնց գները շատ ավելի արագ են բարձրանում, և կոմունալ ծառայությունների: Մնացած բաների վրա անապահով խավը շատ քիչ է ծախսում: Բերեմ մեկ թիվ՝ աղքատության շեմը Հայաստանում 2008 թ. կազմել էր 23 տոկոս, ես ասում եմ Համաշխարհային բանկի տվյալները, 2010 թ՝ 34.1: Սա նշանակում է, որ մոտավորապես 1.1 մլն մարդ Հայաստանում, որպես կանոն օգտվում է սննդամթերքից և կոմունալից, իսկ այնտեղ նույն հիմնարկության կողմից անցյալ տարվա գնաճը կազմել է 18.8 տոկոս, եթե նեղացնենք այս ապրանքատեսակները: Իրականության մեջ 9.4 տոկոսը, որ եղել է անցյալ տարի, և այս թվերը, որ ներկայացվեցին այս տարի, դա 470… Հիմա մի քիչ փոխել են, ավելացրել են,,, Այդ 1.1 մլն մարդիկ դրանց տասը տոկոսն են օգտագործում, ոից գնաճը շատ ավելի մեծ է, գոնե իրենց տվյալներով երկու անգամ մեծ է: Ես ուզում եմ սրա վրա ուշադրություն դարձնել, այսինքն՝ մեթոդաբանության և անապահով խավի, որը 23 տոկոսից դարձել է 34.1: Սա՛ է կարևոր, իսկ եթե մարդն ունի տարեկան եկամուտ՝ միլիոն դրամներ, այդ 9.4 սղաճն իրեն կարող է վերաբերել:

Գ. Մարտիրոսյան.-Նախ՝ ես ասացի՝ տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջական հետազոտության հիման վրա են կազմվում դիտարկվող ապրանքների ինչպես կազմը, այնպես էլ կառուցվածքը և դրանց տեսակարար կշիռը զամբյուղում: 470 ապրանք/ծառայությունների ընտրանքը պատահական չէ, դա մեր առօրյա յուրաքանչյուր հետազոտող տնային տնտեսություններից… Ընդ որում ասեմ՝ յուրաքանչյուր ամիս դա ռոտացիոն ձևով փոփոխվում է, այս մի ամիսը, ենթադրենք, իմ ընտանիքն է, պատահական ընտրանքով վաղը-մյուս օրը՝ ձեզանից որևէ մեկի ընտանիքը կարող է հետազոտության մեջ լինել: Ըստ հետազոտության տվյալների՝ տնային տնտեսությունների կողմից ամենօրյա նշումների՝ իրականացված սպառման համար կատարված ծախսումների վերաբերյալ տվյալների հիման վրա ձևավորվում է այդ զամբյուղը, այսինքն՝ ինչպիսի ապրանք և ծառայություն են նրանք գնել, ինչքան են գնել և ինչքան են ծախսել: Ինչ վերաբերում է 2005 թ. զամբյուղում ներառած որոշ ապրանք-ծառայությունների, որոնք նշվեցին, իհարկե, դրանք նունյպես վերանայվել են, մասնավորապես՝ 470 քանակությունն ընդհանուր մնացել է նույնը, պահպանվել է, սակայն յուրաքանչյուր ապրանք/ծառայության ներսում առանձին ապրանք ծառայության ներկայացուցիչներ են դիտարկվում. մասնավորապես՝ եթե բարձր տեսակի հաց, ապա դուք գիտեք, որ դրանք տարաբնույթ են, և տեսականին շատ է, յուրաքանչյուր տեսակի հացը ներկայացուցիչ է հանղես գալիս, և այդպիսով 470-ը, նախկինում՝ 619-ը ապրանք/ծառայությունների ներկայացուցիչների փոխարեն ներկայումս դիտարկվում է արդեն 901-ը: Եվ բնական է, որ յուրաքանչյուր երկիր իր ֆինանսական ներուժի հնարավորությամբ ընտրում է այն քանակությունը, որն ի վիճակի է այս աշխատանքն իրականացնելու: Եվ անհնարին է համեմատել ինչ-որ տեղ Հայաստանը և զարգացած շատ երկրներ,երկրներ կան, որ 25000 և ավել թվաանակով ապրանք/ծառայությունների ներկայացուցիչներ են դիտարկվում,սակայն դա էլի իր օպտիմալ միջակայքն ունի, որ միևնույն է, դա տեղավորվում է 100 տոկոս սահմաններում: Սովորաբար միջազգային փորձն ի՞նչ է ասում. շատ հատուկ տեսակարար կշիռ ունեցող ապրանքները նպատակահարմար չէ վերցնել հաշվարկման մեջ, որովհետև եթե ենթադրենք՝ 0.01 և այլ տեսակարար կշիռ ունեցող ապրանք է կամ ծառայություն, դրա ազդեցությունն ընդհանուր գնաճի վրա աննշան է:

Հ. Մեսրոբյան.-Ես ուղղակի մի ճշտում եմ ուզում ասել՝ խոսքը հետևյալձևով է դրված՝ անապահով խավի, 1.1 մլն-ի ապրանքացուցակը եթե նայեք ևդրագնաճը կազմեք, ապա հավաստիացնում եմ ձեզ, 25 տոկոսից ավել կլինի 2010 թ.-ը: Սա նշանակում է, որ անապահով խավն ամենախոցելին է գնաճի մասով, ինչքան էլ դուք փոխեք ապրանքները, այդ խավը վետչինա չի գնի և այլն, պա՞րզ է: Դրա համար վերցրեք նայեք՝ կարտոֆիլն ինչքան է թանկացել, շաքարավազը, հացը և այլն: Դուք 25-ից ցածր չեք իջնի, անհնարին է,ինչ գործակիցներ էլ վերցնեք: Երբ Դուք ասում եք՝ տնային տնտեսություն, կներեք, դա լղոզված հասկացողություն է: կա տնային տնտեսություն, որն ապրում է 3 հարկանի շենքում, կա տնային տնտեսություն, որը ստանում է թոշակ, հետևաբար տնային տնտեսություն անդեմ հասկացողությունն իմաստ չունեցող է, խոսքը 1.1 մլն մարդկանց մասին է, որոնց համար գնաճը շատ մեծ է, դրա՛ հարցը պետք է նայել և առանձին այդ երկրորդը գնաճը հաշվարկել՝ անապահով խավերի ապրանքացանկը և դրա գնաճը: Իսկ ընդհանուր տնային տնտեսություն, նորից եմ կրկնում, օրինակ, նախորդ ցուցակում կային ջահեր. Սա անապահով խավի հետ ի՞նչ կապ ունի, հո չե՞ն գնում ամենա նգամ առնում: Ուզու՞մ եք՝ էլի ասեմ՝ սալիկ և այլն…

Ռուբեն Մելոյան, «Ազատություն».-Ըստ Ձեզ՝ ինչքա՞ն պետք է լինի գնաճը 1.1 մլն անապահով խավի համար:

Հ. Մեսրոբյան.-Դա շատ հեշտ է, բոլորս կարող ենք հաշվել. վերցրեք մոտ 40 ապրանք, այդ թվում՝ և կոմունալը՝ էլեկտրաէներգիան և այլն: Վերցրեք նաև սննդամթերքի զամբյուղը: Դուք հանգիստ կարող եք հացը, կարտոֆիլը… Այս երեք ամսում ստացվում է 20 տոկոսից ավել տարեկան կտրվածքում,եթե նայենք երեք մասվա տարեկան կտրվածքը: Անցյալ տարի, երբ հաշվեցի մոտ 37-40 ապրանքների համար, 25 տոկոսով էին բարձրացել, ընդ որում՝ հիմնականում գյուղմթերքը, եթե հիշում եք, այնտեղ ապրանքներ կան, որոնք երկու-երեք անգամ են, ինչ գործակիցով էլ հաշվեք, այդ թիվը բարձրանում է: Եվ նման գնաճ, որը ներկայացվում է, շատ լավ է պատմության համար, որ 100 տարուց հետո նայեն, իսկ ապրելու համար՝ անապահով խավերի գնաճը…

Սամվել Ավագյան, «News.am».-Պարենային ապրանքների կշիռն ինչպե՞ս է փոխվել, քանի՞ տոկոս էր առաջ, քանի՞ տոկոս է հիմա:

Գ. Մարտիրոսյան.-Ըստ 2010 թ. բազիսային տարվա կշռվածության՝ պարենային ապրանքների տեսակարար կշիռն ընդհանուր կազմում և կառուցվածքում կազմել է 8.47 տոկոս, ալկոհոլային խմիչքը և ծխախոտը, որ սովորաբար գումարում ենք պարենային ապրանքներին, 5.04 տոկոս,. երկուսի ընդհանուր գումարը՝ 53.51 տոկոս: Ոչ պարենային ապրանքներինը 15.68 տոկոս, և ծառայություններինը՝ 30.81 տոկոս, ընդ որում՝ ասեմ փոփոխությունը, որ պարենային ապրանքների նախորդ զամբյուղը 2008 թ. համեմատությամբ աճել է 0.47 տոկոսային կետով, ալկոհոլային խմիչքը և ծխախոտը պակասել են 0.87 տոկոսային կետով, ոչ պարենային ապրանքներինը պակասել է կես տոկոսային կետով և ծառայությունների մասնաբաժինն ավելացել է 0.9 տոկոսային կետով: Ինչ վերաբերում է այն բանին, թե որ խավի համար ենք սպառողական գների ինդեքսը հաշվարկում, նայենք՝ ինչպիսի խնդիր է պետությունը դնում իր առջև: Եթե խնդիր է դնում, որ յուրաքանչյուր խմբի համար՝ ըստ աղքատության մակարդակի, առանձին գնաճ պետք է հաշվարկի, դա լրիվ ուրիշ բան է: Երբ խնդիրը դրվու է, որ ընդամենը պետք է հաշվարկել հանրապետությունում գնաճը, դա նշանակում է, որ մեկ միջինացված տնային տնտեսության ծախսումների ցուցանիշի հիման վրա ձևավորված…

Հ. Մեսրոբյան.-Հազար ներողություն…

Գ. Մարտիրոսյան.-Մեր խնդիրն առայժմ գնաճը հանրապետությունում հաշվարկելն է, այդ իսկ պատճառով առանձին խավերի վերաբերյալ… Իհարկե, բնական է, յուրաքանչյուր խմբի համար եթե հաշվարկենք, յուրաքանչյուրը կունենա իր առանձին զամբյուղը, կազմն ու կառուցվածքը, որտեղ, ենթադրենք, մեկի մոտ կարտոֆիլի տեսակարար կշիռը հնարավոր է՝ բարձր լինի, մեկի մոտ՝ ցածր:

Սամվել Ավագյան, «News.am».-Կարո՞ղ եք հստակ ասել՝ ինչի՞ հաշվին է մեկ տոկոսը նվազել:

Հ. Մեսրոբյան.-Ես ներողություն եմ խնդրում, բայց մի հարց եմ ուզում տալ՝ Սահմանադրության մեջ գրված է, որ Հայաստանը սոցիալական պետություն է, և կարևորագույն նպատակն աղքատության դեմ պայքարելն է, հետևաբար երբ ես բարձրացնում եմ 1.1 մլն մարդու հարցը, Դուք ասում եք՝ պետությունը, նայած ինչ խնդիր է դրած… Սահմանադրությունում արդեն գրված է, հետևապես դուք պարտավոր եք հաշվել նաև անապահով խավի համար, այլ ոչ թե՝ ինչ հրահանգ եք ստանում:

Սամվել Ավագյան, «News.am».-Դուք ասացիք՝ տարեկան կտրվածքով գնաճն իջել է: Ինչի՞ հաշվին է իջել:

Ռուբեն Մելոյան, «Ազատություն».-Եվ պարենային զամբյու՞ղն ինչ փոփոխություններ է կրել:

Գ. Մարտիրոսյան.-Նախ՝ մինչև դրան անդրադառնալը ես ասեմ հետևյալը, որ երբ կառուցվածքը փոփոխվել է, որոշակի ապրանքներ և ծառայություններ էական փոփոխություններ են կրել՝ չնայած ընդհանուր մակարդակն առավելագույնս 0.9 տոկոսյաին կետի փոփոխություն է, սակայն որոշ ապրանք/ծառայությունների ներսում էական տեղաշարժեր են արձանագրվել, մասնավորապես, գիտեք, մասսայական գազաֆիկացման և գազի թանկացման հետ կապված զամբյուղում դրա տեսակարար կշիռը մոտ 3.4 անգամ ավելացել է նախկին զամբյուղի հետ համեմատած: բենզինի, դիզվառելիքի տեսակարար կշիռը մի փոքր նվազել է 0.15 տոկոսյաին կետով, դրա փոխարեն ավելացել է բնական ավտոմեքենայի՝ բնական գազով լիցքավորման տեսակարար կշիռը: Որոշակի իմաստով պակասել է բուժծառայությունների տեսակարար կշիռը, ավելացել դեղորայքի տեսակարար կշիռը, չորս տոկոսային կետի սահմաններում պակասել է հացամթերքի տեսակարար կշիռը, ավելացել է միրգ-բանջարեղենի տեսակարար կշիռը և այսպես շարունակ: Դրա արդյունքում որոշակի գնային էֆեկտ է առաջացել նվազման իմաստով:

Ռուբեն Մելոյան, «Ազատություն».-Եթե կարելի է, նշեք, խնդրեմ, նվազագույն զամբյուղի պարենային գների փոփոխությունը:

Գ. Մարտիրոսյան.-Նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկ առաջին եռամսյակի համար դեռևս, բնական է, արված չէ, դա կհրապարակվի ապրիլի վերջին, իսկ չորրորդ եռամսյակի հրատարակված ցուցանիշը երևի թե գիտեք, ըստ 1.55 գործակցի դա կազմել է 45737 դրամ, իսկ 1.77 գործակցով՝ 52229 դրամ:

Ռուբեն Մելոյան, «Ազատություն».-Դուք ասում եք, որ գնաճը նվազում է…

Գ. Մարտիրոսյան.-Ես չասացի՝ նվազում է, երեք ամսում գնաճը կազմել է 5.2 տոկոս, իսկ եթե հաշվի առնենք, որ չորրորդ եռամսյակի ընթացքում ևս գնաճ է արձանագրվել, ապա առաջին եռամսյակում, բնական է, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը որոշակի փոփոխված կլինի:

Ռուբեն Մելոյան, «Ազատություն».-Այսինքն՝ 17.1 տոկոս պարենային ապրանքների գնաճ է եղել Հայաստանում:

Գ. Մարտիրոսյան.-Դա բնական է այնքանով, որքանով, ենթադրենք, նվազագույն սպառողական զամբյուղի կազմում և կառուցվածքում կան պարենային ապրանքներ:

«Մեդիամաքս».-Կառավարությունը որոշել է միջոցներ ձեռնարկել, եթե առաջին անհրաժեշտության ապրանքների գները 30 տոկոս տատանում տան, արդեն գրանցվե՞լ են այդպիսի դեպքեր: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում, պրն Մեսրոբյան:

Գ. Մարտիրոսյան.-Մենք ուղղակի փաստագրում ենք գները յուրաքանչյուր ամիս երեք անգամ դիտարկվող 12 բնակավայրերում, յուրաքանչյուր բնակավայրում՝ 9-12 առաջին ծառայության կետ: այնքանով, որքանով որևէ մի ապրանքի կամ ծառայության գների փոփոխությունը կլինի այդ մակարդակում կամ ավելի բարձր, մենք այդքանով կարձանագրենք:

«Մեդիամաքս».-Արձանագրե՞լ եք արդեն:

Գ. Մարտիրոսյան.-Առայժմ չկան տվյալներ՝ ինչպիսի գնաճներ կան, որովհետև ամսի 7-ին նոր հրապարակելու ենք դա:

Հ. Մեսրոբյան.-Քանի որ կան մենաշնորհ տնտեսվարող սուբյեկտներ, ցանկացած ուժային գործոն միշտ կբերի հակաուժային գործելակերպի: Ամենածանրը, բայց ամենաարդյունավետն ուղղակի բառի բուն իմաստով ջարդելն է մենաշնորհությունը, ոչ թե ոչնչացնել, սպանել, դատել, ջարդել ինքը տնտեսվարումը, այդ ժամանակ դուք կունենաք որոշակի առաջընթաց: Բերեմ օրինակ նույն բջջային հեռախոսները, ինտերներտը. տեսաք, չէ՞, ինչ արեց մրցակցությունը: Մարդկությունն ավելի ցիվիլ ձևեր է կիրառել, բայց, այնուամենայնիվ, սա արդեն փրփուներից բռնվելն է…

«Կենտրոն».-Այս եռամսյակի ամենաթանկացող ախրանքների եռյակը ո՞րն է, և, այնուամենայնիվ, տարվա ընթացքում թանկացումների՞ սպասենք, թե՞ էժանացումների:

Գ. Մարտիրոսյան.-Վերջից սկսեմ՝ ԱՎԾ-ը կանխատեսումներով չի զբաղվում, միայն փաստագրում ենք, կգա ժամանակը, մենք կփաստագրենք, կներկայացնենք հանրությանը: Ինչ վերաբերում է ամենամեծ գնաճ ունեցող ապրանքային խմբերին, դրանք հետևյալն են՝ մեկ ամսվա կտրվածքով մարտին՝ փետրվարի համեմատ, 61 պարենային ապրանքախմբերից տասում արձանագրվել է գնաճ 0.1-3.3 տոկոս, երեքում արձանագրվել է նվազում՝ 0.1-2.2:

Անժելա Թովմասյան.-Ո՞ր ապրանքներն են դրանք:

Գ. Մարտիրոսյան.-Նվազումը վերջին ամսում մսամթերքի գծով 0.1 տոկոս է, ձվի գծով՝ 0.4 տոկոս և մրգի գծով…

Հ. Մեսրոբյան.-Խոսքը հավի՞ ձվի մասին է:

Գ. Մարտիրոսյան.-Հավի ձվի մասին է, սա՝ մեկամսյա կտրվածքով, վերջին ամսվա մասին է… Եվ միրգը՝ 2.2 տոկոսով:

«Կենտրոն».-Կներեք, Ձեզ ընդհատըեմ, մենք հասկանանք՝ դրանք էժանացե՞լ են, թե՞ թանկացել:

Գ. Մարտիրոսյան.-Ես ասացի էժանացել են, խանգարում եք, դրա համար չի լսվում: Մարտին դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է գների նվազում 0.7 տոկոս, ձվի գծով՝ 5.7 տոկոս… Մի շարք ապրանքների գծով եղել է գնաճ, մասնավորապես՝ երեք մասում ամենաբարձր գնաճն արձանագրվել է բանջարեղենի, կարտոֆիլի գծով՝ 34.7 տոկոս, մրգի գծով՝ 24.6 տոկոս, շաքարավազի գծով 6.8 տոկոս, սւորճ-թեյ-կակաո՝ 5.4 տոկոս, հացամթերք՝ 4.8 տոկոս:

Անժելա Թովմասյան.-Իսկ կաթնամթե՞րքը:

Գ. Մարտիրոսյան.-Կաթնամթերքի գնաճը երեք ամսում կազմել է 1.1 տոկոս:

Հ. Մեսրոբյան.-Ես պատասխանեմ Ձեր հարցին՝ երկրորդ մասը շատ լավն էր, որ ասում եք՝ սպասվում է գների իջեցում, ես մի քանի բան ասեմ, Դուք որոշեք: Դժբախտաբար, Եվրոպայում մարտին զգացվել է գնաճի արագացում, դա նշանակում, է որ շուտով մենք կսկսենք բացատրել մեր գնաճը Եվրոպայով, դրան գումարած՝ վառելիքը սկսեց նորից թանկանալ, նույնպես մենք կարող ենք բացատրել մեր գնաճն այդ գործոնով, ես էլ չեմ ասում մնացած ֆոնդային ապրանքները, որոնք թանկանում են:

Անուշ Դաշտենց, «Report.am».-700 մլն ձու՝ 2010 թ. վերաբերյալ ԱՎԾ հաշվարկները, որի հիման վրա «Լուսակերտի» թռչնաֆաբրիկան տուգանվեց շուկայում գերիշխող դիրքերը չարաշահելու համար, նրանք համարում են թվանկարչություն՝ նշելով, որ քանի որ ամռանը դեմպինգ էր, գյուղացիական տնտեսություններն իրենց հավերը մորթեցին, և այդքան հավ չկարկ որ այդքան ձու ածեր:

Գ. Մարտիրոսյան.-Դուք կասկածու՞մ եք 700 մլն ձվի քանակությանը:

Անուշ Դաշտենց, «Report.am».-Այո, իրենք, համենայն դեպս, մի քանի անգամ հայտարարել են, որ դա բառի բուն իմաստով նկարչություն է:

Գ. Մարտիրոսյան.-Դուք հաշվե՞լ եք:

Անուշ Դաշտենց, «Report.am».-Ոչ:

Գ. Մարտիրոսյան.-Իսկ փորձ արե՞լ եք հաշվել՝ մեկ բնակչի հաշվով ինչքան ձու է անում դա: Դա ասված է տարվա կտրվածքով, եթե հաշվեք... Դիտարկում են օրվա համար 25 ձու, բայց իրականում դա տարվա համար է, դրա համար էլ այդպիսի թյուրիմացություն է առաջացել: իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես գնաճին, ապա, այո, նախորդ տարվա կեսերին սկսվեց կտրուկ, նկատելի գնանկում՝ ընդհուպ մինչև 19.20 դրամ, դուք գօտեք, ձու կար, ամենափոքրը չհաշվենք, որովհետև դա ստանդարտներից դուրս է, մենք դիտարկում ենք սովորաբար առաջին կարգի ձվերը: Հետագայում միանգամից գնաճ, առավելապես դեկտեմբերի 20-ին քաղաքի սուպերմարկետներում դեռևս 40 դրամով ձու էին վաճառում, բայց դրանից մի քանի օր անց կտրուկ թռիչք ունեցան գները, ընդ որում՝ որոշ բնակավայրերում արձանագրվեց մինչև 120 դրամ: Այնուհետև, բնական է, հունվարին որոշակի գնանկում արձանագրվեց, և ներկայացրածիս որ մի փոքր քմծիծաղով վերաբերվեցիք, դա ընդամենը 0.6 տոկոսյաին կետ է, դա գնի իմաստով ընդամենը մի քանի դրամ է, երեք տոկոսինն ամեն շաբաթ և ամեն օր է արձանագրվում ձվի մասին:

Իննա Վերլինսկայա, «Новости-Армения».-Տարվա արդյունքներով սղաճն ինչպիսի՞ն կլինի:

Հ. Մեսրոբյան.-Երկու պբյեկտիվ գործոն կա, ու երկու սուբյեկտիվ: Օբյեկտիվ գործոնը՝ հիմա բոլորս պետք է հուսով սպասենք, թե ինչ ամառ է լինելու, ինչ եղանակներ են լինելու, որովհետև մեր գնաճը, պարզվում է, վերևից է գալիս: Երկրորդն այն միտումն է, որ գնում է ամբողջ աշխարհում, դա այն է, որ գներն էներգակիրների վրա՝ մեկ, և սննդամթերքի վրա՝ երկու, աճում են, քանի որ Հայաստանը ներկրող երկիր է, և մոտավորապես համարյա թե 1:4 արտահանում-ներմուծում, սա նշանակում է՝ դրսի ցանկացած փոփոխություն մեզ մոտ շատ ուժեղ կազդի, ընդ որում՝ մեզ մոտ ճիշտ է ազդում այն հետաքրքիր իմաստով, ուր եթե մեկ միավոր բարձրանա, մեզ մոտ էլ մեկ միավոր կբարձրանա, եթե ոչ ավել, եթե այնտեղ իջնի, մեզ մոտ չի իջնի, դրա համար այդ ֆոնը կպահպանվի: Եվ երրորդն այն մենաշնորհությունն է, որ կա: Տեսեք, ձվերի օրինակն էինք քննարկում՝ 20 դրամ է իջնում, 120 է բարձրանում, 6 անգամ: Այստեղ խոսում ենք 0.3 տոկոսների մասին՝ ավել, թե պակաս, իսկ այստեղ քանի՛ տոկոս, ես չգիտեմ. 6 անգամ: Հետևապես այդ երեք գործոններն ընդհանրապես հույս չեն տալիս, որ մեզ մոտ գնաճը լինելու է կառավարելի: Երեք գործոն ասացինք, երեքն էլ՝ մեր իշխանություններից կախված: