mardi 26 octobre 2010

«ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Ոչ պաշտոնական տվյալներով Հայաստանից Անկախության ժամանակահատվածում, ելնելով բնակչության սոցիալական ծանր վիճակից, երկրում առկա ծայրահեղ բևեռվածության և գործազրկության աճից և բարոյահոգեբանական ծանր իրավիճակից, արտագաղթել են շուրջ մեկ և կես միլիոն բնակիչ:

Եթե մինչև 1994թ. մայիսը արտագաղթը պայմանավորված էր նաև Արցախյան պատերազմով, շրջափակումով և միութենական շուկայի կորստով, որն ինքնին պահանջում եր հստակ պետական մտածված քաղաքականություն, ապա և այդժամ, և դրանից հետո չիրականացվեց նպատակային համալիր քաղաքականություն, որպեսզի կանխվեր մասսայական արտագաղթը: Հակառակը, ստեղծվեց մի հակաժողովրդական համակարգ, որն իր գոյությամբ խթանում է Հայաստանի հայաթափումը:

Մեր գնահատականներով արտագաղթի հիմնական պատճառներից են.

  • սոցիալ-տնտեսկան բարեփոխումների սխալները և հետագա դադարեցումը,

  • տնտեսական կյանքում պետության ինքնաբացարկը,

  • սոցիալական ոլորտի և հասարակական հարաբերությունների թերագնահատումը,

  • կառավարման անարդյունավետությունը, երկրում խանական կառավարման համակարգի հաստատումը,

  • ՀՀ քաղաքացու, Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների սահմանափակումը կամ արգելումը, ազատ ձեռներեցության, մրցակցության խոչընդոտումը, աշխատողների սոցիալական իրավունքների և պաշտպանվածության ոտնահարումը,

  • ներդրումային միջավայր ստեղծելու անընդունակությունը, մենաշնորհային տնտեսության ստեղծումը, մանր և միջին բիզնեսի ոչնչացմանն ուղղված ռեժիմի կողմից տարվող հստակ քաղաքականությունը,

  • քաղաքացու, մարդու համար ապագայի նկատմամբ հույսի, հավատի ոչնչացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը,

  • բարոյական արժեհամակարգի խեղումը և վերացումը,

  • իշխող ռեժիմների կողմից ամենաթողության և անպատժելիության մթնոլորտի ստեղծումը, և վերջիններիս կողմից ստեղծված օլիգարխների միջոցով հայ մարդու` աշխատավորի, գյուղացու անմարդկային շահագործումը և իրավական անպաշտպանվածությունը։

Իշխող ռեժիմի կողմից մարդկանց արտագաղթի համար նպաստավոր պայմանների ստեղծումը ժողովրդագրական խնդիրներ ունեցող երկրներին` Ռուսաստանի Դաշնությանը և Եվրամիությանը հուշում են, որպեսզի վերջիններս անցնեն գործնական քայլերի:

Աննախադեպ է Ռուսաստանի Դաշնության կողմից «հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում վերջին մի քանի ամսում իրականացվող միգրացիոն քաղաքականությունը հետխորհրդային պետությունների տարածքներում:

Նոր միգրացիոն քաղաքականություն իրականացնող երկրներում հեշտությամբ ինտեգրվող, երկրի պետական լեզվին քիչ թե շատ տիրապետող, քրիստոնեա, գործունյա և ձեռներեց հայերը տվյալ երկրների համար իսկական պարգև են:

Առանց մեծ աղմուկի, սակայն նպատակային սեմինարների միջոցով, Հայաստանի քաղաքացիներին ծանոթացնելով իրենց երկրում բնակվելու, աշխատելու աննախադեպ լավ պայմանների հետ, Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունը իրականացնում է քայլեր, որոնց հետևանքները մոտ ապագայում Հայաստանի համար ճակատագրական կարող են լինել:

ՀՀ-ից բնակչության նոր արտագաղթ կազմակերպելուն է միտված նաև հոկտեմբերի 13-ին «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության և Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ Իտալիայի կառավարության ֆինանսավորմամբ Էրեբունի-Նուբարաշեն համայնքի զբաղվածության կենտրոնում հիմնած Միգրացիոն ռեսուրսի կենտրոնը: Ընդ որում Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ նախատեսվում է նման կենտրոններ հիմնել նաև Հայաստանի այլ շրջաններում:

Նոյեմբերի 1-ից ՀՀ-ից Ֆրանսիա մեկնողների համար հեշտացվել է Ֆրանսիա մուտքի արտոնագիր ստանալու կարգը:

Հայաստանում և արտերկրում բնակվող հայությունը, նվիրյալ և կարող ուժերը ի լուր ամենքի, նախ պետք է բարձրաձայնեն սպասվելիք համազգային ժողովրդագրական մեծ աղետի մասին, համատեղ ելքեր փնտրեն և կիրառեն գործնական քայլեր արտագաղթի բուն պատճառները վերացնելու նպատակով և արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար Հայաստանում ստեղծեն ներգաղթի համար անհրաժեշտ պայմաններ:

Իրավիճակը ճգնաժամային է, սակայն անհույս չէ։ Ելքեր միշտ կարելի է գտնել։

Մեր հայրենակիցներին հորդորում և հուսադրում ենք, որ մենք վճռական ենք տրամադրված և կասկած չունենք, որ համատեղ, համաժողովրդական պայքարի արդյունքում, գործադրելով կամք և նվիրում հնարավոր է շտկել իրավիճակը և վերացնել արտագաղթին նպաստող հանցավոր համակարգը և կերտել Հայաստան, որտեղ կուզենան ապրեն բոլոր հայերը։

Aucun commentaire: