jeudi 30 septembre 2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱՂԵՏԸ


Սեպտեմբերի 30-ին «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Ժիրայր Սեֆիլյանի, Տիգրան Խզմալյանի, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի և Ալեք Յենիգոմշյանի մամուլի ասուլիսը «Հայաստանի ժողովրդագրական համաղետը Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության միգրացիոն քաղաքականության համատեքստում» թեմայով։

Բացման խոսքում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ Ռուսաստանի Դաշնության Ֆեդերալ միգրացիոն ծառայության հրամանով փոփոխություններ է իրականացվել Ֆեդերալ միգրացիոն ծառայության նորմատիվ և իրավական ակտերում, որի արդյունքում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նոր և դյուրին հնարավորություններ է ընձեռնվում Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքի, բնակության, քաղաքացիության, վարկերի տրամադրման և ՀՀ–ից ՌԴ տեղափոխման հարցերում։ Նույնանման գործելաոճ է որդեգրել նաև Եվրամիությունը Արևելյան գործընկերության ծրագրով, որը տակավին բացահայտված չէ։ Այս երկու կայսրություններն էլ իրենց տարածքներում առկա ժողովրդագրական խնդիրները փորձում են լուծել միգրացիայի օգնությամբ։ Տարածաշրջանի ժողովուրդների մեջ հայերին է տրվելու առաջնահերթությունը, քանի որ հայերն ապացուցել են, որ իրենք ավելի շուտ են ինտեգրվում ու շուտ հարմարվում։ Այս գործընթացը նոր մարտահրավեր է ուղղված Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին, քանզի սպասվելիք արտագաղթը կարող է աննախադեպ չափերի հասնել, ինչն էլ ժողովրդագրական մեծ աղետ կլինի մեր երկրի համար։ Հայաստանից արտագաղթը ցանկալի է նաև այսօրվա ռեժիմին, քանզի 2012թ.–ի խորհրդարանական և 2013 թվականի նախագահական ընտրություններում արտագաղթի այս տեմպերի արդյունքում ևս մի քանի հարյուր հազար ռեժիմին ընդդիմացող հայ մարդ կբացակայի երկրից, ինչն էլ կդյուրացնի իշխանության վերարտադրությունը։ Այն կանխելու մի ճանապարհ կա. օր առաջ Հայաստանում իրականացնել համակարգային փոփոխություններ, ինչը նախատեսում է նաև հայ ժողովրդին կեղեքելու, շահագործելու, երկիրը թալանելու միջոցով հարստացած օլիգարխների ունեցվածքի ազգայնացում։ Նրանք, ովքեր հարստացել են արդար ճանապարհով, կարող են այսուհետ ևս իրենց նպաստը ունենալ Հայաստանի զարգացմանը և բարգավաճմանը։

Գնահատելով այս ահազանգային իրավիճակը, ասուլիսի մասնակից Ալեք Յենիգոմշյանը իրավիճակը շտկելու, այս պայքարին իր համեստ ներդրումը ունենալու նպատակով այսօրվանից միանում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբին։ Վերլուծելով այս մարտահրավերի բուն պատճառը, վերջինս նշեց, որ երկրում առկա կառավարման համակարգի, իշխող ռեժիմի խմբային շահերը հակադրվում են հայ ժողովրդի և երկրի շահերին։ Միակ խոչընդոտը այս համակարգն է, որից չունենք ոչ մի ակնկալիք այս աղետը կասեցնելու համար։ Առկա խնդիրը առաջացել է Հայաստանում կառավարման վերջին քսան տարիների ընթացքում իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում։ Այս և այլ մարտահրավերներին դիմագրավելու, հայ ժողովրդի և երկրի գոյությանը վտանգող ցանկացած աղետ կարող են վերացնել միայն անկաշառ, նվիրյալ հայորդիների առաջնորդող խումբը, որոնք ժողովրդի կողմից տրամադրած միջոցների օգնությամբ իրականացնելու են ժողովրդի կողմից իսկ հավանության արժանացած ազգային ծրագիրը։ Ալեք Յենիգոմշյանը կոչով դիմեց հայ ժողովրդին, սփյուռքի մեր հայրենակիցներին, այն անհատներին, կազմակերպություններին, որոնք գիտակցում են ստեղծված իրավիճակի ողջ լրջությունը, շեշտելով, որ անհրաժեշտ է համախմբվել, որպեսզի համատեղ ուժերով կասեցվի այս ընթացքը, հակառակ պարագայում նրանք ևս պատասխանատվություն են կրելու սպասվող ծանր հետևանքների համար։ Այսօր երկրի և ժողովրդի համար առաջնային է ժողովրդագրական այս իրավիճակը շտկումը, մնացյալ, լուծման կարիք ունեցող խնդիրները ածանցյալ են այս իրավիճակից։ Հայության ճակատագիրը լուծվում է Հայաստանում և արտերկրում բնակվող մեր հայրենակիցները ևս ունեն իրենց մասնակցության չափը Հայաստանի փրկության գործում։

Համեմատելով 2005, 2006, 2007, 2008 և 2009 թվականներին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանից արտագաղթած մարդկանց քանակը, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը նշեց, որ 2005–2006 թթ. Ռուսաստան արտերկրից ներգաղթածների թվի մեջ Հայաստանի քաղաքացիները կազմում էին ընդամենը 5 տոկոս, այնինչ 2008–2009թթ. այդ թիվը հասել է 13,5 տոկոսի, որը ուղղակի հետևանք է Հայաստանում առկա բարոյահոգեբանական իրավիճակի և օլիգարխիկ համակարգի։ Վերջինս նշեց, որ Սփյուռքի նախարարությունը, որի առաջին և ամենակարևոր գործառույթը պետք է ուղղված լիներ ներգաղթ կազմակերպելուն և իրականացնելուն, զբաղված է ընդամենը իմիտացիոն բնույթի աշխատանքներ կատարելուն և անձնական խնդիրներ լուծելուն։

Իրավիճակը շտկելու համար Հարություն Մեսրոբյանը, հաշվի առնելով շատ երկրների փորձը այս խնդրում, առաջարկեց մի շարք քայլերի և գործողությունների համալիր ծրագիր, այն է.

- ստեղծել ներգաղթի և վերարտադրության ծրագիր,

- գոտիավորել ՀՀ–ն, Արցախը, ազատագրված տարածքները, ՀՀ սահմանամերձ շրջանները,

- բեռնաթափել Երևանը և այլ քաղաքներ,

- վերաբնակեցման վայրերում իրականացնել ենթակառուցվածքների կատարելագործում,

- սահմանել արտոնություններ ըստ գոտիների,

- սահմանել արտոնություններ բազմազավակության համար,

- ստեղծել ներգաղթի և կլանման կառույց,

- ապահովել ներգաղթողների և պետության հետադարձ կապը,

- մշակել ներգաղթի և վերաբնակեցման համար ճշգրտման ծրագիր։

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանն էլ շեշտեց որոշ պատմական զուգահեռներ 1903 թվականին Գերմանիայի կառավարության և այսօրվա Ռուսաստանի Դաշնության կառավարությունների գործելաոճի միջև, որոնք իրականացնելով հայերի արտագաղթ, լուծում էին իրենց երկրների առջև ծառացած ժողովրդագրական և տնտեսական խնդիրները։

Ասուլիսի մասնակիցները միակամ էին այն հարցում, որ այս աղետը պետք է կասեցվի ազգովի, համակարգային փոփոխություն իրականացնելու արդյունքում։

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի մամուլի ծառայություն

Aucun commentaire: