mardi 29 juin 2010

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱՆ ՉԻ ԿԱՆԳՆԵՑՎՈՒՄ

«Ադրբեջանցիների դիվերսիայի ժամանակ գյուղում էի: Մեզ մոտ լուրերի միակ աղբյուրը հեռուստատեսությունն է` երեք հեռուստաալիքով: Զզվելի էր, երբ տարածվել էր չորս երիտասարդի մահվան լուրը, իսկ «Հ2»-ով մի քանի նյութապաշտ ջահելներ հետույքները բաց զվարճանում էին»,- գրում է բլոգեր Մշեցին (www.talinci.livejournal.com) ու հարց տալիս, թե մի՞թե չորս երիտասարդի կյանքն այնքան չարժեր, որ գոնե մի օրով հարգեին նրանց հիշատակը:

Թեեւ օրինակ է բերվում միայն «Հ2»-ը, սակայն գրեթե բոլոր հեռուստատեսություններն էլ շարժվեցին իրենց գրաֆիկով` դատարկ ու տեղ-տեղ գռեհիկ հումոր, անիմաստ «ռիալիթի» շոուներ ու սերիալներ: Կարծես օր-օրի հարմարվում ենք տեղեկատվական դաշտ նետված ամեն աղբի հետ. սկզբում բողոքում էինք անորակ հաղորդումներից ու սերիալներից, հիմա արդեն կարծես թե տանելի է դարձել դրանց գոյությունը (բնավ այն կարծիքին չեմ, որ դրանց որակն է լավանում, իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա «առաջ են գնում» մեռելային քայլերով): Վիրավորական է մտածելը, որ հասել ենք այնտեղ, երբ սահմանում կանգնած ու քո խաղաղ կյանքի համար սպանված զինվորի մահը չի զգաստացնում որոշներին: Ու, Աստված չանի, որ մի օր էլ այս երեւույթին հարմարվենք:

«Գուցե ես զգայուն եմ, որովհետեւ պատկերացնում եմ ինձ առաջին գծում… ու հեչ հաճելի չի լինի, երբ ես դիրքերում լինեմ ու իմանամ, որ իմ մեռնելու օրը հեռուստատեսությամբ պոռնիկներ են պարելու… գոնե մի օր հարգեն իրենց համար զոհվածներին»,- գրում է Մշեցին ու նշում, թե զինվորը պիտի հասկանա` հանուն ինչ արժեքների է մարտի գնում` հանուն հոգեւոր, մշակութային, բարոյական արժեքների եւ ոչ թե այլոց մարմնական հաճույքների համար:

Ադրբեջանական դիվերսիայի ու հայկական կողմից կորուստների լուրը շատերի մեջ կարծես շոկ առաջ բերեց: Մի կողմից` սպասելի, մյուս կողմից էլ` տարօրինակ արձագանք էր: Սպասելի էր, որովհետեւ վտանգի զգացումը հենց այդպիսի ռեակցիա էլ պիտի առաջացներ, իսկ տարօրինակ էր նրանով, որ հասարակության զգալի մասը մոռացել էր, որ պատերազմը չի ավարտվել ու կոնֆլիկտային շրջանում ենք ապրում:

«Իշխանությունները տասը, տասնհինգ տարի շարունակ երգեր են երգել, թե պատերազմ չի լինելու, հանգիստ քնեք: Տեղեկատվական ամբողջ դաշտը դաստիարակել է իներտ երիտասարդություն, որը չի հետաքրքրվում այս ամենով, այլ օրուգիշեր չգիտեմ ինչ աստղիկներ-մաստղիկներով է տարված»,- ասաց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը:

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանն էլ նկատեց, որ թեեւ լայն հասարակությունը չի տեղեկացվում, սակայն ավելի խոշոր մասշտաբներով մարտեր մինչ այս էլ եղել են, որոնց ժամանակ հայկական կողմը լուրջ վնասներ չի ունեցել. «Ասում են, չէ՞, մինչեւ չգա, չմտնի աչքը, չեն տեսնի: Մենք պատերազմի մեջ ենք. 1994 թ. պատերազմը չի ավարտվել, շարունակվում է:

Վաղ թե ուշ իրավիճակի փոփոխման, հավասարակշռության խախտման դեպքում պատերազմի սկսվելու հավանականությունը շատ մեծ է լինելու: Հոգեպես պետք է միշտ պատրաստ լինենք դրան… Դեռ շատ մարդիկ կան, որ մտովի ապրում են Եվրոպայում` լրիվ կտրված տարածաշրջանային իրականությունից: Երեւանի փողոցներով քայլելիս պատերազմի սկսվելու հավանականությունը չի երեւում»:

Կ. Վրթանեսյանի խոսքերով` այս թմբիրային վիճակի պատճառ կարող է լինել նախ նյութապաշտական քարոզչությունը բարեկեցիկ ապրելու, լավ փող աշխատելու մասին, ինչպեսեւ մարդու հոգեբանությունը, երբ երկար լարված լինել չկարողանալու արդյունքում սկսում է խուսափել իրականությունից եւ ինքնախաբեությամբ է տարվում:

«Ինչպե՞ս է իշխանությունը կարողանալու երկիրը կառավարել պատերազմական ծայրահեղ իրավիճակում, եթե իր վարած քաղաքականության հարցում հետեւություններ չի անում»,- Ա. Այվազյանի դիտարկմամբ` այդ հետեւությունները նախ պետք է արտահայտվեն կադրային քաղաքականությամբ, տեղեկատվական դաշտում փոփոխություններ կատարելով, ինչը չի արվում:

«Դաշտը մնում է նույնը, խոսողները մնում են նույնը, որ երեկ այլ բան էին ասում, այսօր` մեկ այլ, էն մյուս օրը` ասելու են էլի հակառակը: Վստահությունը վերացել է, ժողովրդի եւ իշխանության միջեւ կապ գոյություն չունի: Իսկ պատերազմական վիճակում, որում եւ գտնվում ենք, այսպիսի անջրպետն անթույլատրելի է»,- ընդգծում է Ա. Այվազյանը:

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Աղբյուրը՝ Yerkir.am, 26.06.2010թ․

FÊTE CHAMPÊTRE ARMENIENNE

 FÊTE CHAMPÊTRE ARMENIENNE

L'ORGANISATION DES HAÏ ARI – HAÏ ARINOUCH

Scouts Arméniens

Organise

UNE FETE CHAMPÊTRE

LE DIMANCHE 4 JUILLET 2010 à partir de 11h30

AU DOMAINE DES HAÏ ARI - HAÏ ARINOUCH

Route de Vitrolles

84240 - LA BASTIDE DES JOURDANS

A 20 mn d'Aix en Provence

 

Dégustation de spécialités arméniennes – Khorovadz – sur place

 

 

http://www.western-armenia.eu/news/index.htm

 

http://www.western-armenia.eu/news/Actualite/2010/FETE-CHAMPETRE-ARMENIENNE-04.07.2010.pdf

 

 

Venez nombreux et diffuser l'information, svp !



Ժողովրդագրական համաղետը, տիրող համակարգը եւ Հայաստանի լինելության խնդիրը – 2


Ալեք Ենիգոմշույան


2. Միտումներ սփյուռքում

Ընդունված է ասել, որ աշխարհում այսօր ապրում են մոտ 10 մլն հայեր, որոնց 30-35 տոկոսը` հայրենիքում (ՀՀ, Արցախ եւ Ջավախք), իսկ մնացյալ մոտ 70 տոկոսը (բաղկացած հետեղեռնյան, խորհրդային եւ հետանկախական սփյուռքներից)` իր էթնիկական տարածքից դուրս:

Իրականում, հայերի թվի 10 միլիոնով գնահատումը լավագույն պարագայում ինքնախաբեություն է: Այնպես ինչպես հայրենիքում ապրողների 3,5 միլիոնով գնահատումը ճիշտ չէ, նույնպես եւ իրենց հայենիքից դուրս` աշխարհով մեկ սփռված հայերի թվի գնահատումը 7 միլիոնով ինքնախաբեություն է, որովհետեւ նրանց մի զգալի հատվածին պետք է համարել ոչ թե հայեր, այլ լավագույն պարագայում ծագումով հայեր: Նրանց ինքնագիտակցության մեջ իրենց էթնիկապես հայ լինելու իրողությունը կարեւոր հատկանիշ չի հանդիսանում, եւ հետին պլաններում է գտնվում: ԱՄՆ հայերի թիվը, օրինակ, հաճախ գնահատվում է 1,5 մլն-ով երբեմն նույնիսկ ավելի: Այս թիվն, ինչ խոսք, խիստ չափազանցված է: Այդ երկրի նախաեղեռնյան եւ հետեղեռնյան (մինչեւ 1970-ականներ) գաղթի ալիքներից առաջացած հայ համայնքը շատ մեծ չափերով հեռացել է իր հայկական ինքնությունից եւ ամբողջապես «ամերիկանացել»: 400-450 հազար գնահատվող գգրանսիայի հայկական համայնքի ջախջախիչ մեծամասնությունը լավագույն պարագայում հիշում է իր, ավելի ճիշտ` իր ծնողների հայկական ծագման մասին-ոչ ավելին: Նույնը կարելի է ասել խորհրդային տարիներին միութենական հանրապետություներում (հատկապես սլավոնական) կայք հաստատած հայերի մասին: Օրինակները կարելի է շարունակել:

Հակառակ այն իրողության, որ հայերի ընդհանուր թվի 10 մլն-ով գնահատումը չափազանցություն է, այնուամենայնիվ, ճիշտ է այն փաստը, որ արտերկրի հայերը անհամեմատ ավելի մեծ թիվ են կազմում, քան հայրենաբնակները: Որքան էլ այս իրողությունը մեծ չափերով պայմանավորված լինի Ցեղասպանությամբ եւ դրա հետեւանքներով, այն արտառոց երեւույթ է որեւէ ժողովրդի, առավել եւս պետականություն ունեցող ազգի համար:

Էթնիկական ինքնության պահպանման առումով, հայրենաբնակների համեմատ արտերկրում մեր հայրենակիցների ավելի մեծ թիվը, ինչ խոսք, չափազանց վտանգավոր իրողություն է: Բոլորի համար պարզ եւ ապացույցի կարիք չունեցող փաստ է այն, որ իրենց ազգ-պետության սահմաններից եւ էթնոմշակութային համաշրջանից (արեալից) դուրս ապրող մարդկանց համար ուծացումն անխուսափելի ճակատագիր է: Ասվածի մեզ հետաքրքրող լավագույն օրինակը սփյուռքյան վերոնշյալ հին համայնքների ուծացման փաստն է:

Սփյուռքահայերի իսկական թիվը մշտապես նվազելու է (այն կարող է ժամանակավորապես աճել միայն ի հաշիվ հայրենաբնակների արտահոսքի):

Հայտնի փաստ է, որ սփյուռքում հայկական ինքնության պահպանումը տասնամյակներ շարունակ շատ ավելի հեշտ է եղել Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրներում, քան Արեւմուտքում: Այս իրողությունը պայմանավորված է եղել մի քանի գործոններով, որոնցից` արեւելյան երկրներում տեղի կրոնական եւ մշակութային ոչ հոգեհարազատ համարվող միջավայրի ու մթնոլորտի ազդեցությունից զերծ մնալու եւ պաշտպանված լինելու ցանկությունը, այդ շրջանների երկրների ինստիտուցիոնալ կառուցվածքի արդյունք` հայ եկեղեցուն պաշտոնապես շնորհված ոչ միայն նեղ իմաստով կրոնական իրավասությունները, նույն երկրներում հայերի հարաբերականորեն համախումբ բնակությունը, արեւելյան որոշ մշակույթների նկատմամբ մեծ թվով հայերի ունեցած գերակայության բարդույթը, իսկ մյուս կողմից` արեւմտյան մշակույթի նկատմամբ որոշակի ստորադասության բարդույթի առկայությունը, «խորթ» կրոնից ու մշակույթից պաշտպանված լինելու անհրաժեշտության զգացումի բացակայությունն Արեւմուտքում եւ այլն:

Մերձավոր եւ Միջին արեւելյան հայկական համայնքներից դեպի Արեւմուտք հոսքը չդադարող երեւույթ է: Երկար ժամանակ դրա պատճառ են հանդիսացել Արեւմուտքում կյանքի ավելի նպաստավոր պայմաններում ապրելու, ինչպես նաեւ «ոչ-հարազատ» միջավայրից հեռանալու ցանկությունները: Սփյուռքահայերի` 1970-ական թթ. սկսված հոսքն Արեւելքից Արեւմուտք, անհամեմատ աճել է` միջպետական, քաղաքացիական պատերազմների, իսլամական արմատականության աճի առաջացրած մտահոգությունների պատճառով:

Հայկական ինքնությունը շատ ավելի մեծ չափերով պահպանած «արեւելյան» սփյուռքահայերի հոսքը դեպի արեւմտյան երկրներ մշտապես հայկական թարմ շունչ է ներարկել այս վերջինների խամրող հայկական համայնքներին: Իրականում, վերջին 30-40 տարիներին արեւմտյան երկրների հայկական համայնքների ակտիվությունը մեծ չափով դրանով է պայմանավորված: Չլիներ դեպի Արեւմուտք հայերի այդ հոսքը, մենք այդ երեւացող ակտիվության ականատեսը չէինք լինի: Բայց ինչպես այդ երկրներում իրենց նախորդածների պարագայում էր, նույնպես եւ այս համեմատաբար նոր հոսքից սերած երկրորդ, շատ դեպքերում առաջին սերնդի համար ուծացումն անխուսափելի է լինելու: Դա արդեն ամեն օր քիչ ավելի երեւացող իրողություն է:

Մերձավոր եւ Միջին Արեւելքի երբեմնի կենսունակ համայնքներն արդեն ապրում են իրենց գոյության վերջին փուլը: Պատճառը նախորդ տասնամյակներին սկսված` դեպի Արեւմուտք չդադարող արտագաղթն է եւ անցումը քանակական ճգնաժամի շեմից ներքեւ: Իրանի հին եւ երբեմնի աշխույժ համայնքը հոգեվարքի մեջ է: Իրատեսական լավագույն գնահատականներով ներկայումս առավելագույնը 30 հազար հաշվվող համայնքի անդամները արագ տեմպերով շարունակում են գաղթել դեպի Արեւմուտք, հիմնականում ԱՄՆ` օգտվելով հրեական մի կազմակերպության տրամադրած «առատաձեռն» հնարավորություններից: Լիբանանի նմանապես երբեմնի ամենակենսունակ համայնքն արագ տեմպերով հետեւում է նույն ուղղությանը: Դեպի Արեւմուտք արտագաղթը, հատկապես երիտասարդության շրջանում, անխափան շարունակվում է: Նախկինում շատ փոքր տոկոս կազմող տեղացի ոչ հայերի հետ ամուսնությունների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով եւ տարիներ ի վեր արդեն գերազանցում ներհայկական ամուսնությունների թիվը: Ներկայումս հաճախ կարելի է հանդիպել հայերեն չիմացող ծագումով հայերի, մի բան, որ շատ հազվագյուտ երեւույթ էր նախկինում: Մի սերունդ (երեսուն տարի) հետո միայն հուշեր մնացած կլինեն սփյուռքի այդ նախկին «Փոքր Հայաստանից»: Լիբանանահայ համայնքի խեղճանալով կխեղճանա նաեւ հարեւան սիրիահայ, հիմնականում հալեպահայ համայնքը, որտեղից արտագաղթը նույնպիսի չդադարող երեւույթ է: Այս երեք համայնքների ուժաթափման եւ իրաքահայ ավելի սակավաթիվ համայնքի հայտնի պատճառներով ավելի արագ մաշումի հետեւանքով, երեք-չորս տասնամյակ անց Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայկական երբեմնի աշխույժ համայնքներից մնացած կլինեն միայն ցուցադրական նմուշներ: Այս համայնքների հայությունը ժամանակավորապես կթարմացնի Արեւմուտքի հայ համայնքները, բայց իրենց նախորդածների նման նրանք եւս շատ չանցած կձուլվեն ու կհալվեն ամերիկյան «ձուլող կաթսայի» մեջ:

Վերջին երկու տասնամյակներում, առարկայական եւ ենթակայական պատճառների բերումով, ուծացման գործընթացն ավելի արագացել է: Ժամանակի գործոնը, սփյուռքահայ համայնքների` Արեւելքից Արեւմուտք տեղափոխությունը, մշակութային համահարթեցման համաշխարհային գործընթացների ազդեցությունը եւ այլն, բայց նաեւ սփյուռքում հայկական ինքնության պահպանումն ու դրա համար պայքարի անհրաժեշտությունն իմաստավորող պատճառների ու գործոնների շուրջ ստեղծված անորոշությունն ու շփոթը ուծացման գործընթացների արագացման պատճառներ են:

Չնայած սփյուռքի ուծացումն, ի վերջո, անխուսափելի է, այնուամենայնիվ, կարելի է այդ գործընթացը որոշ չափով երկարացնել, եթե առարկայական գործոններին հաջող կերպով հակադրվեն հայկականությունը պահպանելուն նպաստող ենթակայական ազդու գործոններ: Ինչպես նշվեց, վերջին երկու տասնամյակների ընթացքում ինքնության պահպանման ու պայքարի անհրաժեշտության շուրջ սփյուռքում առաջացել է անորոշություն ու շփոթ: Այս իրողության պատճառները մի քանիսն են:

1985 թ. զինյալ գործողությունների դադարից հետո սփյուռքահայերի պահանջատիրությունը սահմանափակվեց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցով, որն արդեն դարձել է ինքնանպատակ եւ ստացել իներցիոն բնույթ: Արցախյան շարժումն ու այնուհետեւ ազատամարտը, ԽՍՀՄ փլուզումն ու Հայաստանի անկախացումը սփյուռքահայության ակտիվ ու նվազ ակտիվ շրջանակների մոտ զգալի խանդավառություն ստեղծեցին: Այս վերջինը, սակայն, չդարձավ կամ միգուցե չուզեց վերածվել կազմակերպված եւ հունավորված լուրջ ու գործնական մասնակցության հայրենիքում տեղի ունեցող գործընթացներին: Սրա լավագույն դրսեւորումը սփյուռքահայերի շատ սահմանափակ մասնակցությունն էր Արցախյան ազատամարտին, ինչը նաեւ լակմուսի թղթի դեր կատարեց սփյուռքահայերի հայրենասիրության գործնական աստիճանը չափելու առումով: Նորանկախ Հայաստանի նոր իշխանությունների` սփյուռքի եւ սփյուռքյան մտածողության նկատմամբ հակադրվողական եւ արհամարհական քաղաքականությունը ոչ միայն չնպաստեց հայրենիք-սփյուռք կամրջի հաստատմանը, այլ խորացրեց գոյություն ունեցող ճեղքվածքը: Սփյուռքյան ավանդական կառույցների ղեկավարությունն ու նրանց ստորադաս դիվանակալները (բյուրոկրատները) տեղական համայնքների կարողականություններն ուղղորդեցին գլխավորապես եւ հիմնականում իրենց դիրքերում սեփական վերարտադրությունը երաշխավորող ամուլ գործունեության ուղղությամբ: Սփյուռքի իսկական կարողականությունների համեմատ փոքր միջոցներ ներդրվեցին հայրենիքում: Հարաբերականորեն քիչ թվով սփյուռքահայեր, հաճախ առանձին անհատներ կամ փոքր խմբեր, իրենց ազգային հանձնառությունը ներդրեցին Հայաստանում ու Արցախում, հաճախ բարեգործական ծրագրերի սահմաններում, որն ինչքան էլ գովելի, համարյա ոչնչով չնպաստեց երկրում էական ու որակական փոփոխություններ առաջացնելու եւ բարոյական մթնոլորտը բարելավելու առումներով: Ընդհակառակը, նման ծրագրերը հաճախ ակամա նպաստեցին հայրենիքում տիրող վերնախավի դիրքերի ամրապնդմանը:

Վերջին հաշվով, սփյուռքահայության համար անցնող քսան տարիների ընթացքում առաջացել է հետեւյալ իրավիճակը: Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը դարձել է համարյա ինքնանպատակ եւ ստացել իներցիոն բնույթ, ինչը, բացի ոչ ստեղծարար լինելուց, առաջացրել է ոգեւորության որոշակի թուլացում: Մյուս կողմից, Հայաստանի նոր հանրապետություն ու Արցախ երեւույթների առաջացումով ստեղծված նոր իրականությունը թելադրում էր սփյուռքում նախկին պահանջատիրությունից ու նոր իրականությունից բխող մի նոր ամբողջության առաջացում, որտեղ այդ երկուսից յուրաքանչյուրը կունենար իր ինքնուրույնությունը, բայց նաեւ ճշտված կլիներ երկուսի` միմյանց լրացնող հարաբերակցությունը: Այս նոր հայեցակարգը ստեղծելու ու դրանով շարժվելու անկարողությունը նպաստեցին սփյուռքահայության մոտ նպատակների եւ գործունեության ոլորտների շուրջ նոր անորոշությունների առաջացմանը: Այս ձախողության համար պատասխանատվություն են կրում սփյուռքյան վերնախավը եւ Հայաստանի իշխանությունները: Բացի դրանից, այս վերջինները, փոխանակ միմյանց մոտեցնելու Հայաստանն ու սփյուռքը, իրենց պահվածքով գոյություն ունեցող հայրենիքից վանեցին արտերկրի հայությունը` նման քայլի բոլոր հետեւանքներով հանդերձ:

Այս ամբողջի արդյունքում վերջին քսան տարիների ընթացքում սփյուռքում եւ սփյուռքահայերի (ավելի ճիշտ` իրենց հայկական ինքնության հարցի հանդեպ ոչ անտարբեր սփյուռքահայերի) մոտ հետզհետե ստեղծվեց հոգեբանական-գիտակցական մի վտանգավոր իրավիճակ հայկականությունն ապրելու ու այն իմաստավորելու առումով, շփոթության, անորոշության ու անառողջ ներքին հակասական ապրումների մի ընդհանուր վիճակ: Բացի ինքնըստինքյան բացասական լինելուց, այս իրավիճակը նպաստում է մեծ թվով սփյուռքահայերի մոտ հայությունից հեռանալու գործընթացներին:

Ինչպես հայտնի է, «հին» սփյուռքին եկել է ավելանալու «նոր» սփյուռքը: Վերջին երկու տասնամյակներում 1.5 մլն հայերի արտագաղթը (գումարած Ադրբեջանից եւ Վրաստանից հարյուր հազարավորների գաղթը) հիմնականում դեպի Ռուսաստան, բայց նաեւ դեպի ԱՄՆ, Եվրոպա եւ այլ երկրներ, ստեղծել է այս «նոր սփյուռքը»: Բոլոր դիտարկումները եւ փաստերը վկայում են, որ սփյուռքյան այս նոր համայնքները, փոքր բացառություններով, համարյա ճիգ չեն թափում իրենց հայկական ինքնությունը պահպանելու: Նրանց մեծամասնությունը ոչ մի ճիգ չի թափում նոր սերնդին նույնիսկ հայոց լեզուն սովորեցնելու: Նրանք առժամաբար պահպանում են կապը Հայաստանի հետ` միջնորդված տեղում մնացած իրենց հարազատներով, բայց վերջինների արտագաղթելով կամ ծնողների մահանալով այդ կապը եւս խզվում է: Հայկականությունից արագորեն հեռանալու այս երեւույթի պատճառների վերհանումը կարեւոր է, բայց այն ոչինչ չի փոխելու դառն իրականությունից. Հայաստանից արտագաղթողներից գոյացած «նոր» սփյուռքը դատապարտված է արագ ուծացման:

Եզրակացություն

Սփյուռքահայությունը, հին թե նոր, դատապարտված է արագ ուծացման: Չնայած այս գործընթացի անխուսափելիությանը, վերջին տարիներին դրա արագացման համար մասնակիորեն պատասխանատու են նաեւ սփյուռքահայ վերնախավն ու Հայաստանի իշխանությունները: Սփյուռքահայությունը պետք է կարողանա նոր իմաստ եւ բովանդակություն տալ իր պատմական արդար իրավունքների պայքարին ու միաժամանակ իրեն նույնքան պատասխանատու համարի նաեւ այսօրվա Հայաստանի ներկայի ու ապագայի համար: Դա սփյուռքահայի եւ իրավունքն է, եւ պարտականությունը: Հայաստանում նկատվող բազում թերությունների կամ հոռի երեւույթների պատճառով, կամ դրանք պատրվակելով հայկական միակ կենդանի հայրենիքից գլուխ թեքելն աններելի վերաբերմունք է: Հայաստանն, իր հերթին, պետք է ընդունի սփյուռքահայությանը որպես այս հայրենիքի ոչ թե խորթ, այլ հավասար զավակ` միաժամանակ հարգելով նրա առանձնահատկություններն ու զգայնությունները: Այս առաջադրանքների իրագործումը շատ կարեւոր է եւ անհրաժեշտ: Բայց երբեք` բավարար:

Ուծացումը, արագ կամ մի փոքր ավելի դանդաղ, սփյուռքի անխուսափելի ճակատագիրն է, իսկ սփյուռքի այդ ճակատագրով ավարտը աննկարագրելի կորուստ կլինի ամբողջ ազգի` թե սփյուռքահայության, թե Հայաստանի համար, առավել եւս, որ հայրենաբնակ հայությունը ժողովրդի փոքրամասնությունն է կազմում: Սփյուքի միակ փրկությունը հայրենադարձությունն է: Դա նաեւ Հայաստանի փրկությունն է, որովհետեւ ներկայացնում է ժողովրդագրական մահացու համաղետից խուսափելու անհրաժեշտ երեք պայմաններից մեկը, արտագաղթի դադարեցման եւ բնակչության բնական աճի հետ միասին: Արդյո՞ք Հայաստանի եւ հայ ազգի գոյության շարունակականության երաշխիք հանդիսացող սփյուռքահայության հայրենադարձությունը կարող է ներկա պայմաններում իրականություն դառնալ: Ցավոք, ոչ: Ինչպես անցնող երկու տասնամյակներում չի դարձել, այսօր եւս չի կարող դառնալ եւ չի դառնա այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը նախ հայրենաբնակ հայության, ապա սփյուռքահայության համար դեռեւս այն երկիրը չէ, որտեղ հայ մարդը կկարողանար արժանապատիվ ձեւով բավարարել որպես մարդ եւ որպես հայ իր նյութական եւ հոգեւոր կարիքները: Այն երկիրը, որի ժողովուրդը տիրող համակարգի ստեղծած անտանելի պայմանների պատճառով դիմել է եւ շարունակում է դիմել արտագաղթի, չի կարող հայրենադարձության երկիր լինել:

շարունակելի

Տես նաև՝

Ժողովրդագրական համաղետը, տիրող համակարգը եւ Հայաստանի լինելության խնդիրը


Ալեք Ենիգոմշույան

Հայաստանն ու հայ ժողովուրդը գտնվում են ժողովրդագրական համաղետի շեմին, եթե արդեն իսկ չեն անցել այդ շեմը: Եթե իրադրությունը փոխելու ուղղությամբ անմիջապես արմատական եւ կտրուկ միջոցներ չձեռնարկվեն, համաղետն, անկասկած, ամբողջությամբ կկլանի Հայաստանն ու սփյուռքը, ու մի քանի տասնամյակ անց պետությունն ու համայն ժողովուրդը ոչ մի ձեւով չեն կարողանա խուսափել մահից: Ժողովրդագրական համաղետի պատճառը Հայաստանում տիրող տնտեսական, սոցիալական, քաղաքական, բարոյահոգեբանական իրավիճակն է, որն իր հերթին, համարյա ամբողջությամբ արդյունքն է մի խումբ մարդկանց մենաշնորհային շահերի երաշխավորը հանդիսացող համակարգի: Այս համակարգի փոփոխությունը միայն արդարության հաստատման պահանջից բխող անհրաժեշտություն չէ: Համակարգի անհապաղ եւ արմատական փոփոխությունը եւ ամբողջ ժողովրդի կարիքներին համապատասխանող համակարգով փոխարինումը Հայաստանն ու հայ ժողովուրդը անխուսափելի մահից փրկելու միակ ճանապարհն է:

Ժողովրդագրական համաղետը

Թե Հայաստանը եւ թե սփյուռքը գտնվում են ժողովրդագրական ամենասուր ճգնաժամի մեջ:

Միտումները Հայաստանում

- Համաձայն պաշտոնական տվյալների` Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը ներկայումս կազմում է ավելի քան 3,2 մլն մարդ: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այս թիվը չի համապատասխանում իրականությանը եւ չափազանց ուռճացված է: Նույնիսկ ՀՀ միգրացիայի գործակալությունը, հիմնվելով կատարված ուսումնասիրությունների վրա, հաստատում է, որ նախորդ երկու տասնամյակների ընթացքում Հայաստանից մշտապես հեռացել է 700 հազարից 1,3 մլն մարդ: Իրականում կարելի է վստահությամբ ենթադրել, որ ներկայումս հայկական բարձրավանդակի այս հատվածում (ՀՀ, Արցախ եւ Ջավախք) բնակվում է առավելագույնը 2,5 մլն մարդ: Այս թվին հասնում ենք հետեւյալ տրամաբանությամբ: 1989 թ. նշյալ տարածքում բնակվում էր մոտավորապես 4 մլն բնակիչ: Այդ թվականից ի վեր նույն տարածքից արտագաղթել է առնվազն 1,5 մլն մարդ (բնակչության ընդհանուր թվի 38 տոկոսը), իսկ նույն ժամանակաշրջանում ժողովրդագրական բնական աճը եղել է գրեթե զրոյական:

- Հիմնվելով ներկայի պաշտոնական թվերի վրա` միջազգային որոշ ուսումնասիրություններ կանխատեսում են , թե 2050 թվականին Հայաստանն ունենալու է 2,334 մլն բնակիչ: Ներկայի ենթադրյալ 3,2 մլն-ի համեմատ` սա 27-28 տոկոս նվազում է նշանակում: Իրականում, ներկա միտումների շարունակվելու պարագայում կարելի է կանխատեսել, որ 40 տարի անց ներկա հայաբնակ այս տարածքը կորցրած կլինի իր բնակչության տոկոսային շատ ավելի մեծ համեմատություն: Ներկա միտումների շարունակվելու պարագայում կարելի է առանց չափազանցության կանխատեսել, որ 2050 թվականին նշված տարածքի բնակչության թիվը կլինի պակաս, քան մեկ մլն-ը: Սա արդեն կլինի Հայաստան պետության եւ հայ ժողովրդի հոգեվարքի վերջին փուլը:

Ինու՞ այս եղերական կանխատեսումը: Եթե 20 տարիների ընթացքում բնակչության թիվը 1,5 մլնով պակասել է, ապա ենթադրելը, որ առաջիկա 40 տարիներին եւս 1,5 մլն-ով կպակասի… ոչ թե չափազանցություն, այլ միգուցե անհիմն լավատեսություն է: Վերջին երկու տարիներին Հայաստանից արտագաղթը վերստին մեծ թափ է ստացել, եւ բոլոր տվյալները կան` համոզվելու, որ այդ թափը կշարունակվի եւ ավելի կզորանա: Տնտեսական եւ բարոյահոգեբանական պատճառներով մարդիկ մշտապես թողնում են երկիրը: Գյուղացիության մի կարեւոր հատված այլեւս հողը չի մշակում, տիրող պայմաններում նման աշխատանքը համարելով անարդյունավետ ու անիմաստ, եւ գոյատեւելու համար օտար ափերում է բախտ որոնում: Երիտասարդության մի կարեւոր հատված, բարձրագույն կրթությամբ կամ ոչ, հեռանկար չի տեսնում ու հեռանում կամ հեռանալու միջոց է որոնում: Երիտասարդ կամ միջին տարիքի մասնագետները շարունակում են հեռանալ իրենց գիտելիքներին համապատասխան աշխատավարձ ստանալու ակնկալիքով եւ կամ ինքնաիրացման հնարավորությունների որոնումով: Մանր ու միջին գործարարների մի ոչ արհամարհելի հատված, հոգնած եւ հուսահատված իր գործունեության առաջ ցցված անվերջանալի արհեստական խոչընդոտներից, հրաժարվում է պայմանների բարելավման սին պատրանքներով ապրելուց ու մեկնում: Հարաբերականորեն բարվոք պայմաններում ապրող երիտասարդ ընտանիքներ հեռանում են` մտահոգված իրենց երեխաների ապագայով, համոզված լինելով, որ Հայաստանում այդ ապագան լինելու է անհեռանկար: Նույնիսկ նոր մեծահարուստների հազիվ թե չափահաս, հաճախ անդաստիարակ երեխաներից շատերը նախընտրում են մեկնել արտասահման` կյանքը բավարար հետաքրքիր չգտնելով Հայաստանում:

- Արտագաղթին զուգահեռ, ժողովրդագրական իրավիճակը պայմանավորող մյուս գործոնը մարդկային բնական աճն է: Այս առումով եւս հեռանկարները, մեղմ ասած, բնավ լավատեսական չեն: Ներկայումս երկրում մնացած բնակչության մեջ խախտված է երիտասարդների ու տարեցների, իգական ու արական սեռերի ներկայացուցիչների հարաբերակցությունը` ի վնաս առաջինների: Շատ գյուղերում տարեկան 15-20 մահի համեմատ գրանցվում է 1-2 ծնունդ: Մեծ թվով երիտասարդներ, ընտանիք պահելու հնարավորություն չունենալու պատճառով, չեն ամուսնանում: Բնակչության թիվը սոսկ կայուն պահելու համար պտղաբերության տարիքում գտնվող յուրաքանչյուր կին պետք է ունենա միջինը 2,1 երեխա, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում այս միջինը 1,36 է:

Ինչպես հայտնի է, վերջին տարիներին իրենց կյանքի պտղաբերության, սերնդագործության շրջանն էին ապրում 1980-ական թթ. ծնվածները, սերունդ, որը թվով ամենամեծն էր Խորհրդային Հայաստանի պատմության ընթացքում ծնվածների համեմատ: Դրան հակառակ` այս սերունդը, որը պետք է հանդիսանար 2000-ականների ծնունդների գլխավոր շարժիչը, այդ տասնամյակում ծնել է անհամեմատ փոքր թվով երեխաներ. եթե 1980-ականներին տարեկան մինչեւ 80000 ծնունդ էր գրանցվում, ապա 2000-ի առաջին տասնամյակում գրանցվում էր տարեկան շուրջ 40 հազար ծնունդ: Ծնելիության այս կտրուկ անկումը հետեւանք էր չորս գործոնների.

ա/ արտագաղթը, որի հետեւանքով 80-ականների սերնդի մի ոչ արհամարհելի զանգված Հայաստանում չէր գտնվում,

բ/ երեխաներ պահելու եւ խնամելու առումով սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանների ստեղծած մտահոգությունները,

գ/ ամուսնությունների թվի նվազումը` սոցիալ-տնտեսական եւ սեռերի միջեւ թվային հավասարակշռության խախտման պատճառով,

դ/անկախ մյուս գործոններից` սոցիալ-մշակութային սովորույթների եւ ընկալումների փոփոխության պատճառով նախկին սերունդների համեմատ ավելի քիչ թվով երեխաներ ծնելու միտումը: Ծնելիության մակարդակի վրա բացասական ազդեցություն ունեցող այս գործոններն այսօր էլ առկա են եւ իրենց ազդեցությունը կմեծացնեն նաեւ առաջիկա տասնամյակում: Սակայն առաջիկա տասնամյակում իր ամբողջ թափով կսկսի գործել նաեւ մի նոր, աճի առումով շատ բացասական գործոն: Իր կյանքի պտղաբերման ու սերնդագործության շրջանն է մտնում 1990-ականների սերունդը, տասնամյակ, որի ընթացքում հայտնի պատճառներով երկրում նոր ծնվածների թիվը տատանվել է տարեկան 30-40 հազարի միջեւ: Եթե, կոպիտ հաշվարկով, 80 հազարանոց սերունդը ծնում էր տարեկան ոչ ավելի, քան 40 հազար երեխա, կարելի է պատկերացնել, թե որքան երեխա կծնի 40 հազարից պակաս սերունդը: Վերոնշյալ գործոնների առկայության եւ ներկա միտումների շարունակության պարագայում նոր ծնունդների գահավիժումը սպառնում է վերջ չունենալ` շարունակվելով տարեց տարի, տասնամյակից տասնամյակ:

Արտագաղթի ու ծնելիության մակարդակի անխափան անկման պարագայում 2050 թվականին մեկ մլն բնակչությամբ Հայաստանի կանխատեսումը կարող է նույնիսկ խիստ լավատեսական լինել:

Ստորեւ` ժողովրդագրական որոշ ցուցանիշների առումով աշխարհի երկրների ցանկում Հայաստանի գրաված դիրքը 2009 թ. (աղբյուրը` CIA World Factbook):

Բնակչության աճ` 205-րդ տեղ:
Պտղաբերություն (երեխա/կին հարաբերակցություն)` 201-րդ տեղ:
Ծնունդներ (հազար բնակչի հաշվով)` 161-րդ տեղ:
Մահեր (հազար բնակչի հաշվով)` 97-րդ տեղ:
Միգրացիոն սալդո` 159-րդ:

Հայաստանում սպասվող ժողովրդագրական համաղետին ի տես` ի՞նչ զարգացումներ են սպասվում հարեւան երկրներում: Սպասվող պատկերը, մեղմ ասած, չափազանց մտահոգիչ է: Ըստ տարբեր կանխատեսումների` 2050 թվականին Թուրքիան կունենա ավելի քան 100 մլն բնակիչ (թեկուզ եւ 20-35 տոկոսով` քրդեր), Իրանը` եւս շուրջ 100 մլն, որից 30-40 տոկոսը` Հայաստանի հարեւանությամբ ապրող ազերիներ: Ըստ կանխատեսումների` Ադրբեջանը 2050 թվականին կունենա 10-12 մլն բնակիչ: Իրականում այս թիվը կարելի է չափազանցված համարել, որովհետեւ ինչպես Հայաստանի ու Վրաստանի, այնպես էլ Ադրբեջանի վիճակագրական տվյալները խիստ անվստահելի են: Ընդհանուր պատկերին ի տես, սակայն, այս իրողությունը չի կարող մխիթարական համարվել: Վերջապես, ինչքան Հայաստանի, առնվազն նույնքան աղետալի են Վրաստանի ժողովրդագրական հեռանկարները:

Պատկերն ամբողջացնելու համար կարելի է համեմատել տարիքային որոշ խմբերի 2050 թվականի համար կատարված կանխատեսումները: Հայաստանում 15-59 տարեկանները 2050 թվականին կներկայացնեն ընդհանուր բնակչության 48,9 տոկոսը, Ադրբեջանում` 57,3 տոկոսը, իսկ Թուրքիայում` 58 տոկոսը: 60 տարեկանից բարձր տարիք ունեցողները նույն թվականին Հայաստանում կներկայացնեն բնակչության 37,6 տոկոսը, Ադրբեջանում` 24,7 տոկոսը եւ Թուրքիայում` 24,8 տոկոսը:

Եզրակացություն

- Մի քանի տասնամյակ անց լավագույն պարագայում 1 մլն բնակիչ ունեցող Հայաստանը լրիվ կորցրած կլինի իր դիմադրողականությունը: Այն անկարող կլինի ապահովելու ռազմական, տնտեսական, ժողովրդագրական, մշակութային եւ բազում այլ ոլորտների անվտանգությունը: Պետությունը մշտապես կորցրած կլինի իր գոյության շարունակականության երաշխիք հանդիսացող առարկայական եւ ենթակայական լծակները: Անհնար կլինի կուլ չգնալ 1 մլն-ը շրջապատող հարյուրավոր միլիոնների բաց երախին:

- Հայաստանը ստույգ մահից փրկելու միակ միջոցը արտագաղթի կասեցումը, ծնելիության բարձր աճի ապահովումը եւ ներգաղթի կազմակերպումն է: Իսկ այս արդյունքների ապահովման միակ եւ անփոխարինելի պայմանը դրանց իրականացմանն արգելք հանդիսացող պատճառների վերացումն է:

շարունակելի

Տես նաև՝

vendredi 25 juin 2010

«Ճանաչել զմանրածախ և զմեծածախ շուկա և իմանալ զբանկս»



Այսօր «Մենք դե'մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը հրավիրել էր ասուլիս, որին կրկին ներկա չէին հեռուստաընկերությունները։

«Բողոքի ցույցերին տված նրանց էժանագին պիտակավորումները, թե գունավոր հեղափոխություն է կամ եսիմ ինչ, ծիծաղելի են։ Նրանք ամեն գիշեր երևի գունավոր հեղափոխություն են տեսնում ու վախից արթնանում են։ Նրանք այս պիտակավորումներով փորձում են ազդել կոճակ սեղմող պատգամավորների վրա։ Նրանք չեն պատկերացնում, թե ոնց կարող է մարդ գաղափարի համար մի բան անել»,– այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության միջոցառումներին տրված հանրապետականների պիտակավորումներին։

Ասուլիսի մյուս մասնակից, ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետ Գարեգին Չուքասզյանը նշեց, որ Մեսրոպ Մաշտոցի հայերեն թարգմանած առաջին նախադասությունը ոչ թե «ճանաչել զմանրածախ և զմեծածախ շուկա և իմանալ զբանկս» էր, այլ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։

«Սա իմունային համակարգի բանաձև է, որը ցույց է տալիս՝ ինչպես գոյատևել դարերի ընթացքում»,– ասաց Չուքասզյանը՝ հավելելով, որ չի կարելի շուկան ազգի ինքնության պահպանման համակարգից վեր բարձրացնել, քանի որ երբ ամեն բան չափվում է շուկայով, առաջանում է ձևախեղում։

«Կրթական համակարգը վաղվա քաղաքացի ձևավորելու ամենաօպտիմալ և ամենալուրջ դարբնոցն է, և այդ դարբնոց օտարի մուտքը վտանգավոր է»,- ասաց մշակութաբան Գագիկ Գինոսյանը։ Ըստ նրա, պետության գերխնդիրը քաղաքացի դաստիարակելն է, և պետությունն այսօր պետք է ձևակերպի, թե ինչ քաղաքացի է ուզում ունենալ վաղը։ «Ազգերը չեն մեռնում ցեղասպանությունների հետևանքով, ինչպես և մենք չմեռանք։ Երկրորդ դարի չինացի մի փիլիսոփա ասել է՝ եթե ուզում ես կործանել ազգին, կործանիր նրա մշակույթը։ Լեզուն և մշակույթը այն հենքն է, որը պահպանել է հայ տեսակը»,- ասաց Գինոսյանը։

Նախաձեռնության ներկայացուցիչները վերահաստատեցին իրենց վճռականությունը և պայքարը շարունակելու պատրաստակամությունը։

mardi 22 juin 2010

2500 ՏԱՐԻ ՀԵՏՈ ԾՆՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ԼԵԳԻՆԴԱՐ ԼԵՈՆԻԴԱՍ

2500 տարի հետո ծնվում է ևս մեկ լեգենդար Լեոնիդ, որ Սպարտայի Լեոնիդաս թագավորի նման իր 300 քաջ սպարտացի զինակիցների հետ պաշպանեց արևելյան հորդաներից իր հայրենիքը։ Նա ընկավ, բայց անմահացավ համայն մարդկության հիշողության մեջ։
ՓԱՌՔ, ԵՐԻՑՍ ՓԱՌՔ…
Հրավիրում եմ լսել Լեոնիդ Աղգալդյանի զինակից Արմենակ Աբրահամյանի հարցազրույցը ՝

ԼԵՈՆԻԴԻ ՈՂՂԵՐՁԸ ՄԵԶ

lundi 21 juin 2010

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ - «ՀՀ-Ն ԴԺՎԱՐ Է ԲՆՈՒԹԱԳՐԵԼ ՈՐՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

«Ակունք» ռադիոհանդէս: Հաղորդման հիւրը` քաղաքական գիտութիւնների դոկտոր Արմէն Այվազեանը, ներկայացնում է, թէ ինչու է օտարալեզու դպրոցների օրինականացումը վտանգում մեր երկրի ազգային անվտանգութիւնը:
vem.am 2010

Լեոնիդ Ազգալդյան. «Ես ընկնելու եմ Ստամբուլի մոտ»


Լեոնիդ Ազգալդյանն ընկավ 1992թ. հունիսի այս օրը` 50 տարեկանը չբոլորած: Նա «Ազատագրական բանակ» ջոկատի հրամանատարն էր, Մարտական առաջին աստիճանի խաչի շքանշանակիր: Բայց մինչ օրս Լեոնիդ Ազգալդյանին չի տրվել ազգային հերոսի կոչում: «Պալատական որոշումներով չէ, որ հերոսին կոչումներ են տալիս, եւ Լեոնիդը կարիքը չունի որեւէ իշխանիկի, որ իրեն հերոսի կոչում տա»,- ասում է նրա զինակից Գագիկ Գինոսյանը եւ հավելում, որ բոլոր ժամանակներում ժողովուրդն է տալիս հերոսի կոչումը, որը կնքում է ժամանակը: Այս առումով` Լեոնիդ Ազգալդյանն իրապես հերոս է:

Նրա մահվան տարելիցի կապակցությամբ այսօր «Արմատ» ակումբում ասուլիս էին տալիս Գագիկ Գինոսյանը եւ ԵՊՀ դոցենտ Նորայր Գալստյանը: Վերջիններս ուղղակի ծիծաղելի են համարում, որ պարտված Ադրբեջանն արցախյան պատերազմից հետո ունի ավելի քան 100 հերոս, իսկ Հայաստանը` ընդամենը 15: Ընդ որում` նրանցից 5-ն են զոհվել մարտի դաշտում:

«Եթե ուզում ենք մտածել մատաղ սերնդի դաստիարակության մասին, որն այսօր բարձիթողի վիճակում է, պետք է որպես ուղեցույց ընտրենք Նժդեհին, Արամ Մանուկյանին, Դրոյին եւ արցախյան պատերազմից` Կոմադոսին (Արկադի Տեր-Թադեւոսյան), Վլադիմիր Բալայանին, Լեոնիդ Ազգալդյանին, Մոնթեին, Թաթուլին… Ինչպես Նժդեհը ժամանակին կռիվ տվեց նույնիսկ ռուսական զորքի դեմ եւ պահեց Սյունիքը, որը փորձ էր արվում հանձնել Ադրբեջանին, այնպես էլ Լեոնիդը կանգնեց Արցախի հողի վրա եւ ասաց` սա Հայաստանն է եւ վերջ»,- ասում է Նորայր Գալստյանը:

«Լեոնիդ Ազգալդյանը ստեղծել է 300 հոգանոց կանոնավոր բանակ, որն ամենօրյա ֆիզիկական, մտավոր, գաղափարական մարզումներ էր կատարում: Նա Արցախում ազատագրել է 27 բնակավայր: Սա, ինձ թվում է` բավականին լուրջ թիվ է` արցախյան հերոսամարտի չափանիշներով, եւ այս մարդուն հերոսի կոչում չշնորհել, ոչ միայն նշանակում է մեղանչել իրականության դեմ, այլ նաեւ հայ պատմության եւ ապագայի դեմ»,- ավելացնում է Գագիկ Գինոսյանը:

Թե ինչո՞ւ Ազգալդյանին հերոսի կոչում չի տրվում, վերջինիս կարծիքով, պայմանավորված է անձնական խնդիրներով, որոնք գալիս են ոչ միայն ներկայիս, այլեւ նախորդ իշխանությունից, եւ այն տարաձայնություններից, որոնք առկա էին Լեոնիդ Ազգալդյանի կենդանության օրոք: «Որովհետեւ Լեոնիդն առուծախի գնացող մարդ չէր. նա Արծվաշեն չէր հանձնում: Նա, ասենք, չէր համաձայնվի հանձնել Գետաշենը եւ Շահումյանը, եւ քանի դեռ Լեոնիդը կենդանի էր, ոչ ոք չկարողացավ մտնել Մարտակերտի շրջան: Մարտակերտն ընկավ նրա զոհվելուց հետո, որը նույնպես կասկածելի է»,- ասում է Գինոսյանը:

Արցախյան գոյամարտի ընթացքում Ազգալդյանի գլխավորած ջոկատը տվել է 6 զոհ: Յոթերորդն ինքն էր, իսկ իրենից 12 օր առաջ զոհվել էր տեղակալը` Վլադիմիր Բալայանը: Ծնունդով մարտակերտցի Բալայանին բանախոսները բնորոշում են իբրեւ մարտական բնածին տաղանդով օժտված մի մարդու, որն իսկապես հայրենիքի նվիրյալներից էր: Ինքը` Լեոնիդը, իր տեղակալի մասին խոսելիս ասել է, թե նման զորավարներ ազգը ծնում է միայն 100 տարին մեկ: Իսկ Գինոսյանը հիշում է, որ երբ զոհվել է Վլադիմիր Բալայանը, ջոկատի տղաներն առաջին անգամ Լեոնիդի աչքերին տեսել են արցուքներ: «Նա ասաց, որ ինքը գնալու է միանալու Վլադիմիրին: Երեւի լավ հասկանալով, որ հաջորդ թիրախն ինքն է»,- ասում է Գինոսյանը:

Լեոնիդը մի առիթով ասել էր. «Եթե ձեզ ասեն` ես զոհվել եմ, մի հավատացեք. ես Ստամբուլի մոտ եմ ընկնելու»: Նա զոհվել է Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ` թշնամու դավադիր կրակոցներից:

«Մենք հերոս ենք հռչակում մարդկանց, ովքեր հազարավոր զոհեր են տվել եւ հպարտանում ենք, որ զոհերով այդքան հող են ազատագրել: Ամբողջ աֆղանական պատերազմն անցած Կոմանդոսը, ի պատիվ իրեն, խոստովանել է, որ ինքն առաջին անգամ Լեոնիդից սովորեց, որ չի կարելի զոհել հայ զինվորին: Լեոնիդն իրեն ասել էր. «Մեր ամենամեծ հարստությունը կամավոր զինվորն է: Դրանից ավելի մեծ արժեք էս երկիրը չունի, եւ նրանց չի կարելի հենց այնպես զոհաբերել, ինչ է թե հողակտոր ես ազատագրում: Բոլոր նախագծերը, հարձակումները, պաշտպանությունները կառուցեք այնպես, որ հնարավորինս զոհ չլինի»»,- ասում է Գագիկ Գինոսյանը:

Նա հիշում է, որ իրենց ջոկատում ծխելը, խմելը խստիվ արգելված էր, իսկ զենքը կամ պահեստում պետք է լիներ, կամ` ձեռքիդ բռնած: Եթե զենքդ մի կողմ դնեիր, հաջորդ ակնթարթում ջոկատում չէիր լինի: «Ի սկզբանե Լեոնիդի Ազատագրական բանակը շատ ավելի կարգապահ էր, քան նույնիսկ խորհրդային բանակը: Նրա բանակի կարգապահության հիմքում, Նժդեհի բառերով ասած, գիտակցական կարգապահություն կար: Այսինքն` երբ զինվորը հասկանում էր իր կարգապահ լինելու առաքելության կարեւորությունը, նրան պետք չէր պարտադրել կարգապահություն, ինչպես արվում է շատ-շատ բանակներում»:

Գինոսյանի խոսքերով` եղել են դեպքեր, երբ Լեոնիդը զինվորին դիրքերում տեսել է քնած, արթնացրել է նրան ու հրամայել «գնալ քնելու»` վերջինիս փոխարեն անձամբ հերթապահելով դիրքում:

«Զինվորը հաջորդ անգամ ամեն ինչ անում էր` հանկարծ նման օրը չընկնելու համար: Նա շատ ավելի ուշիմ էր լինում, ամոթից չգիտեր, թե ուր գնար, ոչ թե ասում էր` ինչ լավ ա, գնամ քնեմ: Այսինքն` երբ քո զորավարն իրոք բարոյական նկարագիր ունի, դա քո համար ավելի քան ապտակ է, ավելի քան պատիժ է: Սա իրական մեծ զորավարի խնդիր է. հզոր մարդը վատը լինելու, չար լինելու, պատժաբեր լինելու խնդիր չունի: Նման պատիժների դիմում են թույլ հրամանատարները, որոնց համար կարեւոր է, որ զինվորն իրենից վախենա: Իսկ Լեոնիդին զինվորները պաշտում էին: Նա մարտի դաշտում մեզ համար ամեն ինչ էր, իսկ երբ դու հավատում ես քո զորավարին, պատրաստ ես ամեն ինչի»,- ասում է Գագիկ Գինոսյանը:

«Դրա համար նա մագնիսի նման ձգում էր զիվորներին, եւ դա է պատճառը, որ Լեոնիդի զինվորներից շատերն այսօր հայկական բանակի հրամանատարներն են»,- ավելացնում է Նորայր Գալստյանը ու շեշտում, որ Ազգալդյանի մահվանից հետո էլ նրա զինվորները մնացին աներեր ու Քարվաճառի ազատագրման ժամանակ առաջին շարքերում էին:

Գալստյանը շեշտում է նաեւ, որ Լեոնիդը լուրջ մտավորական էր, ղեկավարում էր Լազերային տեխնիկա գիտահետազոտական ինստիտուտի հաշվողական մաթեմատիկայի բաժինը. «Դուք չեք պատկերացնում, թե ինչպիսի գիտելիքներ պետք է ունենար դիմորդը, որպեսզի այդ թվականներին ընդունվեր Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան: Եվ նա ընդունվեց, ընդ որում` ֆիզիկայի ֆակուլտետ: Բայց ընտանեկան պատճառներով տեղափոխվեց ԵՊՀ` ավարտելով ֆիզիկայի ֆակուլտետը»:

Գինոսյանն էլ նշում է, որ մինչ պատերազմը Լեոնիդը համեստագույն մարդ էր, որը շատ տաղանդավոր էր, բազմաշնորհ, ֆիզիկական արտակարգ տվյալներով. սպորտի վարպետ, մի քանի սպորտաձեւով Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ: Իսկ մաթեմաթիկա եւ ֆիզիկա առարկաներից` հանրապետական օլիմպիադաների հաղթող:

Նա 1988 թ., ըստ Գագիկ Գինոսյանի, համազգային հանրահավաքներին չի մասնակցել. «Եկավ, կանգնեց, լսեց եւ, ձեռքը թափ տալով, հեռացավ` ասելով` այս պայքարը վերածվելու է զինված պայքարի: Իր մարգարեական հեռատեսությամբ, իմաստուն եւ ազգային հոգեկերտվածքով նա լծվեց զենքեր ստեղծելու գործին: Առաջին ինքնաստեղծ, ինքնաշեն զենքերը ստեղծվեցին Լեոնիդ Ազգալդյանի, Ալեքսանդր Թամանյանի եւ իրենց մյուս ընկերոջ` Կարեն Գրիգորյանի ջանքերով եւ շատ ուրիշ մտավորականների աջակցությամբ»:

«Ես երբեմն ասում եմ` այս պատերազմը երկու հսկաներ է տվել, որոնք անխոցելի են այն առումով, որ մտավոր եւ ֆիզիկական կարողություններն իրենց մոտ հավասարազոր ուժգնությամբ էին: Դա Մոնթե Մելքոնյանն էր եւ Լոնիդ Ազգալդյանը,- ասում է Գ. Գինոսյանը,- բայց Լեոնիդի գերագույն շնորհը, իմ կարծիքով, նրա բարոյական հանճարն էր: Նա ոչ մի դեպքում չէր կարող փոխվել, չէր կարող, շատ կներեք բառիս համար` լղոզվել, դառնալ իշխանիկ եւ կատարածու: Միգուցե դա է պատճառը, որ այսօր նա մեզ հետ չէ. պատերազմից չվերադարձավ»:

jeudi 17 juin 2010

ՄԵՆՔ ԴԵ՛Մ ԵՆՔ (Մասն Բ.)

Համաժողով՝«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը»
Թեքեյան Կենտրոն
Երևան, 02.06.2010թ.

mercredi 16 juin 2010

ՄԵՆՔ ԴԵ՛Մ ԵՆՔ (Մասն Ա.)


Համաժողով՝«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը»
Թեքեյան Կենտրոն,Երևան, 02.06.2010թ.

dimanche 13 juin 2010

ՀՆՉՈՒՄ Է ԴՈՒԴՈՒԿԸ

Մարսելի Սենտ Անտուան թաղամասում գտնվող Հայ Առաքելական Սուրբ Թադեոս, Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցու հիմնադրման 81-րդ ամյակի արարողությանը Լևոնը հնչեցրեց դուդուկը.
Եղանակ 1

Եղանակ 2

Եղանակ 3

jeudi 10 juin 2010

Ո՜Չ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Ակունք» ռադիոհանդէսի հիւրը` արուեստագիութեան դոկտոր Հենրիկ Յովհաննիսեանը, արտայայտում է իր տեսակէտը օտարալեզու դպրոցների հնարաւոր հետեւանքների մասին:Հեղինակ` Յասմիկ Գուլակեան։
 


http://vem.am