samedi 25 avril 2009

Արմենակ Աբրահամյանը ` ՀՀՌ-ի եթերում

Արմենակ Աբրահամյանը ` Հայաստանի Հանրային Ռադիոյի եթերում

mardi 21 avril 2009

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սուրեն Մանուկյան

Ժխտողականությունն ուղեկցում է բոլոր ցեղասպանություններին: Իրականացրած ոճիրը քողարկելու, այն ժխտելու քաղաքականությունը հատուկ է բոլոր ցեղասպաններին, եւ Թուրքիան, անշուշտ, դրա վառ օրինակն է:

Ժխտողականությունը Թուրքիայում իրականացվում է պետական մակարդակով: Ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների հանրագիտարանը Հայոց ցեղասպանության ժխտումն անվանում է «սեփական անցյալը ժխտելու` պետության ամենաբացահայտ օրինակը»: Այսօր Թուրքիայում գրեթե բոլոր պատմագիտական կազմակերպությունները, խոշորագույն թերթերը, հեռուստատեսությունն ու ռադիոն ներգրավված են այս քաղաքականության մեջ:

Մի շարք թուրք, ինչպես նաեւ թուրքական պետության կողմից ֆինանսավորվող արեւմտյան գիտնականների հիմնական առաքելությունն է դարձել «զուգահեռ» պատմության ստեղծումը, որն իրականության հետ շատ քիչ կապ ունի եւ ժխտում է հայերի ցեղասպանությունը:

2001թ. ապրիլին Անկարայում հիմնադրվեց Հայկական հետազոտությունների ինստիտուտը, որի հիմնական խնդիրներից մեկը Հայոց ցեղասպանության թեմայի արծարծման դեմ պայքարն ակադեմիական շրջանակ տեղափոխելն է: Բացի այդ, թուրքական կառավարությունն ամեն կերպ աջակցում է աշխարհի նշանավոր համալսարաններում թուրքական պատմության եւ մշակույթի ուսումնասիրության ամբիոններ հիմնադրելուն, որոնց գործունեության մեջ ժխտման քաղաքականությունը շատ մեծ դեր ունի:

Ցեղասպանության իրականացման ծրագրի գոյության հարցը

Ցեղասպանության ժխտման ընթացքում կասկածի տակ է դրվում ցեղասպանության իրականացման մտադրության եւ ծրագրի գոյությունը:

Օրինակ, հրեաների բնաջնջման հրամանների վավերագրեր չեն պահպանվել, եւ սա Հոլոքոստը ժխտողների կողմից համարվում է հրեական ցեղասպանության ծրագրված չլինելու ապացույց: Նույն մեխանիզմը կիրառվում է նաեւ Հայոց ցեղասպանության պարագայում. Թուրքիան պնդում է, որ չկա հայերին բնաջնջելու հրամանի եւ ծրագրի գրավոր արձանագրված վավերագիր:

Եթե նույնիսկ կասկածի տակ առնենք 1920թ. Լոնդոնում Արամ Անտոնյանի կողմից հրատարակված երիտթուրքական կառավարության ներքին գործերի նախարար Թալեաթի` Օսմանյան կայսրության հայ բնակչության տեղահանության եւ ոչնչացման մասին գաղտնի հրամանագրերը, որոնք Անտոնյանին էր փոխանցել Հալեպ քաղաքի հայերի տեղահանության կոմիտեի գլխավոր քարտուղար Նաիմ բեյը, միեւնույն է` Հայոց ցեղասպանության կազմակերպված եւ ծրագրված լինելու փաստն ուղեկցվում է ապացույցների անվիճելի, հսկայական զանգվածով:

Այդպիսին են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի դաշնակիցներ Գերմանիայի եւ Ավստրո-Հունգարիայի արխիվներում պահվող պաշտոնական փաստաթղթերը, այդ երկրների դեսպանների եւ հյուպատոսների զեկուցագրերը, Կ.Պոլսում ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուի հեռագրերը, բազմաթիվ օտարազգի ականատեսների վկայությունները եւ, վերջապես, 1919–1921թթ. Ստամբուլում երիտթուրքական առաջնորդների նկատմամբ հենց թուրքերի կողմից կայացված դատավճիռները, մեղադրական եզրակացությունները եւ ականատեսների վկայությունները:

Այս վերջին ու շատ զորեղ ապացույցը նույնպես կասկածի տակ առնելու փորձ է արվում: Հայտարարվում է, որ երիտթուրքերի դատավարություններն ընթացել են Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած մեծ տերությունների ճնշման ներքո: Սա նույնպես բացարձակ անիմաստ փաստարկ է, քանի որ այդ դեպքում պետք է կասկածի տակ դնել նաեւ Նյուրնբերգյան դատավարության արդյունքները, որոնք նույնպես ընթացել են պատերազմում հաղթող պետությունների վերահսկողության տակ, սակայն որոնց վճիռները Թուրքիան անվերապահորեն ընդունել է:

Տեղահանություն եւ ոչ թե կոտորած. քաղաքացիական պատերազմի վարկածը

Ըստ թուրք պատմաբանների` հայերի անհետացումն իրենց բնակության վայրերից տեղի է ունեցել մեծ մասամբ ոչ թե ծրագրված զանգվածային ոչնչացման, այլ ընդամենը ռազմաճակատի գոտուց հայ բնակչության մի մասի տեղափոխման պատճառով, քանի որ քրիստոնյա հայերն անհուսալի տարր էին Ռուսաստանի դեմ պատերազմի ընթացքում: Ըստ թուրքերի` ճանապարհին տեղահանվողների մի աննշան մաս զոհվել է սովից, հիվանդություններից եւ այլ պատճառներից, որոնցից էին նաեւ պատերազմի ընթացքում անիշխանության մատնված որոշ շրջաններում գործող ավազակախմբերի հարձակումները: Վերջին շրջանում ի հայտ է եկել նաեւ մի նոր թեզ` սպանված հայերի հետ մեկտեղ նշվում են նաեւ սպանված թուրքեր, առաջ է քաշվում նաեւ քաղաքացիական պատերազմի եւ հայերի ապստամբելու վարկածը:

Սակայն այս թեզերը ոչ մի քննարկման չեն դիմանում: Հայերի բռնի տեղահանումն իրականացվել է ոչ միայն «Արեւելյան Անատոլիայից» (Արեւմտյան Հայաստանից), որի մի մասը պատերազմի թատերաբեմ էր, այլեւ ամբողջ Անատոլիայից եւ նույնիսկ ռազմաճակատից շատ հեռու գտնվող վայրերից:

Ապստամբության վարկածը բոլորովին չի համապատասխանում իրականությանը: Թուրքական հրամանատարության զեկույցներում հանդիպում ենք պատերազմի ընթացքում հայերի հավատարմության մասին բազմաթիվ արձանագրությունների, իսկ Վանի ինքնապաշտպանությունը, որը, ամենահաճախն է նշվում իբրեւ ապստամբության փորձ, 1915թ. ապրիլին էր, այն դեպքում, երբ տեղահանության մասին որոշումը մարտին էր ընդունվել եւ զանգվածային սպանություններն արդեն իսկ սկսվել էին: Իսկ սպանդի տեսարանները նկարագրում են գրեթե բոլոր ժամանակակիցները` հայազգի թե օտար, Թուրքիայի հակառակորդ թե դաշնակից, քրիստոնյա, մուսուլման թե հրեա, ընդ որում` նշելով պետական պաշտոնյաների եւ բանակի միանշանակ մասնակցությունը: Հսկայական ֆոտոնյութը գալիս է վավերացնելու տեղահանության պատրվակով կազմակերպված ժողովրդի բնաջնջման փաստը:

Կեղծ թվաբանություն

Թուրքական կողմի ծավալած բանավեճի հիմնական թեմաներից է ցեղասպանության տարիներին զոհված հայերի թիվը: Ժխտողականները կասկածի տակ են դնում մեկուկես միլիոն զոհերի թիվը: Բացարձակ կերպով ժխտել հայերի զանգվածային սպանությունները` ուղղակի անհնար է, եւ փորձ է արվում կասկած առաջացնելով այս մասնավոր հարցի վերաբերյալ, տարածել այդ կասկածը նաեւ ամբողջ երեւույթի վրա: Այսպես, Հայոց ցեղասպանության հայտնի ժխտողներից մեկը` Ջասթին Մըքքարթնին, հենվելով վիճահարույց հետազոտությունների վրա, նշում է, որ կայսրությունում մինչեւ 1915թ. ապրում էր ընդամենը մեկուկես միլիոն մարդ: Ըստ Թուրքական պատմական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուի, հայ զոհերի թիվը 56 հազարի է հասնում, որոնցից ընդամենը 10 հազարն են սպանված:

Այս փաստարկի օգտագործումը, մեղմ ասած, տարօրինակ է: Բոսնիական Սրեբրենիցայի սպանդի պատասխանատուները դատապարտվել են Հաագայի միջազգային դատարանի կողմից` իբրեւ ցեղասպանություն իրականացնողներ, թեեւ այնտեղ սպանվեց «ընդամենը» 7000 մարդ: Սակայն եթե նույնիսկ փորձենք մտնել այս բանավեճի մեջ, ապա ամենախոսուն փաստարկը հենց թուրքական պաշտոնական վիճակագրությունն է: Երիտթուրքական կուսակցության տապալումից հետո, 1918թ. դեկտեմբերին, ներքին գործերի նախարար Մուսթաֆա Արիֆի նախաձեռնությամբ կազմվեց մի հանձնաժողով, որը պետք է հետաքններ այս հարցը: Այն աշխատեց երեք ամիս եւ արդյունքները հասարակության դատին ներկայացրեց նոր ՆԳ նախարար Ջեմալ բեյի օրոք` 1919թ. մարտի 14-ին: Ըստ այդ տվյալների` սպանված հայերի թիվը 1914–1918թթ. կազմում էր 800000:

Օսմանյան արխիվների առասպելը

Ժխտողականները պնդում են, որ բազմաթիվ փաստեր, փաստաթղթեր եւ վկայություններ ստեղծվել են հենց հայերի կողմից: Այս պնդումն ուղեկցվում է այն քարոզչական աշխատանքով, որը տարվում է օսմանյան արխիվները բացելու փաստի առնչությամբ:

Օսմանյան արխիվները հսկայական նյութ են պարունակում ոչ միայն թուրքերի, այլեւ երկար ժամանակ օսմանյան տիրապետության տակ գտնվող ժողովուրդների պատմության մասին: Այն, որ դրանք կարող են Թուրքիայի համար վտանգ ներկայացնել, Անկարան հասկացավ դեռ 1960-ականներից, երբ միայն եզակի մասնագետների էր իրավունք տրվում մուտք գործել օսմանյան արխիվներ: Տարիների ընթացքում իրականացվում էր արխիվային փաստաթղթերի ընտրությունը եւ համակարգումը` Թուրքիայի Գլխավոր արխիվային վարչության տնօրեն Իսմեթ Միրօղլուի գլխավորությամբ: 1989թ. մայիսի 16-ին թուրքական կառավարությունը հանդիսավորությամբ հայտարարեց օսմանյան արխիվները բացելու մասին: Բացվում էին հայերի մասին փաստաթղթերը, ընդ որում` հատուկ հանձնաժողովի կողմից 7 մլն դասակարգման ենթարկված փաստաթղթերից բացվել էին ընդամենը 10 հազարը: Սա հայտարարվեց աննախադեպ քայլ` լռության մատնելով այն փաստը, որ 1980թ. ռազմական հեղաշրջումից հետո հսկայական քանակությամբ փաստաթղթեր ուղղակի այրել էին:

Սակայն, եթե նույնիսկ օսմանյան արխիվները չմաքրազերծվեին, հայերի զանգվածային ոչնչացման մասին որոշում կամ ուղղակի հրահանգներ դժվար թե հնարավոր լիներ այնտեղ գտնել. որոշումն ընդունվել է երիտթուրքական վերնախավի շատ նեղ շրջանակի կողմից, հրամանները հիմնականում բանավոր էին եւ գաղտնի:

Ժխտողականության պատճառները

Ինչո՞ւ թուրքերը չեն ընդունում ցեղասպանության փաստը: Չէ՞ որ ժամանակին «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության առաջնորդները դատապարտվեցին, այլ հանցագործությունների հետ մեկտեղ, նաեւ հայերի զանգվածային սպանություններ իրականացնելու համար: Նույնիսկ Քեմալ Աթաթուրքն է բազմիցս խոսել այս թեմայով եւ դատապարտել կոտորածները` դրանք անվանելով «ամոթալի գործողություն» եւ պահանջելով պատժել մեղավորներին: Այսինքն` տեսականորեն կարելի է ընդունել հայերի ոչնչացումը` բացատրելով, որ այդ ոճրագործությունները կատարվել են Օսմանյան կայսրությունում եւ կապ չունեն ներկայիս թուրքական հանրապետության հետ: Սակայն, իրականում թուրքական պետական մեքենան եւ հասարակությունը կատաղի ձեւով ժխտում են սեփական մեղավորությունը, եւ դրա համար կան հիմնավոր պատճառներ: Այդ պատճառներին անդրադարձել են մի շարք հետազոտողներ, որոնք հիմնականում առանձնացնում են վախի երեք գործոն.

ա) Հատուցման վախը. հայերն Օսմանյան կայսրության մշակութային առումով ամենազարգացած եւ տնտեսապես ամենահզոր համայնքներից էին: Ցեղասպանությունից հետո այդ հսկայական հարստությունն անցավ նրանց կոտորածների կազմակերպիչներին եւ մարդասպաններին: Թուրքական խոշորագույն առեւտրական ընտանիքներ եւ տնտեսական ընկերություններ իրենց հարստության կուտակման պատմության մեջ ունեն հայկական հետք: Հենց այս ուժերը մտավախություն ունեն, որ ցեղասպանության ճանաչումն իր հետ փոխհատուցման պահանջ կբերի: Փոխհատուցման հսկայական չափերի պատճառով այն կարող է ձեւափոխվել տարածքային պահանջների, այն դեպքում, եթե թուրքական պետությունն ի վիճակի չլինի վճարել պահանջվող ռեստիտուցիան:

բ) Հերոսների վարկաբեկման վախ. քեմալական շարժմանը միացել էին նախկին երիտթուրքական կուսակցության բազմաթիվ անդամներ, որոնք դատապարտվել էին կառավարության կողմից, այդ թվում` նաեւ հայերի դեմ իրագործած ոճրի համար: Այս մարդկանց համար թուրքական ազգայնական եւ հեղափոխական շարժմանը միանալը պատասխանատվությունից խուսափելու միակ միջոցն էր: Հետագայում նրանք կարեւորագույն պաշտոններ ստացան նոր թուրքական հանրապետությունում եւ ամենակարեւորը` լրացրին նոր ստեղծվող հերոսական պանթեոնը: Օրինակ, Շուքրու Կայան` Քեմալի ստեղծած ժողովրդա-հանրապետական կուսակցության գլխավոր քարտուղարը եւ ներքին գործերի նախարարը, հայերի տեղահանության գլխավոր պատասխանատուներից էր եւ բազմաթիվ անգամներ հայտարարել է գերմանական հյուպատոսներին. «Մենք պետք է ոչնչացնենք հայերին», Մուսթաֆա Աբդուլհալիք Ռենդան` հանրապետական շրջանում Ազգային ժողովի նախագահը, հազարավոր հայերի էր ողջակիզել Մուշում: Ճշմարիտ պատմության պարագայում հանրապետության հիմնադիրները մարդասպաններ եւ հանցագործներ են ներկայանալու:

գ) Ինքնության ճգնաժամի վախ. խնդրի հանրային քննարկման հիմնական խոչընդոտներից է արդի թուրքական հասարակության կոլեկտիվ հիշողության կորուստը: Երբ Աթաթուրքը ստեղծում էր նոր պետություն, նա իրական պատմությունը փոխարինեց պաշտոնական պատմությունով, որում պատերազմական պարտությունները եւ ազգային/կրոնական փոքրամասնությունների դեմ գործած արյունալի ոճրագործություններն ուղղակի չեն հիշատակվում եւ այդպիսով հասարակության քննարկումներից դուրս են բերվում:

Կարելի է ասել, որ հայերին բնաջնջելով` օսմանյան առաջնորդները յուրատեսակ կերպով վրեժխնդիր էին լինում եվրոպական տերություններից իրենց կրած նվաստացումների համար եւ ազատվում սեփական բարդույթներից: Քեմալական առաջնորդները ոչ միայն մաքրեցին այս տրավմայի հետեւանքները, այլեւ վերաշարադրեցին պատմությունը եւ վերաձեւեցին ազգային ինքնությունը: Եվ այդ ժամանակվանից սկսած` թուրքական պետությունն ինքն է ճնշում ցանկացած նախաձեռնություն, որը կփորձեր վեր հանել «արգելված պատմությունը»: Հայոց ցեղասպանության ընդունումը կոչնչացնի բոլոր այն պատկերացումները, որոնց վրա խարսխված է հանրապետական Թուրքիայի պատմությունը. այս դեպքում հակաիմպերիալիստական պատերազմը դառնում է հայ եւ հույն փոքրամասնության դեմ պատերազմ, առաջին ժողովրդական ջոկատները` Kuvay-i Milliye, որոնք ներկայացվում են իբրեւ անկախության մարտիկներ, դառնում են ուղղակի Հայոց ցեղասպանության զոհերի ունեցվածքի հաշվին հարստացած ավազակախմբեր: Ստացվում է, որ Մուսթաֆա Քեմալը ոչ թե ազգային-ազատագրական պայքար է մղել եւ հիմնադրել Թուրքիայի Հանրապետությունը, այլ ընդամենը իրականացրել է երիտթուրքերի պահեստային տարբերակը եւ բնաջնջելով հայերին ու հույներին` ապահովել գոնե մասնատված կայսրության պահպանումը:

http://www.noravank.am/am/?page=analitics&nid=1761

mercredi 1 avril 2009

La Turquie et Europe...Jean-Marc Morandini avec Frédéric Bonnaud