jeudi 24 décembre 2009

ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ԴԵՐԸ

soldiers (original)Հրեա զինվորականի վարքականոնը

Հրեության շրջանում զինվորականի կերպարը մշտապես ընկալվել է որպես հրեական պետականության շարունակականության, հրեա ժողովրդի ու նրա ժառանգության պաշտպանության առաջնակարգ երաշխիքներից մեկը։ Հատկապես պետականության բացակայության ժամանակաշրջանում էապես կարեւորվել է հրեա զինվորականի բարոյահոգեւոր բարձր պատրաստվածության հարցը` որպես ազգային ինքնության պահպանման կարեւորագույն բաղադրիչ։ Արդյունքում` հրեության պատմության հաղթանակներն ու հերոսապատումները դարձել են այն կարեւորագույն արժեհամակարգային սկզբունքները, որոնք եւ հետագայում հիմք հանդիսացան հրեա զինվորի վարքականոնի ստեղծման համար։ Զինվորական վարքականոնի շուրջ ձեւավորված ավանդական մոտեցումներն իրենց կիրառական գործածությունը ստացան Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ դրվեցին հրեական պետականության վերստեղծման հիմքերը։ Առանձնակի պետք է ներկայացնել Իոսիֆ Տրումպելդորի կերպարը, որը զգալի ավանդ ունեցավ վարքականոնի նորմերի ձեւավորման գործում։ Հրեության շրջանում հերոսացված Տրումպելդորը հստակ էր գիտակցում ժամանակաշրջանի միջազգային բարդ իրադրությունում հրեական պետականության ստեղծման հարցում հրեա զինվորի` որպես խիզախ, բարոյահոգեւոր բարձր արժեքներ կրող մարտիկի, անգնահատելի կարեւորությունը։ Տրումպելդորը մեծ տեղ էր հատկացնում «ժողովրդի բանակի» գաղափարին, որի զինվորականները իրենց հետեւից կտանեին հրեա ժողովրդին, կպաշտպանեին վերջինիս ու իրենց պետականությունը` չխնայելով սեփական կյանքը։ Տրումպելդորը հրեա զինվորականի վարքականոնի հիմքում տեսնում էր «ասպետական պատասխանատվության» բարոյական նորմը։

Հրեա զինվորականի վարքականոնի` տրումպելդորյան մոտեցումն աջակցություն ստացավ հրեական պետական հիմնադիր այրերի (առաջին հերթին` երկրի առաջին վարչապետ Դավիթ Բեն-Գուրիոնի) կողմից։ Նրանց բարոյական պատկերացումները կենտրոնանում էին պետականակենտրոն գաղափարախոսության վրա, ըստ որի` հրեա զինվորի արժեքային համակարգի հիմքում դրվում էր հրեական պետությանն անվերապահ ծառայելու ու հավատարիմ լինելու զգացումը` որպես «բարձրագույն առաքելություն»։

Հրեա զինվորի դերը կարեւորվեց եւ հետագա տասնամյակներում` պայմանավորված արաբ-իսրայելական հաճախակի պատերազմներով, ինչը հետեւաբար նպաստեց վարքականոնի հայեցակարգի ի մի բերման գործընթացին։ Հայեցակարգն ամփոփ բնույթ ստացավ 1992թ., երբ Իսրայելի պաշտպանության ուժերը ներկայացրին «Իսրայելի պաշտպանության ուժերի վարքականոնը»։ Փաստաթուղթը ստացավ լայն միջազգային հնչեղություն։ Վերջին շրջանում ԱՄՆ Պենտագոնը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում դիմել է զինվորի վարքականոնի` հրեական փորձի օգնությանը։ Իսրայել պետության կողմից վարքականոնին տրված բարձրագույն կարեւորության մասին է խոսում այն, որ վերջինս հանդիսանում է Իսրայելի պաշտպանության ուժերի դոկտրինի երկու գլխավոր բաժիններից մեկը` «Էթիկա» խորագրով։ Փաստաթղթի համաձայն, «Իսրայելի պաշտպանության ուժերի նպատակն է Իսրայելի պետության ու նրա անկախության գոյության պաշտպանությունը, Իսրայելում բնականոն կյանքի խաթարմանն ուղղված բոլոր թշնամական ջանքերի չեզոքացումը։ Իսրայելի պաշտպանության զինվորները պարտավոր են մարտնչել, անվերապահորեն ներդնել իրենց ողջ ունակությունները եւ նույնիսկ զոհաբերել իրենց կյանքը հանուն Իսրայելի պետության, նրա քաղաքացիների պաշտպանության»:

Վարքականոնում հաստատագրված արժեքներից հատկապես պետք է առանձնացնել հետեւյալները.

  • առաքելության գիտակցում եւ նպատակային կամք` այդ առաքելության կատարման ու հաղթանակի հասնելու համար,
  • պատասխանատվության զգացում` Իսրայել պետության, նրա բնակիչների պաշտպանության գործում,
  • անձնական օրինակի մատուցում (հրեա մարտիկը պետք է կատարի իր պարտականությունները այնպես, ինչպես ինքն է պահանջում գործընկերներից),
  • մարտական գործողությունների ժամանակ հրեա զինվորականը պետք է վտանգի իր եւ իր գործընկերների կյանքը` միայն այն չափով, որչափով պահանջվում է դրված առաքելության կատարման համար,
  • եղբայրություն կամ թիմային ոգի:

Իսրայելի պաշտպանության ուժերի հայեցակարգի մյուս` «Հիմնական հայեցակարգ» մասնաբաժնում նույնպես առանձնահատուկ շեշտվում են հրեա զինվորականության բարոյահոգեբանական պատրաստվածության հիմնահարցերը` որպես Իսրայելի պետության, նրա բնակիչների պաշտպանության հիմնարար երաշխիք։ «Հիմնական հայեցակարգում» ներառված հիմնադրույթների շարքում տիպիկ օրինակ է առաջին կետը, ըստ որի` «Իսրայելը չի կարող պարտություն կրել անգամ մեկ պատերազմում»։

Հրեա ռազմագերիների խնդիրը

Հրեության շրջանում յուրաքանչյուր հրեա զինվորի բարձր արժեւորման հանգամանքը հաստատվում է նաեւ հրեա ռազմագերիների ազատման հարցերի լուսաբանման առումով, ինչն առանցքային տեղ է զբաղեցնում հուդայականությունում։ Հրեա ռազմագերիների ազատագրումն ասոցացվում է «Գեուլա» կամ «Ազատագրում» կոչվող բարեգթության ամենօրյա աղոթքի հետ, որում հրեաներն իրենց շնորհակալությունն են հայտնում Աստծուն` Մովսեսի առաջնորդությամբ Եգիպտոսից հրեաներին ստրկությունից ազատագրելու համար։ Աստված հրեա ժողովրդին ներկայանում է ոչ թե երկնքի ու երկրի արարիչ, այլ որպես ազատագրիչ։ Եգիպտոսից հրեաներին ստրկացումից ազատելու հիմնահարցը նշանակալի տեղ ունի նաեւ հրեության ազգային ինքնության համատեքստում։ Այստեղից էլ հրեա ռազմագերիների խնդիրը կապվում է եգիպտոսյան գերեվարումից հրեա ժողովրդի ազատագրման հետ։ «Միշնե Թորա»-ի 7-րդ` «Աղքատներին բարեգործություն անելու մասին» օրենքում ասվում է. «Գերիների ազատագրումը նախորդում է աղքատների կերակրմանն ու հոգ տանելուն, եւ գոյություն չունի մեկ այլ առավել կարեւոր պատվիրան, քան գերիների ազատումը, քանզի գերին ե՛ւ քաղցած է, ե՛ւ պապակ, ե՛ւ մերկ, ե՛ւ իր կյանքը մշտապես վտանգի տակ է գտնվում։ Նա, ով աչք է փակում գերիների ազատման վրա ու խուսափում դրանից, դրանով իսկ խախտում է Թորայի մեկնություններից ու գրություններից շատերը»։

Հրեական կրոնական ավանդույթում հրեա ռազմագերու` ամեն գնով ազատման սկզբունքը դարերի ընթացքում կրոնաիրավական այլ մեկնությունների անհրաժեշտություն առաջացրեց։ Խնդիրն այն է, որ ցանկացած փրկագնով ազատման գործում հրեության պատրաստակամությունը բերեց թշնամիների կողմից հրեաների առեւանգման դեպքերի հաճախացմանն ու նոր պահանջների առաջադրմանը։ Անհրաժեշտություն առաջացավ որոշ սահմանափակումներ մտցնել փրկագնի վճարման հարցում, որտեղ առաջ եկավ «գերիներին ազատագրում են իրենց (գերիների) ունեցած գնի սահմաններում եւ ոչ ավելին» սկզբունքը։ Սակայն միջնադարյան ժամանակաշրջանից սկսած` այդ մոտեցման ջատագովներն աստիճանաբար տեղի տվեցին, եւ կրկին առաջ մղվեց «գերեվարված հրեաներին ցանկացած գնով ազատագրելու» սկզբունքը, ըստ որի` հրեա ռազմագերու ազատումը դիտվեց հրեական համայնքների անվտանգության ապահովման կարեւորագույն նախապայման։ Այս միտումը դարերի ընթացքում այնքան արմատացավ հրեական կրոնաիրավական նորմերում, որ քայլեր ձեռնարկվեցին «ցանկացած գնով եւ նույնիսկ ավելին» սկզբունքի առաջմղման հարցում։

Հուդայական մեկնություններում եգիպտական գերության ժամանակաշրջանը կարեւորվում է նաեւ նրանով, որ այն առիթ հանդիսացավ հրեա ժողովրդի համար էլ ավելի արժեւորելու անհատի ու իր մերձավորի ազատության գաղափարը։ Այստեղից էլ բխում է հուդայական այն սկզբունքը, ըստ որի` քանի դեռ գոնե մեկ հրեա կգտնվի գերության մեջ, հրեական համայնքի ու նրա անդամների անվտանգությունը կլինի սպառնալիքի ներքո։

Հրեա ռազմագերիների` ամեն գնով ազատման գաղափարը շարունակում է մնալ հրեության ազգային ինքնության անքակտելի մասը նաեւ Իսրայել պետության հիմնադրման փուլում։ 20-րդ դարի սկզբներին հրեական պետականության հիմնադրման տարիներին եւ 1948թ. Իսրայելի ստեղծումից հետո, երբ ավելի արժեւորվեց հրեա զինվորականության դերը հրեության ու Իսրայել պետության անվտանգության ապահովման հարցում, յուրաքանչյուր հրեա ռազմագերու` ցանկացած գնով հայրենիք վերադարձնելու հարցը դարձավ խիստ սկզբունքային։ Փաստերը բավական տպավորիչ են։ Այսպես, Իսրայել պետության անկախության համար մղված պատերազմից հետո երկրի ղեկավարությունն արաբական երկրների հետ իրականացրեց գերիների փոխանակում, որի արդյունքում ազատ արձակվեցին 6.306 արաբներ` 885 հրեա ռազմագերիների դիմաց։ Առավել խոսուն է 1956թ. Սինայի կամպանիայից հետո ռազմագերիների փոխանակման վիճակագրությունը, որի արդյունքում Իսրայելն ընդամենը 4 հրեա ռազմագերիների ազատ արձակելու համար Եգիպտոսին հանձնեց շուրջ 5.500 ռազմագերիների։ 1982թ. սեպտեմբերին լիբանանյան առաջին պատերազմի արդյունքում ստորագրվեց «Ջիբրիլի առաջին գործարքը» (Ահմադ Ջիբրիլ` «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ» խմբավորման առաջնորդ)` հրեա ութ ռազմագերիների ազատման համար։ 1983թ. նոյեմբերին ազատ արձակվեցին միայն վեցը, որի դիմաց իսրայելական կողմը հանձնեց 4.700 գրոհայինների եւ Իսրայելի բանտերում գտնվող եւս 65 ռազմագերիների։ Իսկ 1985թ. մայիսի 21-ին իրականացվեց «Ջիբրիլի երկրորդ գործարքը», որով ազատ արձակվեցին 1.150 դատապարտված գրոհայիններ` երեք հրեա ռազմագերիների ազատագրման դիմաց։ 2004թ. Իսրայելը ազատ արձակեց 450 ռազմագերիների, որոնց դիմաց հայրենիք վերադարձվեցին երեք հրեա զինվորների դիակները։

Ներկայում իսրայելական կողմը բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ 2006թ. հունիսի 25-ին գերեվարված հրեա զինվորական Գիլադ Շալիթի ազատման հարցի շուրջ։ Գերեվարումից երկու օր անց` հունիսի 28-ին, Իսրայելը նախաձեռնեց «Ամառային անձրեւներ» կամ «Գիլադ Շալիթի ազատագրման» ռազմական գործողությունը։ Արդյունքում` իսրայելական կողմը կարողացավ ձերբակալել ՀԱՄԱՍ-ի 64 անդամների, այդ թվում` Պաղեստինի ազգային վարչության 8 նախարարների։ Իսկ 2009թ. հոկտեմբերի 2-ին Գ.Շալիթին նկարահանող երկու րոպեանոց տեսաժապավենի ձեռքբերման դիմաց իսրայելական կողմն ազատ արձակեց 20 պաղեստինցի գերեվարված կանանց։

2006թ. հուլիսի 12-ին սկսված լիբանանյան երկրորդ պատերազմի հետեւանքով Հիզբալլահ խմբավորումը գերեվարեց երկու իսրայելցի զինծառայողների (Էհուդ Գոլդվասեր եւ Էլդադ Ռեգեւ), որոնց դիակների վերադարձման դիմաց պահանջվում էր Իսրայելի բանտերից ազատ արձակել 1.000 պաղեստինցիների։ 2008թ. հուլիսի 16-ին` գերեվարումից երկու տարի անց, հրեա զինվորների դիակները վերադարձվեցին Իսրայել, որի դիմաց իսրայելական կողմն ազատ արձակեց հայտնի լիբանանցի գրոհային Սամիր Կունտարին (1979թ. դատապարտվել էր քառակի ցմահ բանտարկության` հրեա ընտանիքի սպանության մեղադրանքով)։ Բացի այդ, Իսրայելը պարտավորվեց Հիզբալլահին հանձնել պաղեստինցի ու լիբանանցի գրոհայինների շուրջ 200 դի։ Է.Գոլդվասերի եւ Է.Ռեգեւի մարմինների մասերի ինքնությունը հաստատելու նպատակով իսրայելական կողմն անցկացրեց ԴՆԹ-ի փորձաքննություն, որը հաստատեց դիակների ինքնությունը։ Ի դեպ, մինչեւ իսրայելական կողմից ԴՆԹ-ի փորձաքննության անցկացումը, նման հետազոտություն իրականացրել էր ՄԱԿ-ը, սակայն իսրայելական կողմը որոշ կասկածներ ուներ այդ փորձաքննության արդյունքների վերաբերյալ։

Ազգակերտում` հերոսապատումներով

Հրեա զինվորականության դաստիարակության եւ առհասարակ հրեա ժողովրդի ազգակերտման գործում անգնահատելի է հրեա ժողովրդի հերոսապատումների մասին ազգային կոլեկտիվ հիշողության վերականգնումը։ Ռազմական հաղթանակների թեմատիկայի հասարակայնացումն ավելի ակտուալ դարձավ Իսրայել պետության հիմնադրումից հետո, երբ նորովի վերիմաստավորվեցին ինչպես անցյալի ձեռքբերումները, այնպես էլ պարտությունները։ Այս առումով, հատուկ առանձնացվում է 66-73թթ. Հռոմեական կայսրության դեմ Մասադա ամրոցի ինքնապաշտպանությունը, որը դարձավ 20-րդ դարի հրեաների ազգային ազատագրական պայքարի ու հրեական պետականության ստեղծման գործում ոգեկոչման խորհրդանիշ` մարմնավորելով հայրենասիրության բարձր գիտակցությունը, ազգային արժանապատվությունը, եւ ամենակարեւորը` մինչեւ վերջ կռվելու պատրաստակամությունը։ Մասադայի ինքնապաշտպանությունը, չնայած ողբերգական ելքին, հրեության շրջանում ընկալվում է որպես փառահեղ հաղթանակ։ Հրեա շուրջ 960 ապստամբներ, լինելով պաշարված Մասադայի ամրոցում, գերադասեցին զոհվել եւ մնալ ազատ, քան կենդանի` գերեվարության մեջ, եւ դիմեցին զանգվածային ինքնասպանության։ Մասադայի հերոսապատման մեծարման ավանդույթը նոր եռանդով շարունակվեց Իսրայել պետության հիմնադրումից հետո` դառնալով Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) խորհրդանիշներից մեկը։ Երկրի ԶՈւ ստեղծման առաջին տարիներից շարունակվեց հրեա զինվորականության ավանդույթը` կանոնավոր արշավների կազմակերպումը Մասադայի լեռ, որտեղ տրվում էր զինվորական երդում։

Մասադայի հերոսապատումը կարեւորվում է նաեւ արտաքին քարոզչական հարթությունում։ Հիշատակենք 2008թ. մայիսի 15-ին Քնեսեթում Իսրայել պետության հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ ԱՄՆ նախկին նախագահ Ջ.Բուշի հայտնի ելույթը, որտեղ առանձնահատուկ նշվում էր նաեւ Մասադայի մասին. «Իսրայելի քաղաքացինե՛ր, Մասադան էլ երբե՛ք չի ընկնի, եւ Ամերիկան մշտապես ձեր կողքին կլինի»։ Իսկ մինչ ելույթը` նույն օրը, նախագահ Բուշն այցելել էր Մասադայի լեռ։

Հրեա զինվորականության հոգեբարոյական դաստիարակության գործում մեծ է նաեւ 1920թ. Թել Հայ հրեական բնակավայրի ինքնապաշտպանությունը կազմակերպած Իոսիֆ Տրումբելդորի կերպարը, որը նոր շունչ հաղորդեց 20-րդ դարասկզբին հրեական ազգային ազատագրական պայքարին։ Թել Հայի ինքնապաշտպանությունում, մահկանացուն կնքելիս, Տրումպելդորն արտասանում է հետեւյալ խոսքերը. «Երջանիկ է նա, ով զոհվում է հայրենիքի համար»։ Այդ բառերը փորագրված են Տրումպելդորի գերեզմանին, որի վրա Իսրայելի պաշտպանության բանակի երիտասարդ զինվորականները երդում են տալիս։ Տեղին է հիշատակել 1943թ. այդ առիթով Դ. Բեն-Գուրիոնի ելույթը, որտեղ նա փառաբանեց 1920թ. Թել Հայի հրեական բնակավայրի ինքնապաշտպանությունը` անվանելով այն «երկրորդ Մասադա»։ Բեն-Գուրիոնի խոսքերով` ինչպես Մասադան, այնպես էլ Թել Հայը, ցուցաբերեց արժանապատվությամբ մեռնելու նոր ճանապարհ` զենքը ձեռքին։

Կարեն Վերանյան

Aucun commentaire: