jeudi 24 décembre 2009

ՀԱՅԱՑՔ ԴԻԱՐԲԵՔԻՐԻՑ` ՈՒՂՂՎԱԾ ԿՐՈՆԱՓՈԽ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻՆ


Ինչպես նշվել է բազմիցս, կրոնափոխ հայերի խնդիրը արդի հայագիտության ամենաքիչ ուսումնասիրված թեմաներից է, ուստի և այս ուղղությամբ արվող ցանկացած քայլ արժանի է ուշադրության։ Առաջնորդվելով այս տրամաբանությամբ՝ «Նորավանք» հիմնադրամը տպագրում է սփյուռքահայ Օհան Սասունյանի հոդվածը Դիարբեքիրի կրոնափոխ հայերի մի ընտանիքի վերաբերյալ։ Հարկ ենք համարում հատուկ շեշտել, որ հոդվածը բացառապես հենված է հենց տեղում կատարված հետազոտական աշխատանքի և անձնական տպավորությունների վրա, որով էլ ավելի ուշագրավ է դառնում (խմբ.


1.Диарбекир (medium)Նախապատմություն. Դիարբեքիրը (Ամեդ կամ Ամիդա) գտնվում է Թուրքիայի հարավարևելյան մասում։ Բնակչությունը, որի մեծ մասը քուրդ է, կազմում է 1.5 միլիոն մարդ։

Մինչև 1915թ. քաղաքում կար մեծ հայկական թաղամաս` ակտիվ շուկայով, որն այրվեց Հայոց եղեռնի նախօրեին։ Քաղաքը հայտնի էր Սբ. Կիրակոս եկեղեցու բարձր զանգակատնով, որը երևում էր քաղաքի ցանկացած կետից։ Այսօր այդ զանգակատունն այլևս գոյություն չունի, իսկ եկեղեցին փլատակված է։

Դիարբեքիրի հայերն իրենց անվանել են տիգրանակերտցի` կապված Տիգրանակերտ քաղաքի հետ, որը կառուցվել է Տիգրան Մեծ թագավորի կողմից և ժամանակին եղել է Հայաստանի մայրաքաղաքը1։

1915թ. Դիարբեքիրի հայերի մեծ մասը տեղահանվել և կոտորվել է Դեր-Զորի ճանապարհին։ Քչերին է հաջողվել փրկվել և հասնել Սիրիա կամ Լիբանան և նոր կյանք սկսել։ Շատ հայ որբերի որպես ստրուկ կամ վաճառեցին արաբներին և քրդերին, կամ նրանց փրկեցին քուրդ ընտանիքներ։ Նրանց անուններն ու ինքնագիտակցությունը փոխվեցին, և նրանք դարձան սուննի մուսուլմաններ։ Որոշ դեպքերում ամբողջ ընտանիքներ կրոնափոխ էին լինում և ծածուկ ապրում, որպեսզի խուսափեն կոտորածից և հալածանքներից։

Մարիամի ընտանիքը. Այս ուսումնասիրության մեջ մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք դիարբեքիրցի մուսուլման հայ ընտանիքի արմատների վրա։

Այս ընտանիքը Դիարբեքիրի մոտ գտնվող Սաթի գյուղից է։ Սաթին հայկական գյուղ էր, որը ուներ դպրոց և եկեղեցի։ Սբ. Մարիամ եկեղեցին վերափոխվել է Սաթի Ջամը մզկիթի (1940-ական թթ.)։ Ընտանիքի մեծ մոր անունը Մարիամ էր` ծնվ. 1901թ. Սաթիում։

Մարիամը Եղեռնի ժամանակ կորցրել էր ընտանիքը և նույն գյուղում ապաստան գտել բարեկամ քուրդ ընտանիքում։ Նա փոխեց անունը՝ դառնալով Սեկինե և իսլամ ընդունեց։ 13 տարեկանում նրան ստիպեցին ամուսնանալ այդ ընտանիքի միակ որդի Շեյխմուսի հետ։ Տարիների ընթացքում նրանք 7 երեխա ունեցան, և քանի որ վաղ հասակում ամուսնություններն ավանդույթ էին, իսկ երբեմն նաև` պարտադրված, այս 7 երեխան 90 տարվա ընթացքում (5 սերունդ) 250 հոգանոց ընտանիք կազմեցին։

Հետաքրքիր է, որ Շեյխմուսի ընտանիքը նույնպես հայկական արմատներ ուներ։ Նրա պապը 1860-ական թթ. Սասունից տեղափոխվել էր Դիարբեքիր և ընդունել իսլամ օսմանների հալածանքներից խուսափելու համար։

Ի տարբերություն Թուրքիայի շատ կրոնափոխ ընտանիքների` Շեյխմուսի նոր ընտանիքը (2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ սերունդները) տեղյակ էին իրենց հայկական արմատների մասին։ Նրանք իրենց Մարիամ տատիկից լսել էին նրա գյուղի և ընտանիքի մասին պատմություններ։ Մարիամը շատ լավ էր հիշում իր ընտանիքը և դպրոցը, կրտսեր եղբորը՝ Հարությունին, որը կորել էր 1915թ. ապրիլին։

1940-50-ական թթ. գյուղի տնտեսական վատ վիճակի պատճառով ընտանիքն աստիճանաբար տեղափոխվում է Դիարբեքիր, բայց պահպանում կապը գյուղի հետ։ Շատ տարիներ են անցնում, և չնայած ընտանիքն ապրում էր քրդերի մեջ, միևնույն է, օտար էր համարվում։

Հետաքրքրական է, որ քուրդ հարևանները նրանց անցյալի (և հայերի) մասին գիտեին ավելին, քան իրենք, բայց մեղքի զգացումը թույլ չէր տալիս նրանց ազատ խոսել։ Տարեց քրդերը գիտեին, որ իրենց ծնողներն էլ են մասնակցել Հայոց ցեղասպանությանը և որոշ չափով էլ իրենք են պատասխանա-տու այն ամենի համար, ինչ պատահեց նրանց հետ, ովքեր կրոնափոխ եղան։

Ընտանիքի կառուցվածքը. Ընտանիքի տարեց անդամները կրոնասեր մարդիկ էին։ Օրական 5 անգամ աղոթելը և Ռամադանին պաս պահելը սուրբ պարտավորություններ էին, որոնք պահպանվում և հարգվում էին2։ Մարիամի դուստրերից մեկն ամուսնու հետ նույնիսկ հաջ էր3 կատարել Մեքքա։ Նա հաջիի (մարդ, որը հաջ է կատարել) համբավ էր վայելում իր ընտանիքի և ընկերների կողմից։

Կանանց դերը հետաքրքիր էր ընտանիքում։ Ընտանիքի գլուխը սովորաբար ամենատարեց տղամարդն է, բայց Մեհմեդի (Շեյխմուսի զավակի) մահ-վանից հետո նրա կինը՝ Բադրիեն (68 տարեկան) դարձավ ընտանիքի ղեկավարը։ Չնայած Բարդրիեն այս ընտանիքի անդամ չէր, բայց հարգված կին էր4։

Մուսուլման ընտանիքներում (հատկապես Մերձավոր Արևելքում և Թուրքիայում) կանայք են պատասխանատու երեխաների դաստիարակության, ընտանիքի և տան հոգսերը հոգալու համար, բայց նրանք երբևիցե որոշումներ ընդունելու իրավունք չեն ունեցել։ Տղամարդն է ընտանիքի գլուխը, և նրա մահվանից հետո որդին կամ եղբայրն է ստանձնում կնոջ, աղջկա կամ նույնիսկ մոր խնամքը։

Բադրիեն ծագում էր մի ընտանիքից, որի արմատներն անհայտ են։ Երբ նրան հարցնում էին իր անցյալի մասին, նա ասում էր, որ հոր անունը Հայկ էր՝ իր շրջապատի համար բավական անսովոր, բայց, ամեն դեպքում, մաքուր հայկական անուն։

Շեյխմուսի դուստրերից մեկը՝ Մելիքեն, ամուսնացավ մի որբի հետ, որի անունը Ահմեդ էր, որն այժմ 67 տարեկան է և մասամբ կորցրել է հիշողու-թյունը։ Միայն հիշում է, որ իր ընտանիքն ապրում էր Վանի մոտ գտնվող գյուղերից մեկում, իսկ հոր մականունը Ջանֆիդա էր, որը զոհվել է պատերազմի ժամանակ։ Այդ տարեց մարդը չէր հիշում իրենց գյուղի անունը, և թե ինչ էր նշանակում այդ մականունը։ Ջանֆիդան նույնպես շատ անսովոր անուն է այս շրջապատի համար։ Այսպես էին հայերն անվանում այն ազատամարտիկ-ներին (ֆիդայիներին), որոնք պաշտպանում էին իրենց գյուղերն օսմանյան բանակից և քուրդ զինյալներից (մինչև 1915թ.)։

Ընտանիքում խրախուսվում էր երիտասարդ ամուսնությունն ու բազմազավակությունը։ Ամեն զույգ ուներ 4-7 երեխա, իսկ 65 տարեկան Հաֆիզեն նույնիսկ ընտանեկան ռեկորդ էր սահմանել՝ ունենալով 9 երեխա։ Արևելքում մեծ պատիվ է, երբ տատիկը խնամում է թոռան թոռանը՝ պատիվ, որին արժանացել էր Մարիամը մինչև իր մահը 1985թ., և պատիվ, որին հույս ունի արժանանալու Բադրիեն։

Ընտանիքում հիմնականում ամուսնանում են կամ իրենց զարմիկների, կամ էլ իրենց պես կրոնափոխների հետ։ Երբ նրանց հարցնում էին պատճառների մասին, նրանք պատասխանում էին. «որպեսզի արյունը մաքուր պահենք»։ Դիարբեքիրը լքած և Ստամբուլ կամ Գերմանիա տեղափոխվածների մեջ խառնամուսնությունները քրդերի, թուրքերի կամ գերմանացիների հետ ավելի շատ են: Քանի որ կտրվել են իրենց շրջապատից, ազգային պատկանելության գիտակցությունը թուլացել է, բայց, միևնույն է, նրանք կապված են իրենց ընտանիքի, գյուղի և ավանդույթների հետ։

Երիտասարդ սերունդ. Ընտանիքի երիտասարդ անդամների մեծ մասն իրեն քուրդ է համարում, բայց երբ նրանց հարցնում են, թե որ աշիրեթին5 են պատկանում, դժվարանում են պատասխանել։

Ընտանիքի երիտասարդ անդամներից մեկը՝ Ալին, քրդական շարժման մասնակիցներից էր և Աբդուլա Օջալանի երկրպագուներից։ Սա Ենիշեհիրի՝ Դիարբեքիրի շրջաններից մեկի (որը հայտնի է քրդական շարժմանը նվիրվածությամբ) դպրոցական միջավայրի ազդեցությունն էր։ Նրա ընկերները գիտեին, որ Ալին տարբերվում է իրենցից։

Երիտասարդ սերունդը նաև լավ կրթություն է ստացել։ Մահմուդն (29 տարեկան) ավարտել է Դիջլեի համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետը, իսկ նրա զարմիկը՝ Ֆեյալը (25 տարեկան), իրավաբան էր և ձախ խմբի անդամ։ Մյուս զարմիկը՝ Ֆեյզոն (36 տարեկան), հայտնի բժիշկ էր Դիջլեի հիվանդանոցում։

Նրանք մեծ մասամբ ազատամիտ են։ Ոգելից խմիչքները տանն արգելված էին, բայց նրանք սովորաբար իրենց ընկերների հետ ժամանակ էին անցկացնում սրճարաններում և ռեստորաններում։ Ոմանք խմում են հասարակական վայրերում, ոմանք էլ նախընտրում են խմել փակ դռների հետևում, իրենց մտերիմ ընկերների հետ։

Ընտանիքի երիտասարդ անդամներն զգում են, որ տարբերվում են իրենց քուրդ հարևաններից, բայց քաղաքական և տնտեսական դժվարությունները միավորում են նրանց անարդարության դեմ։ Նրանք բոլորը չեն, որ սատարում են Քանդիլի լեռներում6 գտնվող քուրդ զինյալներին, բայց այլ լուծում չեն տեսնում, քանի դեռ կառավարությունը շարունակում է հակաքրդական քաղաքականություն իրականացնել։

Ընտանիքի երիտասարդ անդամներից մեկը՝ Մահմուդը (27 տարեկան), մի քանի ընկերների հրավիրել էր բացօթյա սրճարան քաղաքի դարպասներից մեկի մոտ։ Առօրյա կյանքի և քաղաքական հարցերի քննարկման ժամանակ խոսք գնաց աշիրեթների մասին։ Չնայած նրանք բոլորն էլ իրենց քուրդ էին համարում, բայց ոչ ոք չկարողացավ նշել իր աշիրեթը։ Միայն Ադնանը կարողացավ հստակ ասել, որ իր ընտանիքը մի ժամանակ հայկական էր, և իրենք կրոնափոխ էին եղել պատերազմի ժամանակ։ Մահմուդը զարմացավ, որ իր վաղեմի ընկեր Ադնանը հայկական ծագում ուներ։ Մեկ ժամ տևած քննարկումից հետո տասը տարվա ընկերները պարզեցին, որ բոլորն էլ «բացեր» ունեն անցյալում։

Ակնհայտ է, որ նրանք բոլորն էլ անհայտ ծագում ունեին։ Տարօրինակ է, բայց նրանք իրենց ավելի ազատ էին զգում միմյանց հետ ժամանակ անցկացնելուց։

Շրջապատը. Դիարբեքիրի երիտասարդությունը գրեթե նույն վերաբերմունքն ուներ կենտրոնական իշխանությունների հանդեպ։ Կառավարությունը, քաղաքական պատճառներից ելնելով, տասնամյակներ շարունակ թույլ չէր տալիս, որ այդ շրջանների քաղաքների և գյուղերի մեծ մասը զարգանա։ Կրթության մակարդակը շատ ավելի ցածր էր, քան Ստամբուլում կամ Անկարայում, աշխատատեղերը քիչ էին։ Մինչդեռ երիտասարդների համար միակ ելքը Ստամբուլ տեղափոխվելն էր, որը գերբնակեցված քաղաք է` 15 միլիոն բնակչությամբ, որի 5 միլիոնը քրդեր են։

Այս ամենի հետևանքն այն է, որ երիտասարդների շրջանում իշխում են հակակառավարական տրամադրությունները։ Ժամանակ առ ժամանակ Դիարբեքիրը դառնում է քրդամետ կուսակցությունների և ոստիկանության կամ բանակի հետ բախումների թատերաբեմ։ Քաղաքում բազմաթիվ զորանոցներ և ոստիկանակետեր կան։ Այս ամենը խոր հետք է թողնում քաղաքի երիտասարդության վրա։

Երբ տեղացիներին հարցնում են հայերի մասին, կցկտուր պատասխաններ են հնչում։ Դպրոցներում դասավանդում են «այսպես կոչված Հայոց ցեղասպանության» վերաբերյալ պաշտոնական տարբերակը, որը հերքում է զանգվածային սպանությունները և մեղադրում հայերին ռուսների հետ Օսմանյան կայսրության դեմ ուղղված համագործակցության և միլիոնավոր անմեղ մուսուլմանների սպանությունների մեջ։ Բայց ոչինչ չի ասվում այն մա-սին, թե որտեղ են այժմ այդ հայերը։

Մզկիթներում բոլոր իմամները նշանակվում են իշխանությունների կողմից։ Իրենց ուրբաթօրյա քարոզներում նրանք երբեմն հայերին, հույներին և հրեաներին անվանում են անհավատ և Աստծո թշնամիներ։ Իմամները անհավատներին ներկայացնում են որպես մարդիկ, որոնք հեռու են Մուհամեդից7, սրբապիղծ են8 և մեղքեր են գործում ռաքի վաճառելով և խմելով9։

Շատերը Դիարբեքիրում Հայաստանը համարում են անհավատների երկիր, որտեղ մարդիկ փողոցներում խմում են, իսկ աղջիկները բաց շորեր են հագնում՝ միտք, որ շատ հրապուրիչ է երիտասարդների համար, բայց խիստ բացասական է ընկալվում տարեց սերնդի կողմից։

Նման շրջապատում կրոնափոխ հայերի ծածուկ կյանքը հասկանալի է դառնում։ Նրանք նախընտրում են համեստ կյանք վարել և չհիշել վատ հիշողություններով լի անցյալը։ Շատ դեպքերում նրանք ավելի կրոնապաշտ են, քան իսկական մուսուլմանները` ապացուցելու համար իրենց հավատարմությունն այս շրջապատին։

Հետևություն. Մարիամի ընտանիքն այսօր էլ ապրում է Դիարբեքիրում։ Նրանք իրենց ոչ թե հայ են համարում, այլ հայկական ծագում ունեցող մուսուլման քրդեր։ Նրանք շատ մոտ են քրդերին, բայց ավելի քան 90 տարվա համատեղ կյանքը չի կարողացել ուծացնել նրանց։ Նրանք Թուրքիայի Հանրապետության քաղաքացի են, բայց չեն կարող իրենց դասել Թուրքիայում բնակվող 40 էթնիկ խմբերից որևէ մեկին։ Ամենահեշտ տարբերակն է ասել՝ «Ես քուրդ եմ» կամ «Ես մուսուլման եմ»։

Այսպիսի ընտանիքներն ու համայնքները, որոնք ապրում են Թուրքիայում, խավարի մեջ, նման են մեծ հին մառանի, որի պարունակությունն անհայտ է, «մառանի», որն, անկասկած, պահանջում է ավելի խոր ուսումնասիրություն և բացատրություն։ Մինչդեռ շատ հետազոտողներ այս ամենին «նեղ պատուհաններից» են նայել, այնինչ ոմանց եզակի հնարավորություն էր ընձեռվել հենց ներսից հետազոտելու այս ամենը, ինչն էլ հնարավոր դարձրեց սույն աշխատանքը։

Մարիամի ընտանիքը, կրոնափոխ շատ այլ ընտանիքների հետ միասին, չի կարելի հայկական անվանել, բայց չի կարելի նաև անտեսել, քանի որ այդ իրենց ընտրությունը չէր` դառնալ այն, ինչ կան այսօր։

1Հին Տիգրանակերտը գտնվում է Սիլվան քաղաքի մոտակայքում՝ Դիարբեքիրից 15 րոպե հեռավորության վրա։ Այստեղ առ այսօր կարող ենք տեսնել հին քաղաքի պարիսպները։

2Ռամադանը բոլոր մուսուլմանների սրբազան ամիսն է: 30 օր տևող պասի և աղոթքների շրջան է, որից հետո 3 օր տոն է (Eid el Fit): Պաս պահելը և աղոթելը բոլոր մուսուլմանների կրոնական պարտավորությունն է։

3Մեքքան գտնվում է Սաուդյան Արաբիայում և համարվում է բոլոր մուսուլմանների սուրբ քաղաքը։ Ցանկացած մուսուլմանների համար մեծ պատիվ է կյանքում գոնե մեկ անգամ հաջ կատարելը։

4Հարսը (թուրքերեն` gelin) ընտանիքում օտար է համարվում, քանի որ եկել է ուրիշ ընտանիքից։

5Աշիրեթը արաբերեն բառ է և նշանակում է ցեղ։ Մինչև 1915թ. քրդերն իրենց ծագման մասին խոսելիս նշում էին իրենց աշիրեթները (ցեղերը), մինչդեռ հայերը նշում էին քաղաքը, որտեղից ծագել են։ Մինչ օրս քրդերն իրենց ինքնության մասին խոսելիս նշում են իրենց աշիրեթները, որոնք սփռված են Թուրքիայով, Սիրիայով, Իրաքով և Իրանով մեկ, իսկ Սփյուռքի հայերը՝ իրենց քաղաքները (մշեցի, վանեցի, տիգրանակերտցի, սասունցի, ադանացի...)։

6Քանդիլի լեռները գտնվում են Իրաքի և Թուրքիայի սահմանին և Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) զինյալների (որոնք 80-ական թթ. մարտնչում են թուրքական բանակի դեմ) կենտրոնատեղիներից է:

7Մուհամեդ մարգարեն իսլամի հիմնադիրն է։

8Իսլամում երեխաները պետք է թլպատվեն փոքր հասակում։ Սա առողջություն և մաքրություն է խորհրդանշում։ Այնպես որ, մահմեդականի համար չթլպատված մարդն անմաքուր և անառողջ է։

9Ոգելից խմիչքներ օգտագործելն իսլամում արգելված է, դա համարվում է մեծ մեղք։

Օհան Սասունյան

Aucun commentaire: