jeudi 24 décembre 2009

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՐՈՆԱՓՈԽ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՀԱՅԱԽՈՍ ՀԱՄՇԵՆՑԻՆԵՐ

Օսմանյան կայսրությունում տարբեր դարերում մահմեդականացված հայերի մասին շատ քիչ է գրվել: Գիտնականները հաճախ շրջանցել են այդ թեման կամ էլ բավարարվել միայն կրոնափոխության որոշ փաստեր արձանագրելով: Անշուշտ, այստեղ մեծ էր Թուրքիայի իշխանությունների դերը, որոնց հաճո չէր իրենց հպատակների բռնի մահմեդականացման մասին նյութերի հրապարակումը: Կարեւոր հանգամանք էր նաեւ հայ իրականության մեջ տիրող այն մտայնությունը, թե կրոնափոխներն այլեւս հայ չեն: Նույնիսկ «Մեղու Հայաստանի» թերթում քննարկվում էր այն հարցը, թե կաթոլիկ եւ բողոքական հայերին կարելի՞ է հայ համարել: Ի պատասխան, հայ մեծանուն գրող Րաֆֆին 1880թ. «Մշակում» գրում է. «Երկրագնդի վրա թե՛ քաղաքակիրթ եւ թե՛ վայրենի ազգերի մեջ չկա եւ չի եղել մի ազգություն, որ մեկ եկեղեցու պատկաներ: ...«Մշակի» մեջ կարող են գրել որպես լուսավորչական, այնպես էլ կաթոլիկ, բողոքական, մահմեդական եւ հունադավան հայերը, նա ազգային օրգան է եւ ոչ` եկեղեցական: ...Մենք մեկ ազգի որդիներ ենք, մենք միեւնույն ընտանիքի զավակներն ենք: ...Կաթոլիկությունը, բողոքականությունը եւ մինչեւ անգամ մահմեդականությունը չեն զրկում հային հայ լինելուց...»:

Մեծ եղեռնի տարիներին Թուրքիայում բազմապատկվեց բռնի կրոնափոխված հայերի թիվը: Նրանց մեջ էր նաեւ արեւմտահայ նշանավոր գրող Երվանդ Օտյանը, որը տարագրվելով, Հալեպից Դամասկոս կեսճանապարհին գտնվող Համա քաղաքում, Տեր-Զորի սարսափելի ջարդերի օրերին առերես իսլամություն է ընդունել: Նա իր «Անիծեալ տարիներ» խիստ արժեքավոր հուշագրության մեջ գրում է, որ Համա հասած գաղթականների բեկորների մեջ կային վեց քահանա եւ երկու ավետարանական պատվելի, որոնց ձերբակալելով` թուրքերը արաբական անապատներ քշելու սպառնալիքով ձեռնամուխ են լինում անհովիվ մնացած հայերի կրոնափոխությանը, եւ 5.000 հոգի առերես կրոնափոխվում է: Սեւ ծովի ափից` Տրապիզոնի վիլայեթից, Համա էին հասել, ինչպես գրում է Ե.Օտյանը, «30-ի չափ սամսոնցի տարագիր կիներ, որոնք հազար ու մէկ չարչարանքներէ ետքը եկած ինկած էին հոն: ...Այդ խեղճ կիներուն պատմութիւնը սրտաճմլիկ էր: Հազիւ թէ Սամսոնէն մեկնած` զիրենք բաժնած էին իրենց ամուսիններէն, եղբայրներէն ու զաւակներէն: Ճամբան թուրքերն ու քիւրտերը առեւանգած էին իրենց մանկամարդ ու գեղանի հարսներն ու աղջիկները: Յետոյ մէկ քանի անգամներ կողոպտուած էին: ...Այդ խեղճ կիները այսպէս քանի մը ամիս լեռնէ լեռ տարուելով` բերուած էին Հալէպ ու անկէ ալ Համա: Իրենցմէ շատերը յոգնութենէ, տառապանքէ, անօթութենէ ու հիւանդութենէ մեռած էին ճամբան: ...Սամսոնցի կիները մուրացկանի կերպարանքով հասած էին Համա: Գալով սամսոնցի էրիկմարդերուն, եւ ոչ մէկէն կարելի եղած էր լուր առնէլ: Հաւանօրէն ամէնքն ալ ջարդուած էին իրենց կիներէն բաժնուելէ ետքը:

...Իթթիհատի կողմէ պատրաստուած էին հազարաւոր խնդրագիրներ, որոնց վրայ պէտք էր միայն աւելցնել հին ու նոր անունները եւ ստորագրել, որուն փոխարէն իրենց կը տրուէր թուղթի կտոր մը, որուն վրայ իսլամական անունը եւ թիւ մը կար: ...Ամէնէն դժուարը եղաւ սամսոնցի կիներուն իսլամացումը: Ասոնք մինչեւ վերջին վայրկեանը մերժեցին հաւատափոխ ըլլալ եւ պատրաստակամութիւն յայտնեցին անապատը տարագրուելու: ...Վերջապէս, մէծ դժուարութեամբ կրցանք զիրենք համոզել: ...Եւ օրերով իրենց լաց ու կոծը չդադրեցաւ»:

Մեծ եղեռնի եւ նրա հետեւանքներից մեկի` բռնի կրոնափոխված հայերի մասին հրապարակավ խոսելու արգելանքի պատճառով տասնամյակներ շարունակ Թուրքիայի հայ մտավորականներն ու գիտնականները չէին կարողանում արտահայտվել:

Եվ ուրախալի է, որ բռնի մահմեդականացված հայերի մասին վերջին տարիներս հայկական եւ թուրքական մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան: Ցավոք` ուշացած, քանզի մի քանի տասնամյակ ձգված լռությունը անդառնալի կորուստներ պատճառեց: Շատ կրոնափոխվածներ, որ պահպանել էին հայերենը եւ իրենց ծագման մասին հիշողությունը, ԽՍՀՄ–Թուրքիա փակ սահմանի պատճառով կտրվելով Հայաստանից եւ Վրաստանի հայաբնակ շրջաններից, մոռացան մայրենի լեզուն եւ հեռացան իրենց արմատներից: Այդ ընթացքում թուրքական քարոզչությունը իր սեւ գործն էր անում` ստեղծելով հայի բացասական կերպար, կեղծելով պատմությունն ու մահմեդականացված հայերի անցյալը: Թուրքիայի հայ հոգեւորականներն էլ, իրենք լինելով իրավազուրկ վիճակում, ոչ միայն չէին կարող օգնության ձեռք մեկնել գավառներում ու լեռնային հեռավոր գյուղերում, այս ու այնտեղ ծվարած կրոնափոխ հայրենակիցներին, այլեւ անգամ նրանց մասին բարձրաձայնել, եւ միանգամայն անսպասելի էր, որ Կ.Պոլսի Հայոց պատրիարք, ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության հետ 2007թ. մայիսի 30-ին պատրիարքարանում հանդիպման ժամանակ, հիշեցնելով, որ Մեծ եղեռնի տարիներին մեկ ու կես միլիոն «հայ բնակիչներ բնաջնջուեցան», նշեց, որ «Պետք չէ մոռնալ նաեւ, որ տեղահանութեան ընթացքին, տեղահան ըլլալէ փրկուելու համար, մեծ թիւով հայեր մահմետականութիւնը ընդունեցին: Մենք զանոնք եւս մեզմէ կը նկատենք, քանի որ, նոյնիսկ եթէ տարբեր կրօնի մը անցած են, հայերէն կը խօսին եւ հայ մշակոյթը կ’ապրին»: Կարծում ենք, որ պատրիարքի ասածը կարող է տարածվել նաեւ 18-րդ դարում բռնի կրոնափոխված համշենահայերի այն հատվածի վրա, որը պահպանել է հայերենը:

Իսկ որքա՞ն է նրանց թիվն այսօր Թուրքիայում:

Թուրքական իշխանությունները թեեւ արտաքուստ ցույց են տալիս, որ Թուրքիայում բոլորը թուրք են, իրականում, ներքուստ անհանգիստ են եւ իրենք էլ են փորձում պարզել երկրում բնակվող ազգերի իրական խճանկարը: Թուրքիայի Կայսերի (Կեսարիա), Մալաթիա եւ Էլազըգ (Խարբերդ) քաղաքների համալսարանների գիտնականները, Ազգային անվտանգության խորհրդի հանձնարարությամբ, ուսումնասիրելով Թուրքիայի ազգային փոքրամասնությունները, 2000թ. իրենց կազմած զեկուցագրում, մյուս ազգային փոքրամասնությունների` հայերի, քրդերի, արաբների, լազերի կողքին նշել են Ռիզեի եւ Արդվինի նահանգների 13.000 համշենցիներին: Այնինչ, մեր մոտավոր հաշվումներով, միայն Արդվինի նահանգի Խոփայի գավառի 32.209 (2007թ.) բնակիչներից շուրջ 20.000-ը համշենցի է: Նրանք բնակվում են Խոփա քաղաքում (բնակչությունը` 17.400 մարդ), ինչպես նաեւ մի շարք գյուղերում:

Քանի որ Թուրքիայում բնակավայրերի անվանափոխությունը դարձել է պետական քաղաքականության բաղադրիչ, ուստի ստիպված ենք փակագծերում նշել նաեւ գյուղերի նախկին անունները` Քոյունջուլար (Զալունա, Զալօնա), Բաշոբա (Խիգի, Խիգօբա), Չավուշլու, Յոլդերե (Զուրփիջի, Զյուրբուջի), Գյունեշլի (Ձաղրինա, Զարգինա), Բալըքլը (Զէնդիդ), Հենդեք (Գարջի), Էշմեքայա (Արդալա), Չիմենլի, Փընարլը (Անչիօղ, Անչօրօխ), Քեմալփաշա (Մաքրիյալ) եւ համանուն գյուղախումբ` Քայա (նրա կազմում հետեւյալ գյուղակները կամ թաղամասերը` Շանա, Չաքմաղին, Փափաթ, Հալբաշը), Չամուռլու (Չանչախանա, Չանչաղօն), Ուչքարդեշ, Քազիմիյե (Վէյի Սարփ), Օսմանիյե, Քարաօսմանիյե (Խէձէլօն), Քյոփրուջու Դերեիչի (գյուղախումբը 2000թ. ուներ 4.129 բնակիչ, իսկ 2007-ին` 4.597):

Համարյա 2.000 կրոնափոխ, բայց հայախոս համշենցիներ են բնակվում նաեւ հարեւան Բորչկայի գավառի (բնակչությունը 2007թ.` 24.133) Բորչկա ավանում եւ Չիֆթեփընար (Չխալա), Գյուրեշեն (Բէյլիվան, Բէղլէվան, Բաղլիվօն), Յեշիլքյոյ (Գէնչլէր, Մանասթըր) գյուղերում:

Մեր ունեցած տեղեկություններով` Սաքարյա նահանգի Աչմաբաշը գյուղում եւս խոսում են հայերեն` Խոփայի խոսվածքով: Այսօր այդ նահանգի Քարասու եւ Քոջաալի, ինչպես նաեւ հարեւան Դյուզջե նահանգի Աքչաքոջա գավառներում կան մահմեդական համշենցիների մի շարք գյուղեր` Փարալը (հիմնականում բաշ-համշենցիներ, նաեւ խոփացի համշենցիներ. բնակիչները եկել են 1930-ական թթ., նախկին հունական գյուղ է, կա հունական եկեղեցի), Քեսթանեփընարը, Աքթաշ, Քարափելիթ, Ենիդաղ (այժմ` Օրթաքյոյ), Լահանա, Քարաթավուք, Ենիջե, Հեմշին (այժմ` Արմութլու) եւ Գեղամ (այժմ` Քովուքփելիթ), որը նախկինում քրիստոնյա համշենցիներով էր բնակեցված: Ըստ վկայությունների, շրջակա գյուղերի այլազգի բնակիչները վերոհիշյալ գյուղերի համշենցիներին էրմենի են ասում:

Այսպիսով, միայն Արդվինի, Սաքարյայի եւ Դյուզջեի նահանգներում բնակվող հայախոս մահմեդական համշենցիների թիվը կրկնակի գերազանցում է Թուրքիայի Անվտանգության խորհրդին ներկայացված զեկուցագրի տվյալները, այնինչ բազմաթիվ հայախոս համշենցիներ են բնակվում նաեւ այլ նահանգներում եւ Ստամբուլում, որտեղ մեկնում են ուսման եւ աշխատանքի նպատակով եւ երբեմն հասնում բարձր պաշտոնների:

Ամփոփելով նշենք, որ այսօր Թուրքիայում, մոտավոր հաշվումներով, բնակվում է իսլամ դավանող շուրջ 30-35 հազար հայախոս համշենցի: Նրանցից շատերը ցանկանում են պատասխան գտնել իրենց եւ զավակներին հուզող այն հարցին, թե ով են, ինչ ազգի են պատկանում: Մենք պետք է օգնենք նրանց ճիշտ կողմնորոշվելու: Իսկ իրենք առայժմ գտել են յուրօրինակ, դիվանագիտական լուծում. քանի որ ծագումով հայ են, բայց քրիստոնյա չեն, մահմեդական են, բայց թուրք չեն, ուստի իրենց չեն անվանում հայ կամ թուրք, այլ` համշենցի (հօմշեցի, հօմշենցի), այսինքն` ծագումով Ռիզեի նահանգի Համշեն գավառից:

Սերգեյ Վարդանյան

Aucun commentaire: