jeudi 24 décembre 2009

ԿՆՈՋ ԴԵՐԸ ԲԱՆԱԿՈՒՄ



01 (original)Իսրայելում եւ առհասարակ հրեության շրջանում կնոջ բարձր կարգավիճակը գլխավորապես պայմանավորված է հրեական կրոնա-բարոյական ավանդույթներով։ Հին Կտակարանի պատմություններում քիչ չեն հրեա կանանց կերպարները, որոնք առանցքային նշանակություն են ունեցել հրեության գոյապահպանման հարցում։ «Մովսեսի օրենքում» մեծապես արժեւորվում է կնոջ դերը. տղամարդկանց հետ հավասար, կանանց իրավունք էր վերապահվում զոհ մատուցել Աստծուն, նույնիսկ` առանց տղամարդու մասնակցության։ Թալմուդում կինը բնորոշվում է որպես ընտանիքի երջանկության ու հաջողության պահապան` «Օրհնանքը իջնում է տան վրա միայն կնոջ շնորհիվ»։

Չնայած հուդայական արժեհամակարգում հրեա կնոջը տրվող կարեւորությանը, երկար ժամանակ պահանջվեց հրեական` իր էությամբ հայրիշխանական միջավայրում կնոջ կարգավիճակի փոփոխման համար։ Միջնադարում հրեա մի շարք մտածողներ լուրջ քայլեր ձեռնարկեցին հրեա կանանց դերի բարձրացման ուղղությամբ, որոնք, սակայն, մշտապես արժանանում էին ավանդապաշտների դիմադրությանը։

Հրեությունում կնոջ նկատմամբ ավանդական կարծրատիպերը, կարելի է ասել, կոտրվեցին հատկապես 20-րդ դարի սկզբներին` կապված սիոնիստական շարժման վերելքի եւ Պաղեստինում Հրեական ազգային օջախի ստեղծման հետ, երբ հրեա կանայք ակտիվ մասնակցություն ունեցան հրեական պետականության վերականգնման գործընթացին։ Անգնահատելի էր հրեա կանանց դերը Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստների հետապնդումներից հազարավոր հրեաների փրկության հարցում։

Իսրայել պետության հիմնադրումից ի վեր հրեա կինը շարունակել է ակտիվորեն ներգրավվել պետականաշինության կարեւորագույն գործին։ Զգալի է նրանց ավանդը Իսրայելի ներքին ու արտաքին քաղաքականությունում։

Կինն առանցքային նշանակություն ունի նաեւ հրեաների ազգային ինքնության տեսանկյունից։ 1950թ. ընդունված «Հրեաների հայրենադարձության մասին» օրենքում նշված է. «Հրեա է համարվում այն մարդը, որը ծնվել է հրեա կնոջից կամ ընդունել է հուդայականություն եւ չի դավանում այլ կրոն»։

Կինը Իսրայելի պաշտպանության բանակում

Հրեա ժողովրդի պաշտպանության եւ անվտանգության ապահովման հարցում հրեա կնոջ մասնակցության առաջին հիշատակումներին հանդիպում ենք դեռեւս Հին Կտակարանում։ «Դատավորների գրքում» պատմվում է Դեբորա անունով հրեա կնոջ մասին, որը ներկայանում է որպես ժողովրդի դատավոր, լուծում իր ժողովրդի ներկայացուցիչների դատական վեճերը։ Հետագայում, երբ քանանացիների թագավորը սպառնում էր հրեա ժողովրդի անվտանգությանը, Դեբորան դարձավ իր ժողովրդի առաջնորդը եւ կոչ արեց պատերազմել թշնամու դեմ։ Դեբորան պատերազմում հանդես էր գալիս ոչ միայն իբրեւ զորահրամանատար, այլեւ որպես հրեա ժողովրդի հոգեւոր առաջնորդ։ Մեջբերենք պատերազմի ընթացքում Դեբորայի հայտնի ելույթից. «Աստծո թշնամիները իսրայելցիների թշնամիներն են, եւ այդ պատճառով Աստված մեր կողմն է»։

Հրեության անվտանգության ապահովման հարցում հրեա կանանց ակտիվ մասնակցության ջատագովներն էին հատկապես սիոնիստական շարժման հիմնադիր այրերը։ Իսրայել պետության առաջին վարչապետ Դավիթ Բեն-Գուրիոնի խոսքերով, «Բանակում զինծառայությունը հանդիսանում է քաղաքացիական պարտքի կատարման բարձրագույն խորհրդանիշը, եւ քանի դեռ կանայք ու տղամարդիկ հավասար չեն այդ պատվավոր պարտականության կատարման հարցում, չի կարելի խոսել կանանց իրական իրավահավասարության մասին»։

Հրեա կանայք, տղամարդկանց հետ կողք կողքի, մարտնչել են հրեական պետականության համար մղված պայքարում։ Նրանք կամավոր հիմունքներով ներգրավվել են, մասնավորաբար, հրեական այնպիսի ընդհատակյա ռազմական խմբավորումներում, ինչպիսիք են Հագանա-ն (որը հետագայում դարձավ Իսրայելի պաշտպանության բանակի հիմքը), Լեհի-ն եւ Էցել-ը` կազմելով այդ կազմակերպություններում ներառված մարտիկների շուրջ 20%-ը։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստական Գերմանիայի դեմ պայքարին միացան շուրջ 6 հազար հրեա կանայք, որոնցից առաջին հերթին պետք է հիշատակել բանաստեղծուհի Հաննա Սենեշին (1921– 1944թթ.)։ 1930-ականներին Հունգարիայում սկսված հակասեմականության ալիքը Հ.Սենեշին ներգրավեց տեղի սիոնիստական երիտասարդական շարժման մեջ։ Հ.Սենեշը պատկանում է Բուդապեշտի այն հրեաների շարքին, որոնք ցանկանում էին իրենց հետագա կյանքը կապել Պաղեստինում ապագա Իսրայել պետության ստեղծման գործընթացի հետ։ 1939թ. սեպտեմբերին նրան հաջողվեց տեղափոխվել Պաղեստինում գործող Նահալալ հրեական գյուղատնտեսական բնակավայր։ Եվրոպայում նացիստների դեմ հրեաների դիմադրության կազմակերպման նպատակով Հագանան նախաձեռնեց հատուկ վերապատրաստված մարտիկների հավաքագրումն ու դեպի Եվրոպա նրանց ինքնաթիռներով տեղափոխումը։ 1942թ. Հ.Սենեշը համալրեց այդ կամավորների շարքերը` որպես կապավոր, իսկ 1944թ. մարտին տեղափոխվեց Հարավսլավիայի պարտիզանական բազա։ Երեք ամիս անց, սակայն, 1944թ. հունիսին հունգարական սահմանը հատելիս նա գերեվարվեց։ 1944թ. նոյեմբերին, 5 ամիս տեւած հարցաքննություններից ու կտտանքներից հետո, որոնք այդպես էլ չստիպեցին նրան թշնամուն հայտնել ռադիոհաղորդչի գաղտնի կոդը, Սենեշը գնդակահարվեց։ 1950թ. նրա մասունքները տեղափոխվեցին Իսրայել եւ վերահանձնվեցին հողին Երուսաղեմի Հերցելի լեռան վրա։

Հաննա Սենեշի` որպես գերեվարված ու կտտանքների ենթարկված կնոջ պատմությունը դեռ մի քանի տասնամյակ Իսրայելում ընկալվում էր իբրեւ հրեության ամենաողբերգական էջերից մեկը։ Սակայն հետագա տարիներին, հրեական հերոսապատումների հիման վրա ազգային կոլեկտիվ հիշողության վերականգնման քաղաքականության արդյունքում, Հաննա Սենեշի պատմությունը ողբերգությունից դարձավ հերոսապատում։ Հ.Սենեշի` որպես հայրենանվեր կնոջ, կերպարով են այսօր Իսրայելի պաշտպանության բանակում բարոյահոգեւոր պատրաստվածություն անցնում հազարավոր հրեա կին զինծառայողներ։

1948թ. մայիսի 16-ին հիմնվեց Իսրայելի պաշտպանության բանակի Կանանց կորպուսը, որի առաջին հրամանատարը դարձավ գնդապետ Շոշանա Գերշոնը։ Կանանց կորպուսի հիմնական գործառույթներից էին երկրի ԶՈւ-ում հրեա կանանց զինծառայության կազմակերպումը, ուսուցումը, նրանց իրավունքների պաշտպանությունը եւ այլն։ 2001թ., սակայն, Կանանց կորպուսը լուծարվեց, որի փոխարեն ստեղծվեց Իսրայելի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի` Կին զինծառայողների հարցերով խորհրդականի վարչությունը` գեներալ-մայոր Սյուզի Յոգեւի գլխավորությամբ։ Նախորդ ինստիտուտի համեմատ այս կառույցն օժտված էր առավել մեծ լիազորություններով, ինչը նույնպես վկայում է վերջին շրջանում Իսրայելի պաշտպանության բանակում եւ հասարակությունում կնոջ կարգավիճակի բարձրացման մասին։

«Զինծառայության մասին» օրենքի համաձայն, պարտադիր հիմունքներով զորակոչման են ենթակա բոլոր 18 տարին լրացած, չամուսնացած եւ երեխաներ չունեցող հրեա աղջիկները։ Հրեա կրոնավոր եւ այն կանայք, որոնց համար զինծառայությունը հակասում է իրենց բարոյական արժեքներին, անցնում են քաղաքացիական ծառայություն։ Նկատենք, որ ի տարբերություն վերջիններիս, պարտադիր զինծառայություն անցած հրեա կանայք համեմատաբար հեշտ են ինտեգրվում երկրի հասարակական, սոցիալ-տնտեսական եւ քաղաքական կյանքում, քանզի Իսրայելում զինծառայությունը համարվում է կարեւորագույն պլացդարմ յուրաքանչյուր քաղաքացու հասարակական առաջխաղացման համար։

Սկզբում Իսրայելի պաշտպանության բանակում հրեա կանանց զինծառայությունը 22 ամիս էր, սակայն վերջին տարիներին այն ընդհուպ մոտեցել է տղամարդկանց պարտադիր զինծառայության ժամկետին, որը հաշվվում է 3 տարի։ Իհարկե, սկզբնական շրջանում կանանց զինծառայությունը հիմնականում տարածվում էր սպասարկող-վարչարարական եւ մատակարարման ոլորտներում, սակայն հետագա տարիների ընթացքում, երբ երկրի ԶՈւ-ում ներգրավված հրեա կին զինծառայողները զգալի ներդրում ունեցան արաբական երկրների հետ Իսրայելի մղած պատերազմներում, անհրաժեշտություն առաջացավ ներգրավելու կանանց բանակի առավել մարտականացված ստորաբաժանումներում ե՛ւս։ Իսրայելի ԶՈւ-ում կանանց ինտեգրման խորացմանը նպաստեց նաեւ այն, որ աստիճանաբար մեծացավ երկրի պաշտպանության համակարգում զինծառայություն անցնել ցանկացող կանանց թվաքանակը։

Իսրայելի պաշտպանության բանակում հրեա կանանց ներգրավման հարցում լուրջ խթան հանդիսացավ 1955թ. Հացոր ավիաբազայում «Մոսկիտո» տեսակի ինքնաթիռի վթարը, երբ սերժանտ Էսթեր Արդիտին, չնայած կյանքին սպառնացող վտանգին, մտնելով այրվող ինքնաթիռ, կարողացավ փրկել անձնակազմի հրամանատար Յակով Թալմոնին, ինչից ընդամենը մի քանի վայրկյան անց ինքնաթիռը պայթեց։ Այդ սխրագործության համար Արդիտին դարձավ Իսրայելի ԶՈւ առաջին հրեա կին զինծառայողը, որը պարգեւատրվեց «Մատուցած գերազանց ծառայությունների համար»` նշանակությամբ զինվորական երրորդ կարգի մեդալով, որը տրվում է «ընդօրինակման արժանի տղամարդկության ցուցաբերման համար»։

1952թ. Իսրայելում ընդունված «Զինծառայության մասին» օրենքի համաձայն, Իսրայելի պաշտպանության բանակում հրեա կանանց զինծառայությունը սահմանափակվում էր երկու հիմնական կետերով. մարտական գործողություններ (հիմնականում հրեա կնոջ գերեվարումից խուսափելու պատճառաբանությամբ) եւ ֆիզիկական բարձր կարողություններ պահանջող առաջադրանքներ։ 1995թ. Իսրայելի Գերագույն դատարանը փոփոխություններ մտցրեց երկրի «Զինծառայության մասին» օրենքում, ինչը հնարավորություն ընձեռեց կանանց ծառայելու նաեւ մարտական ստորաբաժանումներում, ինչպես նաեւ ուսանելու օդաչուների եւ ծովային հրամանատարների սպայական ուսումնական հաստատություններում։ Արդյունքում` 2001թ. լեյտենանտ Ռոնի Ցուկերմանը դարձավ ռմբակոծչի օդաչուի կոչում ստացած առաջին կին զինծառայողը։ Իսկ 2007թ. սեպտեմբերին երկրի ԶՈւ-ում ստեղծված կանանց հարցերով հատուկ հանձնաժողովի պատրաստած զեկույցում առաջարկվեց հրեա կանանց ընդգրկել զինվորական բոլոր ստորաբաժանումներում։

Իսրայել պետության հիմնադրումից մինչեւ 20-րդ դարի 90-ականների վերջերը լուրջ սահմանափակումներ էին գործում կանանց` զինվորական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնելու հարցում. այդ արգելքը վերացվեց միայն վերջին տասնամյակում, ինչը նոր խթան հանդիսացավ Իսրայելի պաշտպանության բանակում հրեա կանանց ներգրավվածության ընդլայնման գործընթացում։ Ներկայում Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողների շուրջ 35%-ը կանայք են։

Վերջին երկու տարում Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում ԶՈւ` մինչ այդ բացառապես տղամարդկանց համար նախատեսված մի շարք էլիտար դասընթացներում ընդգրկել նաեւ կանանց։ Վերջերս ավարտվեց երկրի պաշտպանության բանակի պատմության մեջ կին դիպուկահարների պատրաստման առաջին դասընթացը։ Այն նախաձեռնվել էր 2004թ. հիմնված «Կարակալ» հետեւակային գումարտակի շրջանակներում` գերազանցապես հրեա կանանց մարտական պատրաստվածության ապահովման նպատակով։

Զգալի է հրեա կանանց ավանդը նաեւ Իսրայելի հատուկ ծառայությունների ու հետախուզական գործունեության բնագավառներում։ Ներկայում կանայք կազմում են Իսրայելի հետախուզական մարմինների օպերատիվ ստորաբաժանումներում ներգրավված անձնակազմի ավելի քան 20%-ը։ Ոլորտում առավել աչքի ընկած հրեա կանանցից նախեւառաջ կարելի է առանձնացնել «Մոսադի» նախկին փոխտնօրեն Ալիզա Մագենին, այդ կառույցի վարչական կառավարման պետ Մալկա Բրավերմանին, որը, մասնավորաբար, մշակել է Ադոլֆ Էյխմանի հայտնաբերման ու ձերբակալման հայտնի գործողության նախագիծը։


Կարեն Վերանյան

Aucun commentaire: