samedi 17 juillet 2010

ԱՀՀՀ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱԿ-Ի ԲՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ III ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

2007 թվականի սեպտեմբերի 13-ին ՄԱԿ-ն ընդունեց ''Հռչակագիր բնիկ ժողովուրդների իրավունքների մասին'', որը դժբախտաբար, շարունակում է գրեթե անծանոթ մնալ հայ իրականությանը: Միակ հայկական կազմակերպությունը, որն արձագանքեց Հռչակագրին և գրանցվեց ՄԱԿ-ում, ''Արևմտյան Հայաստանի հայերի համագումարն'' էր:

2009 օգոստոսին տեղի ունեցավ ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների իրավունքներին նվիրված II նստաշրջանը, որին մասնակցեց ''Արևմտյան Հայաստանի հայերի համագումարի'' ղեկավար Արմենակ Աբրահամյանը` ներկայացնելով Արևմտյան Հայաստանի հայության` իբրև բնիկ ժողովրդի շահերը:

Այս տարի հուլիսի 12-16-ին Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների իրավունքներին նվիրված III նստաշրջանը, որին ''Արևմտյան Հայաստանի հայերի համագումարը'' մասնակցեց ավելի մեծ կազմով` Արմենակ Աբրահամյանը (ղեկավար) և կազմակերպության հինգ անդամներ: Պատվիրակության կազմում որպես պատմաբան-փորձագետ ընդգրկված էր Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Արտակ Մովսիսյանը:

Պատվիրակությունը նստաշրջանին ներկայացրեց փաստաթղթերի հետևյալ փաթեթը`

1. ''Հայ ժողովրդի ծագման մասին'',

2. ''Արևմտյան Հայաստանի պատմական հուշարձանների ոչնչացումը և գույքի բռնագրավումը'',

3. ''Հայոց ցեղասպանությունը. փաստաթղթեր և պայմանագրե'',

4. ''Արևմտյան Հայաստանի գենետիկ ռեսուրսները'':

Նստաշրջանի առաջին օրը ելույթ ունեցավ ''Արևմտյան Հայաստանի հայերի համագումարի'' ղեկավար Արմենակ Աբրահամյանը` հատուկ անդրադառնալով բնիկ ժողովուրդների և պետությունների հարաբերությունների խնդրին, որը նստաշրջանի առանցքային հարցերից էր: Ելույթում ներկայացված հարցերի մեջ նշվեցին նաև Արևմտյան Հայաստանի և Նախիջևանի հայկական հուշարձանների ոչնչացման փաստերը:

Նույն օրը երեկոյան ''Արևմտյան Հայաստանի հայերի համագումարի'' պատվիրակությունը հյուրընկալվեց Շվեցարիայում ՀՀ դեսպանատանը, որտեղ քննարկվեցին համազգային կարևորություն ունեցող մի շարք հարցեր:

Նստաշրջանի երկրորդ օրը հայկական պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ջեյմս Աննայայի հետ` ներկայացնելով հայկական խնդիրները: Նույն օրը երեկոյան պատվիրակությունը հնարավորություն ունեցավ նստաշրջանի ավելի քան 300 պատվիրակներին ներկայացնելու հայկական ազգային երաժշտությունը, երգն ու պարը: Հայկական դուդուկի մեղեդիով ներկաներին հիացրեց մարսելաբնակ երիտասարդ Հայկ Գուտչյանը, որին հետևեցին հայկական երգերն ու պարերը:

Հաջորդ օրը պատվիրակությունը հանդիպում ունեցավ Շվեցարիայի հայ համայնքի ղեկավար ներկայացուցիչների հետ, որոնք այդ հատուկ այդ նպատակով Բեռնից ժամանել էին Ժնև:

Պատվիրակությունը գործուն մասնակցություն ունեցավ նստաշրջանի բոլոր աշխատանքներին` ներկայացնելով երկու առաջարկություն, որոնցից մեկի հեղինակը Արտակ Մովսիսյանն էր, երկրորդինը` Արմենակ Աբրահամյանը: Առաջինում առաջարկվում էր ստեղծել ՄԱԿ-ի անկախ փորձագետների հատուկ հանձնաժողով, որը պետք է քննարկեր բռնի տեղահանված բնիկ ժողովուրդների խնդիրները և միջնորդ առաքելություն ստանձներ այդ ժողովուրդների ու նրանց տարածքը զբաղեցնող պետությունների միջև: Երկրորդ առաջարկում արծարծվում էին բռնի տեղահանված բնիկ ժողովուրդների վերադարձի խնդիրները և դրանց մանրամասները:



Aucun commentaire: