mercredi 21 juillet 2010

Հայաստանյան համակարգի հատկանիշները

Ալեք Ենիգոմշույան

Սկիզբը

Մինչեւ նոր, Հայաստանի ներկա պայմաններին համապատասխանելու ձգտող այլընտրանքային համակարգի առաջարկ ներկայացնելու փորձը, անհրաժեշտ է նախ գտնել հետեւյալ երկու հարցերի պատասխանները:

1. Ինչո՞ւ, ի տարբերություն շատ այլ երկրների, որտեղ չնչին մեծամասնություն կազմող մեծահարուստների առանձնաշնորհյալ դասի գոյությունը չի բացառում մեծամասնություն կազմող միջին խավի առկայությունը, եւ այդ երկուսը համատեղ կարողանում են գոյատեւել, Հայաստանում (եւ նման երկրներում) մեծահարուստների չնչին խավի առկայության պայմաններում բնակչության մեծամասնության համար անհնարին է անցում կատարել միջին խավի մակարդակ, եւ բացառվում է այդ երկուսի համատեղ գոյությունը:

2. Ինչո՞ւ, ի տարբերություն բազմաթիվ այլ երկրների, որտեղ իշխանափոխությունը կատարվում է խաղաղ եւ առանց լուրջ առճակատումների, Հայաստանում (եւ նման երկրներում) առանձնաշնորհյալների իշխող խմբավորումը ոչ միայն պատրաստ է բիրտ ուժ օգտագործելու եւ արյունահեղության գնով կանխելու ժողովրդայնություն վայելող քաղաքական ուժերի կողմից օրինական ճանապարհով իշխանության հասնելու փորձերը, այլեւ այդ իշխանությունը կամովին եւ սահուն կերպով չի զիջում նույնիսկ միեւնույն համակարգի վերնախավային մի այլ խմբավորման եւ փորձում է մշտապես պահել իշխանությունը:

Ինչպես հասարակական գրեթե բոլոր երեւույթների պարագայում, այստեղ եւս ենթակայական գործոնների դերը, ներառյալ քաղաքական մշակույթինը, աննշան չեն: Սակայն վճռական դեր ունեն առարկայական գործոնները:
Վերոնշյալ հարցերի ճիշտ պատասխանները գտնելը կախված է մի քանի հանգամանքների հաշվառումից:

Դրամատիրական զարգացման դարավոր ճանապարհ անցած երկրներում տնտեսական համաշխարհային մասշտաբի գործունեությունից եւ այդ գործունեության ձեւերից առաջացած հավելյալ արժեքը, հետեւաբար նաեւ շահույթը, սովորաբար ծավալով այնքան մեծ է եղել, որ հնարավորություն է տվել ե՛ւ գերշահույթներով ապահովել վերնախավին, ե՛ւ մեծ մասամբ միջին կենսամակարդակ ապահովել բնակչության մեծամասնության համար:

Օգտագործելով ֆինանսական, տեղեկատվական եւ շատ այլ միջոցներ ու տեխնոլոգիաներ` այդպիսի երկրների առանձնաշնորհյալ դասը ստեղծել է այնպիսի մի համակարգ, որն ապահովում է նրա մշտական վերարտադրությունն իր դիրքերում:

Այդ պատճառով էլ այդ դասն անհրաժեշտություն չի զգում երկրի կառավարումն իրականացնել ուղղակի իր ձեռքերով, այլ դա կատարում է միջնորդավորված եղանակով` քաղաքական կուսակցություններով եւ պրոֆեսիոնալ քաղաքագետներով:

Իշխանությունը պարբերաբար փոխանցվում է նույն այդ դասի տարբեր, բայց իրարից քիչ զանազանվող ներկայացուցիչների (օրինակ` կուսակցությունների) միջեւ:

Մեծամասնություն կազմող միջին խավը, սոցիալ-տնտեսական առումով բավականաչափ ապահովված եւ բավարարված լինելով, նման համակարգից առանձնապես չի դժգոհում եւ դրա դեմ ըմբոստանալու հակումներ չի ցուցաբերում: Հետեւաբար, նման երկրներում հնարավոր է դառնում արեւմտյան «ժողովրդավարական» համակարգի կիրառումը:

Ի տարբերություն այդ երկրների, համաշխարհային դրամատիրական համակարգի ծայրամասերում գտնվող երկրներում, որոնց թվում է, փաստորեն, հայտնվել Հայաստանը, համաշխարհային այդ համակարգի զարգացման ներքին տրամաբանության, ինչպես նաեւ դրամատիրական զարգացման իրենց նվաճած պատմական փուլի մակարդակի բերումով, տնտեսական գործունեությունից առաջացած հավելյալ արժեքի, հետեւաբար եւ շահույթի ծավալը լինում է շատ ավելի փոքր:

Այս փոքր ծավալը բավարար չէ միաժամանակ ե՛ւ հագեցնելու վերնախավի ընչաքաղցությունը, ե՛ւ բնականոն պայմաններ ստեղծելու ամբողջ բնակչության համար: Ավելին, Հայաստանի նման երկրներում, որտեղ դրամատիրական դասական հարաբերությունները նոր են հաստատվել, դրամագլխի կուտակումը, հավելյալ արժեքն ու շահույթը իրականացվում են տվյալ երկրների ներսում ծավալվող գործունեությունից` ի հաշիվ տեղական պաշարների եւ աշխատուժի:

Նման իրադրությունը փոքրաթիվ մենաշնորհյալների կողքին քանակական մեծամասնություն կազմող միջին խավի առաջացման հնարավորություն չի տալիս: Մերի պես երկրներում տնտեսական վերնախավի եւ հասարակ ազգաբնակչության շահերը չեն կարող միմյանց չհակադրվել:

Ստեղծված կացության մեջ պետք է զիջի երկու կողմերից մեկը: Եվ քանի որ իշխանությունը, այսինքն` կազմակերպված ուժը սովորաբար գտնվում է առաջինների ձեռքում, ժողովուրդը ստիպված է լինելու զիջել (բացի այն պարագայում, ի հարկե, երբ հաջողվում է շրջել ուժերի հավասարակշռությունը):

Այս է պատճառը, որ նման երկրներում արեւմտյան ժողովրդավարությունը չի գործում, որովհետեւ դա կնշանակեր առանձնաշնորհյալ խավի իշխանության կորուստ:

Չէ՞ որ ազատ պայմաններում դժգոհ ժողովուրդն իր չքավորության պատճառ հանդիսացողներին իշխանության չի թողնի. իսկ առանց իշխանության այս վերջինները կզրկվեն նաեւ իրենց տնտեսական մենաշնորհներից:

Այդ է պատճառը, որ նման երկրներում իշխանությունը լինում է կամ ուղղակի բռնատիրական կամ ավտորիտար ու միայն շղարշով ժողովրդավարական:

Բացի այդ, գերշահույթներ ապահովելու կարելիությունների (շատ դեպքերում` նաեւ ոլորտների) հարաբերաբար սահմանափակ լինելու փաստը տնտեսական վերնախավի բոլոր ներկայացուցիչներին հնարավորություն չի տալիս ըստ իրենց ցանկության գերշահույթներ ապահովել:

Այդ պատճառով, համեմատաբար սահմանափակ պաշարներից եւ աշխատուժի շահագործումից ստեղծվելիք գերշահույթներին տիրապետելու համար սուր պայքար է ծավալվում միեւնույն վերնախավի այդ խմբավորումների միջեւ: Վերջիններիս շահերը հակադրվում են միմյանց:

Հետեւաբար, ի տարբերություն վերոնշյալ ժողովրդավար երկրների, որտեղ քաղաքական իշխանության` վերնախավի «Ա» խմբավորումից «Բ»-ին անցման դեպքում «Ա»-ի շահերին էական վտանգ չի սպառնում, եւ, հետեւաբար, տնտեսական վերնախավը երկրի քաղաքական ղեկը հանձնում է պրոֆեսիոնալ քաղաքագետներին, մեզանում այդ վտանգն առավել քան առկա է, ինչն անհնարին է դարձնում երկրի կառավարման ղեկի հանձնումը պրոֆեսիոնալ քաղաքագետների:

Երկրի քաղաքական եւ ուժային լծակները ուղղակիորեն (եւ ոչ թե միջնորդված կերպով) իր ձեռքում է պահում տվյալ պահին իշխող խմբավորումը` անխուսափելիորեն ծնելով տնտեսական շահերի եւ քաղաքականության ուղղակի սերտաճում:

Այստեղից կարելի է անել մի քանի էական հետեւություններ.

1. Հայաստանի ներկա պայմաններում մենաշնորհյալ չնչին փոքրամասնության եւ մնացած ազգաբնակչության շահերը առարկայականորեն անհամատեղելի են: Նման կացության բերումով անհնարին է այդ փոքրամասնության կողքին մեծամասնություն կազմող միջին խավի առաջացումը: Դրա համար անհրաժեշտ է համակարգի փոփոխություն:

2. Հայաստանի պայմաններում ենթադրյալ «ազատ շուկայական մրցակցային տնտեսության» պահանջի լոզունգով հանդես գալն ինքնախաբեություն է, իսկ շատ պարագաներում` կեղծիք: Հաջողության պարագայում (որին իր ամբողջ ուժով կընդդիմանա վերնախավային առկա խմբավորումը) այն, ներկա առանձնաշնորհյալների հարստության ծավալի հաշվին, կավելացնի առանձնաշնորհյալների թիվը, բայց չի կարողանա լուծել երկրի խնդիրները: Հայաստանին անհրաժեշտ է պետական-հանրային լուրջ դերակատարության եւ սոցիալական հստակ ուղղվածության պայմաններում շուկայական տնտեսություն:

3. Հայաստանում ծառացած հիմնահարցերն ու ճակատագրական նշանակության խնդիրները համակարգի «ծայրահեղ», «չափազանցված» կամ «սխալ» կիրառման արդյունքը չեն: Դրանք նույնինքը համակարգի, նրա էության ու առարկայական հատկանիշների ծնունդն են: Համակարգն է հարցերի ու խնդիրների բուն պատճառը:

4. Հայաստանում ծառացած հիմնահարցերն ու ճակատագրական նշանակության խնդիրները (միայն) անհատներով չեն պայմանավորվում: Դրանք, անկախ այս կամ այն անհատից, անկախ այս կամ այն խմբավորումից ու կլանից, արդյունքն են տիրող համակարգի գոյության:

5. Նման համակարգի առկայության պայմաններում ժողովրդավարության, մարդու իրավունքների հարգման, օրենքի իշխանության հաստատման, տնտեսական շահեր-քաղաքական իշխանություն ուղղակի սերտաճման բացառման եւ նմանօրինակ այլ նպատակներ իրականացնելու ակնկալիքները անհեթեթություն են եւ ինքնախաբեություն: Այդ ոլորտներում առկա իրողությունները միայն քաղաքական առողջ մշակույթի բացակայության արդյունք չեն: Գոյություն ունեցող երեւույթները համակարգի անբաժանելի բաղադրիչներն են եւ ամբողջությամբ տեղավորվում են դրա ներքին տրամաբանության մեջ: Դրանք չեն կարող առանձին-առանձին փոխվել: Համակարգը պետք է փոխվի ամբողջությամբ:

6. Ազգային համարվող հարցերի նկատմամբ տնտեսաքաղաքական վերնախավի մոտեցումները չեն կարող ուղղակիորեն չհետեւել իրենց համակարգային գերշահերի տրամաբանությանը: Նախ պետք է գիտակցել, որ ազգային ամենաէական խնդիրը երկրի ներսում տիրող իրավիճակն է, որովհետեւ դրա շարունակությունն անխուսափելիորեն հանգեցնելու է Հայաստանի ու հայ ազգի վերացմանը: Ազգային բնույթի մնացյալ հարցերում եւս, ինչպես Արցախի, ցեղասպանության հետեւանքների, սփյուռքի, մշակութային, կրթական եւ այլն, վերնախավի մոտեցումները պայմանավորվում են իրենց շահերն անխախտ պահելու մտահոգությամբ եւ դրանք նույնիսկ հավելելու միտումով, ինչպես նաեւ իրենց դավանած արժեհամակարգով: Բացառապես «ազգային» հարցերում ընդդիմադիր լինելը լավագույն պարագայում ինքնախաբեություն է, իսկ ավելի շուտ` կեղծիք:


http://hetq.am/am/society/hayastan-8/

Aucun commentaire: