mercredi 21 juillet 2010

Ժողովրդագրական համաղետը, տիրող համակարգը եւ Հայաստանի լինելության խնդիրը – 4

Սկիզբը

3. Առկա համակարգն իրական կյանքում
1998 թ. իշխանափոխությունից հետո մոտ երկուսուկես տարի էր պահանջվելու, մինչեւ վերջնականապես կվճռվեր, թե վերնախավային խմբավորումներից որն է իշխելու հետհհշական Հայաստանում: 2000 թ. կեսերին ներքին պայքարն ավարտվեց հօգուտ Ռոբերտ Քոչարյան – Սերժ Սարգսյան զույգի, եւ այդ թվականից տիրող համակարգը ղեկավարվում է «ղարաբաղյան կլանի» կողմից:

«Հհշական կլանի» փոխարինումը «ղարաբաղյանով» երկու բան, այնուհանդերձ, չի նշանակում: Առաջին` դա չի նշանակում, որ «վերնախավի վերնախավը» բաղկացած էր եւ շարունակում է բաղկացած մնալ բացառապես արցախցիներից, եւ թե բոլոր արցախցիներն օգտվում են այդ վերնախավի գոյությունից (իհարկե, անհեթեթ միտք): Երկրորդ` չի նշանակում, թե վերնախավն ամբողջությամբ փոխվել է, թե նախկին առանձնաշնորհյալներն ամբողջությամբ փոխարինվել են նորերով: Նրանցից շատ քչերը հեռացվեցին, ուրիշների դիրքերը թուլացան, եկան նորերը, ոմանք շատ հզորացան, իսկ ոմանք մնացին այնտեղ, որտեղ գտնվում էին:

Նոր կլանի գալստյամբ, այնուամենայնիվ, տեղի ունեցավ մի ոչ աննշան փոփոխություն: Վերին օղակներում տիրող համեմատաբար մտավորական մթնոլորտին եկավ փոխարինելու գավառականն ու նույնիսկ «կիսագողականը», իսկ ավելի ստորին օղակներում աճեց կիսաքրեականի դերը:

Սակայն, նոր (հետերկուհազարյան) փուլում համակարգի հիմնական հատկանիշը հանդիսացավ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական-ուժային ոլորտներում կենտրոնացման եւ մենաշնորհացման գործընթացների տեմպերի արագացումն ու ծավալների մեծացումը:

Չնայած նոր կլանը այս գործընթացների վրա իր անհերքելի ազդեցությունն ունեցավ, այնուամենայնիվ, այդ գործընթացներն անբաժանելի մասն են կազմում համակարգի ներքին տրամաբանության, եւ այլ «վերին օղակի» առկայության պարագայում, թեկուզ ուրիշ ձեւի տակ, դրանք անխուսափելիորեն դրսեւորվելու էին:

Ստորեւ ներկայացվածն առավել կամ նվազ չափով հայտնի է բոլորին: Այստեղ փորձ է արվում ամփոփ կերպով ներկայացնել երկրում տիրող իրավիճակը` իր զանազան կողմերով:

Փոքրաթիվ վերնախավը ստեղծել է իր շահերին համապատասխանող, իսկ երկրի զարգացման ու ազգաբնակչության շահերի տեսակետից չափազանց վնասարար ու անառողջ տնտեսական կառուցվածք:

Երկրի տնտեսական կյանքը պտտվում է հիմնականում մենաշնորհված ներմուծումների, նույնպես մեծ մասամբ մենաշնորհված հանքարդյունաբերության եւ հումքի արտահանման, անշարժ գույքի սպեկուլյացիայի (մինչեւ ճգնաժամը) եւ ցածրորակ ծառայությունների մատուցման ոլորտների շուրջ: Ձեռնարկատիրական կարեւոր գործարքների եւ արտոնություններ շնորհելու որոշումները կայացվում են վերին օղակների գրասենյակներում: Ներմուծվող սպառողական ապրանքների վաճառքից գերշահույթներ ապահովելով` մենաշնորհյալ դասը զարկ չի տալիս արդյունաբերությանը եւ նույնիսկ արգելակում է դրա զարգացումը:

Քիչ թե շատ աշխատում են արդյունաբերության սահմանափակ թվով այն ճյուղերը, որոնք մրցակից չեն ներմուծումներին. այդ ճյուղերը եւս հիմնականում կենտրոնացված են նույն դասի ձեռքերում:

Կիրառվող հարկային քաղաքականության նպատակը ոչ այնքան պետբյուջեի եկամուտների բաժնի ապահովումն է, որքան մանր ու միջին ձեռնարկատիրության առջեւ մշտական խոչընդոտների եւ ֆինանսական ծայրահեղ դժվարությունների ստեղծումը` տնտեսական դաշտում մենաշնորհյալ դասի բացարձակ գերակայությունն անխախտ պահելու համար:

Պետբյուջեի եկամուտներն ապահովվում են հիմնականում ազգաբնակչության վճարած անուղղակի հարկերի եւ մանր ու միջին ձեռնարկատերերի ուղղակի հարկերի միջոցով: Մեծ բիզնեսը ոչ միայն հեշտությամբ գերշահույթներ է ապահովում, այլեւ դրանց համապատասխան հարկեր չի մուծում:

Այդ է պատճառը, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը մշտապես մնում է ցածր, 16-18 տոկոսի սահմաններում, ինչը երկիրը զրկում է զարգացման մի կարեւոր լծակից, մինչդեռ զարգացած համարվող, ինչպես նաեւ բազմաթիվ ոչ զարգացած երկրներում այն 30 տոկոսից ներքեւ չի իջնում:

Ազգաբնակչության մինչեւ 50 տոկոսը կազմող գյուղատնտեսությամբ զբաղվողների հատվածը, եւ ընդհանրապես գյուղատնտեսությունը գտնվում է աղետալի վիճակում:

Այս բնագավառի աշխատողները հայտնվել են արտադրական ու փոխանակման անհավասար հարաբերությունների մեջ: Գյուղմթերքների արտադրության ինքնարժեքը շատ դեպքերում գերազանցում է վաճառքի գինը:

Հարկային զեղծարարություններով եւ այլ ոչ ազնիվ միջոցներով իրականացվող գյուղմթերքների ներմուծումները տեղական բազմաթիվ մթերքների արտադրությունը հասցրել են անդամալուծության աստիճանի:

Ոռոգման քաղաքականությունը կարծես հատուկ մշակված լինի գյուղացիությանն իր աշխատանքից զրկելու համար: Բանկերի վարկային-վաշխառուական քաղաքականությունն արդեն սնանկացրել է հազարավոր գյուղացիների եւ այլն:

Նման պայմաններում բնավ զարմանալի չէ, որ այս տարի մոտ երկու հարյուր հազար հեկտար գյուղատնտեսական հողեր (ամբողջի ավելի քան 40-45 տոկոսը) մնացել են անմշակ:

Երկրում ամեն ինչի վրա ձեռք դնելուց հետո առանձնաշնորհյալների դասն ու նրանց հովանավորյալները վերջին տարիներին էժան գներով գյուղացիներից ձեռք են բերում, չասելու համար` խլում գյուղատնտեսական հողերը:

Համակարգը, բացի այն, որ քաղաքացիներին աշխատանքով չի ապահովում, աշխատանք ունեցողների մեծամասնությանը ենթարկում է անխնա շահագործման: Հակառակ անցած 20 տարիների ընթացքում մեկ ու կես միլիոնի արտագաղթին, աշխատունակ բնակչության երեսուն տոկոսն առ այսօր մնում է գործազուրկ: Վարձու աշխատողների մեծամասնության աշխատավարձերն անբավարար են:

Արտագաղթողների` իրենց հարազատներին ուղարկած նյութական օժանդակություններով հանդերձ (որը կազմում է ՀՆԱ-ի մինչեւ 30 տոկոսը), երկրում աղքատության մակարդակը մնում է բարձր:

Առկա է սոցիալական սուր բեւեռացվածություն: Եզրակացությունը պարզ է. զանգվածային արտագաղթով հանդերձ, Հայաստանի ամբողջ ազգաբնակչության կենսագործունեության եւ վերարտադրության անհրաժեշտ սոցիալ-տնտեսական նվազագույն պայմանները ապահովված չեն:

Վերջերս Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը պարզապես նպատակ ունի հաստատագրելու եւ օրենքի ուժ տալու արդեն իսկ փաստացի կիրառվող բացահայտ շահագործման վրա հիմնված գործատու-գործավոր աշխատանքային հարաբերություններին:

Նախագիծը նախատեսում է օրինականացնել գործատու-գործավոր աշխատանքային բանավոր պայմանագրի դրությունը, ստեղծել «գրպանային» աշխատավորական միություններ եւ վարձու աշխատանքի մեջ ներգրավելու տարիքային օրինական շեմն այժմյան 16 տարեկանից իջեցնել գ 7-ի:

Համակարգը, փաստորեն, հայ աշխատավորին օրենքի ուժով դատապարտում է անվերջ գերշահույթ ապահովելու իր, համակարգի տերերի համար` առանց իսկ ապահովելու նույն աշխատավորի վերարտադրության տարրական պայմանները:

Կենսաապահովման նոր, «կուտակային» պարտադիր համակարգը եւս, որն աշխատավորական ու պետական հսկայական գումարները դնելու է ֆինանսական մասնավոր ձեռնարկության տրամադրության տակ, իր ներկա տեսքով չի կարող այլ նպատակ հետապնդել, քան գերշահույթների ապահովումը այդ «մասնավորի» համար` սպեկուլյատիվ ներդրումների միջոցով քաղաքացիներին պատկանող հսկայական ֆոնդերը մեծ ռիսկերի ենթարկելու գնով:

Հայաստանի տարածքը, թեկուզ դանդաղորեն, բայց հաստատապես դառնում է մարդու բնակության համար անպիտան: Խորհրդային վարչական հանցավոր հրամանների եւ 1990-ականների էներգետիկ ճգնաժամի պատճառով երկիրը գոյապահպանական առումով արդեն հատել է ճգնաժամային շեմը:

Անցած տասնհինգ տարիներին իրավիճակը, փոխանակ ուղղվելու, ավելի է վատթարացել, եւ այդ ընթացքը շարունակվում է: Դարձյալ փոքրաթիվ մարդկանց ընչաքաղցությանը հագուրդ տալու համար Հայաստանի խղճուկ անտառների ջարդը շարունակվում է:

Արժեքավոր ծառերն ապօրինաբար հատվում են վերնախավի ներկայացուցիչների առեւտրային շահերի համար, իսկ նրանց պատճառով չքավոր դարձած մարդկանց վաճառվում է դարձյալ ապօրինաբար հատված վառելափայտը:

Ջրային պաշարների, էրոզիայի դեմ պայքարի եւ մաքուր օդի աղբյուր հանդիսացող անտառը, փոխանակ ընդարձակվելու, չքանում է: Երկիրն անապատացվում է: Երկրում աղբյուրների թիվը գնալով պակասում է:

Սեւանից հետո, Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրերը անհաշվենկատորեն շահագործվում են` պատճառ դառնալով ե՛ւ ջրային պաշարների նվազման ե՛ւ թե հողերի գերխոնավացման ու աղակալման: Հանքարդյունաբերությունն ընդհանրապես, եւ դրա իրագործման եղանակները հատկապես, փոքրատարածք երկրին ու ժողովրդին սպառնում են ոչ հեռահաս բնապահպանական աղետով:

Իր շահերն ապահովող այս իրավիճակի հարատեւությունը երաշխավորելու եւ հավանական ընդվզումները սանձելու համար վերնախավը հաստատել է ավտորիտար վարչակարգ, որն ամեն անգամ, երբ անհրաժեշտությունը զգացվում է, փոխվում է բռնատիրականի (երկրին հատուկ պայմանների բերումով մշտապես բացահայտ բռնատիրական վարչակարգի անհրաժեշտություն չի զգացվում): Որոշ շրջաններում տեղական «իշխանները» հաստատել են մարդկանց ենթարկեցման ավատատիրական (ֆեոդալական) համակարգ:

Երկրի կառավարման ուժային եւ պետական կառույցները ծառայում են վերնախավի շահերին: Օրենքները կամ ուղղակիորեն ծառայում են այդ շահերին, կամ էլ, վերնախավին նպաստավոր չլինելու պարագայում, վերջինների կողմից շրջանցվում են` իրավական համակարգի գործուն մասնակցությամբ:

Իր գերակայությունն ապահովելու համար վերնախավն օգտագործում է կիսաքրեական տարրերին ու սնուցում նրանց, ստեղծում «մասնավոր» պատժիչ ուժեր:

Համակարգը պարարտ հող է կոռուպցիայի համար: Բոլոր` իրավական, տնտեսական, քաղաքական, քաղաքացիական, մարդու տարրական իրավունքների եւ այլ ոլորտներում տիրում է աղաղակող անարդարություն:
Վերոնշյալ իրողությունների տեւականությունը ժողովրդի մի կարեւոր հատվածի մոտ առաջացրել է բարոյահոգեբանական անկման, հուսալքության ու անտարբերության մթնոլորտ:

Այս մթնոլորտի առկայությունը նպաստում է տնտեսաքաղաքական վերնախավի շահերի տեւականացմանը, եւ այդ խավը, բնականաբար, սնուցում է նույն այդ մթնոլորտը: Ազգաբնակչության մեծամասնության մոտ բացակայում է հավատն ու վստահությունը ոչ միայն իշխանությունների, այլ, ավա~ղ, մայր երկրի ու հայրենիքի նկատմամբ:

Մարդիկ մեծաթիվ շարքերով երես են թեքում իրենց հայրենիքից: Վերնախավի` երկիրը սեփական կալվածի վերածելու եւ հայրենիքի գաղափարը ստորացնելու փաստը ժողովրդի նվազ գիտակից խավի մոտ արհամարհանքի եւ հեգնանքի զգացումներ եւ վերաբերմունք է առաջացրել հայրենիքի ու հայրենասիրության գաղափարների նկատմամբ:

Վերոնշյալ սոցիալ-տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների համակարգը, վերնախավի ընչաքաղցության ու հոռի բարոյական արժեքների ծնունդն իր հերթին, առաջացրել ու տարածել են արժեքային ու բարոյական մի համակարգ, որի սյուներն են նյութական ունեցվածքի նկատմամբ պաշտամունքը, հնարավոր ամեն ինչի (նաեւ ոչ նյութական արժեքների) ապրանքայնացումն ու առեւտրային տրամաբանությանը ենթարկումը, մակերեսայնությունը, խաբեությունը, կեղծիքը, կաշառակերությունն ու կաշառատվությունը եւ այլն: Արժեքային այս համակարգը, ցավոք, թափանցել է նաեւ ժողովրդի մի ոչ անտեսելի հատվածից ներս եւ առաջացրել բարոյական, մշակութային եւ հոգեւոր արժեքների աղճատում:

Հայաստանում տիրող առարկայական եւ արժեքային համակարգի այս իրավիճակում մշակույթը, գիտությունն ու կրթությունը մեծ հաշվով արժեզրկված ու արհամարհված են: Դրանք ահավոր անկում են արձանագրել իրենց նախկին, թեկուզ եւ վարչահրամայական ու դոգմատիկ մոտեցումների պատճառով խոցելի, բայց, այնուամենայնիվ, պատվաբեր մակարդակներից:

Նոր-ազատական գաղափարախոսության ու քաղաքականության կիրառումը, այդ ոլորտներում պետության էական դերակատարությունից հրաժարումը եւ տնտեսական գործունեության գերիշխող ոլորտի անցումը գիտության վրա հիմնված արդյունաբերական բնագավառից առեւտրի բնագավառ ուժեղ հարված են հասցրել գիտության, կրթության ու մշակույթի ոլորտներին: Նոր պայմաններում «փող աշխատելու» համար հատուկ կրթվածություն չէր պահանջվում:

Հիմնականում առեւտրով ու սպեկուլյացիայով զբաղվող վերնախավի համար մշակույթը, գիտությունն ու կրթությունը հետաքրքիր ոլորտներ չեն:

Այս եւ նման մարդկանց ներկայացրած օրինակի` հասարակության լայն խավերի վրա թողած ազդեցության, նյութական ունեցվածքի ֆետիշացման, համատարած կաշառակերության, նոր արժեհամակարգի եւ նման գործոնների առկայության պայմաններում հասարակության կարեւոր հատվածների համար նշված ոլորտները կորցրել են իրենց գրավչությունը:

Կրթական համակարգը դարձել է կաշառք ստանալու եւ կաշառքով վկայական ստանալու միջավայր: Բարձրարժեք մշակույթն ընդհանրապես, եւ ազգային զուլալ մշակույթը մասնավորապես, մի կերպ դիմանում են փոքրաթիվ նվիրյալների համառ ջանքերի եւ պայքարի շնորհիվ:

Տիրող մթնոլորտի եւ ընդհանրապես առկա համակարգի պայմաններում ներկայիս վարչապետի փայփայած «գիտելիքահենք տնտեսության» «տեսլականը» անհամ կատակ է հիշեցնում:

Վերջին ամիսներին ընդհանուր մտահոգության եւ ընդվզումի պատճառ դարձաձ «Լեզվի մասին» ու «Հանրակրթության մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունները եւս ծառայում են վերնախավի շահերին ու տրամաբանությանը: Արտոնելով օտարալեզու կրթությունը, վերնախավը, իր դիրքերը պահպանելու նպատակով, հերթական ծառայությունն է մատուցում օտար պետությանը:

Ավելին, քանի որ տիրող վերնախավը նպատակ չունի ընդհանուրի համար ստեղծել կրթական առողջ համակարգ (ներկա պայմաններում մեծ ցանկության դեպքում անգամ դա անհնարին է), նա հիմնում է օտարալեզու դպրոցական համակարգ, որը կհանդիսանա իր «բալիկների» համար «փայլուն ապագա» ապահովող ցատկատախտակ:

Հայաստանն, ինչպես հաճախ է պատահել պատմության ընթացքում, այսօր եւս գտնվում է արտաքին ոչ բարենպաստ միջավայրում: Այս իրողությունը կարող էր առանձնապես վտանգավոր չդառնալ, եթե երկիրը, վերոնշյալ բոլոր հանգամանքների հետեւանքով, խոցելի ու հիվանդ չլիներ, եւ եթե ղեկավարությունը արտաքին կապերն օգտագործեր ոչ թե իր սեփական դիրքերի պահպանման ու ամրապնդման, այլ երկրի անվտանգության ու բարօրության մակարդակների բարձրացման համար:

Օրինակ` մի կողմից վարված քաղաքականության հետեւանք` երկրի խոցելիությունը, մյուս կողմից` իշխող վերնախավի դրսեւորած վարքագիծն են հիմնական պատճառն այն երեւույթի, որ ազգային տնտեսության ռազմավարական ոլորտները հանձնվել են օտար ուժերին:

Անվանապես անկախ Հայկական պետականությունն այսօր մեծապես կախված է այլ տերություններից:
Շուրջ հազար տարի, թերեւս անընդհատ տարածքներ կորցնելուց հետո, 20-րդ դարի ավարտին հայ ժողովուրդը ազատամարտի եւ իր զավակների արյան գնով կարողացել է ազատագրել իր հայրենիքի մի փոք հատվածը` Արցախը:

Պատմական ու ոգեղեն մեծ նշանակություն ունեցող այս հաղթանակի ու ներկա Հայաստանի համար ռազմավարական ու անվտանգության առումով խոշոր արժեք ներկայացնող այդ տարածքների ճակատագիրը, սակայն, շարունակում է վտանգված մնալ ոչ միայն արտաքին ճնշումների, այլեւ առաջին հերթին հայկական իշխանությունների վարած պարտվողական քաղաքականության պատճառով:

Նույն իշխանությունները պրագմատիկ քաղաքականություն վարելու պատճառաբանությամբ շտապում են Հայաստանի ու հայության անունից համակերպվել Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված ցեղասպանության հետեւանքների հետ:

Իշխանությունների այս վարքագծի հիմքում արեւելյան եւ արեւմտյան սահմանների բացումից ակնկալվող շահույթներն են, բայց նաեւ` իրենց իսկ մեղքով երկրի խոցելիության եւ հետեւաբար արտաքին ճնշումների դիմաց իրենց դիրքերը պահպանելու մտահոգությունը:

Մինչդեռ, ազատագրված տարածքների եւ ցեղասպանության հետեւանքների առնչությամբ վարվող այդ քաղաքականության` իր տրամաբանական ավարտին հասնելու պարագայում Հայաստանը կզրկի ամեն տեսակի պաշտպանվածությունից, եւ մահացու հարված կհասցվի հայկական ոգուն:

Ահավասիկ Հայաստանում տիրող իրականությունը, արդյունքը մի խումբ մարդկանց նյութական ամեն հնարավոր ունեցվածք յուրացնելու անհագ, դանայան տակառ հիշեցնող ցանկության ու այդ ցանկությունն իրականացնելու կոչված ամբողջական համակարգի:

Այս իրողության բաղկացուցիչ յուրաքանչյուր մասնիկ, առանձին վերցրած ու անկախ այլ նկատառումներից, հակամարդկային է, անբարոյական, ազգավնաս ու պետականավնաս եւ այդ պատճառներով բացարձակապես մերժելի:

Բացի այդ, այս իրականությունը պատճառն է Հայաստանի գրեթե անբուժելիության աստիճանի հասած հիվանդության, ներառյալ` համաղետային ժողովրդագրական իրավիճակի` շարունակվող արտագաղթի, բնական աճի շատ ցածր մակարդակի ու սփյուռքահերի հայրենադարձության չկայացման փաստի:

Առարկայական եւ ենթակայական այս կացության պարագայում նման միտումներով եւ ժողովրդագրական նման պայմաններում գտնվող երկիրը չի կարող երկար ապրել:

Հայաստանի առկա իրավիճակը ծնող համակարգն ու այն մշտապես սնուցող մարդկանց խումբը Հայաստանն ու հայությունը առաջնորդում են դեպի մահ: Այս վիճակը շարունակելու պարագայում նրանք կդառնան Հայաստանի ու հայ ազգի դահիճները:

Սա ամբոխավարական հայտարարություն չէ, ոչ էլ հռետորական կամ զգացմունքային զեղում, այլ բանականության եւ առարկայական դիտարկման վրա հենված եզրակացություն:

Եթե հայ ժողովուրդն ուզում է չմահանալ, պարտավոր է անհապաղ ձերբազատվել այս համակարգից եւ ստեղծել բովանդակ ժողովրդի կարիքները բավարարելու սկզբունքի վրա հիմնված նորը: Սա անհետաձգելի հրամայական է, որպեսզի, ինչպես Մոնթե Մելքոնյանն անգլերեն լեզվի մի սպանիչ բառախաղով զգուշացրել էր 1987-ին, մեր երկրի «անկախությունը»` ինքնորոշման (self-determination) փոխարեն մեզ ինքնաոչնչացման (self-termination) չառաջնորդի:

շարունակելի

Տես նաև՝

Aucun commentaire: