jeudi 25 avril 2013

Դինքի սպանության պատվիրատուները «խորը պետության շրջանակներից են»



Թուրք փաստաբան Էրդալ Դողանը, ով Թուրքիայում հրատարակվող «Ագոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի փաստաբանն է եղել, իսկ վերջինս սպանությունից հետո ներկայացրել է Դինքի ընտանիքի շահերը, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Դինքի սպանության գործով դատաքննության ընթացքը պարզորոշ ցույց է տալիս, որ կազմակերպիչներն ու պատվիրատուներն, այսպես կոչված, «խորը պետության» շրջանակներից են:

Էրդալ Դողանը ներկայումս Դինքի գործով փաստաբանական խմբում ընդգրկված չէ, սակայն ներգրավված է մեկ այլ՝ ոչ պակաս աղմկահարույց՝ «Զիրվեի» հրատարակչատան սպանությունների գործով ընթացող դատաքննության մեջ:

Հիշեցնենք` 2007 թվականի ապրիլին Թուրքիայի Մալաթիա քաղաքում գործող «Զիրվե» հրատարակչատան վրա հարձակման հետեւանքով զոհվեցին քրիստոնեական գրականություն հրատարակող այդ հաստատության երեք աշխատակիցներ, որոնցից մեկը Գերմանիայի, երկուսը՝ Թուրքիայի քաղաքացիներ էին: Զոհվածները, հանդիսանալով բողոքական եկեղեցու հետեւորդներ, Թուրքիայում նաեւ միսիոներական գործունեություն էին ծավալում:
Փաստաբան Դողանը ընդգծեց` «դատաքննության ընթացքում բացահայտված փաստերը վկայեցին, որ այդ սպանություններն ու Հրանտ Դինքի սպանությունը միմյանց հետ փոխկապված են եւ ուղղորդվել են այդ նույն` «խորը պետության» ներկայացուցիչների կողմից»:

«Խորը պետությունը» (անգլերեն` The deep state, թուրքերեն` derin devlet) Թուրքիայում ենթադրաբար գործող ազդեցիկ, հակաժողովրդավարական այն խմբեր են, որոնք առնչություններ ունեն ներքին եւ արտաքին հետախուզական ծառայությունների, բանակի, անվտանգության, արդարադատության համակարգերի եւ մաֆիայի հետ: Համարժեք է «պետություն պետության մեջ» հասկացությանը:

Խոսելով թուրքական հասարակությունում ընթացող խմորումների մասին` Դողանն ասաց, որ այսօր թուրքական պետությունը եւ թուրքական հասարակությունը միանգամայն տարբեր բաներ են եւ հանրային հնչեղություն ունեցող շատ հարցերում, այդ թվում` Հայոց ցեղասպանության փաստի հանդեպ ունեցած վերաբերմունքի առումով, գտնվում են տարբեր հարթություններում:

«Հասարակությունը, բարեբախտաբար, մեծ առաջընթաց է ապրել եւ շատ առաջ է անցել պետությունից: Երբ կոնկրետ նշածս` Հրանտ Դինքի, «Զիրվեի» եւ այլ  գործերով հաջողվեց բացահայտել այսպես կոչված «խորը պետության» ներկայացուցիչների մասնակցությունը, բացահայտումների այդ շղթան ցնցեց ողջ թուրքական հասարակությանը: Դա մարդկանց, հասարակության շատ անդամների ստիպեց մտածել եւ բոլորովին այլ կերպ գնահատել երեւույթները», - ասաց Դողանը: 

Թուրք փաստաբանը Երեւանում է գտնվում հայ եւ թուրք մտավորականների միջեւ տեղի ունեցող հանդիպումների հասարակական նախաձեռնության շրջանակներում: Դողանը նշեց, թե վաղուց էր ծրագրել Հայաստան այցելել:

«Հրանտ Դինքի հետ միասին էինք գալու, սակայն տեղի ունեցած ողբերգությունը խափանեց մեր ծրագիրը: Այժմ՝ ապրիլի 24-ին, Ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը լավագույն առիթն էր, որ այցելեմ Հայաստան», - ասաց նա:

Հանդիպման նախաձեռնողներից ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ երկու հասարակությունների ներկայացուցիչները միմյանց ճանաչելու եւ ավելի լավ հասկանալու խնդիր ունեն:

«Միշտ Թուրքիայից, որ մտավորականությունը գալիս է, շատ դժբախտաբար, մեր հասարակությունը չի ճանաչում նրանց, թե ովքեր են, ինչ են անում… օրինակ, ո՞վ է Էրդալ Դողանը. նա հսկայական գործ անող մարդ է, բայց հայ մտավորականությունը, հասարակությունը ինչպես պետք է ճանաչի նրան, երբ գալիս են 3-4 օրով ու գնում են», - ասաց Հացպանյանը: 


Aucun commentaire: