mercredi 18 avril 2012

Էդուարդ Ղազարյանի հոգեհանգստի կապակցությամբ պետական հանձնաժողով է ստեղծվել



Հայ անվանի միկրոքանդակագործ Էդուարդ Ղազարյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ի որոշմամբ ստեղծվել է պետական հանձնաժողով, այս մասին տեղեկանում ենք Մշակույթի նախարարությունից:
Հանձնաժողովը տեղեկացնում է, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում` ապրիլի 18-ին, ժամը` 18-20-ը, վերջին հրաժեշտը` ապրիլի 19-ին, ժամը 12-14-ը` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Հիշեցնենք, որ Էդուարդ Ղազարյանը կյանքի 89-րդ տարում իր մահկանացուն կնքել է երեկ։
Անզեն աչքով անտեսանելի իր առաջին աշխատանքները Էդուարդ Ղազարյանը ցուցադրել է Երևանում ավելի քան կես դար առաջ` 1947թ: Լինելով ջութակի հանրահայտ վարպետ-նորարար, տաղանդավոր երաժիշտ, քանդակագործ և անգերազանցելի ծաղրանկարիչ` նա զարմացրել է ամբողջ աշխարհին իր եզակի գործերով: Վարպետի կյանքի յուրաքանչյուր հատված կարող էր դառնալ նկարչի, երաժշտի, բժիշկ-ակնաբույժի, սրտաբանի կամ գիտնականի ինքնուրույն կենսագրություն:
Նրա միկրոաշխատանքները դժվարությամբ են բացատրվում և հիմնականում հասու չեն մարդկային տրամաբանությանը: Ստեղծագործական բազմաթիվ տարիների ընթացքում Էդուարդ Ղազարյանը ստեղծել է շուրջ 1000 յուրօրինակ միկրոքանդակ:
Նրա խոշորագույն նվաճումը միկրոքանդակագործության մի նոր ուղղության` շարժական միկրոաշխատանքների ստեղծումն էր: Անզեն աչքով անտեսանելի միկրոմարմինները շարժվում են` կատարելով ոչ սինխրոն շարժումներ` չկրկնելով դրանցից և ոչ մեկը: Այս աշխատանքները մինչ օրս մնում են չգերազանցված, չնայած առաջին շարժական միկրոքանդակների ցուցադրումից անցել է ավելի քան երեսուն տարի:
Էդուարդ Ղազարյանը տաղանդավոր երաժիշտ է և ջութակի վարպետ-նորարար: Նրա շնորհիվ նորից կյանքի է կոչվել Յ. Ս. Բախի վիոլա-պոմպոզան, որը լռել էր շուրջ 270 տարի: Նա հիմնադրել է հնագույն երաժշտական գործիքների քառյակ, որի կազմում ստեղծել է 120 ռեզոնատոր ունեցող լարային երգեհոն` մի նոր, անհավատալի հարուստ ձայնով հզոր գործիք:
Նրա ցուցահանդեսները գրավել են շատերի սրտերն աշխարհի տարբեր երկրներում` Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Հարավսլավիայում, Ճապոնիայում, Իրանում, Եգիպտոսում, Ռուսաստանում և այլուր: Միայն 1983 թ. ընթացքում Էդուարդ Ղազարյանի անունը 9 անգամ հիշատակվել է ռուսական «Դիվո» ռեկորդների գրքում (Գինեսի ռեկորդների գրքի ռուսական տարբերակը):
Լոս-Անջելեսում կայացած` Վարպետի «Հրաշքների աշխարհ» ցուցահանդեսը ամերիկացի այցելուներն անվանել են «Աշխարհի ութերորդ հրաշալիք»:
Վարպետը ստեղծել է նոր երաժշտական ավտոմատ-զենք, որն աշխարհում առաջինն է, որը ոչ թե սպանում է, այլ մեծ հաճույք պատճառում երաժշտասերներին:
Ավտոմատի վրա տեղադրված են աշխարհի տարբեր ազգերի շուրջ 40 երաժշտական գործիքներ, որոնցից շատերի վրա Վարպետը կատարում է հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Էդուարդ Ղազարյանը ծնվել է 1923 թ. հունիսի 20-ին Երևանում, ստացել է բարձրագույն երաժշտական կրթություն, երկար տարիներ եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստերը և սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրներից:
2006 թ. Քեմբրիջի կենսագրական կենտրոնը Էդուարդ Ղազարյանին հայտարարել է բոլոր ժամանակների ամենահանճարեղ մարդկանցից մեկը և պարգևատրել «Կենդանի լեգենդ» ոսկե մեդալով: Վարպետը պարգևատրվել է նաև ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևով` ոսկե մեդալով:
2010 թ. մայիսին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը Է. Ղազարյանին պարգևատրել է «Սրբ Սահակ և Սրբ Մեսրոպ» մեդալով:


 http://www.tert.am/am/news/2012/04/18/eduard-ghazaryan/

Aucun commentaire: