lundi 22 février 2010

«Վրացական իշխանությունները չեն կարող ոչնչացնել հայոց ինքնությունը»


2-4-a7456d

ArmAr.am-ի հետ հանդիպման առիթը Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհրդի անդամ, Արցախյան ազատամարտի մասնակից Արմենակ Աբրահամյանի վերջին այցելությունն էր Ջավախք:

Պարոն Աբրահամյանը փաստեց, որ վերջին շրջանում Ջավախք գնալու դժվարություններն ավելի են շատացել հատկապես մաքսային անցակետերի առնչությամբ. «Շատ անգամ եմ եղել Ջավախքում, բայց այս անգամ ավելի շատ դժվարություններ առաջացան անցակետում: Դա շատ է վնասում տեղի ժողովրդին (ջավախքահայությանը), հատկապես, եթե հաշվի առնենք, որ այդ բնակավայրերում գյուղատնտեսական մթերքի փոխանակումը մեծ ծավալ է կազմում: Եթե երկու ժողովուրդների միջև հարգանք կա, ուրեմն, նման խոչընդոտներ չպետք է ստեղծվեն»: Խոչընդոտներ, իհարկե, ստեղծվում են, իսկ հարգանքի մասին դժվար է որևէ բան ասել…

Փաստն այն է, որ ջավախքահայությունն այսօր դժվար իրավիճակում է հայտնվել վրացական իշխանությունների «հատուկ ուշադրության» հետևանքով:

Պարոն Աբրահամյանի կարծիքով, Ջավախքի ժողովուրդը ինքն իրեն պաշտպանելու համար պետք է ուշադրություն դարձնի հատկապես մի քանի հանգամանքի: Նախ` որպես մեծ վտանգ, նա տեսնում է այն, որ հայերը Ջավախքում հանդես են գալիս որպես ազգային փոքրամասնություն և խոսում են փոքրամասնությունների իրավունքներից: Մինչդեռ. «Մենք Ջավախքի տարածքում փոքրամասնություն չենք, մենք այնտեղ բնիկ ժողովուրդ ենք և ունենք բոլոր իրավունքները: Դրա շնորհիվ մենք այնտեղ կարող ենք պահպանել մեր ինքնությունը»,- ասում է նա: Դա մեզ հարկավոր է, որպեսզի ինչպես շատ այլ երկրներում, մենք չձուլվենք և Ջավախքի հայերը չդառնան վրացի.

«Ջավախքում մենք ունենք բավականին ակտիվ երիտասարդություն: Երիտասարդություն, ով ուզում է պահպանել իր ինքնությունը, մնալ հայ»:

Հենց նման երիտասարդների թվում է Վահագն Չախալյանը, ում վրացական իշխանությունները բանտ նստեցրին միայն նրա համար, որ նա ամեն ինչ անում էր իր ինքնությունը պահելու համար:

«Այն, ինչ հիմա անում են վրացական իշխանությունները, աննորմալ է: Վրացական իշխանությունները պետք է հասկանան, որ ոչ մի կերպ չեն կարող ոչնչացնել հայոց ինքնությունը»:

Ինչ վերաբերում է Վահագնի դատավարությանը, ապա նա տեղեկացրեց, որ այդ գործում «վերջին էտապն է մնացել, որ մտնենք եվրադատարան: Մենք պետք է մինչև վերջ գնանք, որ Վահագնը ազատվի, դա իր տեղը չէ: Նա դեռ շատ լուրջ գործեր ունի անելու»:

Պարոն Աբրահամյանի տեղեկացմամբ, 2009-ի փետրվարին ստեղծվել է Ջավախքի հայերի ազգային խորհուրդ, որը «օրենքի շրջանակներում կզբաղվի ջավախքահայության խնդիրներով և նրանց ու վրացական ղեկավարության միջև միջնորդ կլինի»:

Նրա կարծիքով, եթե առաջ Ջավախքի հայերը շատ էին հիասթափված, ապա հիմա իրավիճակը մի փոքր փոխվել է, և նրանք սկսել են իրենք իրենց խնդիրներով զբաղվել»:

Խնդիրներ դեռ շատ կան ու կարծես գնալով ավելանում են. «Ջավախքում մի հատ հայկական մանկապարտեզ, դպրոց չկա: Մենք մեծ խնդիր ունենք մեր սերնդին դաստիարակելու համար:

Հիմա այն երիտասարդությունը, ում մենք չենք կարող դաստիարակել, ի՞նչ մասնագիտություն պիտի ստանա, ի՞նչ աշխատի, ի՞նչ ապագա պետք է ունենա»:

Ստեղծված իրավիճակում նա կարևորում է դիվանագիտական աշխատանքը, որ պետք է տանեն և’ Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրդը, և’ Հայաստանի իշխանությունները. «Ջավախքի հայերը մեր ժողովուրդն են, և մենք իրավունք չունենք նրանց որպես Սփյուռք ներկայացնել»:

ArmAr.am ՓԵՏՐՎԱՐ 18, 2010Թ. 16:29

Aucun commentaire: