samedi 21 novembre 2009

ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՍՅՈՒՆԵՐԸ


Երբ Հայրենիքի գործին նվիրյալ հայորդիներ եմ տեսնում, գիտակցում եմ, որ մեր ոխերիմ թշնամին, նույնիսկ մեզ աննախընդեպ եղեռնի ենթարկելով, լիովին ձախողվեց։
Դուք բոլորդ պատասխանն ենք հայ կնոջ արյամբ խեղդված աղոթքի, հայ սովալլուկ մանկան որդիական աղերսի, հայ առնական տղամարդու տանջամահ հոգեվարքի աղաղակի։

Եթե գեթ մեկ հայ մարդ ու կին փրկվեցին, նշանակում է այլևս ոչ մի մարդկային ուժ ի զորու չէ կասեցնել մեր վերածնունդը։

Մենք թանկ վճարեցինք հայ լինելու և մեր Հայրենիքի տերը լինելու համար, այնքան թանկ, որ մինչև օրս սերնդե սերունդ չենք կարողանում զգալ ինքնիշխան կյանքի բերկրանքը, ոմանք նույնիսկ ստրկամտության գանձարանին հարկ են տալիս։

Ուրեմն ի՞նչ հարստություն ունենք մենք։
Հայ լինելը ի՞նչ հզորություններ ունի, որ մանկագողերի պիղծ մի տերության ամբողջ զորամեքենան վերջին 120 տարին փորձում է հայ անունը ջնջել գոյության գրքի էջերից և ընդհատել մեր Հայրենիքի պատմությունը։

Հիմա տեսնենք, հակահայկական, մարդատեցության բոլոր դրսևորումներին դիմագրավելու և հաղթահարելու ի՞նչ զորություն է թաքնված մեր էության մեջ։

Առաջին ամենահզոր զենքը հայկական ինքնության պահապան պատնեշն է։ Այն մի կողմից կրծքով կասեցնում է թշնամու արձակած թունավոր նետերը, մյուս կողմից փայփայում, անշեջ պահում հայության անմար կրակը։

Ներկայիս հարափոփոխ, վտանգներով լի դարաշրջանում իրենց տեղն արևի տակ ամրագրելու համար հարատևման ուղին բռնած երիտասարդ ազգերն իրենց ապագայի զարգացման ռազմավարությունը կառուցում են աշխարհաքաղաքական հին ու նոր տեսությունների որդեգրումով:
Իսկ հինավուրց ժողովուրդներն ընտրության այլ տարբերակեր ունեն։ Նրանք կարող են նման կերպով վարվել կամ իրենց պատմության վերելքային, գագաթնային ժամանակահատվածի չափանիշները վերագտնել պետականաշինության գործը հաջողեցնելու համար։

Հազարամյակներ ի վեր մեր հայկական էթնոսը ունի իր ընդգծված, ուրույն ազգային կերպարանքը՝ մշակութային, կրոնական, կենսաբանական բոլոր բաղադրիչներով։

Ինչպես նաև մեր բազմահազարամյա, հարուստ պատմությունը, բյուր հերոսացումների դրվագներով, մի քանի տասնյակ ժողովուրդների ինքնակայացմանը լիովին կբավարարի։

Այսպիսով՝ լինելով անսպառ հզորության տիրակալներ, մենք նվազագույն ջանք չենք գործադրում վերականգնվելու, վերհառնվելու, որպես հայ միասնական ինքնությունը կրողների կուռ հանրույթ։

Ծանրագույն դրության մեջ հայտնված ժողովուրդները, ինքնապաշտպանական բնազդով առաջնորդվելով, համազգային խնդիրների և նպատակների շուրջ անհատի ու հասարակության միավորման համար անհապաղ պետք է հզորացնեն իրենց ազգային ինքնությունը:

Բայց, անկախացման առաջին տարներին ազատագրական բացառիկ հաջողություններ արձանագրելով, այսօր Հայաստանի երրորդ Հանրապետության քսանամյա պատմական ճանապարհորդությունը հասել է հայության համար մի բեկումնային հանգրվանի: Հայաստանի Հանրապետության ներկա իշխանությունները բացահայտ մերժում են ազգի ապագայի զարգացման ռազմավարության որդեգրումը: Ավելին՝ 2007 թվականին Ռ.Քոչարյանի կողմից ստորագրվել է «ՀՀ Ազգային Անվտանգության Ռազմավարություն» կոչվող փաստաթուղթը խմբագրված արևմտյան և ռուսական ատյաններում, որտեղ չկա ազգային պատմության դասերի, ազգի գագաթնային ժամանակահատվածի չափանիշների վերլուծություն:

Այսօր Հայաստանի կառավարական շրջանակների իրականացվող, այսպես կոչված, «պրագմատիկ ռազմավարական» մոտեցումը տանում է հայ ազգի ուժերի ջլատմանը, որ արտահայտվում է մեր գոյապայքարի այս ակտիվ փուլում թուրք–ադրբեջանական ագրեսիայի անտեսումով, ժողովրդագրական ճգնաժամի խորացումով, արտաքին ուժերից Հայաստանի Հանրապետության մեծ կախվածությամբ, սոցալական լարվածության ահագնացմամբ, կաշառակերության տարածմամբ, հայոց լեզվի, մշակույթի և գիտության կորստով։

Հաշվի առնելով վերոհիշյալ վտանգները` այս պատմական ժամանակահատվածում, անհրաժեշտություն կա հայ հասարակության յուրաքանչյուր անհատի ուժերի լարում, այսինքն` հայ ժողովրդի որակական ուժի հակազդեցություն ուղղված թշնամու քանակական առավելությանը։

Հիմք ընդունելով վերը շարադրված ծանր իրավիճակի պահանջները՝ փորձենք ձևակերպել հայկական յուրօրինակ ինքնության հիմանսյուները։



  1. Առաջին՝ ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ. մենք ճանաչում ենք միայն մեկ ՀԱՅՐԵՆԻՔ իր տարածքային`արևմտյան, արևելյան, հյուսիսային, հարավային մասերի լիարժեք ամբողջությամբ, պատմական անցյալի, ներկայի և ապագայի անքակտելիությամբ։

  2. Երկրորդ՝ ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ. մենք անձնապես պատասխանատվություն ենք կրում Հայրենիքի ճակատագրի հանդեպ՝ ստանձնելով գործուն մասնակցություն ի նպաստ հայոց աշխարհի։

  3. Երրորդ՝ ՀԱՅԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ. մենք հայոց սուրբ լեզվի կրողն ենք կամ ձգտում ենք հայալեզու լինել, քանի–որ նրա շնորհիվ ենք հայ մտքի ջահակիրը դառնում։

  4. Չորորդ՝ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ. մենք Հայրենիքից դուրս հայտնվելու դեպքում նախապատրաստում ենք մեր և մեր ընտանիքի վերադարձը դեպի հայրենի հողը, քանի–որ գիտակցում ենք օտար միջավայրի ձուլողական վտանգը։

  5. Հինգերորդ՝ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ. մենք մեծ նվիրումով մեր սերունդներին հայ ենք դաստիարակում։ Նրանց ենք հաղորդում մեր սրբազան Մայրենի լեզուն, պատմությունը, մշակույթը։ Մեր մատաղ սերունդին ազգային հոգևոր ժառանգության փոխանցումով՝ ճիշտ կիրականացվի հայկական սերնդափոխությունը, ապահովվի ազգային զարթոնքն ու վերելքը։

  6. Վեցերորդ՝ ՀԱՅԱՊԱՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ. մենք հայ ազգի կենսաբանական անվտանգության ուղղակի պահապաններն ենք։ Քաջառողջ լինելու պարտավորություն ունենք մենք։ Մեր մարմինը արարչական տաճար համարելով՝ այն փչացման և ինքնամսխման ենթակա չէ։ Մենք գիտակցում ենք, որ առողջ մարմնում է, առողջ, հզոր ոգին բնակվում։ Հայ անհատն ամուսնական միությունը կապում է իր հայ զույգի հետ՝ հետամուտ լինելով մեր կենսատիպի վերականգնման, ամուր և բազմանդամ ընդանիքի ստեղծմանը:

Ահա այն նվազագույն պատգամները, որ պահանջվում է սրտացավ հայ անհատից։

Հայկականության տաճարի այս վեց հիմնասյուները անքակտելիորեն միահյուսված են:

Հայկականության կառույցը մեկ կամ երկու սյուների վրա հիմնելու բոլոր ինքնախաբ փորձերը բացահայտ թերացում են համարվում։

Հայ մարդու «էտալոնային» և հայոց պատմության վերելքային ժամանակաշրջանի չափանիշները, սփռվելով հայկական հասարակության բոլոր ծալքերում, էապես կբարելավեն համազգային փոխհարաբերությունները, կհեղափոխեն արտաքին ազդեցության ստեղծած նյութապաշտական արժեքային համակարգը։

Այս սուրբ ինքնապաշտպանական գոյամարտում հայերիցս պահանջվում է անհատական ներգրավվածություն հետևյալ ճակատներում.

  • Հայրենիքի պաշտպանություն ի դեմս Արևմտյան Հայաստանի, Հայաստանի Հանրապետության, Արցախի, Ջավախքի և Նախիջևանի:

  • Հայրենի հողից արտագաղթի կասեցում և Հայրենիքի տարածքի վրա հայ ժողովրդի թվաքանակի ավելացում:

  • Հայ հասարակական և պետական կառույցի առողջացում, որը կարելի է իրականեցնել միմիայն սոցալական արդարության, օրենքի գերակայության, ժողովրդավարական սկզբունքների հաստատման, ազգային բոլոր արժեքների պաշտպանության և զարգացման շնորհիվ։

Վերջացնելով՝ առաջարկում եմ ևս մեկ անգամ հիշել Գարեգին Նժդեհի մարգարեական խոսքը «Բանտային գրառումներից»…


"Հայրենիքը չի տրվում այնպէս, ինչպէս ժառանգվում է հայրենական հարստություն: Դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի եւ նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպէս հոգեհաղորդ չլինել նրան: Կարելի է, վերջապէս, իրավապէս հայրենատէր լինել, իսկ հոգեպէս` անհայրենիք: Արժանի չես հայրենիքիդ, եթէ այն չես դավանում իբրև գերագույն նպատակ, իսկ անձդ` իբրեւ միջոց:"

Congres-Intervention-Shahbazyan

Tseghakron | MySpace Vidéo

Մարտիրոս Շահբազյան 19/11/2009 ք.Մարսել

Aucun commentaire: