Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց հայրենաճանաչությանն սպառնացող վտանգների վերաբերյալ:
Այդ առումով նա հատկապես կարևորեց ցանկացած ազգի գոյատևման հիմքում «նկարագիր պահելու, հայրենիքին տեր լինելու, պետք եղած ժամանակ հայրենիքի համար ինչ-որ բան զոհելու» անհրաժեշտությունը, որը մեզանում դարձել է «բացթողում»:
«Անհատն այնքանով է տեր ու հպարտ իր հայրենիքով, որքանով որ ճանաչում է իր հայրենիքը, որովհետև ճանաչողությունն է իր հետ բերում սեր, նվիրում»,- ասաց Սամվել Կարապետյանը: Այն մարդը, ով չի ճանաչում իր հայրենքը, նրանից չի կարելի ակնկալել հայրենասիրություն, համոզված է հուշարձանագետը: Նա անհեթեթ է համարում հանրակրթական դպրոցներում կոչերով ու լոզունգներով հայրենիքը «սիրել տալու» սովորույթը:
«Հայրենիքը սիրելու, ճշմարիտ նկարագրով քաղաքացի լինելու միակ պայմանը ճանաչելն է»,- պնդեց նա` դրանից միակ ելքը տեսնելով մանկապարտեզներից ու դպրոցներից երեխաների մեջ հայրենիքի նկատմամբ սեր սերմանելը, նրանց հնարավորություն ընձեռել, որ տեսնեն, շրջագայեն Հայաստանի տարբեր վայրերով: «Իրենք ինքնաբերաբար, աներևույթ ձևով» կդառնան հայրենասերներ, համոզված է Կարապետյանը, միայն թե կարևոր նախապայման է երտասարդներին այդ հնարավորությունից չզրկելը, մինչդեռ հանրակրթական դպրոցներում հայրենաճանաչությունը մատուցվում է դպրոցական դասագրքերի մակարդակով:
«Այս ամենը շատ վտանգավոր հետևանքներ կունենա»,- նշեց նա` վերջին 10-20 տարիների արտագաղթի հիմնական պատճառ համարելով ոչ թե տնտեսական վատ պայմանները, այլ հայրենաճանաչության պակասը: Դա է հիմնական պատճառը, որ հայերի մի մասը նախընտրում է Ռուսաստանի խուլ գյուղերում խոզ պահել, քան տեր կանգնել «արյան գնով ազատագրված հողերին»:
Tert.am
Aucun commentaire:
Enregistrer un commentaire