mardi 17 mars 2009

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԻՆՈՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Զոհրապ Եգանյան

Ներածություն

Ժամանակակից աշխարհի անբաժան մասը դարձած տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումը և քարոզչական նյութերի փաստացի հասանելիությունը գրեթե յուրաքանչյուրին շատ ավելի պատասխանատու և դժվար է դարձնում սեփական երկրի շահերի պաշտպանությունը ռազմաճակատի տեղեկատվական հատվածում:

Հայ ժողովրդի պատմության կեղծումների դեմ ուղղված քաղաքականությունն առավել ինտենսիվ դրսևորվում է Թուրքիայի և Ադրբեջանի պարագայում, քանզի վերջիններս ամեն գնով փորձում են ապատեղեկատվություն տարածել համաշխարհային հանրության շրջանում հայ ազգի պատմության և անցյալի սոսկալի ու նաև հերոսական էջերի լուսաբանման մասով։ Այլ կերպ ասած, անիրազեկ հանրությանը հրամցնում են կեղծ փաստեր, որոնց յուրացումը վերջիններիս կողմից հանգեցնում է բացասական տրամադրությունների առաջացմանը հայի, հայկական պետության նկատմամբ օտար շրջանակներում:

Այս և նմանատիպ այլ միջոցառումների իրականացման դեմ պայքարն է, որ պետք է մղի պետությանը լուրջ հակաքայլերի՝ ունենալով ամենագլխավոր զենքը` ճշմարտությունը:

Թուրք-ադրբեջանական քարոզչական հարձակումներին անհրաժեշտ է պատասխանել ժամանակային ու իմաստային առումով շատ տեղին ֆիլմով, որը կտա պարզաբանումներ, թե հայ ժողովրդի բնօրրանի, վաղ միջնադարի հայկական պետականության ինստիտուտի գոյությանի և այդ ժամանակների մեր հարևան երկրների, մեր տարածաշրջանում քրիստոնեության պահպանման՝ հայ ժողովրդի ունեցած հսկայական դերի, հայ հզոր ռազմական պոտենցիալի մասին:

Այդպիսի ֆիլմի հիմքում կարող է ընկած լինել 450-451թթ. հայ ազատագրական պայքարը, իսկ ֆիլմը կարող է կոչվել «ՎԱՐԴԱՆԱՆՔ»:

Ադրբեջանի Հանրապետության կինոքարոզչության ներկա վիճակը, հնարավոր զարգացումները

Ադրբեջանական կինոյի ծնունդը համարվում է 1916թ. մայիսի 14-ը, երբ նկարահանվեցին երկու կարճամետրաժ ժապավեններ, չնայած որ ներկա Ադրբեջանում շատերը չեն ընդունում այս տարեթիվը, և 2008թ. նշվեց ադրբեջանական կինոյի 110 ամյակը1:

Խորհրդային միության փլուզումից հետո հայ-ադրբեջանական առանց այն էլ լարված հարաբերությունները թևակոխեցին արդեն ռազմական բախումների փուլ, որը վերաճեց պատերազմի Ադրբեջանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև. վերջինիս ամեն կերպ օգնում էր Հայաստան նորանկախ հանրապետությունը: Պատերազմական գործողություններն ավարտվեցին 1994թ. մայիսին` Ադրբեջանի պարտությամբ և պատմական հայկական հողերի մի մասի միավորմամբ:

Ադրբեջանի Հանրապետության կրած խայտառակ պարտությունը կարող էր վերջնականապես պառակտել «ադրբեջանցի ժողովրդի2» միասնականությունը, քանզի պարտվողի հոգեբանությունը թույլ չէր տալիս Ադրբեջանին զարգանալ, առաջ շարժվել։ Անհրաժեշտություն կար համոզելու, ցույց տալու ադրբեջանցիներին, որ դեռ ամեն ինչ կորած չէ և որ նրանք դեռ հաղթելու են հայերին: Այս նպատակին հասնելու համար Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը, որը ՊԱԿ նախկին գեներալ էր և լավ էր հասկանում քարոզչության ուժը հանրային արդյունավետ կառավարման մեջ, սկիզբ դրեց ադրբեջանական քարոզչական մեքենայի աշխատանքին ընդդեմ Հայաստանի:

Պատերազմից հետո մինչ օրս ադրբեջանական քարոզչամեքենան աշխատում է՝ մեծ ուժով ընդգրկելով իր մեջ տարբեր ուղղություններ` կեղծ ազգագրագիտությունից մինչև բնապահպանություն, պատմական փաստերի խեղաթյուրումից մինչև իսկ կեղծ «փաստերի» հիման վրա նկարահանված ֆիլմեր: Քարոզչական ֆիլմի վառ օրինակ է վերջերս Ադրբեջանում կայացած պատմության մեջ առաջին ադրբեջանական արտադրության քրեական մարտաֆիլմի ցուցադրությունը, ֆիլմը կոչվում է «Ընտրվածը» («Սեչիլմիշ»), պրոդյուսերն է ադրբեջանցի գործարար, ANS լրատվական ծառայության ղեկավար, իշխանական շրջանակներին մոտ կանգնած Վահիդ Մուստաֆաևը3: Ֆիլմը պատմում է այսօրվա ադրբեջանական քաղաքականության մասին, որտեղ չի շրջանցվել նաև հայկական թեման. ներկայացվում է, թե ինչպես հայկական հատուկ ծառայությունների կազմակերպած գործողությունը, որի նպատակն էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լիկվիդացումը, կասեցվում է «փառաբանված», «հաղթանակած» ադրբեջանական զինված ուժերի կողմից:

Ֆիլմի անվանման ընտրությունը ևս պատահական չէ, քանզի «Ընտրվածը» հենց ինքը` Իլհամ Ալիևն է, որն ընտրվել է «ազատ», «արդար», «ժողովրդավարական» ընտրությունների հիման վրա, պաշտպանում է ադրբեջանցիների շահերը, որը, բնականաբար, դուր չի գալիս Հայաստանի հատուկ ծառայություններին: Ֆիլմի նպատակն է՝ պահպանել ադրբեջանցիների մեջ թշնամու կերպարը ի դեմս հայերի, ներկայացնել Ադրբեջանի ներկա վարչակարգի հայրենասիրությունը և առաջացնում է խղճահարություն սեփական նախագահի նկատմամբ: Ավելացնենք միայն, որ ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմում է կես միլիոն դոլար:

Գեղարվեստական ֆիլմերից բացի, Ադրբեջանական քարոզչամեքենան ստեղծում է բազմաթիվ «փաստավավերագրական» ֆիլմեր, որոնք հիմնականում պատմում են Արցախյան պատերազմի արդյունքում փախստական դարձած ադրբեջանցիների, Հայաստանի հետ սահմանակից ադրբեջանական գյուղերի բնակիչների, վերջիններիս կողմից պատմվող «հայկական վայրագությունների», հայկական զինված ուժերի «անմարդկային» արարքների, նախկինում ադրբեջանցիների` հայերի հետ խաղաղ գոյակցման «փաստին» և այլն: Փաստավավերագրական կինոյի աստառի տակ թաքնված է ադրբեջանական կեղծ քարոզչությունը4։

Փաստավավերագրական ֆիլմերը ցուցադրվում են ոչ միայն Ադրբեջանում, այլև միջազգային փառատոններում ու կինոդիտումների ժամանակ։ Բազմաթիվ օրինակներից կարելի է ներկայացնել 2008թ. մայիսի 17-ին Լոնդոնի համալսարանի Արևելյան և աֆրիկյան ուսումնասիրությունների դպրոցում կազմակերպված Ղարաբաղին նվիրված հայկական և ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը5, կամ «Այն հեռավոր հարևան գյուղը» հայկական և ադրբեջանական նույնավերնագիր երկու ֆիլմերը6, Իրանա-ադրբեջանական «Ռաամի» («Raami») ֆիլմը, որտեղ ներկայացվում է պատերազմի արդյունքում փախստական դարձած ադրբեջանցիների դժվար կյանքը և նրանց վառ հիշողությունները7: Ադրբեջանում այսօր ևս շարունակվում է հակահայկական ֆիլմերի նկարահանումները, որը ֆինանսավորվում է ուղղակիորեն պետության կամ էլ իշխանական կլանին մոտ կանգնած անձանց կողմից:

Ադրբեջանը շատ կոշտ է պատասխանում արտասահմանյան անկախ լրատվամիջոցների ցուցադրած տեսանյութերին, վավերագրական ֆիլմերին, որոնք առնչվում են Արցախի կյանքի տարբեր դրվագներին. Շվեդական TV Chanel2 հեռուստաալիքը 2008թ. դեկտեմբերի 18-ին ցուցադրեց 1 ժամանոց հաղորդում Լեռնային Ղարաբաղի մասին, որտեղ ցուցադրվել է նաև Շուշին և նշվել, որ քաղաքը տուժել է ադրբեջանցիների գործողությունների արդյունքում։ Ի պատասխան սրա՝ ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը Շվեդիայում նախատեսում է հակահայկական ֆիլմի ցուցադրություն8: Ասվածի մեկ այլ օրինակ կարող է լինել ռուսական HTB հեռուստաընկերության «Աշխարհի բանակները» հաղորդաշարի ընթացքում պատրաստված ԼՂՀ պաշտպանության բանակի մասին պատմող տեսանյութը, որտեղ վերջինս ներկայացվում է որպես ամենամարտունակը տարածաշրջանում և խոսվում է նույնիսկ նախկին ԽՍՀՄ բանակի համեմատ վերջինիս գերազանցության մասին: ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան կողմից իրականացրած քայլերի «շնորհիվ» ֆիլմը չհեռարձակվեց, այն ցուցադրվեց ՀՀ-ում:

ԼՂՀ մասին փաստավավերագրական ֆիլմեր են նկարահանվել շատերի կողմից, օր.` 2006թ. մի խումբ գերմանացի լրագրողներ նկարահանում էին ֆիլմ ԼՂՀ-ի մասին, որտեղ օգտագործվել են նաև փաստավավերագրական նյութեր պատերազմական գործողությունների մասին9:

Թուրքիայի Հանրապետության կողմից իրականացվող կինոքարոզչությունը Հայոց ցեղասպանության պատմական փաստի ժխտման տեսանկյունից

Թուրքիայի պարագայում վիճակը մի փոքր այլ է, եթե համեմատելու լինենք Ադրբեջանի հետ. 20-րդ դարասկզբում իրականացրած հայոց ցեղասպանության արդյունքում հարյուր հազարավոր հայեր արտագաղթեցին երկրից` ստեղծելով հոծ համայնքներ աշխարհի տարբեր երկրներում։ Նրանցից շատերը նվիրվեցին այդ ոճրի լուսաբանմանը` թողնելով մեծ ազդեցություն օտար կինոարտադրողների վրա: Հայաստանի անկախացումից հետո, երբ Սփյուռքի պահանջատիրությանը զուգահեռ հանդես եկավ նաև անկախ Հայաստանը (հատկապես 1998թ.-ից), Թուրքիայի դժվարին միջազգային դրությունը ստիպեց վերջինիս իր քարոզչական նպատակների համար օգտագործել հակահայկական, կեղծ կամ ուռճացված փաստեր պարունակող գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր10, որոնց նպատակն էր հայոց ցեղասպանության հայկական, արդարացի պնդումների հերքումը ֆիլմերի միջոցով:

Թուրքական վավերագրական ֆիլմերից ամենից հայտնին «Նորահարս կամ Դեղին հարսնացու» («Sarı Gelin») ֆիլմն է, որում ներկայացվում է Հայոց եղեռնի մեկնաբանությունների հետ կապված թուրքական պաշտոնական տեսակետը: Թուրքիան անցել է նաև գեղարվեստական ֆիլմերի նկարահանումներին, որոնք ուղղված են հայոց ցեղասպանության փաստը ժխտելուն և թուրքական պաշտոնական տեսակետն ամրապնդելուն: Այդպիսի գեղարվեստական ֆիլմերից մեկը` 2008թ. «Փոստա Ֆիլմ» կինոարտադրության կողմից նկարահանված «120» վերնագրով գեղարվեստական ֆիլմն է, որի ռեժիսորներն են Մուրադ Սարաչօղլուն և Օսհան Էրեն: Ֆիլմը պատմում է 1914-1915թթ. Վան քաղաքում ապրող թուրք «խաղաղ» բնակչության և «ահաբեկիչ» հայերի մասին, և թե ինչպես Էրզրումը պաշտպանող թուրք զինվորներին զենք հասցնելու նպատակով 120 թուրք պատանիներ և երեխաներ դուրս են գալիս Վանից, ճանապարհին նրանց վրա հարձակվում են հայերը, բայց «ամենահաս» թուրք զինվորները օգնության են հասնում և փրկում երեխաներին: Ֆիլմում բանեցվում է ժամանակակից քարոզչության մեջ օգտագործվող արդյունավետ շատ հնարքներ.

Ֆիլմում նկարահանված է շիկահեր և գեղեցիկ կին` թրքուհի, որը դժբախտանում է հայերի պատճառով, իսկ այն, որ շիկահեր կնոջ գործոնն ավելի ազդեցիկ է դարձնում քարոզչությունը, հանրահայտ է:

  • Ֆիլմում հայերը փորձում են սպանել թուրք երեխաների, իսկ անպաշտպան երեխաների գործոնը ևս ունենում է հոգեբանական լուրջ ազդեցություն ֆիլմը դիտողի մոտ:
  • Ֆիլմը ներկայացված է այնպես, թե թուրքերը ցանկանում էին պաշտպանել իրենց հայ քաղաքացիներին, թուրքական ավազակախմբերի հարձակումներից, բայց սկսված պատերազմի արդյունքում «ավելի ապահով» վայրեր «տեղափոխվող» հայ տեղահանվածներ չէին գիտակցում «բարի» թուրքերի կողմից արվող նախազգուշացումների լրջությունը:

Ֆիլմում հայերը ներկայացված են որպես դավաճաններ, քանզի պաշտպանում էին Թուրքիա մտած ռուսական զորքերին: Եթե դրան էլ գումարենք ֆիլմում ներկայացված թուրքական «լավ» վերաբերմունքը հայերի նկատմամբ, ապա հայերի «դավաճանությունն» օտարի աչքով իրոք անընդունելի ու դատապարտելի կդառնա:

2006թ. մայիսին հայկական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունում տարածվում է «Հայերի կողմից իրականացված թուրքական ցեղասպանությունը» 70 րոպեանոց ֆիլմը11:

Քարոզչական թանկարժեք ֆիլմեր ներկայացնելուց բացի, Թուրքիայում ամեն կերպ խոչընդոտում են հայկական ցեղասպանության մասին պատմող կամ այդ մասին ակնարկող ֆիլմերի ցուցադրությունը Թուրքիայում և մասամբ նաև նրա սահմաններից դուրս12:

Թուրքիան աշխատում է նաև մեկ այլ մարտավարությամբ` փորձեր է արվում հայկական և թուրքական համատեղ կինոարտադրություն սկսել, նկարահանվում են համատեղ ֆիլմեր, կազմակերպվում համատեղ ցուցադրություններ, սեմինարներ, որի նպատակը կամ նպատակներից մեկը կարող է լինել Հայ կինոքարոզչության ներուժի թուլացումը, հայի զգոնության բթացումը13:

Հայկական կինոն պատմական փաստերի ներկայացուման միջոց

Հայկական կինոն` որպես պատմական փաստերի ներկայացման միջոց, կարելի է բաժանել երկու մասի. Սփյուռքի ջանքերով և Հայաստանում նկարահանված ֆիլմեր: Երկու դեպքում էլ կան բավական լուրջ հաջողություններ, սակայն գոյություն ունեցող և նկարահանվելիք ֆիլմերի մեծագույն մասն ուղղված է 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում իրականացված հայերի ցեղասպանության ներկայացմանը: Այսօր հայությունը պայքարում է տեղեկատվական այս ճակատում միանգամից երկու տեսանելի ախոյանների` Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, ըստ այդմ էլ կարիք կա ուղղելու ռեսուրսների մի մասը նաև Ադրբեջանի կողմից ծավալվող կինոքարոզչության դեմ:

Ցեղասպանության մասին պատմող առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստանն» է, հուշագրության հիման վրա 1918թ. Կալիֆոռնիայում նկարահանված «Հոգիների աճուրդև» («The Auction of Souls») համր ֆիլմն է ռեժիսոր` Օ.Ափֆել: Ամերիկյան Մետրո Գոլդվին Մեյեր կինոընկերությունում նկարահանված ֆիլմը ցուցադրվում է ԱՄՆ-ի 23 նահանգներում, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում և բերում 30 մլն. դոլարի շահույթ14:

ՀԽՍՀ-ում ժամանակի ընթացքում նկարահանվեցին ֆիլմեր, որտեղ ակնարկվում էր Հայոց ցեղասպանության մասին` «Նահապետը» (1977թ.), «Ձորի Միրոն» (1979թ.)… Սակայն Խորհրդային Հայաստանի տարիներին նկարահանված ֆիլմերում ներկայացվում էր նաև «ժողովուրդների բարեկամությունը», օրինակ` «Դավիթ Բեկը» ֆիլմում ակնարկվում է ադրբեջանցի իշխանի մասին, որը, իբր, իր զորքով պատրաստ էր օգնելու հայերին, իսկ որ 1722-28թթ. շատ հետո «ադրբեջանցի» տերմինը մտավ շրջանառության մեջ, փաստ է15: Այսինքն՝ խորհրդային կինոն խրախուսում էր հայ-ադրբեջանական «եղբայրությունը», որը հեռու էր իրականությունից: Ցեղասպանության մասին պատմող ֆիլմերից կարելի է նշել 1985թ. Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյան) ինքնակենսագրական վեպի հիման վրա 1991թ. նկարահանած «Մայրիկ» ֆիլմը, որը պատմում է Եղեռնից փախած և Ֆրանսիայում ապաստանած հայ գաղթական ընտանիքի մասին, ֆիլմում ներկայացված են նաև ցեղասպանության մասին պատմող կադրեր:

1981թ. ամերիկահայ ռեժիսոր և պրոդյուսեր Քյորքշյանը նկարահանեց «Մուսա լեռան 40 օրը» ֆիլմը, ավստրիացի գրող Ֆրանս Վերֆելի համանուն վեպի հիման վրա: 1982թ. Գերմանիայում (ԳՖՀ) նկարահանվեց Սողոմոն Թեհլերյանի մասին պատմող գեղարվեստական ֆիլմ, որը կոչվում էր` «Առաքելություն ի Բեռլին»16։ Ժամանակակից ֆիլմերից կարելի է առանձնացնել վերը հիշատակված կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ», իտալացի Վիկտորիո և Անտոնիո Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը», Ռ.Քեշիշյանի «Արամ» ֆիլմերը, որոնք, որպես ֆիլմ, համապատասխանում են միջազգային կինոարտադրության բարձր չափանիշներին: Շատ կան նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմեր, որոնցից կարելի է առանձնացնել 1971թ. նկարահանված «Ազգի սիրտը», ռեժիսոր` Թուլխանյան, Ռոսսիի` «Հայկական ջարդեր» (1988թ.), Հակոբյանի` «Ուր է իմ ազգը», Կարլա Կարապետյանի` «Ճչացողները» և այլն: Հայոց եղեռնի մասին պատմող ֆիլմեր ստեղծվել են աշխարհի շատ երկրներում` Կանադա, Շվեդիա, Իրան, Լիբանան…, ցուցադրվում են աշխարհի հեղինակավոր կինոփառատոններում, արժանանում մրցանակների17:

Ինչ վերաբերում է պատմական արդարության գործում Ադրբեջանին տրվելիք կինոպատասխանին, ապա այստեղ գործերը, մեղմ ասած, այդքան էլ դյուրին չեն ընթանում։ Արդեն հիշատակված ադրբեջանական կինոքարոզչությունը պասիվանալու միտումներ չի դրսևորում, և եթե 1915թ. ցեղասպանությունը լուսաբանող ֆիլմերի որակը և քանակն այս պահին բավարար է, ապա արցախյան ճակատում անելիքները դեռ շատ են։ Չկա Արցախի պատերազմը լուսաբանող, ներկայացնող հանրահայտ ֆիլմ, որի մասին խոսեր ողջ աշխարհը, ինչպես խոսեցին ցեղասպանությանը վերաբերող մի շարք ֆիլմերի պարագայում, իհարկե, ցեղասպանությունը և Արցախի պատերազմը տարբերվում են միմյանցից թեկուզ միայն զգայական, հայության կրած մարդկային և նյութական կորուստների տեսանկյունից։ Սակայն հաշվի առնելով ադրբեջանական ագրեսիվ քարոզչությունը և դրանից եկող հնարավոր վտանգները՝ խիստ անհրաժեշտ է նաև կինոքարոզչության «Արցախյան» ճակատի ուժեղացումը:

Հայաստանի հնարավոր պատասխանը հակահայկական կինոքարոզչությանը

Տեղեկատվական տարածման տեսանկյունից հայկական կինոն միակողմանի է զարգացած, այնինչ անելիքները շատ են հատկապես ադրբեջանական կինոքարոզչությանը դիմակայելու տեսանկյունից։ Այս իմաստով կարելի է ներկայացնել համատեղ ֆիլմ, որը հարված կլինի և՛ ադրբեջանական, և՛ թուրքական կեղծ կինոքարոզչությանը, այլ կերպ ասած` իրական պատմական փաստերի էկրանավորման միջոցով արժանի հակահարված տալ:

Հաշվի առնելով հայ ժողովրդի հարուստ պատմական ժառանգությունը` կարելի է նկարահանել Ֆիլմ 450-451թթ. հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի` Վարդանանց պատերազմի մասին:

Պատմական այդ ժամանակահատվածի մասին առկա փաստերը բավական շատ են։ Բացի այդ, վաղ միջնադարի այդ իրադարձությունները պատմում են հայ ժողովրդի մղած սուրբ` գաղափարական պայքարի մասին: Վարդանանց մասին գիտի յուրաքանչյուր հայ, իսկ եթե ներկայացվի միջազգային հանրությանը, հայի մասին դրական կերպար կստեղծվի, որոշ դեպքերում էլ առաջին անգամ կլսվի հայի մասին: «Վարդանանք» նկարահանելու համար կա հետևյալ հիմնավորումները.

  • Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պահպանել է պատերազմի բոլոր մանրամասները, որը ֆիլմը կդարձնի պատմականորեն հիմնավորված,
  • 450-451թթ. հանդիսանում են հայ ժողովրդի պատմության միջնահատվածը, իսկ ֆիլմում էլ առկա կլինի մեր դարավոր պատմության մասին տեղեկություններ, որը ցույց կտա մեր` հնագույն ժողովուրդ լինելու փաստը,
  • Ֆիլմում կներկայացվի այդ ժամանակաշրջանի քաղաքական քարտեզը, որով ցույց կտրվեն մեր հարևան պետությունները (այստեղ անհրաժեշտ է օգտագործել հատկապես օտար աղբյուրներ),
  • Ֆիլմը կարող է ներկայացվել որպես «կրոնական ազատությունների» պայքարի առաջին օրինակ համաշխարհային պատմագրության մեջ,
  • 450-451թթ. ազգային պայքարի առանձնահատկությունն այն է, որ դժվարագույն իրավիճակում գտնվող հայ ժողովուրդը, որը հույսը դրել էր միայն սեփական ուժերի վրա, կարողացավ դիմակայել այդ ժամանակաշրջանի գերտերություններից մեկին` Պարսկաստանին: Այս փաստի լուսաբանումը դրական մեծ ազդեցություն կունենա հայ ժողովրդի ներկա սերնդի վրա,
  • Ֆիլմը ցույց կտա նաև հայ հոգևոր և աշխարհիկ իշխանությունների անքակտելի կապը, դրանց պահպանման անհրաժեշտությունը նաև այսօր։ Վերնագիրը կարող է լինել «Վարդանանք», այն պետք է նկարահանվի ներկա միջազգային կինոարտադրության բոլոր չափանիշներին համապատասխան,
  • Ստեղծման համար պետք է ծախսել մեծ գումարներ, որպեսզի այն լինի իսկապես միջազգային մակարդակի և տարածում գտնի, ինչպես օրինակ «Խիզախ սիրտը», «Երկնային արքայութուն», «Վերջին սամուրայը», «Քոչվորը» ֆիլմերը, որոնց միջոցով աշխարհում իմացան շոտլանդացիների, ղազախների, արաբների, ազատագրական պայքարների մասին,
  • Ֆիլմը պետք է հավակնի «Օսկար»-ի, գոնե զանգվածային տեսարանների համար նոմինացիայում, որը կարելի է ստանալ բուն Ավարայրի ճակատամարտը նկարահանելու ժամանակ18,
  • Պետք է հանդես գան հայտնի դերասաններ արտերկրից,
  • Ռեժիսոր կարող է լինել արտասահմանցի, որը կունենա նմանատիպ ֆիլմերի նկարահանման փորձ,
  • Նկարահանման համար կարելի է ներգրավել սփյուռքի հայերի, օրինակ` ազգային հերոս Քըրք Քըրքորյանին, որն արդեն ունի նմանատիպ ձեռնարկների լուրջ փորձ,
  • Ֆիլմը պետք է հետապնդի շահույթ, այսինքն՝ բոլոր առումներով լինի միջազգային չափանիշներին համապատասխան և ներգրավի իր մեջ նաև այլ շահագրգիռ սուբյեկտների,
  • Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել Վարդան Մամիկոնյանի` Աղվանք կատարած արշավանքին և հոների հետ կնքած դաշինքին19:

Ֆիլմը կունենա նաև միջազգային քաղաքական աջակցություն, հատկապես Իրանի հանդեպ վատ տրամադրված երկրների շարքում, հիշենք «300 սպարտացիները» ֆիլմը, որը բացահայտ քաղաքական ենթատեքստ ստացավ` պաշտպանվելով ԱՄՆ-ի կողմից: Իսկ Իրանին սիրաշահելու համար կարելի է ֆիլմի վերջում ներկայացնել Հայ-իրանական ներկա լավ հարաբերությունները` որպես անցյալում և ներկայում կոնֆլիկտներ ունեցող ժողովուրդների համար լավ օրինակ: Այս գաղափարի իրագործման համար անհրաժեշտ կլինի ներդնել հսկայական ջանքեր, սկսած ֆինանսական միջոցներից մինչև քաղաքականը, սակայն այն կարող է մեզ տալ շատ ավելին՝ ներկայանալով ոչ միայն որպես գերժամանակակից հայկական կինո, այլև հայապահպան նշանակություն ունենալ հատկապես սփյուռքում, քանզի այն կհանգեզնի համատարած ոգևորության և նոր ձեռնարկների մշակման, իսկ քարոզչական ճակատում մեզ կտա հետևյալը.

  • Ադրբեջանի կողմից պատմական փաստերի խեղաթյուրման կանխում,
  • Ֆիլմի միջոցով տարբեր երկրներում կծանոթանան մեր պատմությանը և մշակույթին,
  • Կհիմնավորի նաև հայերի պահանջատիրությունը և շատերի համար ավելի պարզ կդառնա մեր էթնիկ կապվածությունը Հայկական լեռնաշխարհին։

Ֆիլմի հնարավոր հետևանքները

  1. Հայաստանում և Սփյուռքում կառաջանա ոգևորության մեծ ալիք։ Անընդհատ նկարահանվել են ցեղասպանության մասին պատմող բարձրորակ ֆիլմեր, իսկ հայ ռազմական նախկին հզորության մասին բարձրորակ ֆիլմեր չկան:
  2. Ավարայրի ճակատամարտի նկարահանումները կվերածվեն իսկական համաժողովրդական տոնի, կամրապնդվի ազգային գիտակցությունը, յուրաքանչյուրը կսկսի գիտակցել իրեն որպես ընդհանուրի մասնիկ:
  3. Հայաստանի Հանրապետությանը մասամբ սպառնացող տնտեսական համաշխարհային ճգնաժամը կարելի կլինի հաղթահարել ավելի դյուրին, առանց հոգեբանական ավելորդ լարվածության և զուտ վատատեսական տրամադրությունների: Տնտեսական ճգնաժամը ազդում է այնքանով, որքանով ուժեղ է հոգեբանական ճգնաժամը ազգի ներսում:
  4. Համընդհանուր ոգևորությունը թույլ կտա իրականացնել արմատական բարեփոխումներ, որոնք սովորական պայմաններում կառաջացնեին լուրջ դժգոհություններ տարբեր խավերի շրջանում: Օրինակ` «Հոգեորսություն» տերմինի իրավաբանական սահմանում տալն ու խիստ սանկցիաների ամրագրումը:

Եզրակացություն

Ամենաարդյունավետ քարոզչաձևերից մեկի` կինոքարոզչության ադրբեջանա-թուրքական հարձակումներից պաշտպանվելը և հակահարված տալու անհրաժեշտությունն ուղղակիորեն բխում է Հայաստանի Հանրապետություն արտաքին և ներքին անվտանգությունը երաշխավորելու պահանջից, քանզի առկա են օտար շրջանակներում հայկական հարցի խեղաթյուրված ընկալման վտանգը, հայության շրջանում հակահայկական քարոզչական խայծերի յուրացումը։

Ներկա իրավիճակը մեզ ստիպում է մտածել քարոզչական ճակատում տիրող ոչ այնքան հայանպաստ իրավիճակից դուրս գալու մասին։ Փաստն այն է, որ թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան ամեն գնով փորձում է ապատեղեկատվություն տարածել հայ ժողովրդի պատմության, քաղաքական ու մշակութային անցյալի մասին, և իրենց նպատակին հասնելու համար օգտագործում են նաև կինոն: Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպի հիման վրա նկարահանվելիք ֆիլմը կարող է ուժեղ հակահարված տալ թուրք-ադրբեջանական հակահայկական քարոզչությանը և միևնույն ժամանակ աշխարհին ներկայացնել քրիստոնյա, հայրենասեր, խաղաղասեր հայի կերպարը:

«Վարդանանք» ֆիլմի հնարավոր նկարահանումները կարող են ներգրավել ներդրողների։ Հաշվի առնելով տնտեսական ճգնաժամը և հնարավոր ցնցումները՝ անհրաժեշտ է ժողովրդին հոգևոր արժեքներ մատուցել, հնարավորություն տալ մտածելու և վերիմաստավորելու իր անցյալը, վերադառնալու արմատներին: Միայն հոգևոր արժեքների քարոզմամբ է, որ կարելի է հասնել ցանկալի արդյունքի պետության արդյունավետ կառավարման համար: Ֆիլմը հնարավորություն կտա աշխարհին ցույց տալ նաև մեր միջնադարյան պատմիչների իրական պատմագիրներ լինելը, այլ ոչ թե հայոց պատմության հորինողներ, ինչպես նշվում է արևմտյան ներկա պատմագրության մեջ: Արդեն խոսվում է Հոլիվուդում Ավարայրի ճակատամարտը պատկերող ժամանակակից ֆիմի նկարահանման մասին, որը կոչվելու է «Բյուզանդիայից արևելք» և որի նկարահանմանը մասնակցելու են հայտնի հոլիվուդյան դերասաններ20: Կարևորն այն է, որ ֆիլմը կարողանա իր մեջ ներառել վերը թվարկված սկզբունքները, բացի այդ, համահայկական բնույթ տալու համար անհրաժեշտ է Ավարայրի ճակատամարտը նկարահանել Հայաստանի Հանրապետությունում, հակառակ դեպքում այն չի ունենա ցանկալի արդյունքը:

Հիշեցման կարգով ասենք, որ «Վարդանանք» պատմավեպը Դերենիկ Դեմիրճյանի կողմից գրվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին և ուղարկվել ռազմաճակատում կռվող հայ զինվորներին՝ բարձրացնելով նրանց մարտական ոգին ու մղելով նորանոր սխրանքների։ Պատմական այս ժամանակաշրջանի ներկայացումն ապացուցել է իր արդյունավետությունը, իսկ ներկա իրավիճակը քիչ է տարբերվում 1940-ականներից, միայն թե զենքի պատերազմ առայժմ չկա, իսկ թշնամին գերմանական ֆաշիզմը չէ:

1Տես` www.newsazerbaijan.ru 28.06.08թ.։

2Որպես ժողովուրդ ադրբեջանցիները դեռ չեն ձևավորվել, այդ երկրում ապրում են լեզգիներ, թալիշներ, հրեաներ, ռուսներ, քրդեր, թուրքեր…, որոնցից յուրաքանչյուրն ունի հստակ ազգային գիտակցություն, մշակույթ, լեզու, իսկ նրանց միավորում է միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի լինելու փաստը:

3Տես` http://www.natnews.info 26.11.08թ.։

4Իհարկե, կարելի է ընդունել, որ փախստականների վիճակը ծանր է և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, իսկ ավելացնելով այն հանգամանքը, որ նավթադոլարներով հպարտացող Ադրբեջանի ղեկավարները ռազմական բյուջեն ավելացնելու փոխարեն կարող են մշտական բնակատեղիներով ապահովել պատերազմի արդյունքում փախստական դարձածներին, կարող է ինտենսիվորեն օգտագործվել հայկական քարոզչության կողմից:

5Տես` http://www.mfa.am

6 Տես` http://www.a1plus.am/amu/ 13.05.2006թ.:

7 Տես` www.azg.am

8Տես` http://www.nt.am 27 դեկտեմբերի:

9Տես` http://panarmenian.net/news/arm 23.06.06թ.։

10Հայոց եղեռնը հերքող թուրքական ամենից հայտնի ֆիլմերից են` «Հաղթանակի ճամփաներով», «Լեռնային լեգենդ», «Արյուն քարի վրա», «Այրվող շապիկ», «Ազգն արդեն արթնանում է», «Զուլում»… ֆիլմերը, որոտեղ հիմնականում դեպքերը ներկայացված են թուրքերի ազգային ազատագրական պայքարի տեսանկյունից՝ ներկայացնելով հայերին որպես դավաճաններ:

11Տես` http://www.azg.am 20.05.06թ.։

12Խոսքը վերաբերում է հատկապես ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմին, որը Թուրքիայում ցուցադրվեց մեծ դժվարությամբ «Կանալ Թուրք» հեռուստաընկերության կողմից: Մյուս ֆիլմը, որն ուժեղ դիմադրության հանդիպեց Թուրքիայում, իտալացի Վիկտորիո և Անտոնիո Տավիանի եղբայրների նկարահանած «Արտույտների ագարակը» գեղարվեստական ֆիլմն էր:

13Վերջին տարիներին շատ են ավելացել հայ-թուրք-ադրբեջանական, այսպես կոչված, շփումները տարբեր ձևաչափերով, այդ թվում և կինոյի բնագավառում։ «Ոսկե Ծիրան» ամենամյա փառատոնի շրջանակներում ցուցադրվում է թուրք-ադրբեջանական ֆիլմեր, մամուլում հաճախ հանդիպում են «Հայ-թուրքական (ադրբեջանական) հաշտություն», «Վավերագրական ֆիլմերը կոնֆլիկտների լուծման միջոց»`http://www.panorama.am, «Քեֆ են անում հայերը, ադրբեջանցիները, վրացիները և լատվիացիները` http://www.panorama.am 11.11.08. և այլ վերնագրեր պարունակող նյութեր, որոնք կարող են հայ երիտասարդի մոտ թշնամու կերպարի թյուրըմբռնման տեղիք տալ, մտածել, թե թուրքերը և ադրբեջանցիները խաղաղություն են ուզում: Հիշեցման կարգով ասենք միայն, որ հային կոտորողը թուրք-ադրբեջացի ռեժիսորները չէին, այլ հասարակ թուրքը, իսկ նրանց ներկա սերունդը քիչ է տարբերվում ցեղասպան սերնդից:

1430 մլն. ամերիկյան դոլարը Near East Relief կոմիտեն տրամադրում է Սիրիայում որբացած հայ երեխաներին փրկելու ծրագրին և հաջողվում է փրկել շուրջ 100 000 կյանք: Տես` «Ազգ» օրաթերթ, 11 դեկտեմբերի:

15Խոսքը գնում է այսօրվա ադրբեջանցիների մասին, որոնք ոչ մի կապ չունեն տարբեր աղբյուրներում նշվող ատրպատականցիներ, ադիրպատականցիներ, ադրբեիջանիների հետ:

16Տես` http://araxmag.blogspot.com

17Տես` http://hayasapress.blogspot.com 07.04.08թ. http://www.yerkir.am 30.04.07թ. http://www.panarmenian.net 09.21.07թ…

18Կազմակերպել համազգային միջոցառում, ինչպես, օրինակ, 2005թ. մայիսի 28-ի շուրջպարն էր:

19Թուրք-ադրբեջանական քարոզչությունը փորձում է ամեն կերպ ներքաշել Հս. Կովկասի ժողովուրդներին հակահայկական պայքարի մեջ։ Սրանով մենք կկարողանանք ցույց տալ, որ հայերը և Հս. Կովկասի ժողովուրդները հնում բարեկամներ են եղել:

20Տես` http://www.eastofbyzantium.com


http://www.noravank.am/am/?page=analitics&nid=1694

Aucun commentaire: