Վրացիները Թուրքիայի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել պատմական հայկական Տայք նահանգի (ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևելյան ծայրամաս) հայկական եկեղեցիները վերանորոգելու համար: Մի շարք հուշարձանների վերականգնումը արդեն սկսվել է: Այլ հուշարձանների համար չափագրական աշխատանքներ են արվում, որից հետո վերականգնման նախագծեր կստեղծվեն: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ՀՀ մասնաճյուղի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ այս խնդրին:
Նա նշեց, որ վրացիների հավակնությունները դրսևորվել են դեռ ԽՍՀՄ-ի սկզբնական տարիներից, ընդ որում` ոչ միայն պաշտամունքային, այլև աշխարհիկ հուշարձանների նկատմամբ: Օրինակ` վրացիներին հաջողվել է հասնել նրան, որ 1953 թ. Մոսկվայում հրատարակված և ամբողջ աշխարհի կամուրջներին նվիրված աշխատության մեջ գրվի, թե «վրացական կամուրջներ են կանգուն ներկայիս Թուրքիայի Արդվին քաղաքի մոտ, Ճորոխ գետի վրա», և թվարկվեն Տայքի հայկական կամուրջները:
Սամվել Կարապետյանի համոզմամբ` այս աշխատության հեղինակը ոչ թե դիտավորյալ է ապատեղեկատվություն գրել, այլ սա վրացիների աշխատանքի հետևանքն է, քանի որ նույն աշխատության մեջ` հայկական կամուրջներին նվիրված բաժնում, նշվում են, օրինակ, Նախիջևանի գյուղերի, Ջուղայի կամուրջները:
«Սա մասնագետների խնդիրը չէ միայն, որովհետև մասնագետները կամ թե իշխանությունները վերջապես դուրս են գալիս ժողովրդի ծոցից: Եվ հայ իրականության մեջ մենք չենք էլ ունեցել և այսօր չունենք ազգային հասարակություն: Վրացիների մոտ միշտ հակառակն է եղել»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Նա հավելեց, որ արդեն 20 տարի է` Թիֆլիսում լույս է տեսնում «Արտամուջի» գիտական հանդեսը, որում ներկայացվում են վրացիների կատարած բազմաթիվ գիտարշավները` չափագրություններով, լուսանկարներով: Սամվել Կարապետյանն ընդգծեց, որ նման գիտարշավներ կազմակերպելը դժվար է, քանի որ Տայքն ունի դժվարամատչելի բնաշխարհ, խիստ կտրտված ռելիեֆ, հիմնականում անտառապատ է, և 1-2 կմ անցնելը կարող է մեկ օր տևել:
Սամվել Կարապետյանի խոսքերով` Տայքի հայկական եկեղեցիների նկատմամբ վրացիների հավակնությունները հին պատմություն ունեն: Դավիթ Կյուրապաղատի օրոք Տայքը, Բյուզանդիայից հովանավորություն ստանալու ակնկալիքով, ընդունել է հունադավանություն և մտել բյուզանդածես եկեղեցու թևի տակ: Նույն ժամանակ ամենայն հայոց կաթողիկոսությունը մերժում էր այն գավառներին, որոնց հայ բնակչությունը ընդունում էր հունադավանություն` քաղկեդոնականություն:
«Բյուզանդիան շատ հեռու էր` տիրություն անելու համար, Վրաստանը` շատ մոտիկ, որ բյուզանդածես եկեղեցու հետևորդ էր 7-րդ դարի սկզբից: Միանգամից, ինչպես անտեր ոչխարներ, հայտնվում էին վրաց եկեղեցու հոգածության ներքո, որը միացնում էր իր թեմերին: Տայքի հայ քաղկեդոնականները վրաց եկեղեցու թեմերի մեջ լուծված են եղել: Սա շատ կարևոր հանգամանք է: Եվ այդ պատճառով, օրինակ, 10-13-րդ դարերի եկեղեցիների վիմագրությունը` արձանագրությունները, հիմնականում վրաց մեսրոպատառ է»,- ասաց հուշարձանագետը:
Նա նշեց, որ հայերը քաղկեդոնականության անցնելու ժամանակ արդեն 500 տարվա դպրության փորձ ունեին, և երբ սկսեցին գրել վրաց մեսրոպատառ գրերով, «դպրության ասպարեզում իմացության շտեմարանը իրեն զգալ է տվել»: Օրինակ` Տայքի Իշխան գյուղի եկեղեցում կան և’ վրաց մեսրոպատառ, և’ հայերեն արձանագրություններ: «Հայերը նաև հայերեն էին դեռևս արձանագրում, բայց վրաց եկեղեցու թեմերի մեջ լուծված լինելով` վրաց եկեղեցու կամքը պիտի կատարեին, և պաշտոնական գիրը պարտադրված ձևով վրացերենն էր»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Նա նշեց, որ Տայքի վրաց մեսրոպատառ արձանագրությունները «շատ անգրագետ են», լեցուն սխալներով, որոնք որևէ վրացի չէր անի: Սրանից ակնհայտ է դառնում, որ արձանագրութունների հեղինակները ոչ թե վրացիներ են, այլ քաղկեդոնականություն ընդունած հայեր: «Այս հողի վրա, երբ դարերի հեռավորությունից նայում ենք, պարզ է դառնում, որ այնպես չէ, որ վրացիները ընդհանրապես հիմք չունեն»,- ասաց հուշարձանագետը:
Նա նշեց, որ իր անաչառ ուսումնասիրություններով հայտնի ճարտարապետ, արվեստաբան Տոկարսկին կարծիք է հայտնում, որ Տայքի ճարտարապետությունը ո’չ հայկական է, ո’չ վրացական և ո’չ էլ բյուզանդական, այլ այդ երեք մշակույթի միաձուլումն է:
Սամվել Կարապետյանն ասաց, որ հայ իրականության մեջ Տայքի հուշարձաններին նվիրված աշխատություն («Խորագույն Հայքի հուշարձանները») գրել է միայն մեկ գիտնական` ճարտարապետ Տիրան Մարությանը:
«Անցել է այսքան տարի, բացի այդ գրքի ռուսերեն թարգմանությունից, որ նույնպես դժվարությամբ հաջողեց նույն հեղինակը, մենք ոչ թե Տայքի, ՀՀ-ի հուշարձանները չենք ճանաչում»,- ասաց հուշարձանագետը:
Որպես հայ իրականության հակապատկեր` նա բերեց վրացիների օրինակը: Տարիներ շարունակ Տայքի գյուղերում վրացի 200 ուսուցիչ վրացերեն, գրականություն և պատմություն են սովորեցնում այն «վրացիներին», որոնք 300-400 տարի առաջ մահմեդականություն են ընդունել, չգիտեն, որ ծագումով վրացի են եղել, և վրացերենի բացարձակապես չեն տիրապետում:
«Վրացիները հարձակվել են, հորդայի պես լցվել են ամբողջ Տայք` ուսուցիչներ: Քահանաներ շրջիկ` որքան ասեք: Վրացական տարբեր հեռուստաալիքներ բացեք, ինչքան ֆիլմեր են հանում, իբր «վրացիների են հայտնաբերում, խոսում են, իբր սրանք հուզվում են, լաց են լինում»: Ամբողջ եթերը լցված է նման նյութերով: Օրուգիշեր ազգային հողի վրա աշխատանք է տարվում»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Նրա համոզմամբ` ազգային հարցերում հայերի կեցվածքը «համեմատելի չէ վրացիների կեցվածքի հետ»:
Սամվել Կարապետյանն ասաց, որ վրացիները որպես վրացական են ներկայացնում Տայքի բոլոր հայ քաղկեդոնական գլուխգործոցները և վրացական բոլոր քարտեզներում Տայքը ներկայացնում որպես Վրաստանի մաս: Օրինակ` Տայքի Բանակ գյուղի տաճարը վրացիները կոչում են Բանա` համարելով իրենցը: Սակայն տեղաբնիկ թուրքերը Բանակը Քենեկ են կոչում, այսինքն` կ-ն պահպանել են:
Սամվել Կարապետյանը երեք տարի առաջ եղել է Տայքում: Հայկական Օշկի վանքի պահակը հուշարձանագետին ասել է, թե «տաճարը վրացական է»: Վանքի մուտքի մոտ թուրքերեն, անգլերեն և վրացերեն լեզուներով ցուցանակ է եղել: «Երբեք չմտածեք, որ թուրքերը իրենք իրենց կամքով վրացերեն էլ գրեցին: Այսինքն` վրացին հասնում է դրան: Իսկ մենք ե՞րբ պայքարեցինք, որ Ախթամարում ցուցանակներում լինի նաև հայերեն, ու չեղավ»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Իսկ ահա Իշխան գյուղի տաճարի կողքին ապրող պահակը Սամվել Կարապետյանին ասել է, որ «վերջին տարիներին են իրենք իմացել, որ եկեղեցին վրացական է: Մինչև դա ասում էին` հայկական վանք»: Հայկական եկեղեցիներին տեղացիները «վանք» են ասում, և ոչ թե «էգլեսիա», ինչպես վրացիներն են ասում եկեղեցուն:
Սամվել Կարապետյանն ասաց, որ ներկայումս ընթանում են 1215 թ. կառուցված Անիի Տիգրան Հոնենց եկեղեցու վերականգնողական աշխատանքները` վրաց ճարտարապետների և խորհրդատուների մասնակցությամբ:
«Սկսել են Տիգրան Հոնենցից, որովհետև Տիգրան Հոնենցը ներսում ունի վրաց մեսրոպատառ արձանագրություններով որմնանկարներ»,- ասաց Սամվել Կարապետյանը: Նա հավելեց, որ վրացիներն անտեսել են այն, որ եկեղեցու հարավային ճակատին 40-50 տողանոց հայերեն վիմագրեր կան:
Տիգրան Հոնենցը կառուցվել է որպես հայ առաքելական եկեղեցի, սակայն մի շրջան փոխանցված է եղել Անիի քաղկեդոնական համայնքին: Սա բավարար է վրացիների համար, որ եկեղեցին «վրացական» համարեն: «Կծավալվեն, էս ձևով հստակ կծավալվեն. սկսվել են դեռ այն շենեքրից, որոնք արդեն համարվում են քաղկեդոնական»,- նշեց հուշարձանագետը:
Սամվել Կարապետյանն ասաց, որ հայ առաքելական եկեղեցիներն ունեն բարձր բեմ` 80 սմ-120 սմ, իսկ բյուզանդածես եկեղեցիների բեմը 15-20 սմ է: Տայքում կան եկեղեցիներ, որոնք ի սկզբանե կառուցվել են որպես հայ առաքելական եկեղեցիներ` իրենց ճարտարապետական ձևերով, հորինվածով, և միայն հետո են փոխանցել հայ քաղկեդոնական համայնքին: Այդ եկեղեցիների բեմերը քանդված են գանձախուզության հետևանքով, սակայն բարձր բեմի հետքերը հստակ երևում են:
Հուշարձանագետը մտավախություն ունի, որ վրացիները, հայկական եկեղեցիները վերականգնելիս, բարձր բեմը չեն պահպանի: «Թիֆլիսի բոլոր յուրացված եկեղեցիներում եղած բարձր բեմերը քանդեցին, որպեսզի վրացականացնեին: Տայքում մի՞թե պետք է այնքան բարեխիղճ լինեն, որ վերականգնողները հաշվի առնեն նախնական բեմի հետքը: Վստահ եմ, որ ոչ»,- ասաց հուշարձանագետը:
http://hetq.am/am/culture/samvel-karapetyan/
Aucun commentaire:
Enregistrer un commentaire