vendredi 4 septembre 2009

ՌԵՖԼԵՔՍԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ

Ռեֆլեքսիվ կառավարումը ընդդիմախոսի (օպոնենտի) վրա հատուկ ներգործություն է՝ վերահսկող կողմի կանխորոշած որոշումն ընդունել տալու նպատակով։ Ներգործության այս ձևը ռազմական գործում օգտագործվել է հնագույն ժամանակներից, բայց մինչև անցյալ դարի վաթսունական թվականներն այն որպես անհրաժեշտ բաղադրատարր չէր ներառվում որոշման ընդունման սոցիալական գործընթացներում։ Այն առավել ևս քիչ է դիտարկվել որպես սոցիալական տեղեկատվության մեկնաբանության գործընթացների անհրաժեշտ տարր։ Այնինչ Չինաստանում ռեֆլեքսիվ կառավարման գործելաոճը ստրատագեմների (ռազմական հնարքների) ձևով միահյուսված է առօրեական մտածողության հենքին, և անգամ միջնակարգ դպրոցների սոցիոլոգիայի դասագրքերը ստրատագեմային գործունեության ուղեցույցներ են հանդիսանում։ 1980-90-ական թթ. սոցիալական մտքի աշխուժացումը շրջանառության մեջ մտցրեց ռեֆլեքսիվ կառավարում, կարծիքի մանիպուլյացիա հասկացությունները և ստեղծեց Վ.Լեֆևրի աշխատանքների (60-ականներին սկսված) վրա հենվող նոր ուղղություն։

Տեղեկատվական ներգործության արդյունավետության աստիճանը գնահատելու փորձերը մինչև այն պահը, երբ այդ ներգործությունը տեղի է ունեցել, ռեֆլեքսիվ կառավարման նոր մեթոդների զարգացման ու նոր մոդելների խթան հանդիսացան, որոնցում արտացոլվում էր հակառակորդի մտավոր ուղղվածությունը։ Ռեֆլեքսիվ կառավարման հասկացությունն օժանդակել է կանխատեսման մոդելների մշակմանը. որոշում կայացնողը ջանում է գուշակել հակառակորդի հնարավոր հակադարձումը տարբեր իրավիճակներում։ Օգտագործելով ռեֆլեքսիվ կառավարումը՝ կարելի է էականորեն նեղացնել կանխատեսումների պարադիգմի շրջանակները՝ այն փոխարինելով ապագայի կանխորոշման պարադիգմով։

Ցանկացած տեղեկատվական հաղորդում, այսպես թե այնպես, և՛ վարքագծի կանոնավորում է, և՛ նպատակաուղղված ազդեցություն մարդու գիտակցության վրա։ Այն նույնպես ռեֆլեքսիվ կառավարման ենթատեսակ է։ Ընդհանուր առմամբ ռեֆլեքսիվ կառավարման խնդիրը կառավարող գործակալի կողմից լսարանի տեղեկացվածության այնպիսի առանձնահատկության ձևավորումն է, որի պարագայում լսարանի համար ցանկալի որոշում (որն ապահովում է նրա սուբյեկտիվ հավասարակշռությունը) է հանդիսանում կառավարող գործակալի համար պահանջվող (կամ առավելագույնս նրա համար շահավետ)՝ լսարանի գործողությունների վեկտորը։ Կարճ ասած՝ ռեֆլեքսիվ ներգործությունը ներառում է տեղեկատվական հաղորդման ծանրոց ընդդիմախոսին՝ նրա վարքագծի դետերմինացման նպատակով։

Բերենք մի օրինակ։ Դիցուք, ինչ-որ պետություն, ասենք՝ A-ն, պատրաստ է թռիչք կատարել սոցիալ-տնտեսական զարգացման մեջ, ինչն անբարյացակամորեն կընդունվի հարևանների կողմից։ Բայց A-ն կարող է իրականացնել իր ինտենցիան (մտադրությունը) միայն այն դեպքում, եթե հարևանները չդիմեն ակտիվ ռազմական գործողությունների։ Բայց նրանք կդիմեն ակտիվ ռազմական գործողությունների միայն այն բանից հետո, երբ համոզվեն, որ A-ն սկսում է շրջանցել իրենց։ A-ի հնարքն այն է, որ այնպիսի «տեղեկատվական փաթեթ» ուղարկի հարևաններին, ինչը կհամոզի նրանց, որ A-ն նման զարգացման համար անհրաժեշտ ուժեր չունի։ Այսպիսով, A-ն սկզբում գրանցում է իր մտադրությունը, այնուհետև որոշում հակառակորդի դրությունը, ինչը թույլ կտա նրան իրականացնել մտադրությունը, և վերջապես, A-ն ընտրում է տեղեկատվական հնարքը, որպեսզի հակառակորդին բերի A-ի համար ցանկալի դրության։ Իհարկե, ռեալ պայմաններում հարևան երկրների հետախուզական մարմինները քնած չեն, սակայն կարելի է տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ժամանակ շահել։

Բայց կարող է այլ իրավիճակ լինել։ A-ն բազմաթիվ պլաններ և նպատակներ ունի, և կախված դիմակայող պետությունից, ընտրվում է հնարք կամ շատ հնարքներ, որոնք մղում են նրան տարբեր ռազմավարությունների։ Եվ ահա կախված այն բանից, թե որ հնարքի վրա կբռնվի հարևան պետությունը, կիրառվում է զարգացման նախապես պատրաստված սցենարներից մեկը։

Բնակչությանը մեծ օգուտ կբերեին մանրամասն պատրաստված այն ուղենիշները, որոնք կբացատրեին երբ և որ ռազմավարությունը պետք է ընդունեն հերթական սոցիալական ապատեղեկատվության ժամանակ։ Օրինակ, եթե դոլարի անկում են կանխատեսում, ապա արժե՞, արդյոք, հավատալ դրան։

Արևմտյան այնպիսի սոցիոլոգների, ինչպիսիք են Դ.Բելը, Օ.Թոֆլերը, Ս.Հանթինգթոնը և այլք, շատ աշխատանքներ նման հնարքներ են, որ ապահովում են գլոբալացման գաղափարաբանական սատարումը։ Նրանց աշխատությունները նման են պատերազմի ժամանակ շատ տարածված այնպիսի հնարքների, երբ տպագրվում են կեղծ «ճանապարհային քարտեզներ», որոնք ցույց են տալիս այն, որ իրականում անանցանելի ճանապարհներն անցանելի են, և որոնք դրվում են, օրինակ, թույլ պաշտպանվող զրահագնացում, որը հակառակորդը հեշտությամբ կարող է զավթել։ Ճիշտ նույն կերպ էլ այսօր մեծ տարածում են տալիս Մարքսին՝ խոսելով ահռելի տպաքանակների մասին, բայց նպատակն այն է, որպեսզի մարդկությանը կրկին վերադարձնեն արյան ու մարդակերության այն նույն ճանապարհին, որից կարծես թե մարդկությունը սկսել է դուրս է գալ։

Սոցիոլոգիական տեսությունների լայն պրակտիկային անդրադառնալիս նկատելի է դառնում միջնորդի պարտադիր առկայությունը, որը եթե չի էլ պատվիրում նման տեսությունների որոշակի տեսակ, ապա գոնե հետաքրքրված է դրանց տարածմամբ և ապահովում է դրանց բազմացումն ու ժողովրդականացումը։ Պոզիտիվիստական սոցիոլոգիայի ինքնառեֆլեքսիան համեստորեն բաց է թողել այս առանձնահատկությունը՝ աչք փակելով այն գաղափարների աջակցության, տարածման և զանգվածների սեփականությունը դարձնելու ֆինանսանյութական հիմնավորումների վրա, որոնք այսօր հայտնի են որպես եվրոպական սոցիոլոգիայի դասական նմուշներ։ Մինչև Օ.Կոնտը, Կ.Մարքսը, Է.Դյուրկհեյմը կամ մեկ այլ սոցիոլոգ հայտնի կդառնային լայն զանգվածներին, պետք է գտնվեին այն հովանավորները, ովքեր խիստ հետաքրքրված կլինեին հենց նրանց գաղափարների տարածմամբ՝ նրանց աշխատություններն այդ հովանավորների փողերով հրատարակելու և հասարակության մեջ տարածելու համար։ Առանց ազդեցիկ և ապահովված խմբի շահերին նման «համապատասխանության» հնարավոր չէր, որ բանիմաց սոցիոլոգը կարողանար գոնե որպես սոցիոլոգիայի դասախոս տեղավորվել եվրոպական համալսարանում. չէ՞ որ ռեկտորն «իր սոցիոլոգն» ուներ։

Սոցիոլոգիայի այս «պատվիրովի» լինելը, որն արդեն «սոցիոլոգիայի հայր» Օ.Կոնտի գրչով դրսևորվում էր իր իսկ սկզբնավորումից սկսած, նրան հենվելու ցանկացած փորձ դատապարտում էր անթիվ տառապանքների, ավերածությունների և միլիոնավոր մարդկանց մահվան։ Ամերիկյան հետազոտողը հաշվարկել էր, որ այն հասարակություններում, որոնք որպես դավանանք ընդունել էին Կ.Մարքսի ուտոպիան, միայն քաղաքացիական պատերազմներում, ըստ Մարքսի՝ «դասակարգային պատերազմներում XX դարում զոհվել են մոտ 200 մլն մարդ1։ «Պատվիրովի» են նաև աշխարհաքաղաքագետների աշխատանքները, որոնցում կոդավորված են այն երկրների շահերը, որոնք աջակցում և իրական հակառակորդին էին մոտեցնում այդ տեսությունները:

Բայց, այնուամենայնիվ, մենք ստիպված ենք ապրել, աշխատել և հազարավոր որոշումներ ընդունել հենց բազմաթիվ պատրանքների հենքի վրա: Գիտակցության զոմբիավորման մեխանիզմներում մեծ պարզություն մտցնելու փորձը առանց փոխհատուցման չի մնա:

Լայն գլոբալ հասարակությունում տեղի կունենա ռեֆլեքսիվ ներգործության ինտենսիվացում: Եվ դա հատկապես անզիջում կլինի տեղեկատվական ոլորտում: Դիտարկենք մի շարք ակտուալ օրինակներ:

Ենթադրենք, թե երկու սոցիալական խմբերի (էթնիկական, քաղաքական), ասենք` կարմիրների` A և սպիտակների` B միջև առճակատում է ծագել և դաժան փոխադարձ տեղեկատվական հարվածներ են կատարվում: Օգտվելով արդի հանգամանքներից` այդ ընդհարումները տեղափոխենք ինտերնետ-հարթություն: Դասակարգենք ագրեսիաների հնարավոր տեսակները.

1. Ասենք` A սուբյեկտը կոտրում է B սուբյեկտի կայքը (դատողությունները նույնն են, եթե խոսքը վերաբերում է խաբեությանը, թալանին կամ հափշտակությանը): B սուբյեկտը սնանկացել է և վրեժի է ծարավ, այսինքն` հակադարձ հարված է պատրաստում, օրինակ` A-ին դատի է տալիս:

2. A սուբյեկտը բարդացնում է իր գործողությունները. կոտրում է իր կայքը, բայց դրանում մեղադրում է B սուբյեկտին (տարածված սոցիալական գործողություն է. քավության նոխազի, մեղավորի որոնում): B սուբյեկտի դրությունը ծանրաբեռնված է A-ի կողմից «հրահրվող» մեղադրանքներով և բարոյական ռեզոնանսով ու լրացուցիչ ապացուցման անհրաժեշտությամբ (որ դու ուղտ չես):

3. A-ն էլ ավելի է դժվարացնում իր տեղեկատվական գրոհները` ընդլայնելով ազդեցության գոտին B-ի կողմնակիցների վրա: Այդ նպատակով A-ն ստեղծում է իր կայքը, բայց այն ներկայացնում է իբրև B-ին պատկանող, որտեղ A-ն պատկերվում է դրական բնութագրերով: (Բնորոշ իրավիճակ է քաղաքական հարթությունում, երբ, իբր, ընդդիմադիր մամուլը, որ ապրում է իշխանության միջոցների հաշվին, սիրալիր կծում է նրան` լուրջ քննադատության փորձ չանելով): B-ն հայտնվում է շինծու վիճակում (արդարացողի իրավիճակում). անհրաժեշտ է ապացուցել սեփական կողմնակիցներին, որ կայքն իրենը չէ, և որ նախկինի պես բացասաբար է վերաբերվում A-ին:

4. Հաջորդ ինտելեկտուալ մակարդակում A-ն ձեռնամուխ է լինում B-ի կողմնակիցների ջախջախմանը` նրանց մեջ ստեղծելով միմյանց նկատմամբ թշնամական խմբավորումներ: Նա կոտրում է իբր B-ին պատկանող այդ կայքը, բայց դա բացատրում է նրանով, որ B-ի կողմնակիցների որոշ, ավելի արմատական մասը համաձայն չէ կայքում զետեղված A-ի դրական բնութագրերի հետ, համարում է, որ B-ն դավաճանություն է գործել և մեղադրում է B-ի կողմնակիցների մյուս մասին թշնամուն զիջելու մեջ: Ուստի, այդ արմատական խումբն էլ կոտրել է տվյալ կայքը: (Քաղաքական ճակատամարտերում հաճախ է պատահում, որ ընդդիմադիր շարքերում, բացի վարժեցված ու սնուցված կլիենտելից, նաև լուրջ հասարակություն է լինում, որը կարող է վնասել իշխանությանը, ուստի նրան վարկաբեկելու համար կազմակերպվում է կեղծ-ընդդիմադիր թերթի ջարդ իբր արմատականորեն տրամադրված լուրջ ընդդիմադիր հանրության կողմից: Այն, անշուշտ, մեղադրվում է սեփականության իրավունքների խախտման, մամուլի ազատության ճնշման, պետական հեղաշրջման փորձի մեջ և ճնշվում է իշխանության կողմից): B-ի դրությունն էլ ավելի է բարդանում: Ինչպե՞ս պետք այն գործի, որպեսզի դուրս գա լարված թակարդներից:

5. Բայց A-ն շարունակում է ինտելեկտուալ հարձակումը: Այնուհետև A-ն ստեղծում է կայք, որտեղ քննադատվում է A-ն ինքը և որտեղ B-ն ներկայացված է բավական դրականորեն, և առաջարկում է A-ի նկատմամբ քննադատորեն տրամադրվածներին միանալ այդ կայքին` թողնելով իր էլեկտրոնային հասցեները: Որսված հասցեներով սկսվում են անհատական պատժամիջոցները, և B-ի կողմնակիցների շարքերը նոսրանում են: (Միամիտներին իրենց կողմը գրավող կուսակցություններն ու շարժումները միշտ էլ բավական շատ են եղել): Բայց B-ն խնդիրներ ունի: Նրան սկսում են մեղադրել դավաճանության և թշնամու համար աշխատելու մեջ: B-ն ստիպված է գլուխ կոտրել այս վիճակից դուրս գալու համար:

6. A-ի ինտելեկտուալ ռեսուրսները դեռ սպառված չեն: A-ն անցնում է հայեցակարգային գրոհի: Որոշակի քաղաքական-տնտեսական ուղղություններ (սոցիալիզմ, լիբերալիզմ, քրիստոնեություն, սիոնիզմ և այլն) ներկայացնող A-ն ստեղծում է կայք, որում քննադատվում է A-ն, այսինքն` իրականացվում է ոչ-A գործողություն (հակասոցիալիզմ, հակալիբերալիզմ, հակաքրիստոնեություն, հակասիոնիզմ և այլն), այնուհետև ստեղծվում է կայք, որը քննադատում է այդ կայքը որպես սխալ (այսինքն` իրականացվում է պայքար հակասոցիալիզմի, հակալիբերալիզմի, հակաքրիստոնեության, հակասիոնիզմի և այլնի դեմ), նշանակում է` իբր համաձայն է A-ի հետ, բայց միևնույն ժամանակ մեղադրվում են կոնկրետ անձինք, էթնոսներ, խմբեր, այդ թվում և B-ն, որոնք, իբր, այդպիսի ոչ ճիշտ քաղաքականություն են վարում (հակասոցիալիզմ, հակալիբերալիզմ, հակաքրիստոնեություն, հակասիոնիզմ և այլն): Բնականաբար, մեղադրանքները հորինված են, բայց կան վավերական հավաստումներ` կայքերի ստեղծումը, և B-ն կրկին հայտնվում է ինտելեկտուալ ծուղակի առջև:

7. Բայց իրավիճակն էլ ավելի է բարդանում, երբ խաղի մեջ է մտնում երրորդ անձը, ասենք` կապույտները` C-ն, որը սովորաբար շահագրգռված է A-ի ու B-ի միջև հարաբերությունների վատթարացմամբ: Այդ նպատակներով C սուբյեկտը կոտրում է B սուբյեկտի կայքը, բայց թողնում է հետքեր, որոնք իբր տանում են դեպի A սուբյեկտը: Բնականաբար, A-ի ու B-ի հարաբերությունները պետք է վատանան: (Ամենից հաճախ պատահող օրինակը. մեկ էթնոսի ներկայացուցչի սպանության մեջ միանգամից մեղադրում են այլ էթնոսի ներկայացուցչին, որի հետ այդ էթնոսը գտնվում է թշնամական հարաբերությունների մեջ: Պատերազմների սկսման համար սա սովորական բան է): Իհարկե, եթե B-ն խելացի է, ապա պետք է հրաժարվի միջնորդներից և անմիջապես բանակցությունների դուրս գա A-ի հետ: Բայց C-ն դա նախատեսում է և շրջափակում է ուղղակի կապը նրանց միջև: Ինչպե՞ս պետք է վարվի B-ն այս դեպքում` պատերազմից խուսափելու համար:

8. Այնուհետև C-ն սկսում է իր ամենօրյա տաղտուկ գործունեությունը, որն անհրաժեշտաբար բխում է նրա` երրորդ կողմի դերից: C-ն կանոնավորապես կոտրում է A-ի և B-ի կայքերը` թողնելով դեպի հակառակ կողմը տանող հետքեր, այսինքն` որպեսզի A-ն մեղադրի B-ին, իսկ B-ն, հակառակը, A-ին: (Եթե հարկավոր է ուժեղացնել թշնամանքը պետությունների կամ էթնոսների միջև, ապա սպանությունները կրկնվում են շատ անգամ, ընդհուպ մինչև իբր երկու կողմերից նախաձեռնվող ահաբեկչական գործողությունների կազմակերպումը): Այստեղ և´ A-ն, և´ B-ն պետք է իսկապես գլուխ կոտրեն` թուլացնելու համար առճակատումը մարտի մեջ մտնելուն պատրաստ իրենց կողմնակիցների միջև:

9. Բայց C-ն խորամանկ է ու նենգ: Որպեսզի A-ն ու B-ն չմիավորվեն կամ չթուլացնեն թշնամանքը, C-ն համապատասխան կեղծանունների տակ` մերթ A, մերթ B, հայտնվում է հակադիր կայքերում` ջախջախիչ քննադատության ենթարկելով հակառակորդ կողմին: (Երրորդ կողմին պատկանող լրատվամիջոցներն անընդհատ կրակին յուղ են ավելացնում` բորբոքելով ու թեժացնելով առճակատումը): Այստեղ գայթակղվելու վտանգ է առաջանում. կողմերից ո՞րը կգայթակղվի մյուս կողմի հասցեին հնչող մեղադրանքների ու սպառնալիքների հռետորականությամբ և գործիք կդառնա C-ի ձեռքին: Սովորաբար, պակաս ինտելեկտուալ կողմը, բայց դա չի նվազեցնում սպառնալիքները մյուս կողմի համար:

10. Կանխավայելելով հաղթանակը` C-ն միաժամանակ հռչակում է հանդուրժողականության դոկտրինը և իրեն այդ հանդուրժողականության առջևից ընթացող համարելով` մեղադրում է և´ A-ին, և´ B-ին միմյանց նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի մեջ: Այս հիման վրա C-ն մյուս բոլոր սուբյեկտներին կոչ է անում դատապարտել այդ երկու կողմերին և նրանց արտաքսյալի կարգավիճակ տալ` նրանց երկուսի նկատմամբ հետագա պատժամիջոցների կիրառմամբ: Փաստերը վերցվում են կայքերից: Սադրիչ C-ն ունի նաև իր գաղափարաբանական հետաքրքրությունները` «լինել կասկածից դուրս», ուստի դատավորի պատմուճան է հագնում: B-ի պաշտպանությունը ենթադրում է հայեցակարգային իրազեկություն, այսինքն` նա ևս պետք է խաղալ կարողանա այդ տարածքում և հայեցակարգեր ստեղծի, որոնք կսահմանափակեն կամ կճնշեն C-ի ազատությունը:

11. Տեսնելով անկում ապրող A-ին և B-ին` C-ն իրեն B-ի դաշնակից է ձևացնում (ծածուկ` նաև A-ի դաշնակից)` ընտելացնելով նրան և դեպքերի մեծամասնությունում նույնիսկ աջակցելով նրան: Բայց գալիս է պահը, երբ C-ն վերջնականապես դավաճանում է B-ին (ճիշտ նույն կերպ էլ` A-ին), պահ, երբ B-ի ուժերը սպառվել են, և նա չի կարող դիմադրություն ցույց տալ C-ին: (Պատերազմներում հաճախ է պատահում, որ բավական երկար ժամանակ պաշտպանվում է դաշնակցության հավատարմության ու հուսալիության մասին թեզիսը, բայց ամենահարմար պահին այն դեն է նետվում: Օրինակներ. «Արևմուտքը մեզ կօգնի», «Անգլիան մեզ հետ է» և այլն): Խորհուրդը, որ կարող է օգնել B-ին դուրս գալ իրավիճակից, տրված է դեռ «Արտխաշաստրայում», 2 հազար տարի առաջ. «Չարժե, որ թույլը միության մեջ մտնի ուժեղի հետ, թույլերը միավորվում են միջակների հետ, որպեսզի դիմակայեն ուժեղներին»:

Իհարկե, իրականության մեջ ամեն ինչ շատ ավելի բարդ է, և սոցիալական փոխհարաբերությունների սարդոստայնը միայն լայնանում է` իր մեջ առնելով բոլոր կողմերը: Բայց հաստատելու համար, որ այս սխեմաներն օդից վերցված չեն, բերենք իրական մի օրինակ:

«Հրեական նորություններ» թերթի 2008թ. հունիսի №18(246)-ում տպագրված է փոքրիկ հոդված «Նացիստական սարդոստայնում» վերնագրով, որում նկարագրվում է նացիոնալ-սոցիալիստական «Phenix» կայքի բովանդակությունը` հակասեմիթական կարգախոսներ, ինչպես նաև հակամուսուլմանական կոչեր, ստալինականությունը քննադատող նյութեր, ստալինականության դատապարտում Ուկրաինայում հոլոդոմորի կազմակերպման համար և, վերջապես, սևամորթներին և ընդհանրապես ներգաղթյալներին ոչնչացնելու կոչեր: Վերլուծություն անցկացնենք:

Տեղեկատվական պատերազմի կանոններով, հրեական թերթը չպետք է մեջտեղ բերի իր գաղափարախոսության թույլ կողմերը և «Phenix» կայքի լայն ընդգրկումը, որ մասնաճյուղեր ունի շատ երկրներում և բազմալեզու է: Այս առաջին տարօրինակությունը 1-ին քայլն է:

Երկրորդ տարօրինակությունը կայքի հասցեի նշումն է: Այն կարող էր ծածուկ պահվել, որպեսզի անառողջ հետաքրքրության տեղիք չտար և չդառնար իր համար թշնամական տեղեկատվության տարածիչ: Բայց հոդվածում նույնիսկ դրական գնահատական է տրվում կայքի կառուցվածքին, և ասես այն այցելելու հրավեր է արվում: Սա 2-րդ քայլն է:

Երրորդ տարօրինակությունը նացիոնալ-սոցիալիզմի նույնացումն է հակասեմիթականության, հակամուսուլմանության, հակասովետիզմի, Ուկրաինայի հակառուսական դիրքորոշման, ռասիզմի և ներգաղթյալների խտրականության հետ: Սա 3-րդ քայլն է: Ընդհանուր առմամբ, տեղեկատվական այս ռազմավարությունը համապատասխանում է մեր 6-րդ տարբերակին:

Նման կայքեր են ստեղծվում նաև ադրբեջանական կողմում: Բավական հայտնի է ադբեջանական կողմին պատկանող, բայց իբրև հայկական կայք գործող «Խրոնիկա» կայքի հետ կապված պատմությունը:

Յուրաքանչյուր տարբերակում ընկալման սուբյեկտը պետք է հակա-դարձ մտային գործողություն անցկացնի. եթե A-ն հարմարեցվում է B-ին, ապա պետք է հակառակ մտային ջանք գործադրի` փոխի B-ի և A-ի տեղերը (ինվերսիա կատարի, սիմետրիկորեն շրջի): Որքան բարդ է գործողությունը, որքան երկար է բազմաքայլությունը, այնքան ավելի շատ շրջելի գործողությունների քանակություն պետք է գործարկել: Եվ այստեղ գործի մեջ է մտնում «նորին մեծություն» ինտելեկտը: Եթե այն սպառված է և արդեն ի վիճակի չէ ապահովել շրջելի գործողությունների անհրաժեշտ քանակություն, ապա պետք է ասել, որ գործողությունը հաջողվել է և ընդդիմախոսը ծուղակն է ընկել: Շախմատիստները լավ կհասկանան` ինչի մասին է խոսքը:

1Տե´ս Rummel R.J., Libertarianism and International Violence. The Journ. Of Conflict Resolution 27, March, 1983, pp. 27-71

Էռնեստ Գրիգորյան
Հայաստանի ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի առաջատար գիտաշխատող:


http://www.noravank.am/am/?page=analitics&nid=1996

Aucun commentaire: