«Փոխզիջումը, օրինակ, ի վնաս հայկական կողմի, ի դեմս Հյուսիսային Արցախի կորստյան, կայացել է: Բայց մենք պատրաստ ենք ինչ-որ փոխզիջման և խոսում ենք և թմբկահարում ենք»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ՀՀ մասնաճյուղի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Նա նշեց, որ Հյուսիսային Արցախի հայաթափ լինելու 20 տարին է լրանում, սակայն մենք որևէ տեղ չնշեցինք, չհիշեցրինք Հյուսիսային Արցախի կորուստը: «Նա, ով կորցրել է և լուր չունի` ինչ է կորցրել, (իսկապես ես զգում է էդ վտանգը), էլի կկորցնի»,- ասաց հուշարձանագետը:
«Անցած ամբողջ 8-10 տարիներին` երբ երկրի արտգործնախարար Վարդան Օսկանյանի ժամանակ ոչնչացվեց Ջուղայի գերեզմանոցը, և ըստ էության, նախիջևանահայությունը 2-րդ անգամ ցեղասպանվեց` հետմահու և վերջնականապես արդեն, ի՞նչ արվեց: Մեր պետությունը, արտաքին հարաբերությունների մեջ, արտգործնախարարությունը ի՞նչ արեց առհասարակ»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե գուցը Հայաստանը ամբիոն չունի, Սամվել Կարապետյանը պատասխանեց, որ Հայաստանն ունի խոսելու միջազգային ամբիոններ, քանի որ ամենատարբեր միջազգային կազմակերպություններում ներկայացված է առնվազն դիտորդի կարգավիճակով:
Նրա համոզմամբ` Հայաստանի դեմ հազար ու մի շահեր, մոտեցումներ, կեցվածքներ կարող են դնել, բայց մշակույթը միակ լեզուն է, որ հասկանալի է աշխարհին: Հետևաբար, փոխզիջումներից «բարբաջելու» փոխարեն պետք է աշխարհին հասկացնեինք, որ մշակույթով ներծծված տարածքը Ադրբեջանին հանձնել դեպքում վնաս կկրի ողջ աշխարհը:
«Մենք այնքան պատկանելություն չունեինք և այնքան պատիվ, որ մեր կարուստը պատշաճ ձևով կարողանայինք ներկայացնել և հասկացնել, որ «Իմացեք` այն մետրը, որ զիջվեց Ադրբեջանին, մշակութազերծ է լինելու, մշակութաթափ: Եվ, անշուշտ առաջին հարվածը մերն է, բայց նաև համաշխարհային քաղաքակրթությունն է աղքատանում»: Այս ուղու, այս լծակի վրա եթե աշխատեինք, արդեն ահագին արդյունք էինք ստացել»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Նա հավելեց, որ նախորդ նախագահի ժամանակ Մեղրիի շրջանի ողջ ազգաբնակչությունը «կաթվածահար վիճակում էր, տարիներ շարունակ փշերի վրա էր», քանի որ խոսում էին Գոբլի ծրագրից, փոխանակումներից:
Ասուլիսի ժամանակ հարց եղավ Բավրա հայկական բնակավայրի սահմանագծի վերաբերյալ: Սամվել Կարապետյանն ասաց, որ 2000 թ.-ից սկսած` պարբերաբար այդ ճանապարհը հատել է:
«Ես մի բան էի տեսել, և դա ինձ վրդովեցրել էր: Մեր մաքսատունը, երբ Բավրա գյուղը վերջանում է, գյուղի եզրին է, գյուղի պոչին է: Վրացական մաքսատունը (վերջին գյուղը այն կողմից Ժդանով հայաբնակ գյուղն է) Ժդանով գյուղից 5-6 կմ է: Այսինքն` հայ-վրացական պետական սահմանի վրա էր վրացական մաքսատունը: Տարիներ շարունակ մեր մաքսատունը` Բավրային կպած է, որից մի 4-5 կմ դեռ կա մինչև Հայաստանի սահման, վրաց մաքսատունը` ճիշտ սահմանի վրա: Ակամա ստացվում է, որ 2 մաքսատների միջև եղած հատվածը կարծես «չեզոք գիտի» լինի,- ասաց հուշարձանագետը:
Նա հավելեց, որ վրացիները, փաստորեն, կարծեցյալ «չեզոք գոտու» հաշվին որոշել են առաջ գալ:
Սամվել Կարապետյանը նշեց, որ նույն կերպ մենք կորցրինք նաև Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղը: Շամշադինի շրջանի Խորանաշատի վանք ասօր նույնպես հնարավոր չէ մուտք գործել, քանի որ հայերը Չինարի, Այգեձոր գյուղերից չբարձրացան վերև: Իսկ ադրբեջանցիները, տեսնելով, որ հայերը ներքևում են, անընդհատ առաջ գնացին:
«Ես խորհրդային տարիներին երբ Արցախ կամ Բաքու էի գնում, հիշում եմ, (ասենք, եթե տոմսն էլ առել եմ Բաքվի կամ Ստեփանակերտի) նստածս տեղը թուրք, ասենք, մի կին կմոտենա. «էսքան տեղ կտա՞ս, նստեմ»: «Դե, ինչ կա որ»,- տալիս եմ, նստում է: Եվ էդ հերիք է, որ մի 10 րոպեից դու գետնին հայտնվես»,- ասաց Սամվել Կարապետյանը` ցույց տալիս, թե թուրք ուղեկիցը ինչպես էր ավտոբուսում, կամաց-կամաց իրեն հրելով, գետին գցում:
Հուշարձանագետը նշեց, որ Արցախի ճակատային մասի բոլոր հատվածներում թշնամին փորձում էր առաջ գնալ, և որտեղ հակադարձ պատասխան էր ստանում, վերադառնում է իր ելման դիրք: Սամվել Կարապետյանի խոսքերով` առաջ խրամատների միջև եղած տարբերությունը մինչև 1,5 կմ էր, բայց այժմ թշնամին, տեսնելով, որ հայկական կողմը ձայն չի հանում, ամեն անգամ 100-ական մետր առաջ գնալով, զգալիորեն կրճատել է այդ տարածությունը:
«Վրացիները հողի խնդրում ադրբեջանցիների պես են գործում. քանի դեռ պատ չես դնում, առաջ են գալիս»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Aucun commentaire:
Enregistrer un commentaire