lundi 11 mai 2009

Ս. Կարապետյան. «Մենք անհող ազգ ենք, առանց հողի էլ կարողանում ենք ապրել` սփռվելով աշխարհով մեկ»


2007-ին ադրբեջանցի հեղինակ Ազիզ Ալակբարլիի կողմից գիրք է հրատարակվել, որում Հայաստանը ներկայացված է իբրև` «Արևմտյան Ադրբեջան» հայկական հուշարձաններն էլ ներկայացված են իբրև թուրքական, աղվանական, ադրբեջանական և այլն: Գիրքը լույս է տեսել ամենատարբեր լեզուներով ու ներկայացվել եվրոպական գրքի տարբեր ցուցահանդեսներում:
Այսօր «Հայելի» ակումբում հյուրընկալվել էին Սամվել Կարապետյանը և հանրային կառավարման մասնագետ Հասմիկ Մելիքյանը, ովքեր մտահոգված էին այս խնդրով:

Ս. Կարապետյանին հատկապես մտահոգում էր այն, որ այս գիրքը լույս է տեսել Ադրբեջանի մշակույթի նախարարության հովանավորությամբ, այսինքն` այն պետության խոսքն է, նրա կեցվածքը:

«Դրա համար ստիպված ենք հաշվի նստել դրա համար: Հեղինակը հարյուրավոր աղբյուրների է հղել, ու չես կարող հաշվի չնստել, երբ մարդն ասում է` Գանձասարի տաճարն աղվանական է ու հղում է արել հարյուրավոր աղբյուրների: Դա կամաց-կամաց արդեն նստվածք է տալիս: Երկու-երեք տարի է` ադրբեջանցիները մի նոր հորինվածք են շրջանառել. արևմտյան Ադրբեջան են անվանում Հայաստանը: Ադրբեջանական մամուլում, կայքերում Հայաստան որպես այդպիսին չի նշում, չկա, նշվում է արևմտյան Ադրբեջան: Հիմա մեզ համար գուցե ծիծաղելի լինի, որ այս գրքի երեսին Գառնու տաճարն է և այլն, բայց որոշ ժամանակ հետո`10-20 տարի անց, հարցն արդեն ավելի կլրջանա: Այս գիրքը ձրի բաժանում են Ադրբեջանում»,- ասաց Ս. Կարապետյանը:

Հասմիկ Մելիքյանի խոսքով` այս գիրքն անցյալ տարի վաճառվել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում և շատ մեծ արձագանք է ստացել այնտեղի հայ համայնքի կողմից:

«Նկարների տակ գրված է`թուրքական եկեղեցի Գեռնի (Գառնու տաճարն է), էջմիածինը ներկայացված է իբրև հայկական-թուրքական քրիստոնեական եկեղեցի: Իսկ թե ինչ ի նկատի ունեին դրանով, Աստված գիտի: Հռիփսիմեն նույնպես այդպես է ներկայացված: Հայաստանի անունը չակերտների մեջ է վերցված, իբր ինչ-որ քոչվոր ցեղեր ենք, եկել բնակվել ենք, և իրենց մշակույթն ենք շարունակել: Գրքի առաջին էջում հայր և որդի Ալիևների բացման խոսքն է, իրենք քաջատեղյակ են եղել այդ ամենից»,- ասաց նա` հավելելով, որ գրքի գրականության ցանկում հայ հեղինակների են հղում կատարում, իբր մեր գրքերն են իրենց համար հիմք ծառայել:

Ս. Կարապետյանը նշեց, որ այս գիրքը դեռևս վեց ամիս առաջ բազմացված օրինակով եղել է Երևանում, և մեկն ինքն անձամբ փոխանցել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, մյուսը արտգործնախարարին է փոխանցվել: Այս գրքից ունի Քաղաքաշինության փոխնախարար Նարեկ Սարգսյանը: «Նրանցից միայն Նարեկ Սարգսյանը մտահոգվեց գործնականորեն ու մտածում էր լուրջ քայլեր ձեռնարկելու մասին: Իսկ Հասմիկ Պողոսյանի կողմից քար լռություն էր, որևէ արձագանք չի եղել»,- հավաստիացրեց նա:

Ի պատասխան այդ գրքի` 2009-ին լույս է տեսել Ռուբեն Ղալեջյանի «Azerbaijan, Armenia, and the showcasing of imagination» աշխատությունը, որտեղ ներկայացվում է հայ մշակութի ջարդը Ադրբեջանի կողմից: Անգլերեն այս գրքի տպագրությանը հովանավորել է այն ժամանակ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:

Ս. Կարապետյանի համոզմամբ` ադրբեջանական այդ գիրքը սպասված և վաստակված աշխատություն է, մենք դա վաստակել ենք:

«Ի՞նչ արեցինք, երբ թուրքը երկրագնդի երեսից ջնջեց Ջուղան: Հանցագործություն է կատարվել, մենք պետական մակարդակով դատ հարուցեցի՞նք: Մի հ/կ` «Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը», երկար սպասելուց հետո դատ հարուցեց: Բայց երբ պետական մակարդակով ոչինչ չարվեց, պարզ է որ պիտի դրան նման քայլեր հետևեին»,- ասաց նա:

Ս. Կարապետյանի հավաստմամբ` այս ամենի պատճառը մեր ազգային անտարբերությունն է: Նրա խոսքով` մենք չունենք ազգային հասարակություն ու բնականաբար չունենք ազգային իշխանություն: Որտեղ խնդիրն ազգային է, հայը բացակա է, դրա համար էլ տանուլ ենք տալիս:

«Մենք խորթացած ենք մեր հողուջրից: Բանակցություն է գնում տարածքների առումով, նախապայման են դնում և այլն: Մոտ 20 տարի է անցել, ինչ ամբողջ Հյուսիսային Արցախը հայաթափվեց: Մեր քաղաքական գործիչների սեղանի գիրքը չեղավ «Հյուսիսային Արցախ» գիրքը: Բայց ի դեմս հյուսիսային Արցախի կորստյան` հայկական կողմի փոխզիջում ասվածն արդեն կայացել է վաղուց, էլ ի՞նչ ունենք զիջելու: Եթե մենք ցավ զգայինք դրա համար, բանակցությունների ժամանակ կխոսեինք այդ մասին: Ամեն օր ադրբեջանցին թմբկահարում է Քելբաջարի, Լաչինի մասին, իրենց հեռուստաալիքները սերիալի փոխարեն լցված են հայրենիքի մասին նյութերով, խոսակցության թեման հողն է: Իսկ մենք անհող ազգ ենք, առանց հողի կարողանում ենք ապրել` աշխարհով մեկ սփռվելով: Մենք շատ ավելի գնչու ենք, այդքան երկրներում այդքան գնչու չկա, ինչքան հայ: Սա կործանարար կեցություն է, ու մեր նահանջները սրանով է պայմանավորված: Նույնիսկ Վարդան Մամիկոնյանի կռիվը հանուն խաչի էր, ոչ թե հանուն հողի»,- նշեց Ս. Կարապետյանը:


Նատաշա Հարությունյան

http://hetq.am/am/society/skarapetyan/

Aucun commentaire: