vendredi 29 mai 2009

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԹԵԶԵՐԸ

Կարեն Վրթանեսյան


Armenia_Azerbaijan.jpg (original)
1. Ներածություն

Հայ-ադրբեջանական հակամարտությունն ավելի քան հարյուրամյա պատմություն ունի։ Մերթ սաստկանալով, մերթ արտաքնապես հանդարտվելով՝ այն միշտ ուղեկցվել է փոխադարձ հոգեբանական ու քարոզչական ճնշումներով։

Հակամարտության երկու կողմերն էլ մշակել և օգտագործում են համապատասխան «քարոզչական առասպելաբանություն»՝ բաղկացած փաստերի, առասպելների ու կարծրատիպերի խայտաբղետ խառնուրդից, որի նպատակն է արդարացնել «մերոնց» գործողություններն ու խրախուսել հակառակորդի դեմ ուղղված հետագա քայլերը։ Միաժամանակ նպատակ է դրվում ապամարդկայնացնել(дегуманизировать) հակառակորդին՝ ինչպես «մերոնց», այնպես էլ պայմանականորեն չեզոք երրորդ ուժերի աչքում։ Փորձ է արվում ճնշելու հակառակորդի դիմադրելու կամքը։

Տարիների ընթացքում մշակված քարոզչական ապարատն այսօր էլ որպես զենք օգտագործվում է հայ-ադրբեջանական հակամարտության տեղեկատվական և հոգեբանական, գաղափարախոսական ճակատներում։

Անհավատալի է թվում, բայց առայսօր ոչ մի հայ հետազոտող համակարգված չի զբաղվել հայկական կողմի դեմ ուղղված «քարոզչական առասպելաբանությունը» վատ է ուսումնասիրված։ Մենք որոշեցինք գոնե մասամբ լրացնել այս բացը և հայկական կողմի դեմ օգտագործվող քարոզչական թեզերի ցուցակագրում ու նախնական դասակարգում կատարել։ Աշխատանքին աջակցում են մի շարք անհատներ, ամենազգալի ներդրում ունեն Վահագն Մխոյանը և Անդրեյ Մարինոսյանը։

Որոշ դիտողություններ
  • Պետք է հաշվի առնել, որ կախված փոփոխվող հանգամանքներից, որոշ թեզեր կորցնում են իրենց կարևորությունն ու արդիականությունը, հնարավոր են նաև նոր թեզերի առաջացում, եղած թեզերի խմբագրում ու կատարելագործում։ Այնուամենայնիվ, կան թեզեր և քարոզչական հնարքներ, որոնք գրեթե անփոփոխ օգտագործվում են XX դարի սկզբից ի վեր։
  • Թեզերից շատերն անհնարին է միանշանակ կերպով դասել որևէ մեկ խմբի։ Այդ պատճառով թեզերի դասակարգումը պայմանական է. մեկ թեզը կարող է միաժամանակ պատկանել մեկից ավելի խմբերի, օգտագործվել տարբեր լսարանների հետ աշխատելիս։
  • Կոպիտ կեղծիքներ պարունակող, լսարանի տգիտության հույսով առաջ քաշվող թեզերը հիմնականում նախատեսված են ներքին լսարանի, ինչպես նաև տարածաշրջանային իրողությունից ու մասնավորապես հայ-ադրբեջանական հակամարտությանը լրիվ անտեղյակ լսարանների համար։
  • Ոչ բոլոր թեզերն են կեղծիքների վրա հիմնված։ Ընդհանրապես ամենաարդյունավետ քարոզչությունը կառուցվում է իրական փաստերի վրա, սակայն դրանք հաճախ ներկայացվում են ենթատեքստից կտրված և/կամ քարոզչությունը վարողին անհրաժեշտ շեշտադրումներով։
  • Թեպետ թեզերի մեծամասնության սկզբնաղբյուրները տվյալ պահին անհնարին է ստույգ կերպով տեղայնացնել, սակայն կարելի է ենթադրել, որ դրանցից ոչ բոլորի հեղինակներն են ադրբեջանցիները կամ նրանց այլազգի խորհրդատուները։ Ցավոք, երբեմն հայկական կողմն ինքն է քարոզչական նպատակներով չարաշահելու պոտենցիալ ունեցող առիթներ տրամադրում հակառակորդին։
  • Թեզերը հավաքվել են զանազան աղբյուրներից՝ լրատվամիջոցներից, գրականությունից, համացանցային ֆորումներից ու բլոգերից, ադրբեջանցիների ու հայերի հետ մասնավոր զրույցներից։

2. Դասակարգումը ըստ նպատակային լսարանի

Ըստ թիրախային լսարանների` հայկական կողմի դեմ ուղղված քարոզչական թեզերը կարելի է բաժանել մի քանի խմբերի.

  1. հայերի համար նախատեսված թեզեր, որոնք իրենց հերթին կարող են տարբերվել` կախված այն բանից, թե Հայության կոնկրետ որ հատվածի համար են նախատեսված. ՀՀ բնակչության, ԼՂՀ բնակ-չության, թե սփյուռքահայության;
  2. պայմանականորեն չեզոք դիտորդներին ուղղված թեզեր;
  3. ներքին օգտագործման թեզեր՝ Ադրբեջանի և մեծ մասամբ նաև Թուրքիայի բնակչության համար նախատեսված։

Այս բաժանումն, իհարկե, այդքան էլ հստակեցված չէ, քանի որ իրականում թեզերից շատերը կարող են օգտագործվել մեկից ավելի լսարաններում։ Օրինակ` Հայաստանում համատարած սովի մասին ներադրբեջանական օգտագործման թեզը դժվար է տարածել հայաստանաբնակների շրջանում (համենայն դեպս այդ տեսքով), բայց այն մասամբ տարածված է արտերկրում ապրող հայերի որոշ շրջանակներում։ Մյուս կողմից` միևնույն թեզի ձևակերպումները կարող են տարբերվել` կախված նպատակային լսարանից։ Օրինակ, եթե Հայաստանի տնտեսական վիճակն արտերկրում ապրող հայերին մատուցվում է որպես խավար ու սով, ապա հայաստանաբնակներին դա մատուցվում է որպես շրջափակման հետևանքով տնտեսության քայքայում, տնտեսական զարգացման արգելակում։ Այնուամենայնիվ, գոյություն ունեն նաև հստակորեն հասցեագրված թեզեր։

2.1. Հայերի համար նախատեսված թեզեր
  1. Հայերի և ադրբեջանցիների նմանության, նրանց միջև իբր գոյություն ունեցած դարավոր բարեկամության մասին թեզեր։ Բարեկամություն, որը խզվեց ամենատարբեր ուժերի ազդեցության և ամենատարբեր իռացիոնալ պատճառներով` այդ ժողովուրդների կամքին հակառակ։
  2. Ադրբեջանն ու Թուրքիան որպես թշնամական պետություններ ընկալումը թուլացնող թեզեր։ Առաջին և երկրորդ կատեգորիայի թեզերի նպատակն է հայկական կողմում հակամարտության իրական պատճառների մասին խեղաթյուրված տպավորություն ստեղծելը։
  3. Սպասվելիք հայ-ադրբեջանական (հայ-թուրքական) բարեկամության անխուսափելիության մասին թեզեր։ Այս կատեգորիայի թեզերը, շարունակելով հայ-ադրբեջանական հակամարտության իրական պատճառների աղճատումը, փորձում են հայկական լսարանի գիտակցության մեջ պատկերել մի պայծառ ապագա, որին հասնելու համար ընդամենը պահանջվում է կատարել մի քանի պարզ քայլ, օրինակ՝ հաղթահարել մի քանի կարծրատիպ։
  4. Ցանկացած գնով հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը հիմնավորող թեզեր։ Նպատակը ոչ հայանպաստ լուծումների նկատմամբ հայերի շրջանում առավել հանդուրժողական մթնոլորտի ձևավորումն է։
  5. Հայ ժողովրդի տարբեր հատվածներն իրար դեմ տրամադրող, երկպառակող թեզեր: Նշենք, որ այս կատեգորիայի թեզերը, որպես կանոն, ունենում են մի քանի տարբերակներ` կախված այն բանից, թե կոնկրետ, որ հատվածի համար են նախատեսվում։
  6. Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը սև գույնով պատկերող, այդ վիճակն Արցախի հիմնահարցի հետ կապող թեզեր։ Սրանց նպատակը ինչպես պառակտելը, այնպես էլ պարտվողական տրամադրություններ ստեղծելն է։
  7. Հայաստանի միայնակության, թշնամիներով շրջապատված լինելու և անելանելի դրության մասին թեզեր։ Այս խմբի թեզերն ունեն տարբերակներ հայաստանցիների, արցախցիների և սփյուռքահայերի համար։ Նպատակը պարտվողական տրամադրություններ առաջացնելն ու խորացնելն է։
  8. Ազատագրված տարածքի հայկական չլինելու, այդ տարածքների՝ մեզ համար անպետքության, դրանք հանձնելու անհրաժեշտության և նույնիսկ անխուսափելիության մասին թեզեր։
  9. Արցախյան պատերազմում հայերի հաղթանակն արժեզրկող թեզեր։ Նպատակներից մեկը հայերի շրջանում սեփական ուժերի նկատմամբ թերահավատություն ստեղծելն է։
  10. Հայերի համար խորհրդանիշ հանդիսացող գործիչներին, դեպքերը և իրադարձությունները պախարակող ու արժեզրկող թեզեր։ Նպատակը ազգային ինքնությանը հարվածելը և ազգային արժեքները վարկաբեկելն է։
  11. Երկու կողմի «մեղքերի հավասարակշռություն» հաստատելուն ուղղված թեզեր։ Այս տիպի թեզերը հիմնականում առաջ են քաշվում օտարերկրյա «չեզոք» փորձագետների և խորհրդականների կողմից («երկու կողմն էլ իրար արժեն» սկզբունք)։
  12. Ադրբեջանի հակահայկական քաղաքականության քննադատությունը ներհայկական խնդիրներով փոխարինող և, որպես հետևանք, այդ քաղաքականությունը արդարացնող թեզեր («перевод стрелок»)։
  13. Թեզեր Ադրբեջանի հզորանալու անխուսափելիության և հանդուգն Հայաստանի հետ մոտալուտ հաշվեհարդար տեսնելու մասին, եթե հայերը չհրաժարվեն «Ադրբեջանի նկատմամբ հավակնություններից» («Армяне, одумайтесь!» տիպի թեզեր)։ Նպատակն է վախեցնել, խուճապ առաջացնել, դիմադրողականությունը նվազեցնել։
  14. Քաղաքակրթական թեզեր. անհիմն զիջումներին չհամաձայնվելը ներկայացվում է որպես հետամնացություն, «եվրոպական քաղաքակրթությանը» կամ «քրիստոնեական արժեքներին» չհամապատասխանելու ապացույց, երեխայական կամակորություն։ Փորձեր են արվում հայկական կողմում կոգնիտիվ դիսոնանս առաջացնել՝ շահարկելով հայերի ինքնընկալումը որպես քաղաքակիրթ, ադրբեջանցիներից մշակութապես ավելի հարուստ, արարիչ ազգի։
2.2. Չեզոք դիտորդներին ուղղված թեզեր
  1. Հայերին և Հայաստանը ահաբեկչության, թմրաբիզնեսի, թրաֆիքինգի, միջազգային այլ «մոդայիկ» հանցագործությունների հետ կապելուն ուղղված թեզեր։
  2. Հայերի` ադրբեջանցիների նկատմամբ գործած, գործվող և դեռ գործվելիք վայրագությունների մասին պատմություններ։ Այս տիպի թեզերը սովորաբար պարունակում են ավերածությունների, թալանի, հրկիզումների, բռնությունների (հատկապես երեխաների և կանանց նկատմամբ), նույնիսկ մարդակերության տեսարաններ։
  3. Հայաստանի ագրեսոր, զավթիչ, հակամարտության հրահրող ու միակ մեղավոր լինելու մասին թեզեր։ Հայերին փնովելուն զուգահեռ՝ Ադրբեջանի ագրեսիան և Ադրբեջանի գործած հանցագործությունները կոծկելուն ուղղված, Ադրբեջանը որպես տուժող կողմ ներկայացնող թեզեր:
  4. Հայերի՝ դարերից ի վեր հակասեմական լինելու վերաբերյալ թեզեր, ինչպես նաև հայերին նացիզմի դաշնակից ներկայացնող թեզեր։

Առաջին չորս տիպի թեզերի հիմքում ընկած են աշխարհում այսօր առավել բացասաբար ընկալվող, պոստմոդեռնիստական հասարակության կողմից «մահացու մեղքերի» շարքին դասվող երևույթները, որոնք և փորձում են բարդել Հայաստանի և հայերի վրա: Նպատակը Հայաստանն ու հայերին միջազգային աջակցությունից զրկելն է, հայերի նկատմամբ հնարավոր կարեկցանքի չեզոքացումը։

  1. Հայերի՝ իսլամի թշնամի լինելու, հայերի՝ համաշխարհային սիոնիզմի, ինչպես նաև Ռուսաստանի և այլ «քրիստոնյա» տերությունների խամաճիկներ լինելու մեղադրանքներ։ Հարկ է նշել, որ հրեաների հետ համագործակցելու «մեղադրանքները»՝ համատեղվելով հայերի սեմական ծագում ունենալու պնդումների հետ, օգտագործվում են նաև սպիտակամորթ ռասիստական, ազգայնական ծայրահեղականների շարքերում հակահայկական քարոզչություն վարելու համար։
  2. Պատմական թեզերի մի մասը։
  3. Միջազգային իրավունքին դիմող թեզեր։
  4. Հակամարտության կողմերի «մեղքերի հավասարակշռություն» հաստատող թեզեր։
2.3. Ներքին օգտագործման թեզեր
  1. Օտարերկրացիների համար նախատեսված բոլոր թեզերն օգտագործվում են նաև ներքին լսարանի համար։
  2. Պատմական բնույթի բոլոր թեզերը։
  3. Հայաստանի ընթացող կործանման (սով, խավար, տնտեսության քայքայում), Հայաստանի դատարկվելու մասին թեզեր։
  4. Ադրբեջանի և ադրբեջանական բանակի օրեցօր հզորանալու մասին թեզեր։
  5. Հայերի՝ վախկոտ, խաբեբա, նենգամիտ, արյունարբու և նույնիսկ մարդակեր լինելու մասին թեզեր։ Նպատակն է թշնամու կերպար ձևավորել ու ամրապնդել, հայերին ապամարդկայնացնել։

3. Դասակարգումը ըստ թեմաների

Տվյալ պահին ցուցակագրված են մոտ հարյուր թեզեր, և այդ թիվն օրեցօր աճում է։ Ըստ թեմատիկ ուղղվածության` այդ թեզերը կարելի է բաժանել հետևյալ խմբերի.

  • Պատմական բնույթի փաստարկներ
  • «Պրագմատիկ»-տնտեսական փաստարկներ
  • Միջազգային-իրավական փաստարկներ
  • Քաղաքակրթական փաստարկներ

Վերը նշվածներից պատմական փաստարկներն ամենամեծ խումբն են կազմում։

4. Պատմական թեզեր

Ստորև, որպես օրինակ, բերում ենք պատմական թեզերի ցուցակը՝ հակիրճ մեկնաբանություններով1։

1. «Ալբանական» թեզ

1.1 Ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը (ԱՀ) Աղվանքի պատմամշակութային ժառանգության միակ օրինական ժառանգն է։

1.2 Ներկայիս ԱՀ թուրքալեզու բնակիչները սերվում են աղվաններից։

1.3 Արցախը պատմականորեն ոչ միայն եղել է Աղվանքի գավառ, այլև ի սկզբանե բնակեցված է եղել աղվաններով։ 1.2 և 1.3 թեզերից հետևություն է արվում, որ ադրբեջանական թուրքերը Արցախի նախաբնիկներն են։

1.4 Նախորդ թեզի մեկ այլ տարբերակ. այսօրվա արցախցիները հայեր չեն, այլ հայացած աղվաններ։ Աղվանների հետնորդների շարքին է դասվում նաև Սյունիքի բնակչությունը։

1.5 Ներկայիս ԱՀ ու ՀՀ տարածքներում հանդիպող բոլոր քրիստոնեական հուշարձանները աղվանական են։

1.6 Աղվաններն ապրում էին (մեկ այլ տարբերակով՝ պահպանում էին իրենց աղվանական ինքնագիտակցությունը) Արցախում մինչև 19-րդ դարը, իսկ Գանձասարը Աղվանքի կաթողիկոսի նստավայրն էր: Աղվանքի կաթողիկոսությունը լուծարվեց 19-րդ դարում հայ կաթողիկոսի խարդավանքների պատճառով։

2. Հայերի եկվորության թեզը

2.1 Ազատագրված տարածքները պատմականորեն հայկական չեն։

2.2 Չկա ՀՀ, կա «Արևմտյան Ադրբեջան» («Իրևանի խանություն»)։

3. Звездолет «Грибоедофф»2

3.1 «Արևմտյան Ադրբեջանը» Գրիբոյեդովն է բնակեցրել Պարսկաստանից ու Թուրքիայից բերված հայերով։ Նույնը վերաբերում է Ղարաբաղին։ Մինչ այդ այս տարածքում հայեր գրեթե չկային։ Նույնիսկ հայերի ներգաղթից հետո էլ Իրևանում կովկասյան թաթարներն ավելի շատ էին, քան հայերը։

Ընդհանրապես, հայերի եկվորության թեզի շատ տարբերակներ կան՝ հայերը Բալկաններից են եկել (այն փաստը, որ նույնիսկ ըստ բալկանյան տեսության հայերը Հայկական լեռնաշխարհ են ժամանել 3200 տարի առաջ, երբեք չի նշվում)։ Մեկ այլ օրինակ. ըստ պատմական գիտությունների դոկտոր Ֆարիդա Մամեդովայի` այս տարածքում հայերի հայտնվելը կապված է Կիլիկյան թագավորության անկումից հետո Հայ եկեղեցու հոգևոր կենտրոնը Էջմիածին «տեղափոխելու» հետ3։

Այնուամենայնիվ, Բաքվի ագիտպրոպի կողմից ամենահաճախ օգտագործվողը պարսկական լծից Արևելյան Հայաստանի ազատագրումից հետո հայերի ներգաղթի թեզն է։ Ըստ այդ թեզի` հայերին Արևելյան Հայաստան և մասնավորապես Արցախի տարածք է բերել Գրիբոյեդովը՝ այսպիսով սկիզբ դնելով տարածաշրջանում «հայկական էքսպանսիային»։ Այն փաստը, որ մինչ այդ Արևելյան Հայաստանը հայաթափվել է Շահ Աբաս Երկրորդի կազմակերպած բռնագաղթի, իսկ այնուհետև մի քանի թուրք-պարսկական պատերազմների ընթացքում տեղի բնակչության պարբերաբար տեղի ունեցած կոտորածների հետևանքով, իհարկե, չի հիշատակվում։ Առավել ևս չի խոսվում այն մասին, որ այդքան կորուստներից հետո էլ այդ ողջ ժամանակահատվածում հայերի անընդհատ ներկայությունը շարունակվել է Սյունիքում ու Արցախում, ինչպես նաև Հայաստանի հյուսիսային շրջաններում։

3.2 Նախորդ թեզի մեկ այլ տարբերակ` «իրեղեն ապացույցով». «ԼՂԻՄ-ում գոյություն ուներ հայերի՝ Արցախ գաղթելու 150-ամյակին նվիրված հուշարձան, որ հայերը հետո պայթեցրին այդ գաղթի հետքերը թաքցնելու համար»:

Իրականում խոսքը Մարաղա գյուղի հիմնադրման 150-ամյակին նվիրված հուշարձանի մասին է։ Ընդ որում` ադրբեջանական աղբյուրից աղբյուր է անցնում այդ հուշարձանի լուսանկարը, որի վրա հայերեն տառերով գրված է «ՄԱՐԱՂԱ 150»։ Այս կեղծիքի հեղինակների հաշվարկը նպատակային լսարաններում հայերենին չտիրապետելն է։

3.3 Հայերը հմուտ կեղծարարներ են, նրանք Մատենադարանում (որպես տարբերակ՝ Էջմիածնում) կեղծ հինավուրց գրքեր ու քարտեզներ են պատրաստում։

3.4 Հայերը որևէ կապ չունեն արմենների հետ։ Արմենները թյուրքալեզու ցեղ էին, իսկ եկվոր հայերը (գրում են «хай») գողացել են նրանց ինքնանվանումը։

3.5 Միամիտ ադրբեջանցիները հայերին ընդունեցին որպես հյուրերի, իսկ նենգ հայերն իրենց հյուրընկալ մեջքին հարվածեցին։

3.6 Արցախի նկատմամբ իրենց հավակնությունները հաստատելու նպատակով հայերը խորհրդային տարիներին ուղղաթիռներով հայատառ խաչքարեր էին բերում և ուղղաթիռից գցում Արցախի տարածքում:

4. 1905 – 1920 թթ.

4.1. 1905թ. հայերի ջարդերի ու դրանց հաջորդած հայ-թաթարական բախումների պատմությունը խեղաթյուրող պնդումներ։

Օրինակ՝ Բաքվի հայկական ջարդերը կազմակերպել էր... բոլշևիկ Անաստաս Միկոյանը4։ Զավեշտալին այն է, որ Միկոյանը 1905 թվականին ընդամենը 10 տարեկան էր։

Հետաքրքրական մեկ այլ օրինակ է զետեղված 1905 թվականին տարածաշրջան այցելած իտալական ճանապարհորդ ու գրող Լուիջի Վիլարիի «Հուրն ու սուրը Կովկասում» (Fire and Sword in the Caucasus) գրքում։ Վիլարին պատմում է, թե ինչպես էր Նախիջևանի խանը բացատրում 1905 թվականի մայիսին Նախիջևանում տեղի ունեցած հայկական ջարդերը։ Ըստ խանի՝ հայերն ինքնահրկիզվել էին սեփական տներում ու խանութներում, պղծել հայկական եկեղեցիները՝ մեղքը խեղճ ադրբեջանցի թուրքերի վրա բարդելու նպատակով5։

Մեկ այլ օրինակ, որը հեղինակը լսել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնի մի ուսանողից։ Թբիլիսիում հերթական հայ-ադրբեջանական հանդիպումներից մեկի ժամանակ IWPRկազմակերպության Ադրբեջանի մասնաճյուղի տնօրեն Շահին Ռզաևը որպես գաղտնիք պատմել է ներկա հայերին, որ 1905 թվականին Բաքվի հայկական ջարդերը ոչ այլ ինչ էին, քան «հայկական մաֆիան վերացնելու փորձ»։ Այն է. բռնությունը ուղղված է եղել ոչ թե բոլոր հայերի, այլ «հայկական մաֆիայի» դեմ, որը տիրացել էր նավթային բիզնեսին և իր ագահության հետևանքով ադրբեջանցիներին կոտորածից բացի ուրիշ ելք չէր թողել։

4.2. 1918թ. մարտի՝ կովկասյան թաթարների կոտորածներն ուռճացնող, դրանք որպես ցեղասպանություն որակող թեզ։ Ընդ որում` մարտի իրադարձություններին նախորդած 1905–1907թթ. բախումներն, ինչպես նաև դրանց հաջորդած 1918 թվականի հայկական կոտորածը Բաքվում կամ ընդհանրապես չեն հիշատակվում, կամ էլ բավական աղավաղված ձևով են ներկայացվում թե´ ադրբեջանցի թուրքերի և թե´ որոշ «չեզոք» հեղինակների կողմից։ Տե´ս, օրինակ՝ Թոմաս դե Վաալի «Սև այգի» գրքում զետեղված ժամանակագրությունը։

4.3. Հայերը ցեղասպանել են հրեաներին Ադրբեջանի տարածքում (այսպես կոչված «Գուբայի ցեղասպանություն»)։

4.4. Չնայած 1918-ի մարտի ցեղասպանությանը, ադրբեջանցիներն այնքան մեծահոգի գտնվեցին, որ երկու ամիս չանցած, հայերին նվիրեցին հինավուրց ադրբեջանական Իրևան քաղաքը, որպեսզի հայերը կարողանան իրենց պետությունը ստեղծել այդ մայրաքաղաքով։ Որպես տարբերակ. իբր թե գոյություն ունի ինչ-որ պայմանագիր, որով Իրևանը հայերին է տրվել 150 տարով, և այդ 150 տարին հենց լրանա, պիտի հետ ուզեն։

4.5. Ադրբեջանցի քաջերը կտրել են զորավար Անդրանիկի ականջը, որի պատճառով նա ողջ կյանքում լուսանկարվելիս այնպես էր նստում, որ միայն դեմքի մի կողմը երևա։ Եվս մեկ տարբերակ. Անդրանիկը թուրքական գեներալ է եղել (հիմք է ընդունվում այն, որ Անդրանիկին «փաշա» էին անվանում), բայց դավաճանել է, և որպես պատիժ կտրել են նրա ականջը։ Նույն սխեմայով է պատրաստված «Ադրբեջանցի հատուկ ջոկատայինների կողմից Մոնթեին գլխատելու» առասպելը, (մեկ այլ տարբերակով՝ «Ադրբեջանցիները գերել են Մոնթեին, գերված ահաբեկչին ադրբեջանական գյուղերով ման են ածել, ժողովրդին ցույց տվել, հետո միայն սպանել»)։

Ընդհանրապես արվում է ամեն ինչ հայ ժողովրդի համար խորհրդանշական կերպարներին պախարակելու կամ իրենց հայ լինելը կասկածի տակ առնելու ուղղությամբ։ Օրինակ` Եղիշեն ծագումով վրացի է; Մարշալ Բաղրամյանն ուրիշների փառքին էր տիրացել, Արամ Խաչատրյանը գրագող էր, Յուրի Վարդանյանը պարծենկոտ է և այլն, և այլն։

5. Խորհրդային ժամանակաշրջան

5.1. Հայերը Միկոյանի միջոցով խորհրդային տարիներին շարունակել են իրագործել ադրբեջանցիների ցեղասպանություն։ Խոսքը ստալինյան ռեպրեսիաների տարիների մասին է։

5.2. Խորհրդային տարիներին Ադրբեջանում հայերն ավելի լավ էին ապրում, քան բնիկ ադրբեջանցիները։

6. Հակամարտության ներկա փուլի պատճառներն ու սկիզբը

6.1. Հայերն ու ադրբեջանցիները համերաշխ ապրում էին. այս ամենն արվեց մի քանի խարդախ տնօրենների ու «ցեխավիկների» շահերը պաշտպանելու համար։

6.2. Հայերն ու ադրբեջանցիները համերաշխ ապրում էին. այս ամենը հրահրվեց ՊԱԿ-ի (որպես տարբերակ ԱՄՆ ԿՀՎ-ի) կողմից։

6.3. Ղափանի ադրբեջանցիների ջարդեր (Ղափանի փախստականները Սումգայիթի ջարդերում)։ Մեկ այլ տարբերակ է «Գուգարքի ջարդերը»։

6.4. Երկու ադրբեջանցի մոտեցել են, որ գետից ջուր խմեն, հայերը սպանել են. ամեն ինչ դրանից սկսվեց:

Այս առասպելը, առանց որևէ լրացուցիչ մեկնաբանության, հնչում է «Ինտերնյուզ» կազմակերպության նկարահանած վավերագրական կինոնկարներից մեկում, մի տարեց ադրբեջանցու շուրթերից։ Ամենայն հավանականությամբ սա 1988թ. փետրվարին Ասկերանում տեղի ունեցած դեպքերի աղավաղված վերապատմումն է։

6.5. Հայերն իրենք են կազմակերպել Սումգայիթի ջարդերը, ավելին՝ հայերը նախօրոք Սումգայիթում ամեն քայլափոխի թաքնված տեսախցիկներ էին տեղադրել, որ հետո կարողանան մեղքը միամիտ ու ոչինչ չկասկածող ադրբեջանցիների վրա բարդել։

6.6. Սումգայիթում դաշնակները սպանել են այն հայերին, ովքեր հրաժարվում էին հանգանակել «Կռունկ»-ի դրամահավաքներին։

6.7. 1990թ. հունվարին խորհրդային զորքերը բռնի ուժով ճնշեցին Ադրբեջանում ժողովրդավարական շարժումը, ինչի արդյունքում հարյուրավոր անմեղ մարդիկ զոհվեցին (Բաքվի «Սև հունվարը»)։

6.8. 1988–1990թթ. ընթացքում Հայաստանի տարածքում սպանվել են 225 ադրբեջանցիներ։ Այսպես կոչված «Յունուսովի ցուցակ»՝ դեռ 1990 թվականին մանրամասն հիմնավորումներով հերքվել է Հայկական ԽՍՀ ՊԱԿ-ի կողմից, սակայն շարունակում է օգտագործվել ադրբեջանցիների կողմից մինչև այսօր։

6.9. Պատերազմը սկսվեց այն բանից հետո, երբ ԼՂԻՄ-ը հռչակեց անկախություն։

6.10. Ազգությամբ ադրբեջանցի հազարավոր խաղաղ բնակիչներ՝ կանայք, ծերեր, երեխաներ են զոհվել հայկական զինված ուժերի վայրագությունների հետևանքով։

6.11. (Չեզոք դիտորդի փաստարկ) հնարավոր չէ պարզել, թե ով սկսեց հակամարտությունը, հնարավոր չէ որոշել, թե ով է մեղավորը։ Երկու կողմն էլ հավասարաչափ մեղավոր են։

6.12. Ինչպե՞ս կարող են հայերը հավակնել Ղարաբաղին, եթե Հայաստանը նույնիսկ սահման չուներ ԼՂԻՄ-ի հետ։ Չի խոսվում այն մասին, որ Լաչինը մինչև 1930-ականների կեսը մտել է ինքնավար մարզի կազմի մեջ և ապահովել անմիջական կապը Հայկական ԽՍՀ-ի հետ, և հետո միայն օտարվել ԼՂԻՄ-ից։ Նաև չի նշվում, որ նույն տրամաբանությունից ելնելով`ադրբեջանցիները չպետք է հավակնեն Նախիջևանին։

6.13. (Չեզոք դիտորդի փաստարկ) Արցախի պատմական պատկանելությունը կարևոր չէ. պատմությունով պետք չէ շարժվել, այլ ներկայով։ Սակայն նույն տրամաբանությամբ առաջնորդվելիս պետք է մոռացության մատնել նաև Արցախի՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում գտնվելը, չէ՞ որ դա արդեն 15 տարի է, ինչ պատմություն է։ Այնուամենայնիվ, այս թեզը համառորեն հնչեցվում է զանազան միջազգային ամբիոններից՝ հայկական կողմից որևէ արձագանք չստանալով։

Հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում հայության դեմ օգտագործվող քարոզչական թեզերն (ավելի ստույգ՝ պատմական բնույթի թեզերն) ուրվագծող տվյալ համառոտ ակնարկից կարելի է հետևյալ նախնական եզրակացություններն անել.

Ա. Հակահայկական քարոզչության զգալի մաս են կազմում առասպելացված պնդումները, որոնք կա´մ բացարձակապես մտացածին են, կա´մ էլ շատ քիչ առնչություն ունեն իրականության հետ։

Բ. Այս թեման գրեթե ուսումնասիրված չէ հայ մասնագետների կողմից, և դեռ բավական աշխատանք պետք է տարվի եղած փաստերը համակարգելու և հանգամանորեն վերլուծելու համար։ Անշուշտ, պետք է հաշվի առնել, որ լրիվ ավարտուն տեսք այս աշխատանքը երբեք չի ստանա, քանի որ տվյալ ոլորտում անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում։

Գ. Հայկական կողմը տվյալ պահին դեռ չունի որևէ քաղաքականություն նման քարոզչությունը չեզոքացնելու համար։ Մեր կարծիքով` հայկական լսարանի համար այս խնդիրը մասամբ կարելի է լուծել երիտասարդության շրջանում հատուկ կրթական ծրագրեր անցկացնելով, ինչպես նաև Հայաստանի զանգվածային լրատվության միջոցներում հատուկ բացատրական աշխատանք տանելով։ Այս գործընթացը պետք է լինի շարունակական։

Ինչ վերաբերում է երրորդ՝ «չեզոք» լսարաններին, ապա այստեղ դժվար է որոշակի ունիվերսալ լուծումներ առաջարկել, քանի որ ամեն մի օտարազգի լսարան իր յուրահատկություններն ունի, և լուծումները դրան համապատասխան պետք է մշակվեն։ Սա ինքնին մեծ բնագավառ է, որ հայկական փորձագիտական հանրության կողմից առանձնահատուկ ուշադրություն է պահանջում։

Նույնիսկ այսպիսի կցկտուր, կարելի է ասել` «հում» վիճակում տվյալ ցուցակն ուշագրավ է թե´ հայ-ադրբեջանական տեղեկատվական հակամարտությամբ հետաքրքրվող մասնագետների, թե´ ուսանողության համար։ Ինչը և թելադրում է այս ուղղությամբ աշխատանքը շարունակելու անհրաժեշտությունը։

1Թեզերը ներկայացված են ըստ ադրբեջանական ձևակերպումների և հեղինակը խուսափել է դրանց ամբողջական չակերտավորումից (խմբ.)։

2Պատմական թեզերի այս խմբի անունը վերցված է www.miacum.ru կայքի ֆորումի հայ մասնակիցների հեգնական մեկնաբանություններից։ Ըստ իրենց, եթե համատեղել ադրբեջանցի թուրքերի պնդումները հայերի ծագումնաբանության վերաբերյալ, ապա հայ ժողովրդի ներկայությունն այս տարածաշրջանում կարելի է բացատրել միայն հայերի՝ երկնքից իջնելով, այն է՝ արտերկրային ծագում ունենալով։

3Журнал «Азербайджан и азербайджанцы», N7-8, 2001, с. 26.

4Charles van der Leeuw, Azerbaijan: Quest for Identity, New York, St. Martin’s Press, 2000

5 Luigi Villari, Fire and Sword in the Caucasus. London, T. F. Unwin, 1906; p. 282.


http://www.noravank.am/am/?page=analitics&nid=1849

Aucun commentaire: