lundi 25 mai 2009

ԷՖԵԿՏԻՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Իգոր Բաղիրյան

«Մարդկանց անհրաժեշտ են ոչ թե ապրանքներ
(ընդհանրացնելով՝ կազմակերպություններ, ինստիտուտներ),
այլ այն գործառույթները, որոնք դրանք կատարում են։
Ֆիլիպ Կոտլեր, մարքեթինգի առաջատար տեսաբան

1. Գլոբալիզացիոն զարգացման արդի փուլով պայմանավորված պահանջներ Էֆեկտիվ պետության մոդելին

Եթե մտովի հարցում անցկացնենք «Վերջին 40-50 տարիներն ընդգրկող ժամանակաշրջանի առավել հատկանշական բնութագրերը» թեմայով, ապա հաստատ առաջատար տեղը կզբաղեցնի Քաոսի խորացումը՝ հոգեբանական, քաղաքական, տնտեսական և էկոլոգիական սպառնալիքների աճով արտահայտված։

Այդ փաստի համալիր, մասնագիտական վերլուծությունը պայմանավորեց արդի մետագիտության՝ սիներգետիկայի առաջացումը, որի հիմնադիրներն են ականավոր գիտնականներ, Նոբելյան դափնեկիրներ Ի.Պրիգոժինը և Գ.Հաքենը։

Սիներգետիկայի առանցքային թեման Քաոսն է և դրանում կյանքի կազմակերպումը՝ որպես ելակետային եղելություն։ Հասարակական գործընթացների կառավարման պրակտիկայի տեսակետից սա նշանակում է անցում կայունության հայեցակարգից (տրված բավական նեղ միջակայքում օբյեկտի հիմնական բնութագրիչները պահելու անհրաժեշտության իմաստով) կառավարվող Քաոսի հայեցակարգի։

Նոր հայեցակարգի իրագործումը ենթադրում է մտավոր ջանքերի կենտրոնացում հետևողականորեն շաղկապված հարցերի շղթային. որո՞նք են կարևորագույն գործառույթները, որ համարժեք են ժամանակի տվյալ պատմական հատվածին և որո՞նք պետք է իրականացվեն, ի՞նչ ինստիտուտների կողմից դրանք կարող են իրականացվել, ո՞ր բնութագրիչների կայունությունը և ի՞նչ ձևով պետք է ապահովվի։ Այս հարցերի պատասխաններն են որոշում պետական իշխանության գործառույթներն ու կառուցվածքը։

Համաշխարհային զարգացման արդի փուլի առանձնահատկությունն այն է, որ այս հարցերի պատասխանները պետք է պարբերաբար թարմացվեն, արդիականացվեն, ընդ որում՝ ժամանակի հատվածն ինքը կրճատման միտում ունի։

Ակնհայտ է, որ առանց կառավարման համակարգի սկզբունքային փոփոխության նման պարբերական թարմացումը կկրի էլ ավելի հիվանդագին բնույթ և շատ արագ կհանգեցնի դրա տապալմանը։ Դա էլ տեղի է ունենում կառավարման առկա պահպանողական համակարգերի հետ, որոնք փորձում են պահպանել բոլոր հիմնական բնութագրիչների կայունությունը և այդպիսով պահպանել ստեղծված գործառութային-կազմակերպական կառուցվածքը։

Կառավարման արդի, ողջամիտ համակարգը սկզբից ևեթ կառավարման օբյեկտում նախատեսում է փոփոխությունների համար հոգեբանական և ինստիտուցիոնալ նախապատրաստություն ստեղծող Քաոսի որոշակի աստիճան։

Օբյեկտում Քաոսի որոշակի աստիճանի պահպանումը կապված է նաև արագացված ոչգծային զարգացման հնարավորության հետ։ Սիներգետիկայի տեսական դրույթներին համապատասխան, որոնք հաստատվել են նաև գործնականում, Քաոսի որոշակի մակարդակում (երկճյուղության՝ բիֆուրկացիայի կետում) զարգացման տարբերակները (ատտրակտորները) շարվում են ոչ թե ըստ կարգի՝ մի գծով (որպես օրինակ հանդես է գալիս գծային գաղափարախոսությունը. թույլ զարգացած, զարգացող, զարգացած երկրներ), այլ մեկ հարթության մեջ՝ թույլ տալով անցումը դրանցից յուրաքանչյուրին։

Պետական իշխանության արդի համակարգը պետք է պարունակի այնպիսի կառույցներ, որոնք կապված են նախ՝ հարցերի (գործառույթներ – ինստիտուտներ - բնութագրիչներ) վերոնշյալ շղթայի պատասխանների որոնման, և երկրորդ՝ Քաոսի օբյեկտ «մուտքի թույլտվության» և դրա կառավարման հետ։

2. Ազգային անվտանգություն – անվտանգությունների համակարգ – էֆեկտիվ պետություն հայեցակարգ

Պրոֆեսիոնալ առումով երկրորդ դասի խնդիրների (Քաոսի կառավարում) լուծման համար, որոնք պայմանավորված են առաջին հերթին հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ի հետ գրագետ հարաբերություններով, առավել համարժեք են ազգային (պետական) անվտանգության կառույցները։

Մյուս կողմից՝ այդ կառույցների գործողությունները պետք է բխեն խնդիրների առաջին դասի (գործառույթներ – ինստիտուտներ - բնութագրիչներ) հետ կապված տեղեկատվությունից։

Ըստ այդմ՝ պետական իշխանության արդի հայեցակարգերը հենվում են ազգային անվտանգության ընդլայնված մեկնաբանության վրա, որն ընդգրկում է խնդիրների երկու դասն էլ։

Առաջին անգամ նման մոտեցում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջարկեց ԱՄՆ-ը։ Մոտեցման հիմքում ընկած են երկու սկզբունքներ, որոնք ապահովում են պետական իշխանության ամբողջականությունը ժամանակային և տարածքային (կազմակերպական) ասպեկտներով։

Առաջին սկզբունքի էությունը կազմակերպական մակարդակում ռազմավարական և մարտավարական խնդիրները տարբերակելն է։ Ընդ որում՝ ռազմավարության համար պատասխանատու սուբյեկտները պարտավոր են պատասխանել հարցերի վերոնշյալ շղթային, այսինքն՝ ունենալ իշխանության հեռանկարային գործառութային-ինստիտուցիոնալ կառույցի տեսլականը։

Ամերիկյան փորձի մեջ, որը հետագայում պատճենվեց բոլորի կողմից, ընդ որում՝ ցավոք, ձևական-կառուցվածքային, այլ ոչ թե գործառնական մակարդակում, այդ նպատակով ստեղծվեց Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ)։ Վերջինը պարտավոր է համակարգել ռազմավարության հետ կապված բոլոր կառույցները։

Անհրաժեշտ է կրկին ու կրկին, ամեն անգամ՝ էլ ավելի մեծ խորությամբ ընկալել այն փաստը, որ առաջնայինը գործառույթն է, այլ ոչ թե դրա իրագործման կոնկրետ ձևը։

Իշխանության ռազմավարական և մարտավարական մակարդակների տարբերակումն ապահովում է ամբողջականությունը ժամանակի մեջ՝ ի հաշիվ ժամանակի մեջ արտացոլվող որոշումների և ռազմավարության համար պատասխանատու սուբյեկտների կազմակերպական մեծ կայունության հիերարխիայի։

Իշխանության տարածքային (կազմակերպական) ամբողջականությունը ձեռք է բերվում պետական իշխանության՝ որպես համակարգի, դիտարկման միջոցով, որի վերջնական նպատակը անվտանգությունների (հոգևոր-հոգեբանական, տնտեսական, գործառութային-կազմակերպական, իրավական, ռազմաստրատեգիական) փոխադարձ լրակազմի ապահովումն է։ Սա է երկրորդ սկզբունքի էությունը։

Անվտանգությունների համակարգի ամբողջականությունն ապահովվում է հոգևոր-հոգեբանական անվտանգության գլխավորությամբ։

Հիերարխիայում հոգևոր-հոգեբանական անվտանգության գերակայությունը բացատրվում է նրա անմիջական կապով ազգային պետականության ամենահիմնարար խնդրի հետ։ Ի դեպ, հիերարխիա տերմինը շրջանառության մեջ է մտցրել քրիստոնյա միստիկ, սուրբ Դիոնիսիոսը, և այն նշանակում է նյութի կառավարում (արխիա) հոգևոր սկզբունքների հիման վրա (իերո)։

Մարդկային մտածողության տեսակների կառուցվածքը որակական բարդացման տեսակետից կարելի է ներկայացնել «ներքևից վերև» հիերարխիական մակարդակների տեսքով. տնտեսական, գիտավերլուծական, քաղաքական, կրոնափիլիսոփայական։

Ի տարբերություն առաջին երկուսի (ներքևինների), վերջին երկուսը սկզբից ևեթ գործառում են հասկացությունների ամբողջական համակարգերով։ Վերջին՝ բարձրագույն մակարդակը տարբերվում է, համենայնդեպս, Բացարձակ Ճշմարտության պարբերական ապրումներով։

Ազգային պետականությունը լիարժեք, ինքնաբավ է, երբ հասարակությունում ներկայացված են ինստիտուցիոնալ առումով ձևակերպված, այսինքն՝ հաղորդակցության որոշակի տեխնոլոգիայով միավորված մտածողության բոլոր տեսակները։

Իրադարձությունների՝ բացառապես բնական ռեսուրսներին տիրապետելու դիրքերից բացատրության՝ հասարակության մեջ լայնորեն տարածված տարբերակները պարզապես արտացոլում են «վնասաբեր» տնտեսական մտածողության գերիշխանությունը։ Վնասաբեր այն իմաստով, որ սկզբից ևեթ տնտեսությանը չհանգող քաղաքականությունը փորձում են բացատրել դրա շրջանակներում։

Հենց ըստ էության քաղաքական (էլ չենք խոսում կրոնափիլիսոփայական) մտածողության բացակայությունն էլ դարձավ ազգային անհաջողությունների պատճառը տեսանելի անցյալում և կպայմանավորի դրանք ապագայում։

Պատմական փորձը վկայում է. ժողովուրդը հոգևոր և, որպես հետևանք, նյութական վերելք է ապրում, երբ սկսում են ինստիտուցիոնալացվել մտածողության երկու վերին տեսակները՝ քաղաքականն ու կրոնափիլիսոփայականը։ Եվ հակառակը, ազգի դեգրադացումն ուղեկցվում և պայմանավորվում է մտածողության այդ տեսակների կործանման և, որպես հետևանք, ողջ հասարակական կյանքի վուլգար էկոնոմիզացիայի արդյունքում։

Ասվածը նշանակում է, որ որպես հոգևոր-հոգեբանական անվտանգության գերխնդիր-առաքելություն հանդես է գալիս նշված իմաստով ազգային պետականության կառուցումը։

Բերված նկատառումները նպատակահարմար է դիտարկել նաև սիներգետիկայի դիրքերից։ Վերջինը յուրաքանչյուր համակարգի որակը՝ անձից մինչև հասարակություն, գնահատում է դրա ինքնակազմակերպման ունակությանը համապատասխան. դա աշխարհի՝ իր գոյաբանական մոդելը և, որպես հետևանք, իր կառուցվածքը որակապես փոխելու ունակությունն է։

Այս համատեքստում կարելի է ասել, որ ազգի ինքնակազմակերպման կարողությունը որոշվում է մտածողության վերին՝ քաղաքական և կրոնափիլիսոփայական երկու տեսակների առկայությամբ։

Առանձին անհատների մակարդակով հոգևոր-հոգեբանական անվտանգությունից պահանջվում է ստեղծել տեղեկատվական միջավայր, որը մի կողմից՝ իրականացնելու է օգնության գործառույթ զարգացման ուղղություն-վեկտորի մասին պատկերացում ձևավորելիս, և մյուս կողմից՝ վնասակար ներգործություններից պաշտպանության գործառույթ։

Այդ պահանջը հենվում է մարդու գիտակցության կառուցվածքի՝ այսօր բոլորի կողմից ընդունված երրորդության պատկերացման վրա. այն բաղկացած է մարդու ողջ պոտենցիալի գործադրման հետ կապված գերգիտակցությունից, կոնկրետ շրջակա իրադրությունն ընկալող ընթացիկ գիտակցությունից և ընթացիկ գիտակցությամբ չընկալվող գործընթացները ֆիզիկական, հուզական, մտածողական (մենթալ) մակարդակներում կառավարող ենթագիտակցությունից։

Առաջին գործառույթը պետք է անհատին օգնի ընդլայնել ընթացիկ գիտակցությունը մինչև գերգիտակցություն, երկրորդը պետք է ապահովի ենթագիտակցության վրա ընթացիկ գիտակցության կողմից չթույլատրված՝ անհատին արտաքին ուժերի ձեռքին խաղալիք դարձնող ներգործություններից պաշտպանությունը։

Այս իմաստով մտածողության կրոնափիլիսոփայական տեսակի կրողներն այն անհատներն են, ովքեր հասել են միասնության գերգիտակցության հետ։ Իդեալում հենց նրանք պետք է գծեն հոգևոր զարգացման վեկտորը և որոշեն հոգևոր-հոգեբանական անվտանգության բովանդակությունը։

Այս մակարդակի անհատները ձևավորում են արդեն ոչ միայն ազգային, այլև համամարդկային հոգևոր հարստությունը։ Ուստի, ազգային հոգևոր-հոգեբանական անվտանգությունը պետք է անհատին ապահովի դրա և դրա հասանելիության հնարավորության մասին տեղեկատվությամբ։

Ասվածի համատեքստում հետաքրքիր է վերլուծել փորձագիտական շրջանակներում անվտանգությանը տրված սահմանումներից մեկը. անվտանգությունը ազգային արժեքների սուր սպառնալիքների բացակայության վիճակն է։

Դրանում պետական իշխանությանը ներկայացվում են հետևյալ պահանջները։ Նախ՝ այն պետք է իմանա, թե որոնք են հիմնական ազգային արժեքները։ Ընդ որում՝ այդ իմացությունը պետք է կրի բավական գործառնական բնույթ։

Երկրորդ՝ պետական իշխանությունը բավական հստակ պատկերացում պետք է ունենա ազգային արժեքների հետ հասարակական և պետական ինստիտուտների կապերի մասին։

Ի վերջո, այն պետք է ունենա իրենց խնդիրներին այդ ինստիտուտների համարժեքության աստիճանի գնահատման մեխանիզմներ։

Ասվածը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ ազգային պետականության կառուցումը, մտածողության նշված տեսակների (նախևառաջ՝ քաղաքական և կրոնափիլիսոփայական) ձևավորման իմաստով, ազգային կարևորագույն արժեք է։

Համաշխարհային պրակտիկայում այդ խնդրի իրագործումը կապված է համապատասխան ակադեմիական գիտական կենտրոնների աշխատանքի հետ, որոնք միաժամանակ ազգային անվտանգության անքակտելի մասն են հանդիսանում։

Հայաստանի պայմաններում անհրաժեշտ է շուտափույթ ձևավորել գիտական ինստիտուտներ, որոնցից մեկի թեմատիկան կընդգրկի մտածողության և գիտակցության գործընթացները, հոգեբանական զարգացման բոլոր հիմնական ասպեկտները, Արևելքում և Արևմուտքում առկա հոգեկան զարգացման մեթոդների զինանոցը, այդ թվում՝ լայն տարածում ստացած նեյրոլեզվաբանական ծրագրավորման (ՆԼԾ) մեթոդը։ Հատուկ տեղ պետք է հատկացվի լեզուների կառուցվածքի հետ մտածողության փոխկապակցություններին։

Երկրորդը կընդգրկի այն հարցերի շրջանակը, որոնք կապված են հնդեվրոպական և համաշխարհային քաղաքակրթության կայացման և զարգացման, Հայության դերի հետ։

Այդ ինստիտուտների առկայությունն ակադեմիական ողջ համակարգին կհաղորդի ավարտուն բնույթ, կապահովի դրա դինամիկան և ամբողջականությունը։

Կազմակերպական և իրավական անվտանգության տեսական ասպեկտները պետք է դառնան երրորդ ինստիտուտի խնդիրը, որի առաքելությունն է լինելու զարգացման պլանավորման (development planning) մեթոդաբանության մշակումը՝ սիներգետիկայի և էվոլյուցիոն տեսությունների ուսումնասիրման և ինստիտուցիոնալ զարգացման տարբերակների մշակման հիման վրա։

Այս գիտական կենտրոնի գործունեությունը պետք է նպաստի հասարակությունում զարգացման պլանավորման (Արևմուտքի հիմնարար ինստիտուտներից մեկի) համընդգրկող մշակույթի ստեղծմանը։

Ռազմաստրատեգիական անվտանգության հետ կապված տեղեկատվության հիմնական սպառողը պետք է դառնան Զինված ուժերի գլխավոր շտաբը, Արտաքին գործերի նախարարությունը, Ազգային անվտանգության կոմիտեն։

Այդ տեղեկատվությունը պետք է ընդգրկի երկու կարևորագույն ուղղություն։ Դրանցից առաջինը զինված ուժերի զարգացման պլանավորումն է՝ կառույցի գործառնական-կազմակերպական փոփոխության ուղղության որոշումը, սպայական կազմի պատրաստման, առաջին հերթին՝ հոգեբանական զարգացման հետ կապված հարցերի ողջ շրջանակը։ Երկրորդը կապված է ռազմաքաղաքական դիմակայության տարածաշրջանային սցենարների մշակման հետ. հիմնական սուբյեկտների պարզում, գործընթացների վրա ազդելու հնարավորություններ։

Նշված չորս գիտական կենտրոնները պետք է դառնան ազգային անվտանգության բազիսային գաղափարախոսական հիմքը մի կողմից և տրամաբանական գիտական գիտելիքահենքը՝ մյուս կողմից։

3. Ֆինանսական անվտանգության խնդիրները

Ֆինանսական անվտանգությունը տնտեսական անվտանգության համեմատաբար ինքնուրույն ենթահամակարգն է։ Հենց այս երկու առանձնահատկությունները՝ համաենթակայությունը և ինքնուրույնությունն են որոշում ֆինանսական անվտանգության խնդիրները։

Այդ խնդիրները ներառում են հետևյալ ուղղությունները.

  • Ֆինանսական համակարգի ինստիտուցիոնալ զարգացում. նոր ակտուալ ինստիտուտների ձևավորում, արդեն գոյություն ունեցող ինստիտուտների հետ դրանց կապերի որոշում և այս համատեքստում բոլոր ինստիտուտների գործառույթների ճշգրտում։
  • Արդյունավետ վերահսկողության ապահովում դրամական հոսքերի նկատմամբ, դրանց վրա ազդեցության հնարավորությունների հայտնաբերում։
  • Փողի պոտենցիալ պահանջարկի ուսումնասիրում։
  • Երկրի բոլոր սուբյեկտների արժութային ակտիվների պաշտպանություն հնարավոր սպառնալիքներից։
  • Ծայրահեղ, արտակարգ իրավիճակներում բանկային համակարգի գործառնության ռեժիմների տարբերակների մշակում։

Այս խնդիրների լուծման համար խիստ ցանկալի է որպես մուտքային տեղեկատվություն ունենալ տնտեսական քաղաքականության իրական դոկտրինը՝ հիմնված Հայաստանի տնտեսության ամբողջականության տեսլականի, այն է՝ երկիրը տնտեսական համակարգի վերածելու վրա։ Այստեղ իրագործվում է տնտեսական համակարգ ֆինանսականի մուտքի սկզբունքը – ուղղակի կապ։

Պոտենցիալ պահանջարկի (որ դիտարկվում է որպես հետագայում վճարունակ պահանջարկի զարգացման և ստեղծման նախադրյալ) ուսումնասիրումը արդի էվոլյուցիոն տեսությունների առանցքային հիմքն է։ Տեսաբան տնտեսագետները և նրանց մեջ առաջին անգամ Յ.Շումպետերը վաղուց արդեն արձանագրել են, որ փողի վճարունակ պահանջարկի հասկացությունը, որն ընկալվում է որպես վարկի դեմ իրացվելի գրավ, ընդհանուր առմամբ ֆինանսական համակարգի համար զարգացման կոշտ արգելակ է հանդիսանում։

Ըստ սուբյեկտների փողի պոտենցիալ պահանջարկի կառուցվածքի պատկերը կարևոր մուտքային տեղեկատվություն է Հայաստանի ֆինանսական համակարգի նախագծի մշակման համար։

Այդ պատկերի մշակման համար նպատակահարմար է օգտագործել աուտսորսինգի, տեղեկատվական-վերլուծական կառույցների, Կենտրոնական բանկի ռեսուրսները։

Փողի պոտենցիալ պահանջարկի կառուցվածքի պատկերի ստեղծումը հակադարձ կապի սկզբունքի՝ տնտեսության վրա ֆինանսական համակարգի ազդեցության իրագործում է հանդիսանում։

Ֆինանսական հոսքերի նկատմամբ վերահսկողության նպատակներից մեկը կապիտալի արտահոսքի առավելագույն կրճատումն է։ Մեկ այլ կարևոր նպատակ է կանխիկ շրջանառության կրճատումը (իդեալում՝ զրոյացումը)։ Անհրաժեշտ է մշակել այս խնդրի լուծումների տարբերակներ՝ ընդհուպ մինչև դրամական բարեփոխումը։ Վերջինը, հասկանալի է, պետք է ներառի ըստ հասարակության առանձին շերտերի դրամակուտակումների մեկնարկային սոցիալական դասակարգման պայմանները։

Երկրի արժութային ակտիվների պաշտպանությունը պետք է հենվի գլոբալ ֆինանսական ճգնաժամի զարգացման նախապես մշակված սցենարների վրա։ Մի շարք առաջատար փորձագետների գնահատականներով՝ հետճգնաժամային զարգացումը կունենա 3-4 գոտիների համաշխարհային արժութային համակարգի բաժանման տեսք՝ համապատասխան համաշխարհային և տարածաշրջանային ֆինանսական կենտրոնների գործառույթների փոխակերպմամբ։

Այս համատեքստում անհրաժեշտ է մշակել հնարավոր գոտիներից մեկում Հայաստանի հայտնվելու սցենար։

Նշված խնդիրներն իրենց հրատապությամբ դուրս են գալիս Կենտրոնական բանկի սահմաններից։ Վերջինը կարող է սկսել դրանց մշակումը՝ ենթադրելով հետագայում դրանց հնարավոր պահանջվածությունը երկրի բարձրագույն ղեկավարության կողմից։

Ցանկացած պարագայում անհրաժեշտ է ընկալել, որ ֆինանսական անվտանգությունը ֆինանսական համակարգի կառավարման ռեժիմն է։

Ֆինանսական համակարգի հանդեպ ռեժիմ տերմինի կիրառումը նշանակում է, որ կառավարման սուբյեկտն անընդմեջ, ցիկլիկ ձևով առաջադրում և լուծում է ֆինանսական անվտանգության վերոնշյալ խնդիրները։

Շատ հաճախ պատճառը փոխարինելով հետևանքով՝ տնտեսական կամ ֆինանսական անվտանգությունը նույնացնում են կայունության հետ՝ այս կամ այն մեկնաբանմամբ։

Ասվածը հասկանալու համար կարելի է բերել առողջ ապրելակերպի (պատճառ) և դրա հետևանքներից մեկի, օրինակ՝ կայուն արյան ճնշման համեմատությունը։ Կայուն արյան ճնշումը միշտ չէ, որ կհանգեցնի առողջ ապրելակերպի, առավել ևս՝ կտրված լինելով նրա համատեքստից՝ չի կարող ապահովվել երկար ժամանակի համար։ Այս իմաստով կառավարման համակարգի գտնվելը անվտանգության ռեժիմում նրա համար առողջ ապրելակերպ է նշանակում։

Դա նշանակում է, որ անվտանգության ռեժիմի ստեղծումը չի կարող ձեռք բերվել գոյություն ունեցող համակարգում կայունության ապահովման բաժնի կամ վարչության ներդրմամբ։ Նման մոտեցումը հակասում է ոչ միայն սիներգետիկային, այլև հանրահայտ փիլիսոփայական օրենքին կոնկրետ ճշմարտության մասին. յուրաքանչյուր ճշմարտություն ունի ժամանակային և տարածքային սահմանափակումներ, այսինքն՝ ինչը լավ էր երեկ, կարող է վնասակար լինել այսօր (ժամանակային շրջանակներ) կամ՝ ինչը լավ է ոմանց համար, անպիտան կլինի մյուսներին (տարածքային շրջանակներ)։

Այս համատեքստում անհրաժեշտ է պարբերաբար արդիականացնել Կենտրոնական բանկի և բանկային համակարգի մասին օրենքները՝ հաշվի առնելով համաշխարհային և տարածաշրջանային անկայունության արագացող գործընթացը։ Սրանում կարտահայտվի զարգացման պլանավորման սկզբունքի իրականացումներից մեկը։

Այստեղ տվյալ փուլում անհրաժեշտ է առայժմ միայն ուշադրության առնել հետևյալ երկու հանգամանքները։ Դրանցից մեկը կապված է զարգացած և զարգացող երկրների միջև տարբերությունների հետ։ Ինֆլյացիայի թարգեթավորման հայեցակարգը կոչված էր հանձին Կենտրոնական բանկի՝ պետության հեղինակությամբ չեզոքացնելու բնակչության և բիզնեսի սուբյեկտիվ սպասումները ապագա գնանշումներից և արժույթի փոխարժեքից։ Այդ սպասումները, որպես կանոն, էքստրապոլյացիա են հանդիսանում (նախկին պատկերացումների փոխադրում ապագա) և մարդկային մտածողության հիմնարար առանձնահատկությունն են։

Բայց դրանով հանդերձ՝ չգիտես ինչու վատ է ընկալվում այն փաստը, որ զարգացած երկրների Կենտրոնական բանկերի թիկունքի հետևում կանգնած է տնտեսական բեմահարթակում հիմնական խաղացողների (կառավարության, Կենտրոնական բանկի, խոշոր բիզնեսի)՝ գների դինամիկայի համար համերաշխ պատասխանատվության կարգավորված մեխանիզմը։

Զարգացող երկրներում այդ մեխանիզմը չկա, և այն (օրինակ, որպես գնային կոմիտե, որ կներառի կառավարությունը, Կենտրոնական բանկը, օլիգարխներին) անհրաժեշտ է ստեղծել վերևից ներքև։ Նման մեխանիզմներից դուրս ինֆլյացիայի վրա դրամական ագրեգատներով կամ բանկային տոկոսադրույքներով ազդելու փորձերն անարդյունավետ են։

Մյուս հանգամանքը կապված է ներկայիս գլոբալ ճգնաժամի հետ։

Ճգնաժամը հստակեցրեց այն փաստը, որ ֆինանսական ցուցանիշների կառավարելիության խնդիրը վաղուց արդեն դուրս է եկել անգամ ամենահզոր պետությունների ազգային շրջանակներից։ Այս հանգամանքը համաշխարհային ողջ ֆինանսական համակարգի ճարտարապետության վերանայման և վերազգային համաշխարհային կառույցների ուժեղացման գործոն է հանդիսանում։ Ի դեպ, այսօր համաշխարհային ԶԼՄ ջանքերով արդեն ստեղծվել են գլոբալ դեֆլյացիոն սպասումներ։

Ասվածը նպատակ ունի հիմնավորել այն եզրահանգումը, թե վտանգ կա, որ Կենտրոնական բանկը տվյալ փուլում արագ ծերացող ինչ-որ տեսական կոնստրուկցիաների ձեռքին պատանդ կարող է դառնալ։

4. Գործադիր պետական իշխանության կառուցվածքը

Ազգային անվտանգության՝ բոլորի կողմից ընդունված հայեցակարգին համապատասխան՝ գործադիր իշխանության կառուցվածքը երկմակարդակ է։

Առաջին՝ բարձրագույն ռազմավարական մակարդակը միավորում է այն կառույցները (դրանք անվանենք կոմիտեներ), որոնք իրականացնում են զարգացման պլանավորման գործառույթը՝ ըստ հիմնական ոլորտների.

  • զարգացման պլանավորման կոմիտե, որը պատասխանատու է տնտեսական և հասարակական զարգացման գաղափարախոսության մշակման, մերձավոր ապագայում տնտեսական համակարգի և իրագործման սխեմայի, ընդհանրապես պետական իշխանության կառուցվածքի օպտիմալացման համար,
  • ազգային (պետական) անվտանգության կոմիտե, որը պատասխանատու է ազգային անվտանգության բոլոր տեսակների պաշտպանության, տեղեկատվական և կազմակերպական աջակցության համար,
  • հոգևոր-հոգեբանական, տնտեսական, գործառութային-կազմակերպական, իրավական, ռազմաստրատեգիական կոմիտե։ Այս կոմիտեի կառուցվածքը պետք է որոշվի անվտանգության նշված տեսակներին համապատասխան մասնագիտացած վարչությունների կողմից,
  • շտաբների պետերի կոմիտե, որը պատասխանատու է զինված ուժերի զարգացման պլանավորման, իրադարձությունների ռազմաստրատեգիական զարգացման տարածաշրջանային սցենարների մշակման համար,
  • Արտաքին գործերի նախարարությունը, որը պատասխանատու է համազգային զարգացման հայեցակարգի համատեքստում երկրի արտաքին քաղաքական պոտենցիալի և կարգավիճակի զարգացման պլանավորման, զարգացման ներքին և արտաքին խնդիրների զուգակցման համար,
  • Կենտրոնական բանկը, որը պատասխանատու է ֆինանսական համակարգի զարգացման պլանավորման, ֆինանսական ան-վտանգության խնդիրների լուծման, տնտեսական զարգացման հայեցակարգին համապատասխան՝ դրամավարկային քաղաքականության համար,
  • Արդարադատության նախարարությունը, որը պատասխանատու է զարգացման պլանավորման համար իրավական ոլորտում։

Այս կառույցների գործառնությունը պետք է հենվի ռազմավարական մակարդակ մտած վերոնշյալ չորս գիտական կենտրոն-ինստիտուտների վրա։

Այս կառույցների ընդհանուր համակարգումը միմյանց միջև իրականացվում է նախագահի և վարչապետի կողմից։ Վերջինը պատասխանատու է նաև կառավարման երկու մակարդակների համակարգման համար։

Պետական իշխանության արդյունավետությունը վճռորոշ ձևով կախված կլինի այդ կառույցների ղեկավարների՝ ռազմավարական զարգացման խնդիրներին համարժեքությունից։ Ուստի, անհրաժեշտ է խիստ հստակ նշել այն, որ անթույլատրելի է նրանց նշանակումն ըստ կուսակցական սկզբունքի։

Վերին ռազմավարական մակարդակում համարժեք ղեկավարություն ունենալը կապահովի ողջ պետական ապարատի՝ ազգային հրատապ խնդիրներին աստիճանական անցման գործընթացը։

Ստորին՝ մարտավարական մակարդակում են գտնվում ներկայիս նախարարությունները։ Այս նախարարությունների ցանկը և դրանց ներքին կառուցվածքը պետք է բխեն դրանց՝ վերին մակարդակի կողմից հստակ գծված խնդիրների նկատմամբ առավելագույն կառավարելիության չափանիշից։

Ըստ կուսակցական սկզբունքի այդ կառույցների ղեկավարների նշանակումը պետք է կատարվի պետության և կուսակցությունների միջև պայմանագրի կնքմամբ՝ ապահովելու համար տվյալ ոլորտում վերին մակարդակի ռազմավարական ցուցումների հստակ կատարումը։

Վերն ասվածը հեղինակը դիտարկում է որպես փորձ՝ տարբերակելու ռազմավարական (զարգացման պլանավորում) և մարտավարական մակարդակները՝ կառավարման միասնական համակարգում դրանց միաժամանակյա միավորմամբ։
http://www.noravank.am/am/?page=analitics&nid=1847

Aucun commentaire: