lundi 9 mai 2011

Շուշիի ազատագրումը ստվերի տակ է մնացել «նվազագույն արժանապատվության» պակասից

Արցախյան պատերազմի մասնակից, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար և ներկայումս «Սարդարապատ» ընդդիմադիր նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօր հայտարարեց, որ 1992 թ. Շուշիի ազատագրումը արդեն երկար ժամանակ իր համար տոն չէ:

«Զինադադարից հետո հայերիս չհաջողվեց ստեղծել մի երկիր, որտեղ մեր ժողովրդի նվազագույն արժանապատվությունը պահպանվեր և չկեղեքվեր»,- ասաց Սեֆիլյանը ուրբաթ լրագրողների հետ հանդիպման ժամանակ` հավելելով, թե դրա ապացույցն է նաև այն, որ Սասուն Միքայելյանը (2008-ի հետընտրական դեպքերի հետևանքով ազատազրկված ԱԺ նախկին պատգամավորը, ով ևս մասնակցել է պատերազմին) այս օրերին կալանավորված է:

Անդրադառնալով վերջին ներքաղաքական իրողություններին, մասնավորապես, իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը` Սեֆիլյանն ասաց, թե ընդդիմությունն ինչ-որ ճնշումների արդյունքում ստիպեց նախագահ Սերժ Սարգսյանին գնալ «որոշակի կոսմետիկ փոփոխությունների»: Ըստ նրա` նախագահն ազատ է արձակում, իր խոսքով, «պատանդներին» (2008-ի ընտրությունների հետևանքով ազատազրկվածներին), քանի որ «ինչ-որ բան խոստացել են նրան»:

«Երեք տարի առաջ նախագահը համոզված էր, որ չի ստացվի ժողովրդական ալիք բարձրացնել, սակայն դա այդպես չեղավ, և, փաստորեն, գլխավոր բռնապետը, մտածելով իր վերարտադրության մասին, փորձեց անցնցում իրականացնել այդ գործընթացը: Կարողացավ լեզու գտնել ՀԱԿ-ի ղեկավարության հետ: Սերժի նպատակը հետևյալն է` հասկանալով ժողովրդի տրամադրություններն իր նկատմամբ և գնալով երկխոսության` վնաս է հասցնում առաջին հերթին ընդդիմությանը: Մենք ականատես կլինենք ՀԱԿ-ի ընտրազանգվածի նվազում: Խաղը կավարտվի հօգուտ բռնապետի»,- եզրահանգեց Սեֆիլյանը` կոչ անելով ընդդիմադիր դաշտում «մտածող մարդկանց» չտրվել իշխանությունների խաղին:

Ըստ Սեֆիլյանի` ՀԱԿ-ի գործողությունների ընթացքը ցույց է տալիս, որ նրանք գնում են խորհրդարանական ընտրությունների:

ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, թե իշխանությունների հետ բաց դիալոգ է գնում:

«Մենք մեր պահանջները, մեր խնդիրները, մեր ծրագրերը բաց ներկայացնում ենք իշխանություններին և հասարակությանը, և իշխանությունն էլ բաց պատասխաններ է տալիս դրան: Իհարկե` ոչ այնքան կոնկրետ և ուղիղ, ինչպես մենք ենք ասում, այլ ավելի մշուշապատ և այլն, բայց քայլեր են արվում, դա չի կարելի անտեսել»,- ասել էր ՀԱԿ-ի առաջնորդը:

Այս շաբաթ Տեր-Պետրոսյանն այցելել է Միքայելյանին և ընդդիմության մյուս ձերբակալված ակտիվիստ Նիկոլ Փաշինյանին: ՀԱԿ-ի առաջնորդն ակնկալում է, որ իր բոլոր ձերբակալված համախոհները ազատ կարձակվեն այս ամսվա վերջին, քանի որ սա իրենց պահանջներից վերջինն է, մինչև ՀԱԿ-ը երկխոսություն կծավալի նախագահ Սարգսյանի վարչակազմի հետ:

«ԱրմենիաՆաուի» թղթակից ։
Նյութ «ԱրմենիաՆաուի», հղում՝
http://www.armenianow.com/hy/news/29520/jirair_sefilian_shushi_liberation_anniversary

Aucun commentaire: