jeudi 5 mai 2011

Եթե "պայքարը" չի բարձրանում դեպի վերեւ, ուրեմն պայքար չկա


Կառավարության` վերջին ամիսների, այսպես կոչված, ջանքերը` բարձրացնել պետական կառույցների գործունեության արդյունավետությունը եւ պայքարել կոռուպցիոն դրսեւորումների դեմ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը համարում է ոչ թե խորքային պայքար, այլ PR ակցիա: «Եթե մինչեւ հիմա որւեէ խոշոր «կալիբրի» խաղացող չի պատժվել, ուրեմն պայքար գոյություն չունի»,- ասում է նա:

- Հայաստանի տնտեսական քաղաքականության կառուցվածքում ի՞նչը պետք է փոխել, որտեղի՞ց սկսել:

- Նախ պետք է ունենալ տնտեսական քաղաքականություն, որը Հայաստանը չունի: Տնտեսական քաղաքականությունը ենթադրում է, օրինակ, հասարակ հարցի պատասխան` ի՞նչ կառուցվածքային ուղղվածություն պետք է ունենա Հայաստանի տնտեսությունը: Ունե՞նք մենք այդպիսի բան, գիտե՞նք, օրինակ` հինգ տարի հետո մեզ մոտ ինչ է լինելու. քիմիական արդյունաբերությունը զարգանալո՞ւ է, եթե զարգանալու էՙ ի՞նչ կառուցվածքով... Ոչ մի բան չունենք, ըստ էության: Ունենք միայն բազմաթիվ ընդունված փաստաթղթեր, որոնք, սակայն, պիտանի չեն կիրառման:

- Այսինքնՙ տնտեսական հարցերը բարձիթողի վիճակում են, եւ տնտեսական անկումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ձեր մատնանշած խնդիրները չե՞ն լուծվել:

- Քաղաքականություն նշանակում է չափորոշիչներ, քաղաքականություն նշանակում է ժամանակացույց, նպատակներ: Օրինակ, կարո՞ղ ենք ասել` 2014թ. մեր տնտեսությունը` սկսած համախառն ներքին արդյունքից, ներմուծման, արտահանման կառուցվածքից, ծավալից, նման ցուցանիշներ ունի՞ եւ կատարո՞ւմ է:

- Շատ է խոսվում տարածաշրջանային խոշոր տնտեսական նախագծերից Հայաստանի դուրս մնալու մասին, ինչը երկիրը կանգնեցնում է լուրջ խնդիրների առջեւ: Ի՞նչ պետք է անի Հայաստանը, եթե հայտնվել է նման իրավիճակում:

- Այն մարդկանց, որոնք ասում են, թե Հայաստանը մեկուսացման վիճակում է, մի հարց ունեմ տալու` ինչո՞ւ է միայն նոր-նոր սկսվում քչից-շատից լուրջ խոսվել Իրան-Հայաստան երկաթգծի մասին, ինչո՞ւ վերջին մի քանի տարում միայն սկսեցին ինչ-որ բաներ կառուցել. ի՞նչն էր խանգարում դա սկսել շատ ավելի շուտ: Սա էլ հո տարածաշրջանից այնքան էլ կախված չի, սա կախված է Հայաստան-Իրան բանակցություններից, սա կախված է մեզնից: Հետեւապես, երբ ես տեսնում եմ, որ այն հարցերը, որոնք վերաբերում են մեր բուն գործունեության արդյունավետությանը, լավ չեն լուծվում, մնացածը, ես ենթադրում եմ, որ նույնպես հետեւանքն է մեր պետության ոչ արդյունավետ գործունեության: Պարզ ասած, եթե ինչ-որ մի տանտիկին դժգոհում է, որ Երեւան քաղաքը կեղտոտ է, բայց դու գնում ես նրա տուն ու հասկանում ես, որ իր տունն էլ է կեղտոտ, Երեւանի կեղտոտության դժգոհությունն արդեն չեք ընկալի: Նույնը այստեղ է. մենք մեր ներսում նույն Հայաստան-Իրան կոմունիկացիայի մասով, ինչ է, սարե՞ր ենք շուռ տվել եւ հիմա պրոբլեմ ունենք տարածաշրջանո՞ւմ, ոչ:

- Աղքատության կրճատմանն ուղղված Հայաստանի կառավարության քայլե՞րն ինչպես եք գնահատում: - Հայտարարվում է, որ անցյալ տարի Հայաստանում եղել է 9,4 տոկոս սղաճ, բայց այդ սղաճը վերաբերում է այն 470 ապրանքատեսակին, որով համապատասխան գործակիցներով հաշվարկվում է այդ միջին սղաճը: Անապահով խավը 470 ապրանք չի օգտագործում, լավագույն դեպքում օգտագործում է 50-55 ապրանք եւ մուծում կոմունալ վճարներ: Այ, եթե այդ զամբյուղի մասով հաշվարկենք, 9,4-ից շատ ավելին է եղել գնաճը: Դա նշանակում է, որ մեզ մոտ ոչ թե աղքատության կրճատում է գնում, այլ աղքատության ավելացում: Օրինակ, իմ հաշվարկով, այդ ապրանքախմբերի գնաճն անցյալ տարի 18 տոկոսից անցել է, ընդ որում, ես շատ մեղմ եմ նայել: Պետք է հաշվարկել գնաճի մի քանի գործակիցներ. գնաճի մի գործակիցը պետք է վերաբերի անապահով խավին, որտեղ այդ զամբյուղը, որի հիման վրա իրականացվում է գնաճի հաշվարկը, պետք է ներառի շատ ավելի քիչ ապրանքատեսականի` գումարած կոմունալ ծախսերը: Երկրորդը պետք է լինի մի քիչ ավելի բարվոք շերտի համար եւ այլն, եւ այլն, մինչեւ հասնի այն 470 ապրանքին, որ հաշվարկվում է: Այսինքնՙ իրականության մեջ սղաճը պետք է ունենա միջանցք:

- Վերջին շրջանում կառավարությունը հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին:

- Պայքարը գնահատվում է երկու ուղղությամբ. առաջինը` ինչ կալիբրի մարդիկ են պատժվում, եւ երկրորդ` բնակչության տարրական դժգոհությունների աստիճանը: Կարելի է ամեն օր հավաքվել եւ խոսել պայքարի մասին, բայց ես չեմ տեսնում, որ գնում է խորքային իմաստով պայքար, դա ավելի շատ PR ակցիա է. կարո՞ղ եք ասել` ի՞նչ տրամաչափի պաշտոնատար անձինք են պատժվում: Ես, գոնե, նման դեպք չգիտեմ: Կոռուպցիայի մասով կարելի է բռնել 10, 15, 20, 50 մանր ու միջին խաղացողների, այն էլ պարզ չէ, թե ինչպես կգնա քննչական ու դատավարական գործընթացը: Բայց խնդիրը հետեւյալն է` եթե այդ «պայքարը» չի բարձրանում դեպի վերեւ, ուրեմն պայքար չկա: Ես չեմ կարող շատ երկար խոսել մի երեւույթի մասին, որը, կարելի է ասել, գոյություն չունի:

Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Նյութ՝ yerkir.am, հղում՝ http://yerkir.am/am/news/6665.htm


Aucun commentaire: