dimanche 8 mai 2011

Եթե միայն ցանկանանք տոնել հաղթանակ…


Հարցազրույց ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ, «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի ղեկավար Ալեք Ենիգոմշյանի հետ:

Mardik.am-Պարոն Ենիգոմշյան, այն բարոյահոգեբանական մթնոլորտը և ոգին, որ կար պատերազմի ժամանակ, այն ա՞յժմ էլ է առկա:

Ալեք Ենիգոմշյան- Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ այն ոգեղեն մթնոլորտը, ցավոք, այսօր չկա: Այդ ոգեղեն մթնոլորտն էր, որ պատերազմում մեր հաղթանակի հիմնական գործոն էր: Հաղթանակի պատճառը ոչ զենքի, ոչ ազատամարտիկների առատությունն էր, այլ հիմնականում վճռականությունը, հավատը: Երբ ասում ենք` հավատ, վճռականություն, այդ ոգին է: Չնայած բոլոր տեսակի զրկանքներին և ցավերին, որն ապրում է և´ ազատամարտիկը, և´ առավելևս` ժողովուրդը, հակառակ այդ բոլորին, կար ոգի, որն էլ հաղթանակի գլխավոր գրավական էր: Ցավոք, այսօր այդ մարտական ոգին չկա հենց հայի պատճառով: Դա է ամենացավալին: Այնուամենայնիվ, մեծ թվով մարդկանց մեջ դեռ այդ ոգին չի մեռել: Հասկանալի պատճառներով մեր ժողովրդի զավակների ոգին կորել է, որովհետև երկար տարիներ զրկանքի, շահագործումից, հիասթափությունից բացի ուրիշ բաներ չեն տեսել: Տեսնում են միայն վերնախավի ցոփ կյանքի և իրենց ընդամենը գոյատևման պայմանների հսկայական տարբերություն: Հասկանալի է, որ ժողովրդի կարևոր հատված չունի այդ ոգին:

Mardik.am-Այսինքն, ըստ Ձեզ, եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, այդ ոգին կբացակայի՞:

Ալեք Ենիգոմշյան- Բնականաբար, այսօրվա ոգու թուլությունը շատ-շատ մտահոգիչ է, բայց նրանց մեջ, ովքեր 90-ական թթ. պատերազմի մասնակիցներն էին, և մարդկանց այն շրջանակը, որ նախկին ազատամարտիկներից դուրս են գտնվում, ոգին չի կոտրվել: Մեր ժողովրդի համար ամենավճռական պահերին է, որ ոգին կոփվում է, մի բուռ է դառնում: Եթե պատերազմական գործողություններ սկսեն, ես վստահ եմ, որ շատ ավելի է կոփելու ոգին, այսինքն` նորից տեսնելու ենք, թե ինչպես հոգեպես ընկճված մարդիկ նորից վերականգնելու են իրենց ոգին, նորից խմբվելու հայրենիքի պաշտպանության գաղափարի և գործի շուրջ: Ես ուզում եմ հավատալ և հավատում եմ, որ մենք անպայման կունենանք հայրենիքի վճռական պաշտպաններ: Դրա համար նույնիսկ կասկած չունեմ: Ես վստահ եմ, որ նման ոչ ցանկալի ժամանակ մենք բավարար ուժ ունենալու ենք դիմագրավելու ցանկացած հարձակման:

Mardik.am- Կկիսվե՞ք մեզ հետ, թե հաղթանակի պահին ինչ զգացումներ ունեիք:

Ալեք Ենիգոմշյան -Շուշիի ազատագրումն արցախյան պատերազմում շրջադարձային իրողություն էր: Դա այնպիսի հաղթանակ էր , որ անհավատալի էր թվում բոլորի համար` ոչ թե հայկական կողմի համար, այլ` միջազգային , այսպես ասենք, բոցակեզների համար` ադրբեջանցիների համար: Այդ նույն հավատքն է, որ շնորհեց այն չափազանց դժվար, համարյա անհնարին թվացող պատերազմի հաղթանակը: Այդ գնահատականը, որ փորձում եմ անել, պատկերացրեք, թե ինչ զգացմունքներ են առաջացրել հաղթանակի օրերին:

Mardik.am- Շուշիի ազատագրմամբ հայ ժողովուրդը նաև ի՞նչ ձեռքբերեց:

Ալեք Ենիգոմշյան- Ձեռքբերեց այն, որ երկար դարերի ընթացքում այդքան տարածք կորցնելուց հետո ապացուցեցինք, որ մենք և կարող ենք շատ կարևոր հաղթանակ տանել, և կարող ենք մեր կորցրած հողը վերստին վերադարձնել, և ամենակարևորն այն է, որ եթե մենք ուզենք ինչ-որ կարևոր հաղթանակ տոնել, մենք ունենք այդ հնարավորությունն այն պայմանով, որ լինենք վճռական, հավատանք մեր նպատակին, իրականացնենք այդ: Եթե ունենանք այդ հավատն ու վճռականությունը, այս իրավիճակը կփոխենք դեպի լավը, դրականը:

Mardik.am-Ձեր բարեմաղթանքը հաղթանակի այս օրերի կապակցությամբ:

Ալեք Ենիգոմշյան- Մաղթում եմ, որ մեր ժողովրդի բոլոր զավակները չկորցնեն իրենց հույսը, ինչպես այն օրերում, երբ շատերը կարծում էին, թե մեր պայքարն անիմաստ է: Սակայն այդ էլ ապացուցվեց, որ ճիշտ չէ: Հավատանք, որ հայ ժողովուրդը միշտ հաղթելու է, և մեր երկիրը զարգանալու է` դառնալով այն երկիրը, որ ցանկացած հայ երազում է ունենալ, և բոլոր ոչ հայերը խանդով մոտենալու են դրան` որպես իդեալական երկրի: Մաղթում եմ, որ մարդիկ չկորցնեն իրենց հույսը և այն բոլոր բարի նպատակները, որ բոլորս ունենք, իրականություն դարձնենք:


Նյութը Mardik.am-ի, հղում`

http://mardik.am/am/news/2011/05/07/aleq-enigomshyan



Aucun commentaire: