Զարուհի Փոստանջյան. «Թույլ եմ տվել ստորագրեն Արցախի հերոսամարտի մասնակիցներին ազատ արձակելու առաջարկի տակ»
ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունում ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ճիշտ է համարում իր որոշումը` թույլ տալ ԵԽԽՎ-ում Թուրքիայի եւ Ադրբեջանի խորհրդարանների պատվիրակներին ստորագրել իր ներկայացրած առաջարկների տակ:
Ստրասբուրգում Փոստանջյանը ստորագրահավաք էր նախաձեռնել, որով առաջարկվում էր ազատ արձակել դատապարտված ազատամարտիկներին, վերականգնել մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի գործունեությունը` ներգրավելով միջազգային փորձագետների, նախատեսել համազեկուցողների եւս մեկ այց Հայաստան` մինչեւ ԵԽԽՎ-ի առաջիկա նստաշրջանը: Այս երեք առաջարկություններով փաստաթղթի տակ ստորագրել էին նաեւ արդբեջանցի եւ թուրք պատվիրակներ, ինչը բուռն քննարկումների թեմա էր դարձել Հայաստանում:
«Այո, ես թույլ եմ տվել, որ նրանք ստորագրեն իմ առաջարկության տակ, ես թույլ եմ տվել, որպեսզի ստորագրեն Արցախի հերոսամարտի մասնակիցների ազատ արձակելու առաջարկի տակ: Գտնում եմ, որ դա ճիշտ է: Եթե պետք լիներ, այսքան աղմուկից հետո նույնը կկրկնվեր», - հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:
Զարուհի Փոստանջյանի մեկնաբանությամբ, իր նախաձեռնած ստորագրահավաքի շուրջ բարձրացած աղմուկի հիմնական դրդապատճառը այն չէր, որ թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներ են ստորագրել:
«Ես տապալել եմ Դավիթ Հարությունյանի գործունեությունը այնտեղ, որը հետապնդում էր մեկ նպատակ. այնպես անել, որ մարտի 1-ի դեպքերը կոծկվեին եւ այդ էջը փակվեր: Այս ամենի նպատակը եղել է` շեղել բուն բովանդակային պրոցեսներից, որ տեղի ունեցան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում», - հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը:
Զարուհի Փոստանջյանի փոխանցմամբ, հայկական պատվիրակության անդամներին, մասնավորապես, պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանին վրդովեցրել են նաեւ իր ելույթները վեհաժողովի նստաշրջանում.- «Այն ելույթը, որը ես ունեցա ամսի 24-ին,առավոտյան նիստի ժամանակ, շատ վատ տարավ նաեւ տիկին Զոհրաբյանը եւ ինձ սպառնաց, ասաց` տեսեք ես Ձեզ ինչ եմ անելու: Եվ այդ սպառնալիքից հետո սկսվեց այս սեւ PR-ը»:
Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ իր գործընկերոջ գնահատականներին: Անդրադառնալով ստորագրահավաքի նախաձեռնությանը եւ դրանում թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներին ընդգրկելուն` Զոհրաբյանը ասաց. - «Տիկին Փոստանջյանը արձանագրել է իր շատ լուրջ պարտությունը: Ես նրա վիճակը ավելի ծանրացնելու մտադրություն չունեմ: Փոխանակ զղջա իր քայլի համար, ինքը հիմա ավելի է խորացնում իր վիճակի ողջ անհեթեթությունը»:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը եւ խորհրդարանական խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում պնդեցին, որ Փոստանջյանի ներկայացրած երեք առաջարկությունները քննարկվել են կուսակցությունում եւ, որ դրանք հենց «Ժառանգություն» կուսակցության առաջարկություններն էին:
http://www.armenialiberty.org/content/article/1765303.html
Aucun commentaire:
Enregistrer un commentaire