Դասական «ուղեղային կենտրոնների» խնդիրները և կառուցվածքը
Դասական ՈւԿ-ների (որպես այդպիսին ավանդաբար ընդունված է համարել Երկրորդ համաշխարհայինից հետո ստեղծված և իրենց հանրությունում արդեն ինստիտուցիոնալ կարգավիճակ ձեռք բերած ՈւԿ-ները) խնդիրն է ազգային անվտանգության (ԱԱ) համատեքստում նորարարական գաղափարներ, հեռանկարային նախագծեր, հայեցակարգեր, տարաբնույթ ռազմավարական–մարտավարական մշակումներ, փորձագիտական խորհրդատվություններ տրամադրել պետական–քաղաքական (հաճախ՝ նաև հոգևոր) կառույցներին և ազգային ուղղվածություն ունեցող կապիտալը ներկայացնող ընկերություններին։ Օրինակ, ամերիկյան ՌԵՆԴ-ին են պատկանում, մասնավորապես` «տեղեկատվական պատերազմ», «ցանցակենտրոն–տեղեկատվական համակարգ» հասկացությունների ձևավորումը, դրանց հետագա հայեցակարգային կատարելագործումը և կիրառական տեխնոլոգիաների վերածումը։ Համարվում է, որ նաև նման մշակումների շնորհիվ է, որ Միացյալ Նահանգներն առաջատար դիրքեր է գրավում գլոբալ հարթությունում։
ՈւԿ-ների արդյունավետ գործունեությունը հնարավոր է միայն այն հանրություններում, որտեղ առկա են, մասնավորապես, հետևյալ պայմանները.
- Պետական-քաղաքական և տնտեսական համակարգում ԱԱ համատեքստում մտավոր ռեսուրսների գործոնի կարևորության ըմբռնումը, այդ ոլորտին անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելու կամքը և կարողությունը1,
- պետական-քաղաքական համակարգի կողմից ՈւԿ-ների գործունեությունն ազգային շահերին համաձայն ուղղորդելը2, ինչպես նաև ՈւԿ-ներից ստացված արդյունքները գործնական հարթությունում կիրառելու այդ համակարգի կազմակերպչական ունակությունը,
- ՈւԿ-ները սնուցող համապատասխան ակադեմիական և բուհական միջավայրի առկայությունը,
- ՈւԿ – պետություն, ազգային կապիտալ – ակադեմիական և բուհական գիտություն օղակների փոխհարաբերություններն ապահովող արդյունավետ մեխանիզմների առկայությունը։
Որպես կանոն, տվյալ պետության ՈւԿ-ները կազմում են համացանց և գործում են փոխլրացման սկզբունքների համաձայն. արդարացիորեն համարվում է, որ նման համագործակցությունը խիստ արդյունավետ է և հաճախ հանգեցնում է սիներգետիկ էֆեկտների։
Նկատենք, որ ՈւԿ-ների համակարգի ստեղծումը աշխատատար և երկարատև գործընթաց է. այն պահանջում է համապատասխան «դպրոցների» և ավանդույթների ձևավորում, կրեատիվ կադրերի պատրաստման տարաբնույթ մեթոդիկաների կիրառում (օրինակ, ամերիկյան ՌԵՆԴ կորպորացիան շնորհալի հետազոտողների «բացահայտումը» նախընտրում է սկսել դպրոցներից) ու, թերևս ամենակարևորը, հանրության կողմից նման ՈւԿ-ների անհրաժեշտության գիտակցությունը։
Պետք է նաև ամրագրել, որ ՈւԿ-ների համակարգը հիմնվել և առավել զարգացած ու ինստիտուցիոնալ բնույթ է ընդունել Միացյալ Նահանգներում։ Միևնույն ժամանակ, այսօր գրեթե բոլոր կայացած երկրներում հիմնվել են նմանատիպ կառույցներ, որոնք կրում են իրենց հանրություններին բնորոշ առանձնահատկություններ։
Համաձայն փորձագիտական մոտեցումների, ՈւԿ-ների համակարգի կայացվածությունը տվյալ հանրության ԱԱ կարևորագույն ցուցիչներից է։ Եթե անգամ նման պնդումը դիտարկենք ֆորմալ տեսանկյունից, ապա այն արդարացված է. մտավոր ռեսուրսները տեղեկատվական անվտանգության (ՏԱ) գլխավոր բաղադրիչներից են, իսկ ՏԱ գործոնի անտեսումը տեղեկատվական դարաշրջանում խիստ խոցելի է դարձնում ցանկացած հանրության ԱԱ համակարգը։
Խորհրդային և հետխորհրդային իրողություններ
Նպատակ ունենալով դիտարկել հայկական մտավոր ռեսուրսների կազմակերպման խնդիրները՝ հնարավոր չէ չանդրադառնալ խորհրդային գիտական համակարգին, որի մասն էին կազմում ՀՀ–ում գործող հետազոտական կառույցները։
ԽՍՀՄ-ում գործում էին մի շարք կազմակերպություններ, որոնք, կրելով խորհրդային համակարգին բնորոշ յուրահատկությունները, այս կամ այն չափով իրագործում էին ՈւԿ-ներին բնորոշ գործունեություն։ Որոշ պարագաներում նման կառույցները ներկայացնում էին ակադեմիական ինստիտուտներ. այդպիսին է, օրինակ, Ռուսաստանի ԳԱ ԱՄՆ և Կանադայի ինստիտուտը, որը հաջողությամբ գործում է առայսօր։ Այդօրինակ ՈւԿ-ները, գլխավորապես տեղակայված լինելով Մոսկվայում, անմիջականորեն սպասարկում էին տերության քաղաքական ղեկավարությանը՝ «կենտրոնին», որը բացարձակ մենատեր էր արտաքին և ներքին քաղաքականության ոլորտում։ Միութենական հանրապետությունների ղեկավարությունը ընդամենը կատարում էր «կենտրոնի» դիրեկտիվները և ՈւԿ-ների կարիքը չուներ և, անգամ ցանկության ու կարիքի պարագայում, թերևս չէր էլ կարող ունենալ նման կառույցներ։ Այդպիսով՝ ՈւԿ-ների տիպի կառույցների ստեղծման և գործունեության կազմակերպման մշակույթը, բացառությամբ սակավաթիվ դեպքերի, միութենական հանրապետություններում, դրանց թվում՝ Հայաստանում, չէին ձևավորվում3։ Այդ համատեքստում առանձնահատուկ տեղ էին գրավում ուսումնասիրությունները հայկական Սփյուռքի ուղղությամբ, որի կարևորությունը «կենտրոնն» ըմբռնում էր, և, բնականորեն, ոլորտի «պատվերները» Երևանին էին «իջեցվում»։
ՈւԿ-ները Երրորդ հանրապետությունում
ԽՍՀՄ փլուզմանը զուգընթաց, կազմալուծվեց նաև խորհրդային գիտական համակարգը։ Բավական է նշել, որ Երրորդ հանրապետությունում այսօր գիտությանը հատկացվում է $20-30 մլն, մինչդեռ նախորդ դարի 80-ականներին ոլորտի ֆինանսավորումը կազմում էր շուրջ $600 մլն4։ Միևնույն ժամանակ, այսօր հանրապետությունում գործում են ՈւԿ-ների տիպի ավելի քան 30 հաստատություններ, որոնք, սակայն, պատվերներ և համապատասխան նյութական աջակցություն ստանում են այլ երկրներից և միջազգային կազմակերպություններից։ Նման հաստատությունների աշխատանքները նպատակաուղղված են դեպի իրենց պատվիրատուները և, այսպիսով, միշտ չէ, որ կարող են սպասարկել մեր ազգային շահերը։ Սակայն դա չի նշանակում, թե պետք է անտեսել այդ կենտրոնների գործունեությունը և չփորձել օգտագործել դրանք հանուն մեր պետական շահերի. դա հատկապես վերաբերում է սոցիոլոգիական և տնտեսագիտական ոլորտի հետազոտություններին, որոնց արդյունքների համալիր վերլուծությունը պետք է որ օգտակար լինի։ Այլ խնդիր է, որ այդ արդյունքները միշտ չէ, որ հասանալի են հանրությանը։
2000-ից, երբ հանրապետության տնտեսությունը սկսեց վերականգնվել, իշխանության որոշ օղակների և ընտրանու առանձին ներկայացուցիչների նախաձեռնությամբ հիմնվեցին նաև ազգային պատվերներ կատարող ՈւԿ-ներ։ Նշենք, որ դրանց գործունեության սկզբնական փուլում կային բազմաթիվ անբարենպաստ գործոններ, որոնցից նշենք մի քանիսը.
- պետական - ազգային - քաղաքական մարմինների, ինչպես նաև բիզնես կառույցների թերահավատությունը մտավոր, հատկապես՝ հայրենական5 մտավոր «արտադրանքի» նկատմամբ,
- ազգային գիտության անբավարար վիճակը, հատկապես ԱԱ տեսանկյունից հրատապ ոլորտներում, ինչն իր հերթին պայմանավորում է վերլուծաբանական հանրության ոչ այնքան բավարար մակարդակը,
- ՈւԿ կառույցների ձևավորման և ղեկավարման մշակույթի ընդհանուր պակաս քաղաքական էլիտայում և փորձագիտական հանրությունում։
Ներկայումս իրավիճակը մասամբ բարելավվել է, չնայած որոշ անբարենպաստ հանգամանքներ (հատկապես ազգային գիտության անմխիթար կարգավիճակը) շարունակական բնույթ են կրում։ Միևնույն ժամանակ, արձանագրված առաջխաղացումը դեռևս դժվար է բավարար համարել։ Եղած հիմնախնդիրներից առանձնացնենք հետևյալները.
- ՈւԿ-ների մշակումների արդյունքները, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, էական ազդեցություն չեն գործում պետական-քաղաքական էլիտայի ու հասարակության գործունեության վրա,այսինքն՝ Հայրենական ՈւԿ-ները դեռևս չեն վերածվել ինստիտուցիոնալ կառույցների,
- ՀՀ-ում գործող ՈւԿ-ների թեմատիկ ուղղվածությունն ազգային շահերի համատեքստում երբեմն օպտիմալ չէ, նրանց ընդհանրական գործունեությունը դժվար է անվանել համակարգված։ Չնայած իրենց սակավությանը՝ ՀՀ ՈւԿ-ները միմյանց հետ անբավարար են համագործակցում, իսկ համացանցային աշխատաոճը դեռևս չի ձևավորվել,
- ԱԱ համատեքստում իրագործվող տեսական-գործնական մշակումների արդյունավետությունն այսօր պայմանավորված է տարաբնույթ մեթոդների յուրացման և կիրառման հնարավորությունով, մինչդեռ դրանց ձեռքբերումը և համապատասխան կադրերի պատրաստումը խիստ ծախսատար գործընթացներ են, որոնց համար միշտ չէ, որ հնարավոր է ստանալ պետական աջակցություն,
- ազգային կապիտալի ներկայացուցիչների մի զգալի մասի մոտ դեռևս չի ձևավորվել ՈւԿ-ների անհրաժեշտության և կարևորության գիտակցությունը։
1Դա չի բացառում, որ որոշ ՈՒԿ-ներ կայացման և զարգացման որոշակի փուլում իրենց ինովացիոն մշակումների հիման վրա սկսում են իրագործել նաև կոմերցիոն նախագծեր կամ նման նախագծերի համար ստեղծում են համապատասխան մասնաճյուղեր կամ ընկերություններ։ Մասնավորապես, շրջանառության մեջ գտնվող համակարգչային «ռազմավարական խաղերի» մի մասը նման գործունեության արդյունք է։
2Հատկանշական է, որ վերլուծաբանական գրականությունում կարելի է հանդիպել այն տեսակետին, թե որոշ երկրների ՈւԿ-ներին այսօր հատուկ են նաև կորպորատիվ շահեր, որոնք որոշ պարագաներում կարող են ավելի գերադասվել, քան ազգային շահերը։
3Հարկ է նշել, որ իրադրությունն այլ էր, օրինակ, բնագիտության ոլորտում, որտեղ առանձին անհատների և ազգային հատկանիշների շնորհիվ, Երկրորդ հանրապետությունում գործում էին համամիութենական, իսկ երբեմն անգամ՝ համաշխարհային մակարդակի առաջատար գիտական կենտրոններ։
4Միևնույն ժամանակ, տպավորությունն այնպիսին է, որ անգամ այդ սուղ միջոցները, մասնավորապես՝ հումանիտար ոլորտում, միշտ չէ, որ նպատակաուղղված են տնօրինվում։ Երբեմն ֆինանսավորվում են հետազոտություններ, որոնք հրատապ չեն և նույնիսկ մարգինալ բնույթ են կրում, իսկ սփռված Հայության հիմնախնդիրների հետազոտություններն անտեսվել են և միայն վերջերս են սկսել վերականգնվել շնորհիվ նորաստեղծ Սփյուռքի նախարարության ջանքերի։ Հատկանշական է նաև, որ չնայած ֆինանսավորման ծավալների նվազմանը, բնավ չի պակասել գիտական կոչումներ ստացողների թիվը. այդ գործընթացն այսօր ակնհայտորեն այլ, ոչ գիտական իմաստավորում է ստացել։
5Նման իրողությունը փորձագիտական հանրությունում ընդունված է որակել որպես «ներմուծողի» հոգեբանության արտահայտություն։ Սակայն Հայության պարագայում այդօրինակ թերահավատությունը բնորոշ է նաև Սփյուռքի ազգային և տնտեսական կառույցների ներկայացուցիչներին։
Aucun commentaire:
Enregistrer un commentaire