vendredi 26 juin 2009

ԽՈՐԵՆԱՑԻԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ

Էդուարդ Դանիելյան


book (medium)Տեղեկատվական անվտանգության գաղափարական գործոնները` հիմնված պատմագիտական և փիլիսոփայական, աստվածաբանական և լեզվաբանական, տնտեսական և իրավաբանական, հոգեբանական և ռազմական գիտությունների վրա, պետական կառավարման, քաղաքագիտական և դիվանագիտական ոլորտների մտավոր ներուժն են1: Հայոց պետականության արդի փուլում պետության կենսունակության կարևորագույն գաղափարական գործոններից է գիտական մակարդակով ազգային անվտանգության խնդիրների վերլուծությունը2:

Հայ քաղաքակրթական-մշակութային ժառանգության նկատմամբ 19-րդ դարի վերջերից քաղաքականացված «գերքննադատությունը» 20-րդ դարում, տեղեկատվական պատերազմի ծավալմամբ, շարունակեց իր հարձակումը հայագիտության և, ամբողջությամբ վերցված, ազգային գաղափարախոսության դեմ: «Գերքննադատության» խառնածին փոխակերպությունները, ախտահարելով գիտական և կրթական ասպարեզները, ապատեղեկատվությամբ կարող են կաթվածահար անել աշխարհաճանաչողական և հոգևոր համակարգերը` ստեղծելով գաղափարական քաոսի և սեփական արժեքներից օտարանալու մթնոլորտ: Տեղեկատվածին վտանգի բացահայտումը վկայում է երկրորդ սերնդի տեղեկատվական պատերազմի` «բարոյազուրկ, ոչ հոգևոր մթնոլորտի» և հայ «մշակութային ժառանգության նկատմամբ բացասական վերաբերմունքի ստեղծման» միտումների մասին, ինչին դիմակայելու ամենից արդյունավետ միջոցներից են համարվել տեղեկատվական անվտանգության համատեքստում քաղաքակրթական-մշակութային ժառանգության զարգացած պատկերացումները3:

Այդ նպատակին են ծառայում հայագիտական մտքի արգասիքները, որոնց շարքը համալրվեց գիտական մեծ արժեք ներկայացնող Ալբերտ Մուշեղյանի «Մովսես Խորենացու դարը» գրքով4, որում հեղինակը, Պատմահոր երկի ստեղծման ժամանակը իրավացիորեն ընդունելով 5-րդ դարը, լուսաբանել է նրա հաղորդումները` Հայոց բնօրրանում Հայկ նահապետի և նրանից սերած տոհմապետերի անձնանուններից Հայոց բնաշխարհի նշանավոր վայրերի ու լեռների անունների առաջացման, Հայկյան Արամի պետական գործունեության, Այրարատ նահանգի կենտրոնական նշանակության, Վասպուրական գնդի, Բագրատունյաց տոհմի հայկական ծագման և հայագիտական այլ կարևոր խնդիրների մասին:

Մովսես Խորենացու ժամանակի շուրջ բանավեճի առնչությամբ Ա.Մուշեղյանը նշել է. «19-րդ դ. վերջերից բանասիրության մեջ ծայր առավ Կեղծ Մովսեսի լեգենդը: Ցավով պետք է ընդունել, որ Խորենացու քննադատները երկար ժամանակ շատ ավելի փութեռանդ էին իրենց պատմաբանասիրական ու աղբյուրագիտական պրպտումներում, քան Խորենացու պաշտպանները...»: Այդպիսի «քննադատները» խթանում էին «գերքննադատության» ավերիչ ծավալմանը: Իսկ թե ինչ հարված էր հասցվում հայագիտությանը Մովսես Խորենացու ժամանակը տարուբերելով ավելի քան 300-ամյա շրջափուլում, Ա.Մուշեղյանը գրել է. «Խնդիրը միայն Կեղծ Մովսեսի անձը չէ: Դժվար չէ հասկանալ, թե որքան արժեզուրկ պիտի լինի պատմական մի երկ, որի հեղինակը շարունակ զբաղված է եղել պատմական ժամանակների և դեպքերի միտումնավոր խեղաթյուրմամբ և խառնաշփոթով»:

Movses Khorenaci (medium)Մովսես Խորենացուն ուշ շրջանի հեղինակ համարողների վարկածը հակագիտական համարելով` Ա.Մուշեղյանը որոշ հարցեր, կապված պատմաաշխարհագրական բնույթի տեղեկությունների հետ, իրավացիորեն բացատրել է որպես հետագա խմբագիրների և գրիչների` աշխարհաքաղաքական նոր իրավիճակներում կատարած ներմուծումների, առանձին պատմական դեպքերի և հասկացությունների վերաբերյալ արդի պատմագիտությանը և բանասիրությանը անհայտ տվյալների, «գերքննադատների» թույլ տված միտումնավոր խեղաթյուրման և թյուր պատկերացումների հետևանք:

«Գերքննադատությունը» բացասական հետևանքներ է ունենում քաղաքագիտական և դիվանագիտական տերմինաբանության և ձևակերպումների, կրթական բնագավառի և ռազմահայրենասիրական դաստիարակության վրա: Ժանգակաթիլի նման «գերքննադատությունը» քայքայիչ ազդեցություն է գործում` հասարակագիտական ոլորտները և, հատկապես, պատմագիտությունը դարձնելով հակագիտական շահարկումների և քաղաքական հարձակումների թիրախ:

Պանթուրքիզմի պարագլուխները Հայոց եղեռնի նախապատրաստման և իրագործման տարիներին սկսեցին, իսկ այնուհետև նրանց հետնորդները շարունակեցին Արևմտյան Հայաստանում, Հայկական Կիլիկիայում և Հայոց Միջագետքում հայկական մշակույթի` համաշխարհային քաղաքակրթական բարձր արժեք ներկայացնող հուշարձանների կողոպուտը և ոչնչացումը: Այդպիսի գործողություններին զուգահեռ` նրանց հովանավոր կենտրոնների տե-ղեկատվական և հրատարակչական ոլորտներում այսօր արմենոիդմարդաբանական` գիտականորեն ապացուցված տերմինի փոխարեն «դաջում» են կովկասոիդտերմինը, Հայկական լեռնաշխարհի Արևմտյան Հայաստանի մասը հակագիտականորեն անվանում «Արևելյան Անատոլիա»: Մյուս կողմից, համաշխարհայնացման ընթացքում օտար կազմակերպությունները Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասը կազմող Արևելյան Հայաստանը խցկում են «Հարավային Կովկաս»5 հասկացության մեջ, այդպիսով հակագիտականորեն քաղաքականացված օտար հրապարակումներում Հայկական լեռնաշխարհի ամբողջական քարտեզագրական պատկերը աղավաղվում է` հայկական պատմամշակութային ժառանգության պատկանելության խնդիրը կեղծելու նպատակով:

Ժամանակակից «գերքննադատները» մերժում են հնագիտական անընդմեջ նյութերով Հայկական լեռնաշխարհում` Հայկազունների տոհմաբանությամբ վկայված ավելի քան հինգհազարամյա մշակութային արմատներով (Արարատյան դաշտի` Շենգավիթի, Մեծամորի և այլ հնավայրերի, Գուգարքի, Բարձր Հայքի, Արցախի, Սյունիքի, Ծոփքի և այլ երկրամասերի հնագիտական մշակույթ) էթնոպետական միավորների (Արարատ-Արատտա, Արմանում` Հայկազուն-Արամյանների, Կորդուքի և Հայոց Միջագետքի` Հայկազուն-Կադմեյանների, Հայասայի, Նաիրիի, Արարատյան-Ուրարտուի-Վանի Հայկազուն-Արարատյան-Արծրունիների թագավորություններ) հայկական պատկանելությունը: Քննադատելով «գերքննադատների» նենգափոխումները` Ա.Մուշեղյանը հաստատում է Ուրարտու` Արարատի երկիր-Հայաստան(մ.թ.ա. 9-7-րդ դդ.) նույնականությունը, ինչպես նաև բարձր գնահատում մ.թ.ա. 6-րդ դարում Հայոց ազգապետական զարգացման բնականոն շարունակության` Հայկազուն-Երվանդյանների թագավորության արքա Տիգրան Ա-ին նվիրված Պատմահոր մեծարանքը:

20–րդ դ. սկզբներին հայ ժողովրդի համար ծանրագույն ժամանակներում Կոմիտաս վարդապետը գրել է. «5-րդ դարում գրերի գյուտը, Սուրբ Գրքի թարգմանությունը հոգևոր երգեր առաջ բերին... Շարականի եղանակներից հետո կամաց-կամաց հանդես եկան տաղերի, գանձերի, ավետիսների և այլ հոգևոր երգերի տեսակներ` հանդիսավոր ժամերգության պահանջից... Սոցա սկզբնավորությունը պետք է որոնենք նույնիսկ 5-րդ դարում, որովհետև ավանդությամբ մեր ձեռքն են հասել տաղեր, մեղեդիներ, ծննդյան ավետիսներ Մովսես Խորենացու անունով...»6: Մինչ «գերքննադատության» ջատագովները տարուբերում էին Մովսես Խորենացու ժամանակը, հանճարեղ Կոմիտասը Պատմահորը հաստատակամ համարել է 5-րդ դարի հեղինակ, ինչպես ընդունված է հայ դասական պատմագիտության մեջ:

Խորհրդային տարիներին, գաղափարական ճնշմամբ սկսվեց ԽՍՀՄ ժողովուրդների պատմությունների «համահարթեցումը» և խցկումը «սովետական ժողովուրդ» հասկացության մեջ: Հայոց ավելի քան հինգհազարամյա պատմությունը հակագիտականորեն «երիտասարդացվում» էր ու «սկիզբը» համարվում մ.թ.ա. 6-րդ դ.:

Մյուս կողմից, ուշ ժամանակներում` եկվոր օղուզ-թյուրքական ծագում ունեցող և Ռուսական կայսրությունում «կովկասյան թաթարներ», իսկ խորհրդային տարիներին, կեղծելով Իրանի պատմությունը, «ադրբեջանցի» կոչվածների համար մոգոնվում էր «պատմություն», որը բացարձակապես անհիմն կապվում էր Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող հին Մարաստանի «Ատրպատական» երկրամասի հետ, որի ուշ միջնադարյան «Ադերբայգան» անվանաձևը պանթյուրքիստական նպատակով կողոպտվել և դեռևս 1918թ. կեսերին դրվել էր «Ադրբեջանական Հանրապետություն» կոչված «նորակազմավորման», իսկ երկու տարի անց` «Ադրբեջանական» ԽՍՀ-ի վրա` այս անգամ արդեն իրանական Ադրբեջանի «խորհրդայնացման» հեռանկարով7: Օղուզ-թյուրքերի հետնորդները` «խորհրդային Ադրբեջանի», իսկ այսօր նաև Արցախյան պատերազմը սանձազերծած և պարտված Ադրբեջանի Հանրապետության վայ-պատմաբանները փորձում են պատմության տվյալների կեղծմամբ բռնազբոսիկորեն «սեփականացնել» Կուրի ձախափնյա բուն Աղվանքի` «Ալբանիայի» բնակիչների պատմությունը, և այդկերպ կեղծիքով, իբրև թե «ալբանական» «ներկայացնելով» նաև Կուրի բուն հայկական աջափնյա Արցախը և Ուտիքը, ինչպես նաև Նախիջևանը, միևնույն ժամանակ բնիկ հայկական բնակչության և պատմական հուշարձանների նկատմամբ վարելով հանցավոր քաղաքականություն: Կեղծարարության մոլուցքով Բաքվում հրատարակվեցին Հայաստանի պատմական աշխարհագրությունը նենգափոխող պանթյուրքիստական «քարտեզներ», որոնք արտատպվել էին 1944թ. Թուրքիայում հրատարակված «Իսլամ» հանրագիտարանից: Ա.Մուշեղյանը 1987թ. մայիսին Մոսկվա՝ ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտ ուղարկեց «ադրբեջանցիների» կեղծիքը մերկացնող մի նամակ: Կեղծարարներին դատապարտող նույն ինստիտուտի պաշտոնական պատասխանը հրապարակվեց «Գրական թերթում» (14.08.1987), որն աղմուկ առաջացրեց Բաքվում: 1989թ. Ա.Մուշեղյանը «Կեղծ-ալբանական գրականությունը և նրա ջատագովները» հոդվածում ջախջախեց թուրք-«ադրբեջանական» պանթյուրքիստական կեղծարարների նենգափոխությունները և կեղծիքները8:

Ազատ Մասիսի և աստվածաշնչյան Արարատ լեռան նույնությունը ապացուցող սկզբնաղբյուրները Ա.Մուշեղյանը հատուկ ուսումնասիրել է «Մովսես Խորենացու դարը» մենագրությունում: Իրավացի է բանասեր-պատմաբանը, քանզի դեռևս 5-րդ դարում Եղիշեն «Արարածոց մեկնությունում» ուղղակի գրել է. «Արարատու լեառն ոմանք զԿորդուացն ասեն, այլ ճշմարտութիւն յայտնի առնէ զնա ի Մասիս գոլ»:

Մովսես Խորենացու նկատմամբ «գերքննադատության» ջատագովների ոտնձգությունները Ա.Մուշեղյանը բացահայտել է ուսանելի սկզբունքայնությամբ, որը նաև զգոնության կոչ է` դիմակայել հայ ազգային գաղափարաբանության արժեհամակարգին պարբերաբար նետվող արատավոր մարտահրավերներին: Հայագիտության պատմագիտական զինանոցը նպատակային առաքելություն ունի տեղեկատվական պատերազմում ազգային անվտանգության գաղափարական և հոգևոր պաշտպանության իրականացման գործում։

1Դանիելյան Է., Թաիրյան Վ., Հայոց պատմական ժառանգության պաշտպանության գործը և անվտանգ տեղեկատվական արդի միջոցները. – տե´ս «Հայկական լեռնաշխարհը Հայոց և համաշխարհային քաղաքակրթության բնօրրան», հայագիտական գիտաժողով (13-15 նոյեմբերի, 2003), զեկուցումների ժողովածու, Երևան, 2004:

2Այվազյան Ա., Հիմնատարրեր Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի, I, Երևան, 2003, էջ 117:

3Հարությունյան Գ., Քաղաքակրթական գործոնը տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրների համատեքստում, «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006 էջ 7):

4Մուշեղյան Ա., «Մովսես Խորենացու դարը», Երևան, 2007:

5Կուրից և Ռիոնից հյուսիս և արևելք` Սև ծովից մինչև Կասպից ծով ձգվող Կովկասի լեռների որևէ միավորի (Հյուսիսային, Կենտրոնական կամ Մեծ, Հարավային, Արևելյան և Արևմտյան Կովկաս) մեջ Հայկական լեռնաշխարհի ոչ մի հատված չի մտնում, իսկ «Կովկասի» ոչ մի հատվածն էլ Կուրից հարավ չի ձգվում: Ինչպես նշված է անտիկ (The Geography of Strabo, with an English translation by H. L. Jones, Cambr., Mass., London, in eight volumes, vol. V, 1954, XI, ii, 1, 14; iii, 2, v, 1, 5 և այլն) և հայկական միջնադարյան սկզբնաղբյուրներում, Հայաստանի հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան սահմանը` Գուգարքի, Ուտիքի և Փայտակարանի հատվածներում, համապատասխանաբար, անցնում էր Կուր գետով` նրա ակունքների շրջանից մինչև Երասխի (Արաքս) հետ միախառնվելը: Ռուսական կայսրության տիրապետության ընթացքում վարչաքաղաքական իմաստով կիրառված արհեստածին «Անդրկովկաս» տերմինը պահպանվեց նաև խորհրդային ժամանակաշրջանում: Իսկ 1990-ական թվականներից Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հանրապետությունների առումով «Անդրկովկաս»-ի փոխարեն կիրառվեց «Հարավային Կովկաս» տերմինը, որը սակայն ֆիզիկաաշխարհագրական իմաստով նույնական չէ «Անդրկովկաս» («Կովկասից այն կողմ») հասկացությանը, այլ բառացի նշանակում է «Կովկասի հարավային մաս»: Հայաստանը դուրս է «Կովկաս» հասկացությունից: Այսինքն` Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասի (ներկայումս ՀՀ և ԼՂՀ ազատագրված տարածքներով, Ջավախքը ու Նախիջևանը) արհեստածին ընդգրկումով «հարավկովկասյան» հասկացության մեջ, սխալ իմաստ է տրվում հայկական` աշխարհագրական, մարդաբանական, լեզվաբանական, քաղաքական և մշակութային բնագավառներին վերաբերող տերմինաբանությանը և հասկացություններին:

6Շահնազարյան Ա.Մ., Խազերի Կոմիտասյան վերծանության հայտնությունը, Երևան, 2001, էջ 30:

7Бартольд В.В., Сочинения, т. II (I), Работы по истории Кавказа и Восточной Европе, М., 1963, с. 703.

8Мушегян А., Псевдоалбанская литература и ее апологеты . - «Լրաբեր», 1989, N 8, էջ 16-33.




http://www.noravank.am/am/?page=analitics&nid=1910

Aucun commentaire: