Գաղափարախոսությունը` որպես ազգային անվտանգության բովանդակություն
ԱԱ հասկացությունն այսօր ներառել է մարդկային կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները` ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական, տեղեկատվական, հոգեւոր-հոգեբանական եւ այլն, որոնք, իրենց հերթին, սերտորեն առնչվում են միմյանց հետ։ Արդյունքում` այդ ոլորտների միջեւ սահմանները սկսել են պայմանական բնույթ կրել։ Զարգացման նման միտումը, ըստ մեզ, ոչ միայն անմիջական շփման եզրեր է ստեղծում ԱԱ եւ գաղափարախոսություն հասկացությունների միջեւ, այլեւ ուղղակիորեն միավորում է դրանք։ Բնորոշ է, որ որոշ հեղինակներ գաղափարախոսությունը սահմանում են որպես ընդհանրական գործընթացների ամենաարդյունավետ ռեժիմ եւ փոխկապակցվածությունն ապահովող հրահանգների մի համալիր։ Նման սահմանումը կիրառելի է նաեւ ԱԱ-ի նկատմամբ, եւ կարելի է ամրագրել, որ արդի իրողություններում գաղափարախոսությունը հանդիսանում է ԱԱ տեսական բովանդակությունը։ Այս առիթով նշենք, որ սկսած Անտուան Դեստյուտ դը Տրասսիից, որը 19-րդ դարի սկզբին եվրոպական ավանդույթում շրջանառության մեջ դրեց «գաղափարախոսություն» եզրը, այդ հասկացությանը տրվել են բազմաթիվ եւ, ըստ մեզ, հաճախ միմյանց փոխլրացնող սահմանումներ։ Նման իրադրությունը բարդ հասկացությունների պարագայում բնականոն է, եւ այս համառոտ ակնարկում մենք նույնպես, կախված շարադրանքի ենթատեքստից, համապատասխանաբար կօգտագործենք այս կամ այն հասկացության տարբեր սահմանումները։
Միեւնույն ժամանակ, գաղափարախոսություն հասկացությունը նույնպես որոշակի էվոլյուցիա է ապրել եւ կորցրել է նախկինի (օրինակ` կոմունիստական, նացիոնալ-սոցիալիստական կամ վուլգար-ազատական) իր միանշանակ, առարկում չընդունող միտումը։ Այս առումով հատկանշական է, որ ընթացող ճգնաժամի թելադրանքով ավանդաբար ազատական համարվող երկրներում ընթանում է սոցիալիստական գաղափարների լեգիտիմացում եւ զարգացում։ Արդյունքում` ձեւավորվում են «բազմագաղափարախոսական» հանրություններ, որտեղ որոշակի բաժնեմասերով գործում են ինչպես ունիվերսալ` սոցիալիստական եւ լիբերալ, այնպես էլ ազգային-քաղաքակրթական պատկերացումներ արտահայտող գաղափարական հայացքները։
Համեմատական դիտարկումներից հետեւում է, որ ԱԱ համակարգի արդյունավետության գլխավոր չափորոշիչներից մեկը` պետությունների մրցունակությունը, էապես պայմանավորված է տվյալ հանրության կողմից բազմագաղափարախոսական կամ, այլ խոսքերով` ընդհանրական-սինթետիկ դաշտ ձեւավորելու ունակությամբ: Այդ համատեքստում մրցունակ պետության օրինակ կարող է հանդիսանալ Չինաստանը, որը նախորդ դարի վերջից կիրառում է սոցիալիստական, ազատական եւ ազգային-պահպանողական հիմնադրույթների համալիրը։ Անգլիախոս հանրությունները, որոնց համար ազատականությունը եւ ավանդապաշտությունը (տրադիցիոնալիզմ) գերակայող ազգային բնութագիր են, ներկայումս սկսել են տեղ տալ սոցիալիստական դրույթներին, դրանով իսկ բարձրացնելով իրենց մրցունակությունը։ Ռուսաստանում ազգայնական-պահպանողական եւ ազատական գաղափարներ կրողների հետ միասին հանրության մի զգալի հատվածի հոգեկերտվածքին հարազատ են նաեւ սոցիալիստական պատկերացումները, եւ եթե ՌԴ-ում հաջողվի համատեղել այդ տարբեր գաղափարախոսական հոսանքները (ինչը, չնայած որոշ դրական միտումներին, առայժմ չի կատարվել), ապա դա էապես կբարձրացնի Ռուսաստանի մրցունակությունը։
Այսպիսով, արդի փուլում հանրությունների եւ պետությունների ընդհանրական գաղափարախոսությունը, մրցունակության համատեքստում, պետք է իր մեջ համատեղի տարաբնույթ գաղափարախոսական հիմնադրույթներ։ Նման մոտեցում պետք է ցուցաբերվի նաեւ ԱԱ հիմնադրույթներ ձեւավորելիս։
Տնտեսական անվտանգության առանձնահատկություններն արդի փուլում
Նկատենք, որ վերոնշյալ ընդհանրական գաղափարախոսությունում ազգային-պահպանողական կոնցեպտները պակաս «նյութականացված» են եւ դրանց դերակատարումը տնտեսական ոլորտում կարծես թե սահմանափակ բնույթ է կրում։ Միեւնույն ժամանակ, այդ կոնցեպտները պայմանավորում են տնտեսվարման որոշ առանձնահատկություններ եւ ընդհանուր առմամբ միտված են դեպի ինքնաբավությունը։ Ներկայիս ճգնաժամի պայմաններում այդ միտումը հանգեցնում է պրոտեկցիոնիստական (հովանավորչական) բնույթի տնտեսական քաղաքականության։ Բավական է նշել, որ վերջին մեկ տարում 20 առաջատար եւ նախկինում «բաց դռների» քաղաքականություն քարոզող երկրներից 17-ում ընդունվել են ավելի քան 47 պրոտեկցիոնիստական որոշումներ։
Ըստ մեզ, այդ երեւույթը պայմանավորված չէ միայն ճգնաժամային իրավիճակից դուրս գալու տնտեսական-մարտավարական նկատառումներով, այլ արտահայտում է որոշակի երկարաժամկետ ռազմավարություն, որն ադեկվատ է ձեւավորվող բազմաբեւեռ աշխարհակարգի տրամաբանությանը։ Նոր իրողությունում վերացել է արեւմտյան նախկին մենատիրությունը, եւ սրվել է առեւտրաֆինանսական մրցակցությունը։ Որպես հետեւանք` տնտեսական էքսպանսիան ընդունել է տարավեկտոր բնույթ, եւ ներկայումս տնտեսապես առաջատար երկրները ստիպված են պաշտպանվել նախկինում «հետամնաց» համարվող երկրների տնտեսական հավակնություններից։ Այսպիսով, արդի տնտեսական գործընթացները, հենվելով ունիվերսալ գաղափարախոսությունների հիմնադրույթների վրա, զուրկ չեն նաեւ որոշակի ազգային-պահպանողական գաղափարախոսական տրամաբանությունից։
Նկատենք նաեւ, որ պրոտեկցիոնիզմն արտահայտում է ոչ միայն ինքնաբավության միտումը, այլեւ որոշակի տնտեսական հենք է ստեղծում տարավեկտոր գլոբալացման մաս կազմող այլ, օրինակ` տեղեկատվական բնույթի, անցանկալի գործընթացներին դիմակայելու համար։
Տեղեկատվական անվտանգության եւ ազգային-պահպանողական գաղափարախոսության միասնականությունը
Ըստ դասական ձեւակերպման, մտավոր-հոգեւոր գործընթացների եւ պատկերացումների ոլորտն ընդգրկող ազգային-պահպանողական գաղափարախոսությունն այն գաղափարների, տեսակետների ու ազգային արժեքների համակարգն է, որում գիտակցվում, գնահատվում է մարդկանց վերաբերմունքը միմյանց նկատմամբ եւ դեպի իրականությունը։ Իր հերթին, գաղափարախոսությունն իրական գործոն կարելի է համարել միայն այն պարագայում, երբ այն վերածվում է հանրային գիտակցության բաղադրամասի։ Մինչդեռ, դա հնարավոր է իրագործել միայն տեղեկատվական տեխնոլոգիաների (լայն մեկնաբանելով այս եզրը եւ դրա տակ չհասկանալով միայն պարզունակ քարոզչություն) միջոցներով։ Այսինքն` ազգային գաղափարախոսությունը, վերջինիս անհրաժեշտության գիտակցման դեպքում, պետք է հանդիսանա տեղեկատվական դաշտի առաջնային եւ հիմնական բաղադրամասը։ Այստեղից հետեւում է, որ տեղեկատվական-հոգեբանական (ոչ տեխնիկական) անվտանգության հիմնական խնդիրներն են.
- ազգային-պահպանողական գաղափարախոսության ներդրումը ներքին տեղեկատվական դաշտում,
- վերոնշյալ գաղափարախոսական կոնցեպտների բովանդակության պաշտպանությունը արտաքին եւ ներքին խեղաթյուրումներից,
- ազգային շահերի համատեքստում` ազգային գաղափարախոսական կոնցեպտների տարածումն արտաքին տեղեկատվական դաշտում։
Այսպիսով, եթե հանրության ընդհանրական գաղափարախոսությունը եւ ԱԱ ընդհանրական կոնցեպտները համընկնում են, ապա գաղափարախոսության ազգային-պահպանողական բաղադրիչն, իր հերթին, անմիջականորեն կապակցված է տեղեկատվական անվտանգության (ՏԱ) ոլորտի հետ։ Դա թույլ է տալիս այս պարագայում պնդել, որ ՏԱ բովանդակային (ոչ տեխնիկական) հատվածի եւ ազգային-պահպանողական գաղափարախոսության գործառույթները համընկնում են, իսկ այդ հասկացությունները, միասնաբար, նույնպես կարելի է սահմանել որպես հրահանգների մի համալիր, որն ապահովում է տեղեկատվական գործընթացների (այս եզրի լայն մեկնաբանության պարագայում) ամենաարդյունավետ ռեժիմը եւ փոխկապակցվածությունը։
ՏԱ բովանդակային հատվածում կրիտիկական ենթակառուցվածքների առկայությունը
Որոշ առաջատար պետություններում (հատկապես` Միացյալ Նահանգներում) ՏԱ առաջնահերթ խնդիր է համարվում, այսպես կոչված, կրիտիկական ենթակառուցվածքների` կառավարման, կոմունիկացիոն-տեղեկատվական, էներգա- եւ ջրամատակարարման, ոստիկանական-փրկարարական, ֆինանսական եւ այլ համակարգերի, տեղեկատվական անվտանգության ապահովումը։ Արդարացիորեն համարվում է, որ այդ համակարգերի անվտանգության պահպանումը ԱԱ տեսանկյունից հանդիսանում է տեխնիկական առաջնային խնդիր։ Կարծում ենք, որ նման «կրիտիկական ենթակառուցվածքները» բնորոշ են եւ կարեւոր նաեւ ՏԱ բովանդակային, այսինքն` գաղափարախոսության ազգային-պահպանողական հատվածի համար. պատահական չէ, որ ամերիկյան փորձագետները ԱԱ հիմնական խնդիրը նույնացնում են ազգային արժեքների պաշտպանության խնդրի հետ։ Գործնական հարթությունում դա նշանակում է, որ ազգային արժեքային համակարգում պետք է ընտրվեն եւ հատուկ ուշադրության ու պաշտպանության առարկա դարձվեն այն թեզերը, որոնց խեղաթյուրումը կարող է հանգեցնել ազգային բարոյալքման եւ կազմալուծման։
Այս ամենից հետեւում է, որ լիարժեք ՏԱ համակարգի ձեւավորումն անհնարին է առանց համապատասխան գաղափարական հիմնադրույթների առկայության։ Սակայն դա չի նշանակում, որ ՏԱ համակարգի ձեւավորումը պետք է իրագործվի այդ հիմնադրույթների հստակեցումից հետո միայն։ Ինչպես նշել ենք վերը, տեղեկատվական անվտանգությունը, ըստ էության, նույնացվում է ազգային-պահպանողական գաղափարախոսության հետ, եւ ՏԱ ոլորտում հայեցակարգային առանձին մշակումներն, անշուշտ, կնպաստեն գաղափարախոսական համալիր մոտեցումների ստեղծմանը։
Aucun commentaire:
Enregistrer un commentaire