mardi 9 septembre 2008

«ՄՇԱԿՈՒՅԹ» ԱԼԻՔԸ ԲԱՑՎՈՒՄ Է ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՇՎԻ՞Ն

Սիրելի հայրենակիցներ, շատ շնորհակալ եմ ու խորապես զգացված բոլոր նամակների համար, որոնցում հայտնում եք ձեր համակրանքը, աջակցությունը «Մեր պատմության դասերը» հաղորդաշարին, եւ վրդովմունքը այն փակվելու կապակցությամբ:
Նախ պետք է խնդրեմ ձեր ներողամտությունը, որ պատասխանում եմ ոչ թե անհատապես, այլ ընդհանուր բաց նամակով: Օգոստոսի 25-ից հետո ստացված տասնյակ նամակներում նույն մտահոգություններն են եւ նույն հարցադրումները, որոնց ցանկանում եմ անդրադառնալ՝ բոլորի համար պարզություն մտցնելու նպատակով:
Հաղորդաշարի փակման լուրն իմացա նախավերջին հաղորդումից հետո: Պատճառաբանեցին ֆինանսների բացակայությամբ: Տեղեկացա, որ իմ հաղորդաշարից բացի փակվում են նաեւ հայ գրականությանը, ճարտարապետությանը եւ հայոց լեզվին նվիրված հաղորդաշարերը, որոնց վրա ծախսվող չնչին գումարները «Հ1»-ը որոշել է ուղղորդել նոր բացվելիք «Մշակույթ» ալիքի ֆինանսավորմանը, որը պետք է եթերը սկսի սեպտեմբերի 21-ին (նախատեսվում է հեռարձակել նաեւ արբանյակով՝ սփյուռքի համար):
Ես, իհարկե, միշտ անհրաժեշտ եմ համարել (եւ այսօր էլ համարում եմ) հայկական մշակութային ալիքի գոյությունը, բայց որ դա կարվեր հայագիտական-մշակութային արդեն կայացած ծրագրերը փակելու հաշվին, առնվազն տարօրինակ էր ինձ համար: Զարմանալի էր ֆինանսավորման պատճառաբանությունը, քանի որ «Հ1»-ի եթերը ողողած անիմաստ ու հաճախ բարոյազրկող սերիալների ու հաղորդումների վրա ծախսվում են հսկայական գումարներ...
Այս միակողմանի դադարեցումով «Հ1»-ը խախտում է իր իսկ ստորագրած պայմանագիրը: Ես, իբր հաղորդաշարի հեղինակ, ստորագրել եմ մեկ տարվա պայմանագիր, սակայն այն դադարեցվում է 8 ամիս անց: Ես հասկանում եմ, որ այս մասին կարդալով՝ կառաջարկեք դատ բացել «Հ1»-ի դեմ, սակայն դա առանձնապես իմաստ չի ունենա: «Հ1»-ի այսօրվա ղեկավարության՝ հայկական ազգային շահերին նվիրվածությունը խիստ կասկածում եմ, ապացույցը «Հ1»-ի հայաստանյան եթերում հայագիտական ծրագրերի լիակատար բացակայությունն է: «Հ1»-ի դեմ դատ բացելու պարագայում հաղորդաշարը կարող է վերաբացվել, սակայն այնպիսի պայմաններով, որ անիմաստ կլինի շարունակել: Բացի ֆինանսավորման դադարեցումից, հաղորդաշարը կարող է հեռարձակվել միայն մեկ օր, այն էլ այնպիսի ժամի, որը սփյուռքի որեւէ համայնքում նպաստավոր ժամ չլինի: Ես ունեմ դրա դառը փորձը. անցյալ տարի տրամադրեցինք «Տիգրան Մեծ. Հայրենապաշտ տիրակալը» ֆիլմը: Ֆիլմը ցուցադրվեց «Հ1»-ով, սակայն... գիշերվա ժամը 1.30-ին, երբ մարդիկ քնած էին... Այդ իսկ պատճառով ես որոշեցի գործ չունենալ «Հ1»-ի այսօրվա ղեկավարության հետ, որը չի հարգում իր իսկ ստորագրած պայմանագիրը: Ես ուղարկում եմ «Հ1»-ի էլ. փոստի հասցեները, քանի որ ստացված նամակներում ցանկացել էիք իմանալ դրանք (karine@armtv.com, dianna@armtv.com, alik@armtv.com, marat@armtv.com, sarellire@armtv.com, site@armtv.com), սակայն նրանց գրելն առանձնապես իմաստ չունի, ափսոս է ձեր ժամանակը...
Օգոստոսի 26-ին հանդիպեցի սփյուռքի կոմիտեի (որը հոկտեմբերի 1-ից կվերածվի սփյուռքի նախարարության) ղեկավար Հրանուշ Հակոբյանի հետ: Նա եւս տեղյակ էր հաղորդաշարի փակմանը՝ սփյուռքից ստացված հեռախոսազանգերից, եւ շատ վրդովված, քանի որ դրանից 1-2 շաբաթ առաջ առաջարկել էր քննարկել «Մեր պատմության դասերը» հաղորդաշարի անգլերեն հեռարձակման հնարավորությունը: Եվ այս ամենը բացատրելով իրեն՝ առաջարկեցի սփյուռքի համար առանձին հատուկ ալիք ստեղծելու ծրագիր, որի մասին խոսել եմ նաեւ հաղորդումներիս ընթացքում: Իմ պատկերացմամբ, այն արեւելահայերեն եւ արեւմտահայերենից բացի պետք է ունենա առնվազն անգլերեն, ռուսերեն, թուրքերեն եւ ֆրանսերեն ծրագրեր, որոնք պետք է մեկնաբանեն հայության ինքնությունը: Նշված լեզուներից յուրաքանչյուրով այսօր խոսում են կես միլիոն եւ ավելի հայեր, որոնց զգալի մասը հայախոս չէ: Հետագայում՝ քաղաքական նկատառումներով, կարելի է մեծացնել այս ցանցը՝ ներառելով նաեւ իսպաներեն, արաբերեն եւ այլ լեզուներով հաղորդումները: Հրանուշ Հակոբյանը ոգեւորությամբ ընդունեց այս առաջարկը՝ ցույց տալով ապագա նախարարության գրավոր ծրագրում նախատեսված «Համահայկական հեռուստաալիքի» մասին կետը: Նա առաջարկեց մանրամասն ծրագիր ներկայացնել, որը սիրով հանձն առա...
Հուսով եմ, որ այս ծրագիրն արդեն ՀՀ կառավարության հետ կդրվի լուրջ մակարդակի վրա, եւ մենք մոտ ապագայում կունենանք չափազանց կարեւոր հեռուստաալիք, որի առաջնահերթ խնդիրները կլինեն հայապահպանումը, հայադարձությունը եւ միացյալ ուժերով հայության նոր հաղթանակների նվաճումը:
Իսկ մինչ այդ կրկին ընդունեք իմ երախտագիտությունը ձեր ջերմ համակրանքի եւ աջակցության համար: Սեպտեմբերին հաղորդաշարի ինտերնետային էջը (www.memocast.com) կլրացվի վերջին 4 հաղորդումներով եւ հնարավորություն կունենաք դիտելու բոլոր 33 հաղորդումները:
Սիրով՝ ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ
http://www.azg.am/?lang=AR&num=2008090917

Aucun commentaire: