lundi 1 septembre 2008

Գիտելիքի շնորհիվ միայն ազգը գիտակցաբար կմղվի հայրենիքի պաշտպանությանը


Ս.թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության մամուլի սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի, «Սերունդ» խմբի և պատմաբան Արտակ Մովսիսյանի մասնակցությամբ` վերջիններիս նախաձեռնությամբ ՀՀ, ԼՂՀ և Ջավախքի տարածքում գտնվող բոլոր կրթօջախնե­րին և զորամա­սե­րին նվիրվելիք ճանաչողական աշխատանքների` «Հայոց պատմության աշխարհա­կալությունները» գրքույկի, «Տիգրան Մեծ. Հայրենապաշտ տիրակալը» և «Նեմրութ. Արև-արքայի մեծ սրբավայրը» գիտա­հան­րա­մատչելի ֆիլմերի թեմայով:
Ս.Օհանյանը նախ ողջունեց լրագրողներին, ապա, հակիրճ ներկայացնելով վերոնշյալ նախաձեռնության կարևորությունը, մասնավորապես ասաց.«Նախ շնորհավորում եմ բոլորիս` գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ և նշեմ, որ գիտելիքը պետք է առաջնային լինի, որի միջոցով կարելի է կանխարգելիչ և սանձող միջոցներ կիրառել, և որի շնորհիվ ազգը գիտակցաբար կմղվի հայրենիքի պաշտպանությանը: ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով և համագործակցությամբ «Սերունդ» խմբի և պատմաբան Արտակ Մովսիսյանի` պատրաստեցինք «Հայոց պատմության աշխարհա­կալությունները» ճանաչողական գրքույկը, «Տիգրան Մեծ. Հայրենապաշտ տիրակալը» և «Նեմրութ. Արև-արքայի մեծ սրբավայրը» գիտահանրամատչելի ֆիլմերը, որոնք նվիրվելու են ՀՀ, ԼՂՀ և Ջավախքի բոլոր հայկական կրթօջախներին և զորամասերին, և որոնք զգալիորեն կբարձրացնեն մեր ժողովրդի` մասնավորապես մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը: Սրան նպաստում են նաև փոխադարձ այցելությունները զորամասեր, դպրոցներ, ԲՈՒՀ-եր: Ի դեպ, ճանաչողական այս աշխատությունները պետք է ուղարկենք նաև Ռուսաստանի հայ համայնքներին և սփյուռք»:Ապա, պատմաբան Արտակ Մովսիսյանն իր խոսքում նշեց, որ երբ 13-14-րդ դդ. մեր պետականությունն անկում ապրեց, հայի մեջ ձևավորվեցին բարդույթներ և մենք մոռացության մատնեցինք նույնիսկ մեր հաղթանակներն ու ձեռքբերումները. «Այս աշխատություններով պետք է բոլորին ներկայացնենք աշխարհակալ հայի կերպարը, որը երբեք ագրեսոր չի եղել. պետք է սովորեցնենք, թե ինչպիսին պետք է լինի հայը»,-ընդգծեց նա: Այնուհետև Ա.Մովսիսյանը լրագրողներին ներկայացրեց տեսասկավառակները, մեկնաբանեց նրանց բովանդակությունը և որոշ պատվիրաններ` նշելով, որ մեր դպրության օջախները պետք է ունենան ֆիլմադարաններ և, որ հայ փոքրիկները պետք է մեծանան ոչ թե «Սինդբադ» խաղալով, այլ` Սասունցի Դավիթ կամ Փոքր Մհեր: Ա.Մովսիսյանը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանին` նախաձեռնության և աջակցության համար: Ասուլիսի մասնակից ԼՂՀ և Ջավախքի ներկայացուցիչները ևս իրենց շնորհակալական խոսքն հղեցին Ս.Օհանյանին` հավաստիացնելով, որ նվիրված աշխատություններն իրենց տեղը կգտնեն հայկական կրթօջախներում և հույս հայտնեցին, որ նման նախաձեռնությունները շարունակական կլինեն պաշտպանության նախարարության կողմից: Ասուլիսի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հավելեց, որ պետք է ոչ միայն պատմությունը ճիշտ ներկայացնել, այլև ձեռք բերվածը պահպանել` փոխանցելով այն մատաղ սերնդին և, պատասխանելով լրագրողների` դպրոց-բանակ համագործակցությանը, ինչպես նաև ռազմագիտության ուսուցմանն առնչվող հարցերին` նշեց, որ այս հարցում անելիքներ դեռ շատ կան. «Պետք է բարձրացնել զինղեկների` և սրանով նաև ռազմագիտության ուսուցման մակարդակը: Գիտելիքի և դպրության օրվա շրջանակներում այսօր անակնկալ այցելեցի Չարենցի անվան դպրոց, և կարող եմ ասել, որ դպրոցն այսօր մեծ տեղ և կարևորություն է տալիս ռազմագիտությանը: Միայն այս առարկայի միջոցով է հնարավոր երեխայի մոտ արթնացնել և բարձրացնել ռազմահայրենասիրական ոգի»:

Նյութը՝Պ.Ն.

Aucun commentaire: