«Ադրբեջանցիների դիվերսիայի ժամանակ գյուղում էի: Մեզ մոտ լուրերի միակ աղբյուրը հեռուստատեսությունն է` երեք հեռուստաալիքով: Զզվելի էր, երբ տարածվել էր չորս երիտասարդի մահվան լուրը, իսկ «Հ2»-ով մի քանի նյութապաշտ ջահելներ հետույքները բաց զվարճանում էին»,- գրում է բլոգեր Մշեցին (www.talinci.livejournal.com) ու հարց տալիս, թե մի՞թե չորս երիտասարդի կյանքն այնքան չարժեր, որ գոնե մի օրով հարգեին նրանց հիշատակը:
Թեեւ օրինակ է բերվում միայն «Հ2»-ը, սակայն գրեթե բոլոր հեռուստատեսություններն էլ շարժվեցին իրենց գրաֆիկով` դատարկ ու տեղ-տեղ գռեհիկ հումոր, անիմաստ «ռիալիթի» շոուներ ու սերիալներ: Կարծես օր-օրի հարմարվում ենք տեղեկատվական դաշտ նետված ամեն աղբի հետ. սկզբում բողոքում էինք անորակ հաղորդումներից ու սերիալներից, հիմա արդեն կարծես թե տանելի է դարձել դրանց գոյությունը (բնավ այն կարծիքին չեմ, որ դրանց որակն է լավանում, իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա «առաջ են գնում» մեռելային քայլերով): Վիրավորական է մտածելը, որ հասել ենք այնտեղ, երբ սահմանում կանգնած ու քո խաղաղ կյանքի համար սպանված զինվորի մահը չի զգաստացնում որոշներին: Ու, Աստված չանի, որ մի օր էլ այս երեւույթին հարմարվենք:
«Գուցե ես զգայուն եմ, որովհետեւ պատկերացնում եմ ինձ առաջին գծում… ու հեչ հաճելի չի լինի, երբ ես դիրքերում լինեմ ու իմանամ, որ իմ մեռնելու օրը հեռուստատեսությամբ պոռնիկներ են պարելու… գոնե մի օր հարգեն իրենց համար զոհվածներին»,- գրում է Մշեցին ու նշում, թե զինվորը պիտի հասկանա` հանուն ինչ արժեքների է մարտի գնում` հանուն հոգեւոր, մշակութային, բարոյական արժեքների եւ ոչ թե այլոց մարմնական հաճույքների համար:
Ադրբեջանական դիվերսիայի ու հայկական կողմից կորուստների լուրը շատերի մեջ կարծես շոկ առաջ բերեց: Մի կողմից` սպասելի, մյուս կողմից էլ` տարօրինակ արձագանք էր: Սպասելի էր, որովհետեւ վտանգի զգացումը հենց այդպիսի ռեակցիա էլ պիտի առաջացներ, իսկ տարօրինակ էր նրանով, որ հասարակության զգալի մասը մոռացել էր, որ պատերազմը չի ավարտվել ու կոնֆլիկտային շրջանում ենք ապրում:
«Իշխանությունները տասը, տասնհինգ տարի շարունակ երգեր են երգել, թե պատերազմ չի լինելու, հանգիստ քնեք: Տեղեկատվական ամբողջ դաշտը դաստիարակել է իներտ երիտասարդություն, որը չի հետաքրքրվում այս ամենով, այլ օրուգիշեր չգիտեմ ինչ աստղիկներ-մաստղիկներով է տարված»,- ասաց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը:
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանն էլ նկատեց, որ թեեւ լայն հասարակությունը չի տեղեկացվում, սակայն ավելի խոշոր մասշտաբներով մարտեր մինչ այս էլ եղել են, որոնց ժամանակ հայկական կողմը լուրջ վնասներ չի ունեցել. «Ասում են, չէ՞, մինչեւ չգա, չմտնի աչքը, չեն տեսնի: Մենք պատերազմի մեջ ենք. 1994 թ. պատերազմը չի ավարտվել, շարունակվում է:
Վաղ թե ուշ իրավիճակի փոփոխման, հավասարակշռության խախտման դեպքում պատերազմի սկսվելու հավանականությունը շատ մեծ է լինելու: Հոգեպես պետք է միշտ պատրաստ լինենք դրան… Դեռ շատ մարդիկ կան, որ մտովի ապրում են Եվրոպայում` լրիվ կտրված տարածաշրջանային իրականությունից: Երեւանի փողոցներով քայլելիս պատերազմի սկսվելու հավանականությունը չի երեւում»:
Կ. Վրթանեսյանի խոսքերով` այս թմբիրային վիճակի պատճառ կարող է լինել նախ նյութապաշտական քարոզչությունը բարեկեցիկ ապրելու, լավ փող աշխատելու մասին, ինչպեսեւ մարդու հոգեբանությունը, երբ երկար լարված լինել չկարողանալու արդյունքում սկսում է խուսափել իրականությունից եւ ինքնախաբեությամբ է տարվում:
«Ինչպե՞ս է իշխանությունը կարողանալու երկիրը կառավարել պատերազմական ծայրահեղ իրավիճակում, եթե իր վարած քաղաքականության հարցում հետեւություններ չի անում»,- Ա. Այվազյանի դիտարկմամբ` այդ հետեւությունները նախ պետք է արտահայտվեն կադրային քաղաքականությամբ, տեղեկատվական դաշտում փոփոխություններ կատարելով, ինչը չի արվում:
«Դաշտը մնում է նույնը, խոսողները մնում են նույնը, որ երեկ այլ բան էին ասում, այսօր` մեկ այլ, էն մյուս օրը` ասելու են էլի հակառակը: Վստահությունը վերացել է, ժողովրդի եւ իշխանության միջեւ կապ գոյություն չունի: Իսկ պատերազմական վիճակում, որում եւ գտնվում ենք, այսպիսի անջրպետն անթույլատրելի է»,- ընդգծում է Ա. Այվազյանը:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Աղբյուրը՝ Yerkir.am, 26.06.2010թ․
Aucun commentaire:
Enregistrer un commentaire