Լեոնիդ Ազգալդյանն ընկավ 1992թ. հունիսի այս օրը` 50 տարեկանը չբոլորած: Նա «Ազատագրական բանակ» ջոկատի հրամանատարն էր, Մարտական առաջին աստիճանի խաչի շքանշանակիր: Բայց մինչ օրս Լեոնիդ Ազգալդյանին չի տրվել ազգային հերոսի կոչում: «Պալատական որոշումներով չէ, որ հերոսին կոչումներ են տալիս, եւ Լեոնիդը կարիքը չունի որեւէ իշխանիկի, որ իրեն հերոսի կոչում տա»,- ասում է նրա զինակից Գագիկ Գինոսյանը եւ հավելում, որ բոլոր ժամանակներում ժողովուրդն է տալիս հերոսի կոչումը, որը կնքում է ժամանակը: Այս առումով` Լեոնիդ Ազգալդյանն իրապես հերոս է:
Նրա մահվան տարելիցի կապակցությամբ այսօր «Արմատ» ակումբում ասուլիս էին տալիս Գագիկ Գինոսյանը եւ ԵՊՀ դոցենտ Նորայր Գալստյանը: Վերջիններս ուղղակի ծիծաղելի են համարում, որ պարտված Ադրբեջանն արցախյան պատերազմից հետո ունի ավելի քան 100 հերոս, իսկ Հայաստանը` ընդամենը 15: Ընդ որում` նրանցից 5-ն են զոհվել մարտի դաշտում:
«Եթե ուզում ենք մտածել մատաղ սերնդի դաստիարակության մասին, որն այսօր բարձիթողի վիճակում է, պետք է որպես ուղեցույց ընտրենք Նժդեհին, Արամ Մանուկյանին, Դրոյին եւ արցախյան պատերազմից` Կոմադոսին (Արկադի Տեր-Թադեւոսյան), Վլադիմիր Բալայանին, Լեոնիդ Ազգալդյանին, Մոնթեին, Թաթուլին… Ինչպես Նժդեհը ժամանակին կռիվ տվեց նույնիսկ ռուսական զորքի դեմ եւ պահեց Սյունիքը, որը փորձ էր արվում հանձնել Ադրբեջանին, այնպես էլ Լեոնիդը կանգնեց Արցախի հողի վրա եւ ասաց` սա Հայաստանն է եւ վերջ»,- ասում է Նորայր Գալստյանը:
«Լեոնիդ Ազգալդյանը ստեղծել է 300 հոգանոց կանոնավոր բանակ, որն ամենօրյա ֆիզիկական, մտավոր, գաղափարական մարզումներ էր կատարում: Նա Արցախում ազատագրել է 27 բնակավայր: Սա, ինձ թվում է` բավականին լուրջ թիվ է` արցախյան հերոսամարտի չափանիշներով, եւ այս մարդուն հերոսի կոչում չշնորհել, ոչ միայն նշանակում է մեղանչել իրականության դեմ, այլ նաեւ հայ պատմության եւ ապագայի դեմ»,- ավելացնում է Գագիկ Գինոսյանը:
Թե ինչո՞ւ Ազգալդյանին հերոսի կոչում չի տրվում, վերջինիս կարծիքով, պայմանավորված է անձնական խնդիրներով, որոնք գալիս են ոչ միայն ներկայիս, այլեւ նախորդ իշխանությունից, եւ այն տարաձայնություններից, որոնք առկա էին Լեոնիդ Ազգալդյանի կենդանության օրոք: «Որովհետեւ Լեոնիդն առուծախի գնացող մարդ չէր. նա Արծվաշեն չէր հանձնում: Նա, ասենք, չէր համաձայնվի հանձնել Գետաշենը եւ Շահումյանը, եւ քանի դեռ Լեոնիդը կենդանի էր, ոչ ոք չկարողացավ մտնել Մարտակերտի շրջան: Մարտակերտն ընկավ նրա զոհվելուց հետո, որը նույնպես կասկածելի է»,- ասում է Գինոսյանը:
Արցախյան գոյամարտի ընթացքում Ազգալդյանի գլխավորած ջոկատը տվել է 6 զոհ: Յոթերորդն ինքն էր, իսկ իրենից 12 օր առաջ զոհվել էր տեղակալը` Վլադիմիր Բալայանը: Ծնունդով մարտակերտցի Բալայանին բանախոսները բնորոշում են իբրեւ մարտական բնածին տաղանդով օժտված մի մարդու, որն իսկապես հայրենիքի նվիրյալներից էր: Ինքը` Լեոնիդը, իր տեղակալի մասին խոսելիս ասել է, թե նման զորավարներ ազգը ծնում է միայն 100 տարին մեկ: Իսկ Գինոսյանը հիշում է, որ երբ զոհվել է Վլադիմիր Բալայանը, ջոկատի տղաներն առաջին անգամ Լեոնիդի աչքերին տեսել են արցուքներ: «Նա ասաց, որ ինքը գնալու է միանալու Վլադիմիրին: Երեւի լավ հասկանալով, որ հաջորդ թիրախն ինքն է»,- ասում է Գինոսյանը:
Լեոնիդը մի առիթով ասել էր. «Եթե ձեզ ասեն` ես զոհվել եմ, մի հավատացեք. ես Ստամբուլի մոտ եմ ընկնելու»: Նա զոհվել է Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ` թշնամու դավադիր կրակոցներից:
«Մենք հերոս ենք հռչակում մարդկանց, ովքեր հազարավոր զոհեր են տվել եւ հպարտանում ենք, որ զոհերով այդքան հող են ազատագրել: Ամբողջ աֆղանական պատերազմն անցած Կոմանդոսը, ի պատիվ իրեն, խոստովանել է, որ ինքն առաջին անգամ Լեոնիդից սովորեց, որ չի կարելի զոհել հայ զինվորին: Լեոնիդն իրեն ասել էր. «Մեր ամենամեծ հարստությունը կամավոր զինվորն է: Դրանից ավելի մեծ արժեք էս երկիրը չունի, եւ նրանց չի կարելի հենց այնպես զոհաբերել, ինչ է թե հողակտոր ես ազատագրում: Բոլոր նախագծերը, հարձակումները, պաշտպանությունները կառուցեք այնպես, որ հնարավորինս զոհ չլինի»»,- ասում է Գագիկ Գինոսյանը:
Նա հիշում է, որ իրենց ջոկատում ծխելը, խմելը խստիվ արգելված էր, իսկ զենքը կամ պահեստում պետք է լիներ, կամ` ձեռքիդ բռնած: Եթե զենքդ մի կողմ դնեիր, հաջորդ ակնթարթում ջոկատում չէիր լինի: «Ի սկզբանե Լեոնիդի Ազատագրական բանակը շատ ավելի կարգապահ էր, քան նույնիսկ խորհրդային բանակը: Նրա բանակի կարգապահության հիմքում, Նժդեհի բառերով ասած, գիտակցական կարգապահություն կար: Այսինքն` երբ զինվորը հասկանում էր իր կարգապահ լինելու առաքելության կարեւորությունը, նրան պետք չէր պարտադրել կարգապահություն, ինչպես արվում է շատ-շատ բանակներում»:
Գինոսյանի խոսքերով` եղել են դեպքեր, երբ Լեոնիդը զինվորին դիրքերում տեսել է քնած, արթնացրել է նրան ու հրամայել «գնալ քնելու»` վերջինիս փոխարեն անձամբ հերթապահելով դիրքում:
«Զինվորը հաջորդ անգամ ամեն ինչ անում էր` հանկարծ նման օրը չընկնելու համար: Նա շատ ավելի ուշիմ էր լինում, ամոթից չգիտեր, թե ուր գնար, ոչ թե ասում էր` ինչ լավ ա, գնամ քնեմ: Այսինքն` երբ քո զորավարն իրոք բարոյական նկարագիր ունի, դա քո համար ավելի քան ապտակ է, ավելի քան պատիժ է: Սա իրական մեծ զորավարի խնդիր է. հզոր մարդը վատը լինելու, չար լինելու, պատժաբեր լինելու խնդիր չունի: Նման պատիժների դիմում են թույլ հրամանատարները, որոնց համար կարեւոր է, որ զինվորն իրենից վախենա: Իսկ Լեոնիդին զինվորները պաշտում էին: Նա մարտի դաշտում մեզ համար ամեն ինչ էր, իսկ երբ դու հավատում ես քո զորավարին, պատրաստ ես ամեն ինչի»,- ասում է Գագիկ Գինոսյանը:
«Դրա համար նա մագնիսի նման ձգում էր զիվորներին, եւ դա է պատճառը, որ Լեոնիդի զինվորներից շատերն այսօր հայկական բանակի հրամանատարներն են»,- ավելացնում է Նորայր Գալստյանը ու շեշտում, որ Ազգալդյանի մահվանից հետո էլ նրա զինվորները մնացին աներեր ու Քարվաճառի ազատագրման ժամանակ առաջին շարքերում էին:
Գալստյանը շեշտում է նաեւ, որ Լեոնիդը լուրջ մտավորական էր, ղեկավարում էր Լազերային տեխնիկա գիտահետազոտական ինստիտուտի հաշվողական մաթեմատիկայի բաժինը. «Դուք չեք պատկերացնում, թե ինչպիսի գիտելիքներ պետք է ունենար դիմորդը, որպեսզի այդ թվականներին ընդունվեր Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան: Եվ նա ընդունվեց, ընդ որում` ֆիզիկայի ֆակուլտետ: Բայց ընտանեկան պատճառներով տեղափոխվեց ԵՊՀ` ավարտելով ֆիզիկայի ֆակուլտետը»:
Գինոսյանն էլ նշում է, որ մինչ պատերազմը Լեոնիդը համեստագույն մարդ էր, որը շատ տաղանդավոր էր, բազմաշնորհ, ֆիզիկական արտակարգ տվյալներով. սպորտի վարպետ, մի քանի սպորտաձեւով Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ: Իսկ մաթեմաթիկա եւ ֆիզիկա առարկաներից` հանրապետական օլիմպիադաների հաղթող:
Նա 1988 թ., ըստ Գագիկ Գինոսյանի, համազգային հանրահավաքներին չի մասնակցել. «Եկավ, կանգնեց, լսեց եւ, ձեռքը թափ տալով, հեռացավ` ասելով` այս պայքարը վերածվելու է զինված պայքարի: Իր մարգարեական հեռատեսությամբ, իմաստուն եւ ազգային հոգեկերտվածքով նա լծվեց զենքեր ստեղծելու գործին: Առաջին ինքնաստեղծ, ինքնաշեն զենքերը ստեղծվեցին Լեոնիդ Ազգալդյանի, Ալեքսանդր Թամանյանի եւ իրենց մյուս ընկերոջ` Կարեն Գրիգորյանի ջանքերով եւ շատ ուրիշ մտավորականների աջակցությամբ»:
«Ես երբեմն ասում եմ` այս պատերազմը երկու հսկաներ է տվել, որոնք անխոցելի են այն առումով, որ մտավոր եւ ֆիզիկական կարողություններն իրենց մոտ հավասարազոր ուժգնությամբ էին: Դա Մոնթե Մելքոնյանն էր եւ Լոնիդ Ազգալդյանը,- ասում է Գ. Գինոսյանը,- բայց Լեոնիդի գերագույն շնորհը, իմ կարծիքով, նրա բարոյական հանճարն էր: Նա ոչ մի դեպքում չէր կարող փոխվել, չէր կարող, շատ կներեք բառիս համար` լղոզվել, դառնալ իշխանիկ եւ կատարածու: Միգուցե դա է պատճառը, որ այսօր նա մեզ հետ չէ. պատերազմից չվերադարձավ»:
[ 2010/06/21 | 18:11 ]
Aucun commentaire:
Enregistrer un commentaire