vendredi 28 août 2009

Գ.Նժդեհի տնտեսագիտական ընկալումների մասին


Գարեգին Նժդեհի գրավոր ժառանգությունում առանձնակի տեղ է գրավում տնտեսական հիմնախնդիրների վերաբերյալ նրա տեսլականը։ Ընդ որում, ինչպես անանց արժեք է Նժդեհ-երեւույթն ինքնին, այնպես էլ խիստ արդիական եւ ուսումնակարոտ են նրա տնտեսագիտական ընկալումները։ 


Վերջիններս սփռված են Նժդեհի` տարբեր տարիների երկերում, ստեղծված են զանազան ազգային, քաղաքական թնջուկների պայմաններում, սակայն ունեն կուռ ու կառուցիկ շղթա, տրամաբանական հստակ դիրքորոշում։ Այս հոլովույթում եւս ակնառու է որոշակի զուտ նժդեհյան առանձնահատկություն` դա գիտական, տեսական հիմնավոր մտապաշարն է, որը բեկվելով նրա ընդհանրական տեսության մեջ` ձեռք է բերել էաբանական-իմացաբանական բնույթ։ 

Այսպես. Նժդեհն աշխատանքը համարում է «կեանքի ամենամե՛ծ ոյժը, ամենամե՛ծ արժէքը, ամենամե՛ծ աստուածութիւնը...»։1 Եվ ավելացնում. «Աշխատա՛նքն է օրէնքների օրէնքը հայու համար»։2 

Այս մտքերն, անշուշտ, բխում են համաշխարհային տնտեսագիտության «հայր» Ադամ Սմիթից, որը բազում էջերում աշխատանքի իրավունքը համարում էր մարդկային բոլոր իրավունքներից բարձրյալը եւ մասնավորապես նշում. «Սեփականության ամենասրբազան եւ անձեռնմխելի իրավունքը սեփական աշխատանքի իրավունքն է, քանզի դրանից են բխում սեփականության մյուս բոլոր իրավունքները»։ 3 

Կասկածից վեր է, որ Նժդեհն ուսումնասիրել է Սմիթին, քանզի այդ մասին ուղղակիորեն նշում է. «Ադամ Սմիթը, որից սկսվում է տնտեսագիտությունը, ստեղծեց էկոնոմիկական լիբերալիզմը։ Ըստ նրա, ինչպես տիեզերքը մի մեխանիզմ է, որ հետեւում է իր օրենքներին, կատարյալ ներդաշնակության մեջ, առանց կարիքն զգալու Աստծո միջամտության, այնպես էլ հասարակությունը մի մեխանիզմ է, որ ինքն է ղեկավարում իր ուժերը եւ օրենքները, եւ այսպիսով ձեռք բերում անհրաժեշտ ներդաշնակությունը»... Ապա հավելում. «Այսպես տնտեսագիտությունը արտացոլեց էպոխայի գաղափարները` ազատություն, անհատապաշտություն, ռացիոնալիստական լավատեսություն եւ էգոիզմ, իբրեւ օրենք գոյության պայքարի։ Պոզիտիվիզմը ետ մղելով հավատը եւ մետաֆիզիկան` կտրեց մարդկային միտքը գերբնական իրականությունից։ Այսպիսով ծնունդ առավ մատերիալիզմը, որը ավելի եւս ազդեց տնտեսագիտության վրա»։4 

Այսինքն` ակնհայտ է, որ Նժդեհն ուներ տնտեսագիտական լուրջ տեսական հենք եւ, բնական է, դա պետք է ներդներ իր կենսափիլիսոփայության մեջ, կիրառեր հայկականության, հայ իրականության հանդեպ։ 

Հարկ է շեշտել, որ Նժդեհի վերաբերմունքը հայոց կապիտալի եւ նրա կրողների հանդեպ խիստ բացասական է։ Հայ իրականության մեջ ազգակից դրամատերերի հանդեպ մերժողական կեցվածքը նորություն չէր. դրա դրսեւորումները բազմաթիվ են մեր գրականությունում եւ մամուլի էջերում։ Նժդեհի դատավճիռը նվազ ահեղաձայն չէր. «Իսկ հայ կապիտալիստնե՞րը. արժէ խօսել սրանց մասին։ Չէ՞ որ սրանք ազգ չունեն, հայրենիք չեն ճանաչում։ Չէ՞ որ սրանց սրբազան հայրենիքը շահաշատ շուկան եւ մեծածախս հաճոյավայրերն են։ Սրանք դուրս են ապրում ազգերից ու մարդկութիւնից։ Պարտականութիւններ չունեն սրանք։ Մարդ չեն սրանք։ 

Ա՜հ, այդ «վատ սրտի ու լաւ ստամոքսի» տէրերը. իրենց նիւթական բաւականութիւնների համար միայն ապրող մարդատիպ անասուններ. որոնք օտարի համար աշխատող ազնիւ անասունի արժէքն իսկ չունեն։ Տմա՛րդ արարածներ, որոնց մասին ասել է մի գրող. «Զա՛րկ կրծքին, դատարկ ձայն կը տայ»5։ Սակայն Նժդեհի ժխտողականությունն ուներ այլ բնույթ. դա թելադրված էր հայրենակորուստ, գաղթական դարձած եւ բոլշեւիկյան բռնապետության մեջ խարխափող հայության ապագայի հանդեպ մտահոգությամբ։ 

Ելակետ ունենալով ներցեղային բարոյականը` Նժդեհը բանաձեւում է. «Սոցիալապէս որքան արդար` այնքան զօրաւոր է հայրենիքը: Գերերջանիկ է մարդը, որ կարող է ասել. «Իմ հայրենիքում արեւը ծագում է բոլորի եւ ամէն մէկի համար»։6 Այդ իսկ պատճառով գրում է. «Ազգային բարոյականի տեսակէտից` մի Գիւլբենկեան աւելի չարժէ, քան` Հայաստանի մի գեղջուկ, եւ մի զօրավար, մի ուսուցչապետ, քան` մի համեստ արհեստաւոր, էականը յաւիտենական հայկականութիւնն է, որ ազգութիւնը նուիրագործում է իր ամէն մի անդամի մէջ»։7 Եվ հավելում. «...Հայ օտարասէրը եւ հայ մեծահարուստը` թշուառականներ, որոնց որքան աւելի ժպտայ բախտը, այնքան հոգեպէս կը հեռանան իրենց ցեղի կեանքէն»:8 Ահա՛ Նժդեհի մերժողականության պատճառաց պատճառը` ցեղի կյանքից, հավիտենական հայկականությունից հեռանալը։ 

Նժդեհը սոսկ փութավճիռ դատաստան կայացնող կամ անսիրտ մերկացնող չէ, նա փորձում է վերլուծել հայոց տնտեսական վիճակի այլեւայլությունները եւ գրում է. «Աշխարհագրական եւ հոգեբանական այս ցրուածութեան միանում են նաեւ նիւթական աննպաստ պայմանները, որպիսիք են` 

– Տնտեսական տկարութիւն հայ միջակորեար դասի, որի հետեւանքով ազգի մեծագոյն մասը մնում է ճնշուած օրուա հացի պայքարի մղձաւանջի տակ եւ համակւում` աւելի գործ փնտռելու, քան թէ գործ ստեղծելու տրամադրութեամբ, որով` էապէս զրկւում է նախաձեռնական ոգուց, ինչպէս նաեւ անանձնական բարձր նպատակներով տեւաբար ապրելու հնարաւորութիւնից. 

– Հայկական առեւտրի ոչ-համագործակցական` անհատական նկարագիրը, որ զարգացնում է` հոգեւոր մենասիրութիւն եւ եսական շահապաշտութիւն. 

– Հայկական դրամագլխի մեծակշիռ չլինելը եւ նրա ոչ-արդիւնաբերական հակումը, որ դժուարացնելով գործարանային դրութեան ստեղծումը` անկարելի է դարձնում հայ մտաւորականի, արհեստագէտի, դրամատիրոջ եւ բանուորի ճիգերի համախմբումը - մի բան, որ կարող էր այնքա՜ն նպաստել ազգային կեանքի օրգանական կազմակերպման»։9 

Այս դրույթներն ըմբռնելու համար խորամուխ լինելու անհրաժեշտություն կա։ 

Առաջին կետը լիակատար ճշմարտություն է. դա եւս մի փաստում է առ այն, որ Ցեղասպանությունից տարիներ անց գաղթական հայության մեծ մասը, հիրավի, օրահաց վաստակելու խնդիր էր լուծում։ 

Երկրորդ կետը` հայոց առեւտրի ոչ-համագործակցական, անհատական նկարագրի վերաբերյալ, հիմնականում նույնպես անվիճահարույց է։ Սակայն հարկ է նկատի ունենալ, որ դա առարկայական հիմքեր ուներ. օտարության մեջ` լեզվական, մշակութային, քաղաքակրթական խորթ բարքերի ու սովորույթների իրողություններում հայտնված հայը, բնականաբար, պիտի դառնար հոգեպես մենասեր ու եսականորեն շահապաշտ։ 

Վիճահարույց է երրորդ պնդումը` հայկական դրամագլխի (իմա` կապիտալի) մեծակշիռ չլինելու եւ նրա ոչ-արդյունաբերական հակման վերաբերյալ։ Մեծ դրամագլուխ ունեցող հայեր կամ խոշոր հայ արդյունաբերողներ կային թե՛ Նժդեհից առաջ, թե՛ նրա օրոք: Բայց Նժդեհի պնդումն իր մեջ երազանք է պարունակում` կապիտալի շնորհիվ հայոց տարբեր դասերի համախմբում` հանուն ազգային կյանքի օրգանական կազմակերպման, ինչն անհնար էր սփյուռքի պայմաններում։ Բիզնեսն ազգային պատկանելություն չի ճանաչում, ազգային կարող է եւ պետք է լինի բիզնեսի արդյունքը` կապիտալը։ Եվ հենց վերջինիս այդպիսին չլինելը Նժդեհի պատկերացումներին համապատասխան` զայրույթի աստիճանի հուսահատեցնում էր հայկականության շեփորահարին։ 

Ասելով վիճահարույց` ամենեւին մտադրություն չունենք դույզն-ինչ կասկածի տակ դնել Նժդեհի ճշմարտացիությունը։ Առաջին հերթին այն պատճառով, որ նա ասում էր. «Նրանք, որոնք մեզ դեռ չեն հասկանում, զուրկ են հասարակագիտական անհրաժեշտ պատրաստությունից»։10 Եվ այդ ճշմարտացիության խտացումը հետեւյալն է, որ հանճարի պարզությամբ մատնանշում է Նժդեհը. «Նա (հրեան–Խ.Դ.) յաղթեց, որովհետեւ նրա մօտ գերագոյն հակակշիռը պատկանում է ազգին, որը ներկայացւում եւ արտայայտւում է իր ընտրանիի միջոցաւ։ Նա յաղթեց, որովհետեւ նրա մէջ պարտականութիւն է անհատական երջանկութեան ձգտիլը, սակայն, յօգուտ Իսրայէլի բարօրութեան. գովելի է փառասիրութիւնը, բայց Իսրայէլի փառքի համար. արդար է հարստանալու տենչը, հարստութիւնը, բայց դա ո՛չ թէ որպէս նպատակ, այլ որպէս միջոց` զայն Իսրայէլի դատին ու ազդեցութեան ծառայեցնելու համար։ Եւ հէնց այդ է պատճառը, որ հրէութիւնը այսօր տէր է մի անպարտելի ոյժի - ոսկու եւ խելքի եղբայրութեան - իր ծոցի մէջ։ 

...Մեր պատմութեան ընթացքում... մեծահարուստ հայը չեղբայրացաւ հայ մտաւորականին, ո՛չ էլ ազգերի բախտի հետ խաղացող ոյժերի բարեկամութիւնը փնտռեց։ Միայն զմիւռնիացի հայոց հարստութեամբ կարելի պիտի լինէր մի մեծ Հայաստան գնել։ Այդ ծով հարստութեան մի չնչին մասն իսկ - որը քեմալականները քամուն տուին` պիտի բաւէր հրէաբար կաշառելու մարդկութեան երեք քառորդի խղճմտանքը, զայն հայասէր դարձնելու աստիճան... 

Ոսկեքսակ հայը չկանգնեց ոսկեգրիչ մտաւորականի թիկունքում, եւ այդ վերջինի լեզուն` կարճ, խօսքն անլսելի եղաւ միջազգային արէոպագների մէջ»։11 

Նժդեհի տնտեսագիտական ընկալումները հանգում են տրամաբանական եզրակացության. նա մատնացույց է անում «հրեական ուղին»։ Այդ մոդելն անհրաժեշտ է ոչ թե կապկել, այլ ստեղծագործաբար յուրացնել, այն հագեցնել հայկականության վերանորոգված ոգիով, որի երաշխիքը ինքնիշխան Հայաստանի պետությունն է։ 

Հայրենական եւ աշխարհացրիվ կապիտալն է այն բանալին, որն ի վիճակի է բացելու կողպած դռները։ Իսկ որպեսզի կապիտալը եսածառայականից, անձնապաշտայինից վերածվի ազգայինի` անհրաժեշտ է միավորիչ գաղափարաբանություն, որի անվանումն է Նժդեհականություն։ 

Հեղինակ՝ Խաչատուր Դադայան

http://www.noravank.am/am/?page=analitics&nid=715


1Գարեգին Նժդեհ, Հատընտիր, Ե., 2006, «Ամերիկահայութիւնը – Ցեղը եւ իր տականքը», էջ 255։ 

2Նույն տեղում, «Բանտային գրառումներ», էջ 356։ 

3А. Смит, Исследования о природе и причинах богатства народов, т. I, СПб., 1866 г., стр. 284. Ա. Սմիթն իր հիմնարար աշխատությունը` The Richs of the Nations («Ազգերի հարստությունները») վերնագրով, գրել է 1775-ին. մենք օգտվել ենք ռուսերեն հրատարակությունից։ 

4Գարեգին Նժդեհ, Հատընտիր, «Մետապոլիտիկա։ Պատմության փիլիսոփայությունը», էջ 667, 668։ 

5Նույն տեղում, «Էջեր իմ օրագրէն», էջ 38։ 

6Նույն տեղում, «Բանտային գրառումներ», էջ 347։ 

7Նույն տեղում, «Խօսակցութիւն մը Զօրաւար Գ. Նժդեհի հետ», էջ 651։ 

8Նույն տեղում, «Բաց նամակ Մայքլ Արլէնին», էջ 469։ 

9Նույն տեղում, «Ամերիկահայութիւնը – Ցեղը եւ իր տականքը», էջ 187-188։ 

10Նույն տեղում, «Մեծ գաղափար», էջ 637։ 

11Նույն տեղում, «Բաց նամակ Մայքլ Արլէնին», էջ 467, 468։ 

 

lundi 3 août 2009

ԱՊԱԳԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

Գագիկ Հարությունյան

Ապագայի կանխատեսումը մշտապես եղել է մարդկությանը հուզող խնդիրներից մեկը։ Մեզ հայտնի գրեթե բոլոր հասարակություններում գուշակներն առանձնահատուկ կարգավիճակ են ունեցել և մեծ հարգանք վայելել։ Դեռևս մ.թ.ա. 2-րդ հազարամյակում հունական Դելփի քաղաքում Ապոլոնի տաճարի քրմուհիներն անտիկ աշխարհին հայտնի էին գուշակություններ կատարելու կարողությամբ, և որևէ նախաձեռնություն սկսելուց առաջ թագավորներն ու զորավարները գրեթե պարտադիր այցելում էին այդ տաճար։ «Դելփյան կանխատեսումների» մի մասը պահպանվել է և դրանց` արդեն մեր օրերում կատարված վերլուծությունից հետևում է, որ գուշակությունների զգալի մասը՝ 41%-ը, հայտնի իրողությունների ամրագրում էր ներկայացնում, 32%-ը` հրահանգ-հրաման (այսինքն՝ կատարիր այս կամ այն քայլը), գործողություններ արգելող ցուցումները կազմել են 22%, ապագայի սխալ գուշակությունները՝ 3%, իսկ իրականացել է կանխատեսումների ընդամենը 2%-ը։ Ինչպես տեսնում ենք, կանխատեսմանը կարող է հավակնել պատասխանների ընդամենը 5%-ը, որոնցից իրականացել է 50% -ից էլ պակաս մասը։

Չնայած կանխատեսումների նման անմխիթար արդյունքներին, գուշակներին դիմելու ավանդույթը պահպանվել է մինչև մեր օրերը։ Այսօր էլ մեծ թվով գործիչներ, ձեռներեցներ և հասարակ մահկանացուներ կանոնավոր այցելում են զանազան բախտագուշակների ու, զգալի թեթևացնելով իրենց քսակները, փորձում են հասկանալ, թե ինչ է իրենց սպասում մոտ կամ հեռու ապագայում։ Համաձայն փորձագետների, այս երևույթը պայմանավորված է նրանով, որ մարդկանց մի մասը հակված է բախտագուշակների մշուշոտ ձևակերպումներում տեսնել սեփական կյանքի իրական փաստերը և զարգացումները, ինչն էլ ստիպում է նրանց հավատալ զանազան «կանխատեսումների»։ Մասնագիտական գրականությունում նման էֆեկտները կրում են այդ երևույթները հայտնաբերած և ուսումնասիրած հոգեբաններ Բառնումի, Ռոզենտալի և Հոտորնի անունները։

«Դելփի» տեխնոլոգիան. Նորագույն շրջանում ապագայի կանխատեսումներն ընդունեցին ավելի համակարգված բնույթ, իսկ ոլորտը ստացավ գիտական անվանում՝ ֆուտուրոլոգիա։ Սկզբնական շրջանում ֆուտուրոլոգները գլխավորապես գրողներ և փիլիսոփաներ էին, որոնց կանխատեսումները սեփական ինտուիցիայի և երևակայության արգասիքն էին։ Պետք է ընդունել, որ նման կանխատեսումների մի մասը ոչ միայն լայնացրեց ժամանակակիցների մտահորիզոնը, այլև իրագործվեց ապագայում։ Սակայն ֆուտուրոլոգիան վերածվեց գիտափորձագիտական մեթոդի, թերևս, նախորդ դարի երկրորդ կեսին (1953թ.), երբ ամերիկյան ՌԵՆԴ «ուղեղային կենտրոնի» աշխատակիցներ Գորդոնը և Հելմերը մշակեցին կանխատեսումների տեխնոլոգիա, որն ի պատիվ վերոնշյալ Ապոլոնի տաճարի տեղանվան` կոչվեց «Դելփի»։ Այդ մեթոդի էությունը հետևյալն է. հետազոտվող խնդրի ապագայում հնարավոր զարգացումների վերաբերյալ կատարվում են մի քանի փուլանի, հաջորդաբար ճշգրտվող հարցումներ ոլորտի փորձագետներին։ Արդյունքում, ստացված պատասխանները և գնահատականները համադրվում են և որոշակի ձևերով մշակվում։

Անշուշտ, իրականում «Դելփի» տեխնոլոգիան արդյունավետ կիրառելու համար անհրաժեշտ են բազմաթիվ նախապայմանների (օրինակ՝ փորձագետների անոնիմությունը, նախորդ փուլի հարցումների պատասխանների օգտագործումը փորձագետների կողմից և այլն) խստիվ պահպանում։ Սակայն հիմնական գործոնը, իհարկե, բարձր որակավորում ունեցող փորձագիտական ռեսուրսի և այդ ռեսուրսի նպատակաուղղված կիրառման մշակույթի առկայությունն է։ Այսօր «Դելփիի» տրամաբանական և գաղափարախոսական հենքի վրա կիրառվում են առնվազն 10-15 կանխատեսման մեթոդներ (որոնցից հատուկ նշենք սցենարային մշակումները), որոնք լայնորեն օգտագործվում են մի շարք երկրներում. դրանց միջոցով տրվում են ապագայի փորձագիտական գնահատականներ քաղաքականության, տնտեսության, գիտության, տեխնիկայի և այլ ոլորտներում։

Նշենք, որ վերջին ժամանակներում գլոբալ մասշտաբի կանխատեսումների թիվը զգալի աճել է: Օրինակ, վերջերս հրատարակվեց հայտնի STRATFOR կազմակերպության ղեկավար Ջորջ Ֆրիդմանի «Հաջորդ հարյուր տարին» ուշագրավ աշխատությունը։ Սակայն կարծում ենք, որ «կանխատեսումների շուկայում» առանձին տեղ է գրավում 2008-ի վերջին ԱՄՆ Միացյալ ուժերի հրամանատարության (USIFCOM) կողմից հրապարակված «Միացյալ ուժերի գործողությունների միջավայրը» (The Joint Operating Enviroment - JOE) փաստաթուղթը, որում Պենտագոնի մասնագետները փորձ են կատարել կանխատեսել քառորդ դար հետո մեր մոլորակի վրա սպասվող ռազմաքաղաքական իրավիճակը։

Պենտագոնի փիլիսոփայությունը. Հատկանշական է, որ ամերիկյան զինվորականներն իրենց վերլուծությունը սկսում են անցյալի փորձի և որոշ խոհափիլիսոփայական խնդիրների դիտարկումից։ Ըստ նրանց` պատերազմի և խաղաղության վերաբերյալ պատկերացումները, որոնք ձևավորել էին դեռևս Սուն-Ցզին (մ.թ.ա. 6-րդ դար) և արդեն 19-րդ դարում՝ Կարլ ֆոն Կլաուզևիցը, առայսօր մեծ փոփոխություններ չեն կրել։ Հատկանշական է, որ հաղթանակի բանաձևը 21-րդ դարի ամերիկյան ստրատեգները, ինչպես և Սուն-Ցզին, տեսնում են ճանաչողության հարթությունում։ Այդ իսկ պատճառով հաճախ են անդրադառնում չին դասականի բանաձևին. «Եթե գիտես քեզ և գիտես թշնամուդ, ապա միշտ կհաղթես, եթե գիտես քեզ, բայց չգիտես թշնամուդ, մեկ կհաղթես, մեկ կպարտվես, եթե չգիտես քեզ և չգիտես թշնամուդ, ամեն մի ճակատամարտ հղի է պարտությամբ»։

Չի կարելի չհամաձայնել նաև փաստաթղթում տեղ գտած այն պնդման հետ, որ ներկայիս քաղաքական լիդերները բավական ուշ են գիտակցում և ըմբռնում տեղի ունեցող արագ փոփոխությունները, իսկ ապագայի վերաբերյալ նրանց պատկերացումները հաճախ ընդամենը առօրյայի իրողությունները պարզ էքստրապոլյացիայի միջոցով ապագա տեղափոխելու փորձ են։ JOE-ի հեղինակներն այս խնդրին մոտենում են ինքնաքննադատորեն և մատնանշում են այն սխալները, որոնք թույլ է տվել ամերիկյան ռազմաքաղաքական ղեկավարությունն անցյալում՝ անգամ մոտ ապագայի վերաբերյալ ունեցած թյուր պատկերացումների հետևանքով։

Ամերիկյան ստրատեգներն առանձնապես կարևորում են իշխանությունների քաղաքական կամքի գործոնը, որի առկայությունն անգամ սակավ ռեսուրսների տիրապետող երկրներին ընձեռում է մեծ հեռանկարներ։

Գլոբալ տնտեսությունն ապագայում. Համաձայն Պենտագոնի փորձագետների, հաջորդ 25 տարում համաշխարհային տնտեսությունն աճելու է ավելի քան երկու անգամ, և $100 մլրդ-ը1 գերազանցող ՀՆԱ են ունենալու ոչ միայն ներկայիս տնտեսական հսկաները, այլև Բանգլադեշը, Նիգերիան, Պակիստանը, Ֆիլիպինները և Վիետնամը։ Այդ երկրները փորձելու են առաջատար ռազմաքաղաքական դերակատարում ձեռք բերել իրենց տարածաշրջաններում և իրենց շուրջ ձևավորել համապատասխան միավորումներ։ Բոլոր պարագաներում ԱՄՆ-ը իր $21 տրլն ՀՆԱ-ով լինելու է տնտեսական ոլորտի առաջատարը, սակայն նրան այդ ցուցանիշով ընդհուպ մոտենալու է Չինաստանը ($16 տրլն), որը և համարվում է Միացյալ Նահանգների հիմնական մրցակիցն ապագայում նույնպես։ Մնացյալ երկրներն էապես զիջելու են այդ տերություններին (Ճապոնիա` $7 տրլն, Հնդկաստան` $6 տրլն, Գերմանիա և Մեքսիկա՝ $4 տրլն և այլն)։

Փաստաթղթում շեշտադրվում է, որ եթե չձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր, ապա արդեն մոտ ապագայում պետք է սպասել էներգետիկ ճգնաժամի. այսօր նավթահանումն աշխարհում ունի կարծես թե տեխնոլոգիական սահման՝ օրական 110 մլն բարել, սակայն արդեն 2012թ. պահանջվելու է օրական 186 մլն բարել, և դեռ պարզ չէ, թե ինչպես է լուծվելու այդ խնդիրը։

Սակայն միայն էներգետիկ խնդիրները չեն, որ սպառնում են մարդկությանը։ Համաձայն JOE-ի, 2030թ. ջրի պակասը սպառնալու է մոտ 3 մլրդ մարդու, իսկ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային իրական «ջրային սով» է սպասվում։ Ուշագրավ է, որ Թուրքիայի կողմից Տիգրիսի և Եփրատի վրա կառուցվող ջրամբարները լուրջ խնդիրներ են ստեղծելու այդ երկրի և Իրաքի ու Սիրիայի միջև, ինչը կարող է պատերազմական գործողությունների առիթ հանդիսանալ։

Ինովացիոն պայքար և տեղեկատվական պատերազմ. Պենտագոնի փորձագետներն ընդունում են, որ քաղաքականապես և տնտեսապես ԱՄՆ-ը կորցնում է բացարձակ մենատիրական դիրքերը, սակայն համոզված են, որ նախկինի պես այդ տերությունը գերակայելու է ինովացիաների (նորարարությունների) ոլորտում։ Առանձնակի շեշտվում է, որ ապագայի պատերազմներում հաղթանակի գրավականն են հանդիսանալու երևակայությունը և ինտելեկտը, իսկ այդ պատերազմները կարելի է որակել որպես մարդկանց «մտքի և հոգու» համար մղվող պայքար։ JOE-ի փորձագետներն անվերապահորեն համոզված են, որ տեղեկատվությունը «ռազմավարական զենք է» և ելնում են այն դրույթից, որ «տեղի ունեցածի ընկալումն ավելին է նշանակում, քան տեղի ունեցածը»։

Այդ համատեքստում հատկանշական է, որ ռազմական գերատեսչությանը խիստ հուզում է այն, որ ամերիկյան բուհերում նկատվում են կազմալուծման երևույթներ, և նրանք սկսել են զիջել իրենց մակարդակով, օրինակ, հնդկական և չինական համալսարաններին։ JOE-ի հեղինակների կարծիքով, ամերիկյան գիտակրթական ոլորտը կարիք ունի լուրջ կատարելագործումների և բարելավումների2։

Որոշ հետևություններ. Հարկ է նշել, որ վերջին մեկ-երկու տասնամյակում հեղինակավոր կազմակերպությունների (օրինակ՝ ԱՄՆ հետախուզության ազգային խորհրդի - NIC, Համաշխարհային բանկի և նույն JOE-ի) կողմից հրապարակված կանխատեսումները որոշակիորեն ազդում են տարբեր երկրներում որոշումների ընդունման մեխանիզմի վրա։ Ի լրումն, «հեղինակավոր կանխատեսումները» դարձել են նաև յուրահատուկ տեղեկատվական-հոգեբանական ազդեցության գործոն, քանի որ դրանք ներգործում են նաև միջազգային հանրության վրա։ Հանգամանքների այս համալիրն ակնհայտորեն անդրադառնում և ուղղորդում է ընթացիկ ռազմաքաղաքական, տնտեսական զարգացումներն ու այդպիսով ձևավորում ապագան ինչ-որ չափով համապատասխան կատարված կանխատեսումների (հիշենք Դելփիի քրմուհիների հրաման-հրահանգները)։

Միևնույն ժամանակ, «հեղինակավոր կանխատեսումները» բարձրակարգ մասնագետների կոլեկտիվ աշխատանքի արդյունք են և օգտակար տեղեկատվություն են պարունակում ոչ միայն սեփական ղեկավարության, այլև ուրիշների համար։ Այդ առումով, ըստ մեզ, ուսանելի են հատկապես JOE-ի հեղինակների փիլիսոփայությունը և, մասնավորապես, մոտեցումները գիտելիքների ոլորտին։

Վերոնշյալի համատեքստում, թերևս, ավելորդ չէ ևս մեկ անգամ մեջբերել Սուն-Ցզիի բանաձևը. «Եթե գիտես քեզ և գիտես թշնամուդ, ապա միշտ կհաղթես, եթե գիտես քեզ, բայց չգիտես թշնամուդ, մեկ կհաղթես, մեկ կպարտվես, եթե չգիտես քեզ և չգիտես թշնամուդ՝ ամեն մի ճակատամարտ հղի է պարտությամբ»։ Այս հիմնադրույթն առավել քան ակտուալ է նաև հայ հանրության համար։ Լինելով փաստացիորեն պատերազմող երկիր` մենք բավական աղոտ պատկերացումներ ունենք Ադրբեջանի և այդ երկրի հասարակության վերաբերյալ. խոսքն այստեղ այդ երկրի ռազմական ներուժի մասին չէ, ինչին պետք է որ քաջատեղյակ լինեն մեր զինվորականները։ Բավական է նշել, որ առայսօր ՀՀ-ում հազվագյուտ են ադրբեջաներեն լեզվին տիրապետողները, մենք աղոտ ենք պատկերացնում այդ ժողովրդի մշակույթը, էթնոհոգեբանությունը և այլն։ Իրավիճակը գրեթե նույնն է մեր մնացյալ հարևանների առումով։ Սակայն ամենակարևորն այն է, որ մենք բավարար գիտելիքները չունենք նաև Հայության, այսինքն` մեր մասին։ Հայագիտության ոլորտում հետազոտությունները հիմնականում վերաբերում են նյութական մշակույթին (ինչն, անշուշտ, նույնպես խիստ կարևոր է) և անհամեմատ սակավ են մարդկային ու հանրային ոլորտին առնչվող սոցիալ-հոգեբանական ուսումնասիրությունները։ Կարելի է փաստել, որ ինքնաճանաչողության խնդիրն այսօր մեր հանրության ամենահրատապ և, միևնույն ժամանակ, ամենաքիչ մշակված բնագավառն է։

1Փաստաթղթում հաշվարկները կատարվել են «մինչճգնաժամային» դոլարի փոխարժեքով։

2Այստեղ կարևոր է նաև եզրաբանությունը. ներկայումս հաճախակի դարձած «բարեփոխումները» (այս բառը «ռեֆորմ»՝ ձևափոխություն, տերմինի հայերեն սխալ թարգմանությունն է ընդամենը և բարելավման իմաստ չի պարունակում) երբեմն կարող են կազմալուծել գուցե և ոչ այնքան փայլուն գործող, սակայն, այնումանայնիվ, գործող համակարգերը և կառույցները։