lundi 3 août 2009

ԱՊԱԳԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

Գագիկ Հարությունյան

Ապագայի կանխատեսումը մշտապես եղել է մարդկությանը հուզող խնդիրներից մեկը։ Մեզ հայտնի գրեթե բոլոր հասարակություններում գուշակներն առանձնահատուկ կարգավիճակ են ունեցել և մեծ հարգանք վայելել։ Դեռևս մ.թ.ա. 2-րդ հազարամյակում հունական Դելփի քաղաքում Ապոլոնի տաճարի քրմուհիներն անտիկ աշխարհին հայտնի էին գուշակություններ կատարելու կարողությամբ, և որևէ նախաձեռնություն սկսելուց առաջ թագավորներն ու զորավարները գրեթե պարտադիր այցելում էին այդ տաճար։ «Դելփյան կանխատեսումների» մի մասը պահպանվել է և դրանց` արդեն մեր օրերում կատարված վերլուծությունից հետևում է, որ գուշակությունների զգալի մասը՝ 41%-ը, հայտնի իրողությունների ամրագրում էր ներկայացնում, 32%-ը` հրահանգ-հրաման (այսինքն՝ կատարիր այս կամ այն քայլը), գործողություններ արգելող ցուցումները կազմել են 22%, ապագայի սխալ գուշակությունները՝ 3%, իսկ իրականացել է կանխատեսումների ընդամենը 2%-ը։ Ինչպես տեսնում ենք, կանխատեսմանը կարող է հավակնել պատասխանների ընդամենը 5%-ը, որոնցից իրականացել է 50% -ից էլ պակաս մասը։

Չնայած կանխատեսումների նման անմխիթար արդյունքներին, գուշակներին դիմելու ավանդույթը պահպանվել է մինչև մեր օրերը։ Այսօր էլ մեծ թվով գործիչներ, ձեռներեցներ և հասարակ մահկանացուներ կանոնավոր այցելում են զանազան բախտագուշակների ու, զգալի թեթևացնելով իրենց քսակները, փորձում են հասկանալ, թե ինչ է իրենց սպասում մոտ կամ հեռու ապագայում։ Համաձայն փորձագետների, այս երևույթը պայմանավորված է նրանով, որ մարդկանց մի մասը հակված է բախտագուշակների մշուշոտ ձևակերպումներում տեսնել սեփական կյանքի իրական փաստերը և զարգացումները, ինչն էլ ստիպում է նրանց հավատալ զանազան «կանխատեսումների»։ Մասնագիտական գրականությունում նման էֆեկտները կրում են այդ երևույթները հայտնաբերած և ուսումնասիրած հոգեբաններ Բառնումի, Ռոզենտալի և Հոտորնի անունները։

«Դելփի» տեխնոլոգիան. Նորագույն շրջանում ապագայի կանխատեսումներն ընդունեցին ավելի համակարգված բնույթ, իսկ ոլորտը ստացավ գիտական անվանում՝ ֆուտուրոլոգիա։ Սկզբնական շրջանում ֆուտուրոլոգները գլխավորապես գրողներ և փիլիսոփաներ էին, որոնց կանխատեսումները սեփական ինտուիցիայի և երևակայության արգասիքն էին։ Պետք է ընդունել, որ նման կանխատեսումների մի մասը ոչ միայն լայնացրեց ժամանակակիցների մտահորիզոնը, այլև իրագործվեց ապագայում։ Սակայն ֆուտուրոլոգիան վերածվեց գիտափորձագիտական մեթոդի, թերևս, նախորդ դարի երկրորդ կեսին (1953թ.), երբ ամերիկյան ՌԵՆԴ «ուղեղային կենտրոնի» աշխատակիցներ Գորդոնը և Հելմերը մշակեցին կանխատեսումների տեխնոլոգիա, որն ի պատիվ վերոնշյալ Ապոլոնի տաճարի տեղանվան` կոչվեց «Դելփի»։ Այդ մեթոդի էությունը հետևյալն է. հետազոտվող խնդրի ապագայում հնարավոր զարգացումների վերաբերյալ կատարվում են մի քանի փուլանի, հաջորդաբար ճշգրտվող հարցումներ ոլորտի փորձագետներին։ Արդյունքում, ստացված պատասխանները և գնահատականները համադրվում են և որոշակի ձևերով մշակվում։

Անշուշտ, իրականում «Դելփի» տեխնոլոգիան արդյունավետ կիրառելու համար անհրաժեշտ են բազմաթիվ նախապայմանների (օրինակ՝ փորձագետների անոնիմությունը, նախորդ փուլի հարցումների պատասխանների օգտագործումը փորձագետների կողմից և այլն) խստիվ պահպանում։ Սակայն հիմնական գործոնը, իհարկե, բարձր որակավորում ունեցող փորձագիտական ռեսուրսի և այդ ռեսուրսի նպատակաուղղված կիրառման մշակույթի առկայությունն է։ Այսօր «Դելփիի» տրամաբանական և գաղափարախոսական հենքի վրա կիրառվում են առնվազն 10-15 կանխատեսման մեթոդներ (որոնցից հատուկ նշենք սցենարային մշակումները), որոնք լայնորեն օգտագործվում են մի շարք երկրներում. դրանց միջոցով տրվում են ապագայի փորձագիտական գնահատականներ քաղաքականության, տնտեսության, գիտության, տեխնիկայի և այլ ոլորտներում։

Նշենք, որ վերջին ժամանակներում գլոբալ մասշտաբի կանխատեսումների թիվը զգալի աճել է: Օրինակ, վերջերս հրատարակվեց հայտնի STRATFOR կազմակերպության ղեկավար Ջորջ Ֆրիդմանի «Հաջորդ հարյուր տարին» ուշագրավ աշխատությունը։ Սակայն կարծում ենք, որ «կանխատեսումների շուկայում» առանձին տեղ է գրավում 2008-ի վերջին ԱՄՆ Միացյալ ուժերի հրամանատարության (USIFCOM) կողմից հրապարակված «Միացյալ ուժերի գործողությունների միջավայրը» (The Joint Operating Enviroment - JOE) փաստաթուղթը, որում Պենտագոնի մասնագետները փորձ են կատարել կանխատեսել քառորդ դար հետո մեր մոլորակի վրա սպասվող ռազմաքաղաքական իրավիճակը։

Պենտագոնի փիլիսոփայությունը. Հատկանշական է, որ ամերիկյան զինվորականներն իրենց վերլուծությունը սկսում են անցյալի փորձի և որոշ խոհափիլիսոփայական խնդիրների դիտարկումից։ Ըստ նրանց` պատերազմի և խաղաղության վերաբերյալ պատկերացումները, որոնք ձևավորել էին դեռևս Սուն-Ցզին (մ.թ.ա. 6-րդ դար) և արդեն 19-րդ դարում՝ Կարլ ֆոն Կլաուզևիցը, առայսօր մեծ փոփոխություններ չեն կրել։ Հատկանշական է, որ հաղթանակի բանաձևը 21-րդ դարի ամերիկյան ստրատեգները, ինչպես և Սուն-Ցզին, տեսնում են ճանաչողության հարթությունում։ Այդ իսկ պատճառով հաճախ են անդրադառնում չին դասականի բանաձևին. «Եթե գիտես քեզ և գիտես թշնամուդ, ապա միշտ կհաղթես, եթե գիտես քեզ, բայց չգիտես թշնամուդ, մեկ կհաղթես, մեկ կպարտվես, եթե չգիտես քեզ և չգիտես թշնամուդ, ամեն մի ճակատամարտ հղի է պարտությամբ»։

Չի կարելի չհամաձայնել նաև փաստաթղթում տեղ գտած այն պնդման հետ, որ ներկայիս քաղաքական լիդերները բավական ուշ են գիտակցում և ըմբռնում տեղի ունեցող արագ փոփոխությունները, իսկ ապագայի վերաբերյալ նրանց պատկերացումները հաճախ ընդամենը առօրյայի իրողությունները պարզ էքստրապոլյացիայի միջոցով ապագա տեղափոխելու փորձ են։ JOE-ի հեղինակներն այս խնդրին մոտենում են ինքնաքննադատորեն և մատնանշում են այն սխալները, որոնք թույլ է տվել ամերիկյան ռազմաքաղաքական ղեկավարությունն անցյալում՝ անգամ մոտ ապագայի վերաբերյալ ունեցած թյուր պատկերացումների հետևանքով։

Ամերիկյան ստրատեգներն առանձնապես կարևորում են իշխանությունների քաղաքական կամքի գործոնը, որի առկայությունն անգամ սակավ ռեսուրսների տիրապետող երկրներին ընձեռում է մեծ հեռանկարներ։

Գլոբալ տնտեսությունն ապագայում. Համաձայն Պենտագոնի փորձագետների, հաջորդ 25 տարում համաշխարհային տնտեսությունն աճելու է ավելի քան երկու անգամ, և $100 մլրդ-ը1 գերազանցող ՀՆԱ են ունենալու ոչ միայն ներկայիս տնտեսական հսկաները, այլև Բանգլադեշը, Նիգերիան, Պակիստանը, Ֆիլիպինները և Վիետնամը։ Այդ երկրները փորձելու են առաջատար ռազմաքաղաքական դերակատարում ձեռք բերել իրենց տարածաշրջաններում և իրենց շուրջ ձևավորել համապատասխան միավորումներ։ Բոլոր պարագաներում ԱՄՆ-ը իր $21 տրլն ՀՆԱ-ով լինելու է տնտեսական ոլորտի առաջատարը, սակայն նրան այդ ցուցանիշով ընդհուպ մոտենալու է Չինաստանը ($16 տրլն), որը և համարվում է Միացյալ Նահանգների հիմնական մրցակիցն ապագայում նույնպես։ Մնացյալ երկրներն էապես զիջելու են այդ տերություններին (Ճապոնիա` $7 տրլն, Հնդկաստան` $6 տրլն, Գերմանիա և Մեքսիկա՝ $4 տրլն և այլն)։

Փաստաթղթում շեշտադրվում է, որ եթե չձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր, ապա արդեն մոտ ապագայում պետք է սպասել էներգետիկ ճգնաժամի. այսօր նավթահանումն աշխարհում ունի կարծես թե տեխնոլոգիական սահման՝ օրական 110 մլն բարել, սակայն արդեն 2012թ. պահանջվելու է օրական 186 մլն բարել, և դեռ պարզ չէ, թե ինչպես է լուծվելու այդ խնդիրը։

Սակայն միայն էներգետիկ խնդիրները չեն, որ սպառնում են մարդկությանը։ Համաձայն JOE-ի, 2030թ. ջրի պակասը սպառնալու է մոտ 3 մլրդ մարդու, իսկ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային իրական «ջրային սով» է սպասվում։ Ուշագրավ է, որ Թուրքիայի կողմից Տիգրիսի և Եփրատի վրա կառուցվող ջրամբարները լուրջ խնդիրներ են ստեղծելու այդ երկրի և Իրաքի ու Սիրիայի միջև, ինչը կարող է պատերազմական գործողությունների առիթ հանդիսանալ։

Ինովացիոն պայքար և տեղեկատվական պատերազմ. Պենտագոնի փորձագետներն ընդունում են, որ քաղաքականապես և տնտեսապես ԱՄՆ-ը կորցնում է բացարձակ մենատիրական դիրքերը, սակայն համոզված են, որ նախկինի պես այդ տերությունը գերակայելու է ինովացիաների (նորարարությունների) ոլորտում։ Առանձնակի շեշտվում է, որ ապագայի պատերազմներում հաղթանակի գրավականն են հանդիսանալու երևակայությունը և ինտելեկտը, իսկ այդ պատերազմները կարելի է որակել որպես մարդկանց «մտքի և հոգու» համար մղվող պայքար։ JOE-ի փորձագետներն անվերապահորեն համոզված են, որ տեղեկատվությունը «ռազմավարական զենք է» և ելնում են այն դրույթից, որ «տեղի ունեցածի ընկալումն ավելին է նշանակում, քան տեղի ունեցածը»։

Այդ համատեքստում հատկանշական է, որ ռազմական գերատեսչությանը խիստ հուզում է այն, որ ամերիկյան բուհերում նկատվում են կազմալուծման երևույթներ, և նրանք սկսել են զիջել իրենց մակարդակով, օրինակ, հնդկական և չինական համալսարաններին։ JOE-ի հեղինակների կարծիքով, ամերիկյան գիտակրթական ոլորտը կարիք ունի լուրջ կատարելագործումների և բարելավումների2։

Որոշ հետևություններ. Հարկ է նշել, որ վերջին մեկ-երկու տասնամյակում հեղինակավոր կազմակերպությունների (օրինակ՝ ԱՄՆ հետախուզության ազգային խորհրդի - NIC, Համաշխարհային բանկի և նույն JOE-ի) կողմից հրապարակված կանխատեսումները որոշակիորեն ազդում են տարբեր երկրներում որոշումների ընդունման մեխանիզմի վրա։ Ի լրումն, «հեղինակավոր կանխատեսումները» դարձել են նաև յուրահատուկ տեղեկատվական-հոգեբանական ազդեցության գործոն, քանի որ դրանք ներգործում են նաև միջազգային հանրության վրա։ Հանգամանքների այս համալիրն ակնհայտորեն անդրադառնում և ուղղորդում է ընթացիկ ռազմաքաղաքական, տնտեսական զարգացումներն ու այդպիսով ձևավորում ապագան ինչ-որ չափով համապատասխան կատարված կանխատեսումների (հիշենք Դելփիի քրմուհիների հրաման-հրահանգները)։

Միևնույն ժամանակ, «հեղինակավոր կանխատեսումները» բարձրակարգ մասնագետների կոլեկտիվ աշխատանքի արդյունք են և օգտակար տեղեկատվություն են պարունակում ոչ միայն սեփական ղեկավարության, այլև ուրիշների համար։ Այդ առումով, ըստ մեզ, ուսանելի են հատկապես JOE-ի հեղինակների փիլիսոփայությունը և, մասնավորապես, մոտեցումները գիտելիքների ոլորտին։

Վերոնշյալի համատեքստում, թերևս, ավելորդ չէ ևս մեկ անգամ մեջբերել Սուն-Ցզիի բանաձևը. «Եթե գիտես քեզ և գիտես թշնամուդ, ապա միշտ կհաղթես, եթե գիտես քեզ, բայց չգիտես թշնամուդ, մեկ կհաղթես, մեկ կպարտվես, եթե չգիտես քեզ և չգիտես թշնամուդ՝ ամեն մի ճակատամարտ հղի է պարտությամբ»։ Այս հիմնադրույթն առավել քան ակտուալ է նաև հայ հանրության համար։ Լինելով փաստացիորեն պատերազմող երկիր` մենք բավական աղոտ պատկերացումներ ունենք Ադրբեջանի և այդ երկրի հասարակության վերաբերյալ. խոսքն այստեղ այդ երկրի ռազմական ներուժի մասին չէ, ինչին պետք է որ քաջատեղյակ լինեն մեր զինվորականները։ Բավական է նշել, որ առայսօր ՀՀ-ում հազվագյուտ են ադրբեջաներեն լեզվին տիրապետողները, մենք աղոտ ենք պատկերացնում այդ ժողովրդի մշակույթը, էթնոհոգեբանությունը և այլն։ Իրավիճակը գրեթե նույնն է մեր մնացյալ հարևանների առումով։ Սակայն ամենակարևորն այն է, որ մենք բավարար գիտելիքները չունենք նաև Հայության, այսինքն` մեր մասին։ Հայագիտության ոլորտում հետազոտությունները հիմնականում վերաբերում են նյութական մշակույթին (ինչն, անշուշտ, նույնպես խիստ կարևոր է) և անհամեմատ սակավ են մարդկային ու հանրային ոլորտին առնչվող սոցիալ-հոգեբանական ուսումնասիրությունները։ Կարելի է փաստել, որ ինքնաճանաչողության խնդիրն այսօր մեր հանրության ամենահրատապ և, միևնույն ժամանակ, ամենաքիչ մշակված բնագավառն է։

1Փաստաթղթում հաշվարկները կատարվել են «մինչճգնաժամային» դոլարի փոխարժեքով։

2Այստեղ կարևոր է նաև եզրաբանությունը. ներկայումս հաճախակի դարձած «բարեփոխումները» (այս բառը «ռեֆորմ»՝ ձևափոխություն, տերմինի հայերեն սխալ թարգմանությունն է ընդամենը և բարելավման իմաստ չի պարունակում) երբեմն կարող են կազմալուծել գուցե և ոչ այնքան փայլուն գործող, սակայն, այնումանայնիվ, գործող համակարգերը և կառույցները։

Aucun commentaire: