Ֆիլմը նկարահանվել է Ա1+-ի կողմից 1996թ
Կյանքի 89-րդ տարում վախճանվել է աշխարհահռչակ հայ միկրոքանդակագործ` այդ հազվագյուտ և բարդ արվեստի հիմնադիր Էդուարդ Ղազարյանը։
Էդուարդ Ղազարյանը ծնվել է 1923 թ. հունիսի 20-ին Երևանում, ստացել է բարձրագույն երաժշտական կրթություն, երկար տարիներ եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստերը և սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրներից:
Անզեն աչքով անտեսանելի իր առաջին աշխատանքները Էդուարդ Ղազարյանը ցուցադրել է Երևանում ավելի քան կես դար առաջ` 1947թ: Լինելով ջութակի հանրահայտ վարպետ-նորարար, տաղանդավոր երաժիշտ, քանդակագործ և անգերազանցելի ծաղրանկարիչ` նա զարմացրել է ամբողջ աշխարհին իր եզակի գործերով:
Նրա միկրոաշխատանքները դժվարությամբ են բացատրվում և հիմնականում հասու չեն մարդկային տրամաբանությանը:
Ստեղծագործական բազմաթիվ տարիների ընթացքում Էդուարդ Ղազարյանը ստեղծել է շուրջ 1000 յուրօրինակ միկրոքանդակ: Նրա խոշորագույն նվաճումը միկրոքանդակագործության մի նոր ուղղության` շարժական միկրոաշխատանքների ստեղծումն էր: Անզեն աչքով անտեսանելի միկրոմարմինները շարժվում են` կատարելով ոչ սինխրոն շարժումներ` չկրկնելով դրանցից և ոչ մեկը: Այս աշխատանքները մինչ օրս մնում են չգերազանցված, չնայած առաջին շարժական միկրոքանդակների ցուցադրումից անցել է ավելի քան երեսուն տարի:
Վարպետը ստեղծել է նոր երաժշտական ավտոմատ-զենք, որն աշխարհում առաջինն է, որը ոչ թե սպանում է, այլ մեծ հաճույք պատճառում երաժշտասերներին: Ավտոմատի վրա տեղադրված են աշխարհի տարբեր ազգերի շուրջ 40 երաժշտական գործիքներ, որոնցից շատերի վրա Վարպետը կատարում է հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
2006 թ. Քեմբրիջի կենսագրական կենտրոնը Էդուարդ Ղազարյանին հայտարարել է բոլոր ժամանակների ամենահանճարեղ մարդկանցից մեկը և պարգևատրել «Կենդանի լեգենդ» ոսկե մեդալով: Վարպետը պարգևատրվել է նաև ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևով` ոսկե մեդալով:
2010 թ. մայիսին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը Է. Ղազարյանին պարգևատրել է «Սրբ Սահակ և Սրբ Մեսրոպ» մեդալով:
Է. Ղազարյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է պետական հանձնաժողով: Հանձնաժողովը տեղեկացնում է, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում` ապրիլի 18-ին, ժամը` 18-20-ը, վերջին հրաժեշտը` ապրիլի 19-ին, ժամը 12-14-ը` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
http://www.a1plus.am/am/culture/2012/04/17/eduard-ghazaryan
Aucun commentaire:
Enregistrer un commentaire