samedi 28 janvier 2012

Անկախության զինվորը

Ղարաբաղում 1991թ. արտասահմանցի մի լրագրող «Ազատագրական բանակի» հրամանատար Լեոնիդ Ազգալդյանին հարցրեց' ի՞նչ գույնի եք դուք, այսինքն' ո՞ր կուսակցությանն եք պատկանում: Լեոնիդը ծնկելով մի բուռ հող վերցրեց ու ասաց' ահա իմ գույնը:

1992թ. հունիսի 21-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մերձակայքում զոհվեց «Ազատագրական բանակի» հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը: Թշնամին դարանակալել էր, եւ հրամանատարի մեքենան կրակահերթերի տակ թեքվեց ճանապարհից: Նրա վարորդը' Պավլիկ Թադեւոսյանը կարողացել է դուրս թռնել մեքենայից եւ փախչել: Լեոնիդի զոհվելու հանգամանքները առայսօր մնացել են առեղծված: Նրա զինակիցներից Սարգիս Հացպանյանը ասում է.«Դավադիր գնդակների զոհ դարձավ Լեոնիդը»:

1988-ին սկսված Ղարաբաղյան շարժումը Թատերական հրապարակ բերեց հարյուր հազարավոր հայերի: Շատերի համար Ղարաբաղի պայքարը Թատերական հրապարակ գալն էր, ոմանց համար էլ' այնտեղ ճառեր արտասանելը: Դեռ այն ժամանակ Լեոնիդը ընկերներին զգուշացնում էր, որ այս պայքարը զինված պայքար է դառնալու, պետք է պատրաստվել դրան: Ու պատրաստվում էր: Լեոնիդի բնակարանը փորձասենյակ էր դարձել, որտեղ զենք էին փորձարկում: Հետո հավաքեց համախոհներին եւ սկսեց զինվորի գործ սովորել ու սովորեցնել:

Լեոնիդը ծնվել է 1942 թվականին Թիֆլիսում: Որոշ ժամանակ անց նրա ընտանիքը տեղափոխվել է Երեւան: Մասնագիտությամբ ֆիզիկոս է, ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Իր մասնագիտությամբ աշխատել է տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում:

Ղարաբաղյան շարժման սկզբում Լեոնիդը հայտնվեց պայքարի առաջին գծում: 1990թ. փետրվարից «Անկախության բանակի» հրամանատարն էր: Կազմակերպել է մի շարք շրջանների ինքնապաշտպանությունը, մասնակցել է առաջին ազատագրական մարտերին:

1991թ. համախոհների հետ ստեղծեց «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարն էր մինչեւ կյանքի վերջը:

«Մինչեւ հիմա մենք միայն հանձնել ենք հողերը թշնամուն, եւ հոգեբանությունն այնպիսին է, որ ազգի մեջ դիմադրական ոգին շատ թուլացել է: Դա նրանից է գալիս, որ մեր ազգի մտավորականությունը կազմողները հիմնականում ցածր ոգու տեր մարդիկ են, մարտնչելու ձեւը չգիտեն: Իսկ այստեղ, փաստորեն, մեր ազգի ֆորպոստն է' Գետաշենը, Շահումյանը, Արցախը, Զանգեզուրը: Դրանք գտնվում են անմիջապես ոչնչացման վտանգի տակ, եւ սրանք դատարկ խոսքեր չեն, դա իրոք այդպես է: Ցանկացած պահի մի փոքր կազմակերպված ուժ կարող է հարձակվել, կտրել ճանապարհները եւ կրկնել 15 թիվը»,-1991թ. մարտին Շահումյանում տված հարցազրույցում ասել է Լեոնիդ Ազգալդյանը:

Այդ տարիներին ադրբեջանական զինված խմբավորումները խորհրդային բանակի հովանավորությամբ հարձակումներ էին գործում Ղարաբաղի եւ Շահումյանի տարբեր հայկական բնակավայրերի վրա: Լեոնիդի ջոկատը այդ բնակավայրերում կազմակերպում էր ինքնապաշտպանությունը:

«Այս ընթացքում կատարվեց սելեկցիա, մնացին նրանք, ովքեր եկել են իրենց հողը պաշտպանելու, իրոք հասկանում են, որ չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող, որ, իրոք, սա Հայաստան է: Ինչ էլ ասեն միջազգային կամ ազգային գործիչները, սա Հայաստան է եւ վերջ: Ոչ ոք չի կարող ասել, որ սա Հայաստան չէ, ոչ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակել, հանձնել: Ոչ մի տեսակի գաղափար չի կարող արդարացնել Շահումյանի, Գետաշենի, Արցախի հանձնումը»,-ասել է Լեոնիդը նույն հարցազրույցում:

Արցախում չկա մի բնակավայր, ուր չճանաչեն Լեոնիդին: Մինչեւ պետական պարգեւ շնորհելը ժողովուրդն արդեն պարգեւատրել էր նրան: Նրա լուսանկարները փակցված են Արցախի բոլոր դպրոցներում, պետական հիմնարկներում:

«Մենք այստեղ ստեղծում ենք մեր մարտական գործող ճամբարները, տեղի տղաներից առանձնացնում ենք ռազմական ունակություններ ունեցողներին եւ հատուկ ծրագրով մարզում, ստեղծում ենք կոմանդոսների խմբեր, ովքեր կատարում են հատուկ հանձնարարություններ: Մեր բանակի հիմքում ընկած են ազգային վերականգնման, անկախության, իղձերի կատարման գործողություններ»,-ասում էր Լեոնիդը:

Նրա ղեկավարած զորամիավորումում կային մի քանի սփյուռքահայեր, ու այդ փաստը Լեոնիդին շատ էր ոգեւորում. «Իզուր չէ, որ այստեղ հավաքվում են այն հայորդիները, ովքեր հասկանում են ազգի պայքարի իմաստը: Սփյուռքի տղաների այստեղ գտնվելը ոգեւորության, հոգեկան իմաստով մեծ նշանակություն ունի: Մեր ճամբարներում տղաներից մեկի գոյությունն արդեն ձգում է ուրիշներին: Մարդիկ հասկանում են, որ իզուր չէ աշխատանքը, որ սա համազգային գործ է, որ մենք, իրոք, ճիշտ ենք, որովհետեւ էն հեռավոր երկրից գալիս է հայը, կանգնում մեր կողքին եւ ասում' մենք այստեղ պիտի պատերազմենք»:

1991թ. Շահումյանի տարածաշրջանում դրության տերը խորհրդային բանակը եւ ադրբեջանական զինված խմբավորումներն էին: Ահա այդ պայմաններում Լեոնիդը կարողանում էր իր տղաների հետ իրականացնել հայկական գյուղերի ինքնապաշտպանությունը:

«Ազատագրական բանակը» կարգապահությամբ առանձնանում էր մնացած ջոկատներից: Չորս տարվա ընթացքում Հայաստանում եւ Ղարաբաղում մասնակցելով տասնյակ մարտերի՝ Լեոնիդը կորցրել էր վեց զինվոր: Իր զինվորներին նա սովորեցրել էր ամեն մի դժվարության: Ծխելն ու խմելը խստիվ արգելվում էր: Ղարաբաղում նման այլ զորամիավորում չկար: Ամեն օր ութ ժամ մարզվում էին նրա տղաները: Նա կանոնավոր բանակի զինվորներ էր պատրաստում:

Մարտից առաջ միշտ այսպիսի հրահանգ էր տալիս. «Անզեն մարդկանց չեք խփում»: Նաեւ ասում էր. «Փախչողներին էլ չխփեք, թող հեռանան»:

Այդպիսի հրահանգ տվեց նաեւ Աղդաբան գյուղի ռազմական հենակետը ոչնչացնելու օրը: Նույն օրը ադրբեջանցիները մտել եւ կոտորել էին Մարաղա գյուղի խաղաղ բնակիչներին: Լեոնիդը ջոկատով շտապեց Մարաղա: Թշնամին տասնյակ զոհեր տալով նահանջեց՝ գյուղում թողնելով տասնյակ խաղաղ բնակիչների' երեխաների, կանանց, ծերերի խոշտանգված դիակներ:

Նա հմայվում էր Ղարաբաղի բնությամբ ու միշտ ասում էր. «Հայերը գեղեցիկի հասկացողություն չունեն, եթե ունենային, թեկուզ միայն դրա համար Ղարաբաղը չեն տա: Այս գեղեցկությունը ուրիշին տալը հանցագործություն է»,- կրկնում էր Լեոնիդը:

Լեոնիդի երազանքը ազգային բանակի, իսկ դրա թիկունքում՝ հզոր Հայաստան-պետության ստեղծումն էր: Իսկ բանակն այն ժամանակ դանդաղ էր ձեւավորվում:

Վերջին անգամ երբ հանդիպեցինք (Լաչինի ճանապարհը բացելուց հետո էր), ասաց.

«Այս հաղթանակները հավասարվելու են զրոյի, որովհետեւ այս հաղթանակների թիկունքում կանոնավոր բանակ չկա»:

Նա չէր հաշտվում Լաչինի ճանապարհի բացումից որոշ ժամանակ անց Շահումյանի տարածաշրջանի եւ Մարտակերտի հանձնման հետ: Այն փաստը, որ զինվորների մի մասը այնտեղից հեռացել էր մինչեւ բնակիչների դուրս գալը, հունից հանել էր Լեոնիդին: Ասում էր, որ այդ մարդիկ պետք է պատժվեն: Նա իր զինվորներով պատրաստվում էր ազատագրել Շահումյանը:

Լեոնիդի ամենամտերիմ մարդը ու սիրելի զինվորը «Ազատագրական բանակի» «Արցախ ճակատի» հրամանատար Վլադիմիր Բալայանն էր:

Նա Վլադիմիրին համարում էր բնածին ռազմական մասնագետ: 1992-ի հունիսի 9-ին Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի պաշտպանության մարտում զոհվեց Վլադիմիր Բալայանը:

Այդ օրը Լեոնիդի զինվորները առաջին եւ վերջին անգամ իրենց հրամանատարին տեսան երեխայի պես արտասվելիս:

«Նա զոհվել է, նա գնացել է դեպի աստվածները, որովհետեւ այնտեղ նրա պահանջը կար: Ուրեմն պետք է երկիրը պահենք, որ նա նահատակ չլինի, նա զոհ է, ոչ նահատակ»,-աճյունի մոտ կանգնածներին ասաց Լեոնիդը:

Վլադիմիրի թաղումից հետո երկու ժամ ոչ ոքի հետ չէր խոսում, միայնակ կանգնած էր: Հետո ձեռքն օդում թափ տվեց ու ասաց. «Պիտի գնամ հանդիպեմ Վլադիմիրին այնտեղ' երկնքում»:

Տասներկու օր անց զոհվեց Լեոնիդ Ազգալդյանը:

«Էն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, լրիվ կտապալվի»,-տարբեր առիթներով կրկնում էր Լեոնիդը:

Էդիկ Բաղդասարյան

Լուսանկարները' Ֆրեդերիկ Կարեգին Տոնոլիի, Միրիամ Գամ Գիրագոսյանի, Սարգիս Հացպանյանի

Էդիկ Բաղդասարյան
http://hetq.am/arm/special/9813/ankakhutyan-zinvory.html


Aucun commentaire: