mardi 22 juillet 2008

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ


ԱՅՍՈՒՀԵՎ՝ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ,


ոչ թե՝ ֆրանսահայ, լիբանանահայ, կանադահայ, պոլսահայ։
«Ամեն մի հայ ունի իր մեջ հայրենիքի մի պստիկ մաս, որի համար պատասխանատու է».
արմատներով կարինցի եւ ճակատագրի բերումով «ֆրանսահայ» որակումին արժանացած (եւ
հուսով, որ շուտով կկոչվի Արեւմտյան Հայաստանի հայ) ԱՐՄԵՆԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ այս
ճշմարտությունը պարտադիր է համարում յուրաքանչյուր հայի համար, իսկ ինքն անձամբ, իբրեւ
հայ մարդ, իրեն պատասխանատու է զգում ե՛ւ Արցախի, ե՛ւ Նախիջեւանի, ե՛ւ Արեւմտյան
Հայաստանի համար։
Թերեւս այս է պատճառը, որ փարիզաբնակի իր կյանքը թողած, երկրաշարժից անմիջապես
հետո արդեն Հայաստանում էր։ «Մենք եկանք երեխաներին օժանդակելու համար, իսկ 1991¬ից
արդեն հայ մարտական արվեստի օժանդակությանն ուղղված գործունեություն էինք ծավալում՝
նպաստելով մեր տղաների ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածությանը»։
Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, Արմենակը առանց վարանելու Արցախ մեկնեց եւ մնաց
այնտեղ մինչեւ 1994թ.՝ իր գործուն նպաստն ունենալով Արցախյան պատերազմում։ Ի դեպ, այս
նույն պատասխանատվության գիտակցությամբ էր, որ 2006թ. դեկտեմբերի 26¬ին Արմենակ
Աբրահամյանի ղեկավարած կազմակերպությունը՝ «Արեւմտյան Հայաստանի հայոց
համագումարը», ՄԱԿ¬ում բողոքի ձայն բարձրացրեց ընդդեմ ադրբեջանցիների ձեռքով
Ջուղայի խաչքարերի բարբարոս ոչնչացման։
Վերադառնալով Փարիզ, դարձյալ լծվում է իր համար թիվ մեկ կարեւորության խնդրին, այն
է՝ Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության գործին։
Ըստ Ա.Աբրահամյանի, վաղուց արդեն «ժամանակն էր մտածել Արեւմտյան Հայաստանի
հայության իրավունքների մասին։ Բնականաբար ուսումնասիրեցինք միջազգային իրավունքի
ողջ դաշտը՝ այդ համատեքստում փորձելով առանձնացնել Արեւմտյան Հայաստանի հայության
յուրահատուկ իրավունքները։ Ճիշտ է, մենք չենք ապրում մեր բնօրրանում, մեր հուշարձանները
տուժել ու տուժում են, բայց մենք այսօր էլ գոյություն ունենք իբրեւ Արեւմտյան Հայաստանի
հայ»։
Նրա համոզմամբ, մենք միջազգային կոնվենցիաներով ամրագրված բոլոր հիմքերն ունենք, որ
կարողանանք մեր դատն առաջ տանել։ Բանն այն է, որ դեռեւս 2007թ. սեպտեմբերի 13¬ին
ՄԱԿ¬ն ընդունել է «Աշխարհի բնիկ ժողովուրդների իրավունքների դեկլարացիան», որի 46
հոդվածներում ամրագրված դրույթները իբրեւ բնիկ ժողովուրդ տարածվում են նաեւ
արեւմտահայերի վրա։
«2007¬ի հունվարի 20¬ին մենք եւս հայտարարեցինք մեր իրավունքների մասին եւ դիմեցինք
ՄԱԿ¬ին մեր գոյությունը հաստատելու համար (նկատենք, որ պետությունները անձը
հաստատող փաստաթղթերում շեշտը դնում են քաղաքացիության վրա, իսկ ազգությունը չի
շեշտվում.¬Ա.Ե.)։ Սա փաստորեն պետական քաղաքականություն է, մի մեխանիզմ, որով
պետությունները իրենց իրավունք են վերապահում մարդու ազգությունը «սահմանելու»՝
այդպիսով նաեւ խթանելով ինտեգրացիոն գործընթացները»։
Հետաքրքիր է, այս կոնվենցիայից իրավական առումով ի±նչ շահ կարող են ունենալ
Արեւմտյան Հայաստանի հայերը։ Ա.Աբրահամյանի գնահատմամբ. «Հայաստանից դուրս ապրող
հայը արդեն իսկ Ցեղասպանության գործընթացի մասն է, վերոհիշյալ ինտեգրացման
պրոցեսները ուծացման հստակ վտանգ են հայության համար։ Ուստի պիտի մեխանիզմներ
ստեղծել այդ պրոցեսը կանգնեցնելու համար։ Պիտի որոշենք գոնե՝ ուծացման այս գործընթացը
թողնենք շարունակվի՞, թե՞ միջազգային իրավունքները օգտագործելով՝ կանգնեցնենք այն»։
Ըստ նրա, «իհարկե, կան կուսակցություններ, որոնք օտար պետություններում աշխատեցին
հայոց լեզվի, մշակույթի պահպանման համար։ Բայց եթե 90 տարի աշխատեցին այս
ուղղությամբ, ինչպե՞ս պատահեց, որ այսօր շատերը մեր հայրենիքը անվանում են
«Անատոլիա»։ Ինչո՞ւ չեն ասում Արեւմտյան Հայաստան, այլ ասում են՝ Թուրքիա եւ
Անատոլիա»։
Նա սխալ է համարում, որ Արեւմտյան Հայաստանում ապրող հայերին անվանում ենք
Թուրքիայում ապրող հայեր։ «Ի՞նչ է, եթե Արցախը չազատագրեինք, պիտի ասեինք,
արցախահայերը ապրում են Ադրբեջանում»,¬ հարցնում է Ա.Աբրահամյանը։
Բնիկ ժողովրդի՝ արեւմտահայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված գործուն
քայլերից մեկն էլ 2007¬ի ապրիլի 21¬ին բնիկ ժողովուրդների համագումարին
մասնակցությունն էր, ուր հստակ ներկայացրինք ե՛ւ մեր իրավունքները, ե՛ւ մեր խնդիրները։
«Այսօր գաղթօջախներում ապրող շատ երիտասարդներ չեն իմանում, թե իրենց
պապիկ¬տատիկները որտեղից են՝ մշեցի, սասունցի, վանեցի, կարինցի, թե սեբաստացի կամ
կիլիկիացի»։
Բնիկ ժողովուրդների իրավունքների շարքում Ա.Աբրահամյանը հատկանշական է համարում
նախ՝ ինքնորոշման, ապա՝ բնօրրանի, հողերի վերադարձի իրավունքները։ Բայց վստահ է, որ
տարածքի հարց բարձրացնելու համար ազգը նախ պիտի ինքնակազմակերպվի՝ ներկայացնելով
իր խնդիրները։
Այս ամենին զուգընթաց, Արեւմտյան Հայաստանի բնիկները մեկ այլ կարեւոր տարբերակում
ունեն այլ բնիկ ժողովուրդներից։ Դա Ցեղասպանությունն է։ Արեւմտյան Հայաստանի
բնիկներին միջազգային ատյաններում ներկայացնելիս առաջին հերթին պիտի շեշտել՝ բնիկ
ժողովուրդ, որը ցեղասպանության ենթարկվեց։ «1894-1923թթ. եղել է Ցեղասպանության
գործընթաց՝ Արեւմտյան Հայաստանի հայությանը ոչնչացնելու համար։ Սա արդեն սոսկ
պատմաբանների խնդիրը չէ, այս դատին բազմաթիվ այլ մասնագետներ եւս պիտի ներգրավվեն»։
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
http://www.armworld.am/detail.php?paperid=2745&pageid=88053&lang

Aucun commentaire: