Մի քանի տարվա աշխատանքից հետո «Մայքրոսոֆթ-Հայաստան» ընկերությունը հասարակությանը ներկայացրեց իր մասնագետների մտքի արգասիքը` Windows XP օպերացիոն համակարգի հայերեն լեզվական միջերեսի փաթեթը:
Անվճար ծրագիրը ապահովում է տեղայնացված միջերես, որը հնարավորություն է տալիս կիրառելու հայերենը անհատական համակարգիչների սեղանադիր միջավայրում:
«Մայքրոսոֆթ-Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանի հավաստմամբ`այս նորարարությունները բարձր տեխնոլոգիաները բոլորին մատչելի դարձնելու նպատակով տեղական կառավարությունների հետ «Մայքրոսոֆթի» երկարաժամկետ համագործակցության մասն են կազմում:
«Մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք առաջարկել մայրենի լեզվով միջերես,- ասում է Բարսեղյանը: - «Մայքրոսոֆթի» տեղական լեզուների ծրագրի հետ համագործակցության շնորհիվ այսօր Հայաստանի ժողովուրդը ստացել է գործիքներ ու տեխնոլոգիաներ, որոնք անհրաժեշտ են ՏՏ ոլորտի հետագա զարգացումն ապահովելու համար»:
Լեզվական միջերեսի փաթեթը (ԼՄՓ) տեղադրված է Windows XP համակարգի անգլերեն տարբերակի հիմքի վրա` հնարավորություն տալով օգտվողներին ընտրելու նախընտրած լեզվական միջերեսը: Հայերեն միջերեսի փաթեթը տեղադրված է հետևյալ հասցեում. http://www.microsoft.com/downloads/details.aspx?FamilyId=64FA945F-4204-4358-A172-F70B444A6F96&displaylang=en:
Windows XP համակարգի ԼՄՓ մշակելու նպատակով Տեղական լեզվական ծրագրի (ՏԼԾ) վրա աշխատանքը սկսվել է 2005 թվականին: «Մայքրոսոֆթը» տրամադրել է տերմինների բառացանկ, որը վերջնականապես ճշտվել և հարմարեցվել է հայաստանյան գործընկերոջ` «Բիլայն» ընկերության կողմից: Նախագծին աջակցել է ՀՀ կառավարությունը:
Հայերեն միջերես մշակողներն ասում են, որ տերմինների թարգմանությունն իսկական մարտահրավեր էր, քանի որ հայերեն համակարգչային լեզվի բացակայության պատճառով իրենք ստիպված էին բառեր և արտահայտություններ հորինել:
«Բիլայնի» նախագահ Հայկ Խանջյանն ասում է, որ մասնագետները փնտրել են իմաստային նմանակներ` վերականգնելով մոռացված բառեր հին հայերենից: Այդուհանդերձ, տեղայնացված տարբերակում օգտվողները կարող են հանդիպել վիճահարույց տերմինների: Երկու ընկերությունների ղեկավարներն էլ հայտարարում են, որ սիրահոժար կընդունեն տերմինները փոփոխելու առաջարկներն ու քննարկումները:
Լեզվական ուղեցույցը տեղադրված է առցանց հետևյալ հասցեում. http://members.microsoft.com/wincg/about.aspx?s=6&langid=1401:
Նորարարությունների հեղինակների հավաստմամբ` տեղայնացված տարբերակը թույլ կտա յոթ միլիոնից ավելի հայախոս պոտենցիալ այցելուների օգտվել այս նոր հնարավորությունից: Ընկերությունը մտադիր է դպրոցներում և բուհերում կազմակերպել տեղայնացված Windows XP տարբերակի ուսուցման ծրագիր:
Նախաձեռնության հեղինակներին ամենից շատ մտահոգում է այն հանգամանքը, որ Հայաստանում օգտագործվող Windows-ի փաթեթների 95 տոկոսը չլիցենզավորված (այսինքն` հենային) տարբերակ է, որոնք անհամատեղելի են տեղայնացված ծրագրային փաթեթների հետ:
ՏՏ մասնագետները հուսով են, որ Հայաստանը հեղինակային իրավունքը պաշտպանող վճռական միջոցներ կձեռնարկի: Հակառակ դեպքում, լուրջ ներդնողները կկորցնեն հետաքրքրությունը հայկական շուկայի հանդեպ, իսկ մասնագետները կշարունակեն հեռանալ այն երկրներ, որտեղ մտավոր սեփականության իրավունքները պաշտպանված են:
Ներկայումս «Մայքրոսոֆթ-Հայաստան» ընկերությունը ձեռնամուխ է եղել Windows Vista և 2007 Microsoft Office համակարգերի համար հայերեն ԼՄՓ-ների ստեղծման աշխատանքներին: Հունվարին «Մայքրոսոֆթի» այս երկու նորագույն փաթեթները ներկայացվել են աշխարհի ավելի քան 70 երկրներում 19 լեզուներով: Դրանք ապահովում են նորարարություններ ամենատարբեր բնագավառներում` երաժշտական ու հեռուստատեսային միջոցներից մինչև թվային լուսանկարների մոնտաժում ու DVD-ների ստեղծում:
Ջուլյա Հակոբյան
ԱրմենիաՆաուի թղթակից
Published: 30 Մարտ, 2007
http://armenianow.com/?action=viewArticle&AID=2089&lng=arm&IID=1126
ԱրմենիաՆաուի թղթակից
Published: 30 Մարտ, 2007
http://armenianow.com/?action=viewArticle&AID=2089&lng=arm&IID=1126
Aucun commentaire:
Enregistrer un commentaire