mardi 8 avril 2008

Ռուսաստանում քսենոֆոբիայի զոհ են դառնում արտագնա աշխատանքի մեկնածները

Քրիստինե Վարդանյան
Մարտ 26, 2007
Դեպք 1.
Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչներ Բորիկ Ղազարյանին ու Հրաչյա Դարմանյանին ընկերները 2003 թվականին կանչել էին Ռուսաստանի Դաշնության Օրյոլ քաղաք` շինարարությունում աշխատելու:
տպելուղարկել ընկերոջը
Չնայած տարիքին (58 տարեկան), Բորիկը չհրաժարվեց առաջարկից` հույս ունենալով, որ վերադառնալով կկարողանա ավարտին հասցնել կիսակառույց տունը: Երկու ընկերները մեկնեցին Օրյոլ եւ սկսեցին աշխատել: Ամեն ինչ նորմալ էր, հաճախակի գնում էին հանգստանալու մոտակա գետի ափին: Բայց մի չարաբաստիկ օր` 2003-ի հոկտեմբերի 25-ին, գետի ափին հանգստանալիս վեճ ծագեց նրանց եւ մի խումբ ռուս տղաների ու աղջիկների միջեւ: Վեճի պատճառը, ինչպես պատմեց Հրաչյա Դարմանյանը, մաշկի մուգ գույնն էր:
«Նրանք սկսեցին վիրավորել ինձ` անվանելով սեւամորթ, իսկ Բորիկը, ով ավելի շատ ռուսի էր նման, քան հայի, ինձ պաշտպանում էր նրանց հարձակումներից»,- հիշում է Հրաչյան: Տեսնելով, որ վեճն ավելի է թեժանում , Բորիկը գումար է առաջարկում խմբին, միայն թե իրենց հանգիստ թողնեն, իսկ խումբը դրա փոխարեն սկսում է ավելի շատ վիրավորանքն ե ր տեղալ` բացականչելով` «եկել մեր հողի վրա մեզ կաշառե՞լ եք ուզում»: Վեճն աստիճանաբար վերածվում է ծեծկռտուքի: Հրաչյաjին հաջողվում է փախչել` ծեծերի տարափի տակ թողնելով ընկերոջը:
Խումբը շարունակում է իր գործն այնքան ժամանակ, մինչեւ չի համոզվում, որ «հակառակորդը» անշարժացել է: Կարծելով, թե մահացել է` խումբը Բորիկին գաղտնի տանում եւ թողնում է դիահերձարանում: Դիահերձարանում երեք օր ուշագնաց վիճակում մնալով` Բորի կ ը գիտակցության է գալիս, հասկացնում, որ ինքը կենդանի է: Դիահերձա րա նի աշխատակիցների օգնությամբ նրան տեղափոխում են հիվանդանոց, իսկ Հրաչյան ու մյուս ընկերները, երկար ժամանակ նրան փնտրելով, գտնում են հիվանդանոցում: Թե ինչպես է այս ամենը տեղի ունեցել, Հրաչյան ցանկություն չհայտնեց մանրամասնել, միայն ավելացրեց, որ Բորիկի մահվան հարցում մեծ դ ե ր է խաղացել նաեւ նրա վատառողջ վիճակը:
Ինչպես պատմում է Բորիկի կինը` Լուսվարդը . «Բժիշկները հրաժարվում են օգնություն ցույց տալ` ասելով, թե ձեզ ով էր ասում գայիք այստեղ, որ մի հատ էլ ծեծվեիք»: Հասկանալով, որ իր օրերը հաշված են , Բորիկը խնդրում է ընկերներին իրեն հայրենիք տեղափոխել: Նոյեմբերի 7- ին նրանք վերադառնում են Հայաստան, իսկ վերադա րձից յոթ օր անց Բորիկը մահանում է :
«Երբ եկավ, ես համարյա չճանաչեցի նրան. նախկին առնական Բորիկից ոչինչ չէր մնացել: Արագ մշակեցի վերքերը, հետո երբ տեղափոխեցինք հիվանդանոց, բժիշկն ասաց, որ ոչ մի հույս չկա. ծեծի պատճառով նրա լեղապարկը ծակվել էր, վնասվել էին նաեւ մյուս ներքին օրգանները: Բժիշկը նաեւ ասաց, որ եթե նրան ժամանակին օգնություն ցույց տային, ապա հաստատ կենդանի կմնար»,- ասում է Բորիկի կինը: Բորիկի մահից հետո հարազատները չեն դիմել ոչ մի կառույցի, որպեսզի մեղավորներին գտնեն ու պատժեն:
«Միեւնույն է, գիտեինք, որ հնարավոր չէ ոչ մի օգնություն ակնկալել, նախ` որ դեպքը պատահել է Ռուսաստանում, հետո էլ` ֆինանսապես հնարավոր չէր: Հիմա էլ համարյա ամեն օր որեւէ հայ է սպանվում, ու մեղավորները իրենց պատիժը չեն կրել»,- ասում է տիկին Լուսվարդն ու հույս հայտնում, որ մի օր արդարադատությունը կհաղթի:
Դեպք 2.
«2005թ.-ին ժամանակավոր աշխատում էի Կրասնոդարի մարզում` շինարարության վրա: Մի անգամ, երբ դուրս էի եկել խանութ` գնումներ կատարելու, հանդիպեցի մի խումբ երիտասարդ տղաների: Ռուսներ էին: Սկսեցին հարցուփորձ անել, թե ո՞վ եմ, որտեղի՞ց: Ես էլ ասացի, որ հայ եմ, եկել եմ այստեղ շինարարություն անելու: Սկսեցին ծաղրել, վիրավորել: Տեսա, որ հնարավոր չէ սրանց ձեռքից ազատվել, ստիպված գումար առաջարկեցի: Զարմանալի էր, բայց վերցրին, իսկ ես փախա»,- պատմում է Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչ Վաղինակ Գրիգորյանը` ավելացնելով, որ գումար առաջարկելուց առաջ հասցրել է մի քանի հարված «ուտել»:
Սա նրա հետ պատահած միակ դեպքը չէ. երկրորդ անգամ սափրագլուխները նրան դաժան ծեծի են ենթարկել` հրաժարվելով նույնիսկ գումար վերցնել: Այս անգամ նա կարողացել է փրկվել շնորհիվ մի ոստիկանի, ով այդ պահին անցնելիս է եղել մոտակայքով: «Եթե իմ փրկության համար ես նրան մեծ գումար չառաջարկեի, հավանաբար նա չէր էլ օգնի»,- պատմում է Վաղինակը: Պատահած վերջին դեպքը անհետեւանք չի եղել Վաղինակի համար. նա ուղեղի ցնցում եւ լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել: Հիմա Վաղինակը հրաժարվում է Հայաստանից դուրս գնալու ցանկացած առաջարկից. «Երբեք Հայաստանից դուրս չեմ գնա, հատկապես Ռուսաստան: Նախ` նրա համար, որ տարիքս արդեն մեծ է, հետո էլ` ռուսների համար աշխատելու փոխարեն իմ երկրում, իմ ժողովրդի համար կաշխատեմ, թեկուզ ցածր աշխատավարձով»:
Դեպք 3.
Արիստակես Վարդանյանը ոչ թե գնում է Ռուսաստան աշխատելու, այլ խմբեր է տանում արտագնա աշխատանքի: Երկար տարիներ այս գործում փորձ ունենալով (այս գործով զբաղվում է 1997թ.-ից) երբեւէ խնդիր չի ունեցել օրենքի ներկայացուցիչների հետ: Սակայն սափրագլուխներից խույս տալ չի կարողացել:
«Ինձ փրկեց իմ ֆիզիկական պատրաստվածությունը. քանի որ մարզիկ էի ու ֆիզիկապես ուժեղ, կարողացա քիչ վնասվածքներով դուրս գալ կռվից, իսկ տեղի ոստիկանությունը, որ ականատեսն էր այս դեպքի, ուղղակի աչք էր փակում»,-պատմում է Արիստակեսը (դեպքը կատարվել է 2006թ.-ին):
Բայց այս դեպքն էլ չխոչընդոտեց Արիստակեսի աշխատանքին: Նա մինչեւ հիմա էլ շարունակում է խմբեր տանել Ռուսաստան, մասնավորապես Մոսկվա` շինարարության վրա աշխատելու: Իսկ սափրագլուխներից չի վախենում, միայն նշում է, որ հարկավոր է հնարավորինս զգույշ լինել քաղաքում շրջելիս, հատկապես երեկոյան ժամը յոթից հետո:
Վերջին մի քանի տարիներին ՌԴ-ում հայերի նկատմամբ տեղի ունեցող բռնությունները հիմնականում անարձագանք ու անպատիժ են մնում: Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանն ասում է, որ իրենք պայքարում են հակահայկական արարքների դեմ երկու ուղղությամբ. «Առաջին` ամեն մի սպանության փաստ, որտեղ էլ դեպքը պատահած լինի, դառնում է Ռուսաստանի հայերի միության քննարկման առարկան: Նախ փորձում ենք պարզել, թե ինչ հողի վրա է կատարվել սպանությունը: Իհարկե, ՌԴ-ի իրավապահ մարմինները ձգտում են ամեն ինչ տեղափոխել կենցաղային հողի վրա, բայց այդպես չէ, այո, ազգային հողի վրա էլ է կատարվում. ինչու՞ պիտի զոհ դառնան սեւ կամ թուխ մաշկ ունեցողները: Երկրորդ` եթե պարզվում է, որ ազգային հողի վրա է կատարվել սպանությունը, հարցը աշխատում են լուծել ազգային մասշտաբով` հատուկ աշխատանքներ են տարվում էթնիկական այլ խմբերի ու ռուսական կազմակերպությունների հետ` արմատախիլ անելու այդ երեւույթը»:
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը նույնպես փորձում է քայլեր ձեռնարկել այս հարցի լուծման ընթացքն արագացնելու համար: Ինչպես նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը. «Մեր գերատեսչությունը կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել այդ սպանությունների բացահայտման եւ անաչառ դատավարությունների անցկացման ուղղությամբ, միաժամանակ ընդգծվել է այդ հանցագործությունները կանխելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»:
ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցները մշտական կապի մեջ են ՌԴ իրավապահ մարմինների համապատասխան պաշտոնյաների հետ եւ հորդորում են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրական մեղավորներին բացահայտելու ու պատժելու համար: Իսկ այն հարցին, թե ինչ հետեւանք կարող է ունենալ քսենոֆոբիայի այս դրսեւորումը ռուս-հայկական փոխհարաբերությունների համար, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Ազգային անհանդուրժողականության այլանդակ դրսեւորումները բացառելը ՀՀ-ի եւ ՌԴ-ի համար համարվել է երկուստեք պատասխանատվության խնդիր, քանզի դրանք հղի են բացասական հետեւանքներով եւ նախորդ սերունդների կուտակած հոգեւոր ներուժի կորստով»:
Արտագնա աշխատանքի մեկնողներին նեղացնում են ոչ միայն ռուսները...
Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչ Գառնիկ Գրիգորյանը գրեթե ամեն տարի գնում է Մոսկվա` աշխատելու: Հիմնականում զբաղվում է շինարարությամբ, իսկ ընտանիք վերադառնում է միայն Ամանորին` մի քանի շաբաթով: Իր աշխատանքից չի դժգոհում. «Եթե նույն գործն անեմ Հայաստանում , 700 ԱՄՆ դոլարի փոխարեն կվաստակեմ 300 ԱՄՆ դոլար, իսկ առանց միջնորդի` նույնիսկ 1000»: Ամեն անգամ Ռուսաստան գնալիս ստիպված է լինում դիմել որեւէ մեկի միջնորդությանը. «Ավելի հեշտ է լինում գնալ, եթե այնտեղ ծանոթ-բարեկամ ունես, բայց ես որ միջնորդի օգնությամբ եմ գնում ( միջնորդն այն մարդն է, ով խմբեր է տանում աշխատելու ), որոշակի ժամկետով պայմանագիր եմ կնքում նրա հետ ու նոր միայն թռիչքի տոմսը գնում: Պայմանագրի մեջ մտնում է նաեւ գումարի մի մասը միջնորդին տալը: Օրինակ` ես 1000 դոլար եմ աշխատում, որից 300-ը տալիս եմ նրան, իսկ նա իր հերթին պարտավորվում է հոգալ օրենքի հետ կապված խնդիրները»,-ասում է Գառնիկը:
Մոսկվայում Գառնիկն ու ընկերները բնակվում են հանրակացարանում, իսկ սննդի հարցը հոգում են ինքնուրույն: «Սովորաբար, ընդհանուր գումար ենք հավաքում, ճաշի պարագաներ առնում ու տալիս խոհարարին, որ պատրաստի: Խոհարարը ուզբեկ աղջիկ էր, որին ամսական վճար էինք տալիս»,-պատմում է նա:
Գառնիկը ռուսների վերաբերմունքից չի դժգոհում, բայց հայերի հարցում համակարծիք չէ. «Ռուսները մեզ հարգում են թեկուզ հենց նրա համար, որ այն, ինչ մենք ենք անում, իրենք հաստատ չեն անի նույն գնով, որակով, սրանից բացի, չեն էլ կարող այդպիսի ծանր մասնագիտական աշխատանք կատարել: Իսկ հայերը, փոխանակ ավելի լավ վերաբերվելու, նույնիսկ խաբում են ու աշխատանքը վերջացնելուց հետո երբեմն գումարը չեն տալիս` պատճառաբանելով, որ վատ աշխատանք է կամ էլ այն չէ, ինչ որ իրենց էր պետք»:
Այսպես են վարվել նաեւ Թալինի մեկ այլ բնակչի` Վաղինակ Գրիգորյանի հետ, ով աշխատում էր Անապայում: «Հայերը ռեկետ են անում` տված փողը ծեծի միջոցով վերցնում են ձեռքիցդ: Իհարկե, հիմնականում փող տվող մարդը չի ծեծում, այլ խրատ է տալիս ուրիշին, հետո հետ վերցրած փողը կիսում են իրար մեջ, իսկ դու անզոր ես որեւէ բան անել»,- պատմում է Վաղինակը: Նա նույնիսկ մեկ այլ դեպք հիշեց, որի արդյունքում աշխատողին ոչ միայն գումարը չէին տվել, այլ սպառնացել էին, որ կսպանեն:
«Մի անգամ ռուս աղջկա էին սպանել, գցել կանալիզացիան` մեղավորությունը բարդելով հայերի վրա: Կազակների երկու տարբեր խմբեր կային` Կուբայի կազակներ ու Ռոստովի կազակներ: Ավելի ահավոր էին վերջինները. եթե առաջիններին կարող էիր փող տալով մի կերպ զսպել, սրանք հակառակը, իրենց պապերի մեդալները կրծքներից կախած, առանց թույլտվություն հարցնելու` մտնում էին տներն ու հարձակվում վրադ»,-պատմում է Վաղինակը: Վաղինակի ընտանիքին այդպես բռնի ուժով դուրս են արել տնից, ու նրանք ծանոթների միջոցով մի կերպ կարողացել են վերադառնալ Հայաստան: «Ես այդ ժամանակ գրանցված էի մի ծեր պապիկի տան վրա, որը վերանորոգում էի: Պատկերացրեք իմ վիճակը, երբ տուն եկա ու ընտանիքիս չգտա, հետո պարզվեց, որ արդեն Հայաստանի ճանապարհին են, իսկ ես գործս չէի կարող կիսատ թողնել»,- ասում է նա:
Սեւակ Բեգլարյանը երկար տարիներ Ռուսաստանում բրիգադիր է աշխատում, բայց նախընտրում է համագործակցել ոչ թե հայերի, այլ ռուսների հետ: Պատճառը, ինչպես ինքը նշեց, օրենքի հետ կապված խնդիրներն են. «Քանի որ այս տարվանից Ռուսաստանում նոր օրենք է ընդունվել գրանցման հետ կապված, աշխատում եմ խուսափել ավելորդ խնդիրներից: Ընդհանրապես, եթե օրենքի ներկայացուցիչների ու գրանցման հետ կապված խնդիրները չլինեին, ավելի հեշտ կլիներ աշխատել հայերի հետ, քանի որ ռուսները հայերի նման որակյալ գործ չեն կարողանում անել»:
Իսկ Արիստակես Վարդանյանը չի վախենում օրենքի ներկայացուցիչների հետ խնդիրներ ունենալ: Աշխատելու է տանում միայն ծանոթ մարդկանց, ում հետ մի քանի անգամ արդեն համագործակցել է: Նշենք, որ եթե աշխատելու ընթացքում որեւէ դժբախտ դեպք է պատահում, բոլոր ծախսերը հոգում է տվյալ խմբի պատասխանատուն` բրիգադիրը, կամ այն անձը, ով տուժածին բերել է աշխատելու: Օրինակ` նման դեպք է պատահել Արմավիրի մարզի 23-ամյա բնակիչ Պողոս Պողոսյանի հետ, ով աշխատում էր Ռոստովում: Շինարարություն անելու ժամանակ քարն ընկել է նրա աջ ոտքին, եւ կոտրվել է ոտնաթաթը: Բժիշկների հետ կապված բոլոր հարցերը հոգացել է բրիգադիրը, ապա վճարել Պողոսին իր աշխատածին համարժեք գումար եւ ուղարկել Հայաստան:
2007թ.-ի հունվարի 15-ից Ռուսաստանի Դաշնության կառավարության ընդունած «Միգրանտների հաշվառման եւ օտարերկրացիների աշխատանքի մասին» նոր օրենքը Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների համար զգալի դժվարություններ առաջացրեց: Նախքան դժվարությունների մասին խոսելը նշենք, որ եթե նախկինում միգրանտը պարտավոր էր հաշվառվել ու թույլտվություն ստանալ որոշակի բնակտարածքում մնալու համար ( 1 շնչի հաշվով 12մ 2 -ուց պակաս չպետք է լինի, այսինքն` մեկսենյականոց բնակարանում յոթ հոգի չեն կարող ապրել, քանի որ մեխանիկորեն նրանք դառնում են անօրինական միգրանտներ ) , հիմա այս պայմանը հանվել է: Ինչպես նշում է ՀՀ կառավարությանն առընթեր Միգրացիայի գործակալության միգրացիոն ծրագրերի բաժնի պետ Իրինա Դավթյանը. «Միգրանտն ունի ցանկացած տեղում հաստատվելու իրավունք, միայն մեկ բան է պահանջվում` հաշվառման դեպքում տեղեկացնել համապատասխան մարմիններին այս մասին»:
Հաշվառման նոր կարգով ՌԴ մեկնողը դիմում է համապատասխան մարմիններին ու ստանում թույլտվություն. այս դեպքում կարող է նույնիսկ աշխատանք չունենալ: Ըստ Իրինա Դավթյանի` «Եթե օրենքով պահանջվող փաստաթղթերը ներկայացվեն, գործատուն իրավունք չունի մերժել»: Թվում է` այս ամենից հետո ոչ մի դժվարություն չի կարող լինել ՌԴ-ում աշխատող մարդկանց համար, սակայն այդպես չէ: Օրենքն ուժ ունի միայն նրանց համար, ովքեր նոր են մուտք գործում ՌԴ. «Ստացվում է, որ հին աշխատողներն անօրինական են աշխատում, այսինքն` մեխանիկորեն դուրս են մնում օրենքի ազդեցությունից, այս դեպքում նրանք ստիպված պետք է լինեն գնալ հարակից որեւէ պետություն, հետո նոր գան ՌԴ, որ ստանան վերը նշված իրավունքը»,-պարզաբանեց Իրինա Դավթյանը:
Հոդվածը՝Քրիստինե Վարդանյանի http://www.hetq.am/arm/society/270/

Նաև տարբեր Ֆորումային քննարկումներ՝
http://www.armtown.com/forum/index.php?showtopic=111
http://www.netarmenie.com/forum/viewtopic.php?t=1429
http://armenie-occidentale.forumactif.fr/securite-f14/

Aucun commentaire: