Ապրիլի 26-ին Լեռնահայաստանի հռչակման 84-րդ տարելիցը նշանավորվեց Գարեգին Նժդեհի իղձերից մեկի իրագործմամբ։ Հայոց Մեծն Սպարապետի եւ ազգանվեր գործչի երազանքն էր ամփոփվել Խուստուփ լեռան լանջին։ Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ Կապան մեկնած պատվիրակությունը գլխավորում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Ներկա էին նաեւ Սյունիքի մարզպետը, գեներալ Արշալույս Փայտյանը, հանրապետականներ։ Ողջույնի ուղերձ էր հղել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Հանձնվեցին «Անդրանիկ Օզանյան» եւ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալները։ Ի դեպ, չասվեց՝ ո՞ւմ եւ ինչի՞ համար։ Գարեգին Նժդեհի ցանկության իրագործմանը դեռեւս 90-ականներից ձեռնամուխ էր եղել Երկրապահ կամավոր, հանրապետական, ԱԺ պատգամավոր Սերժ Մկրտչյանը։ «Դեռեւս 1983-ին Վլադիմիրյան բերդից Նժդեհի մասունքները տեղափոխվեցին Հայաստան՝ ի պահ հանձվելով Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանքին,- պատմեց պրն Մկրտչյանը։- Այնուհետեւ երկար քննարկումներից հետո որոշվեց նրա մասունքների մի մասը թողնել Սպիտակավորում, մյուս մասն ամփոփել Խուստուփ լեռան լանջին։ Ապրիլի 17-ին աճյունասափորը բերվել է Կապան, պահվել զորամասերից մեկում, վերջնականապես Սպարապետի երազած վայրում՝ Խուստուփում ամփոփելու։ 90-ականներին ղարաբաղյան ազատամարտի ժամանակ լրջորեն վտանգված էր նաեւ այս տարածաշրջանը։ Կարեւորելով ինքնապաշտպանական գործընթացը, ուխտեցի, որ եթե Աստծո կամոք ամեն բան լավ ընթացք ստանա, Խուստուփի լանջին կկառուցեմ Նժդեհի հուշարձանը։ 2001-ին այն իրականություն դարձավ։ Գաղափարը, որ դրվել է կառույցի հիմքում, մեր նվիրվածությունն է Նժդեհի գաղափարներին։ Հուշարձանի հինգ արծիվները խորհրդանշում են մեր հավատարմությունը, ցորենի հասկը ծիլ կտա այն ժամանակ, երբ մենք երկրագնդի վրա, այս արեւի տակ կունենանք մեր արժանի տեղը։ Այս հուշահամալիրը կդառնա ուխտատեղի, իսկ ուխտավորները, հուսով եմ, հատկապես՝ երիտասարդները, կլինեն նժդեհյան պատգամների իրագործողները»։ Հուշարձան այցելողները կարող են հաղորդակցվել Նժդեհին նաեւ որպես մտածողի, գաղափարախոսի, փիլիսոփայի։ Նրա մտքերը զետեղված են դեպի հուշարձան տանող ճանապարհին։ Ըստ պրն Մկրտչյանի, գիշեր-ցերեկ հուշակոթողը կլուսավորվի։ Հոգեհանգստի արարողությունը կատարվեց հոգեւոր դասի եւ Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի մասնակցությամբ։ Սրբազանը մեր այն դիտարկմանը, թե քանի՞ անգամ կարելի է հանգուցյալին արտաշիրմել եւ արդյոք դա ընդունելի՞ է եկեղեցու կողմից, պատասխանեց. «Սովորաբար չի թույլատրվում, սակայն այս դեպքում գերեզմանը կնքված չէր եւ թաղման արարողակարգը, որ մեկ անգամ է պատշաճ, այսօր կատարվեց»։
ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ
Aucun commentaire:
Enregistrer un commentaire