Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել
Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է հայերի կողմից իրենց հայրենիքի
կանոնները չհարգելու խնդրին:
«Հայկական լեռնաշխարհ ունի միայն մեկ
խնդիր՝ երկրաշարժները, այն էլ նրանցից ունեցած կորուստները ոչ այնքան
աղետի, որքան մեր մեղքով են: Բնությունը պարբերաբար տարբեր մեթոդներով
«ստուգատեսի» է գալիս. եթե ճիշտ ես ապրել, շարունակում ես, եթե սխալ ես
ապրել, չես հարգել քո հող ու ջրի օրենքները՝ մտնում ես գերեզման: Մեր
տարածաշրջանում բնությունը ստուգայցի է գալիս երկրաշարժների տեսքով:
Օրինակ, Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, թե որքան անհարգալից ենք մենք մեր
հայրենիքի բնական օրենքների նկատմամբ, դրա համար էլ խստագույնս պատժվեցինք:
Երկրաշարժից հետո բոլոր նախախորհրդային, ինչպես նաև «ստալինյան» և
«խրուսչովյան» շինությունները ճաքեր ունեին, բայց կյանքեր էին փրկել, իսկ
Կարեն Դեմիրճյանի պաշտոնավարման օրոք կառուցված որևէ շենք չպահպանվեց,
կարծես չէր էլ կառուցվել: Սա ցույց է տալիս, որ ազգը այլասերվեց այն
աստիճան, որ իր իսկ համար կառուցեց այնպիսի տուն, որը չի դիմանա իր հայրենի
բնության «ստուգայցներին»,- ասել է Կարապետյանը՝ օրինակ բերելով վերջերս
Վանում տեղի ունեցած երկրաշարժը, որն իր ուժգնությամբ չէր զիջում Սպիտակի
երկրաշարժին, սակայն ընդամենը 100 մարդու կյանք էր խլել: «Ամոթ է ուղղակի,
որ քրդերը մեզանից ավելի են հարգում մեր հայրենիքի կանոնները. Վանում 4
հարկից բարձր որևէ շենք չես գտնի»:
Հուշարձանագետն առաջարկել է նաև
Գյումրիի եղբայրական գերեզմանոցն անվանակոչել Կարեն Դեմիրճյանի անունով:
«Դա իր վաստակն էր: Իր պաշտոնավարման ընթացքում կառուցվեցին այն շենքերը,
որոնք գերեզման դրեցին հազարավոր հայ կյանքեր: Սրանով ես չեմ ուզում ասել,
որ հիմա կառուցվում են այնպիսի շենքեր, որ վաղը կրկին բազմաթիվ հայ կյանքեր
գերեզման չեն դնելու: Ի՞նչ երաշխիքներ ունենք, որ բնությունը հերթական
ստուգատեսի չի գալու»,- ասում է Սամվել Կարապետյանը: