Ընդդեմ օտարալեզու դպրոցների բացման.
Վերջերս ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկով դիմել է կառավարությանը, որի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում օտար լեզվով ուսուցմամբ կրթական հաստատությունների գործունեությունը օրենսդրորեն թույլատրելն է: Դժվար է ասելՙ նախարարությունն արտաքին ինչ-որ ուժերի ճնշմա՞նն է տեղի տալիս, թե՞ հայրենի գլոբալիստների նկրտումներն են այլեւս դառնում բացահայտ, եթե հրապարակում հայտնվում է այսպիսիՙ կրթության եւ լեզվի քաղաքականությունն ու փիլիսոփայությունը հիմնիվեր փոխող օրենսդրական նախաձեռնություն: Քայլն իբր թե հիմնավորվում է «կրթության ոլորտում միջազգային համագործակցության արդյունավետության բարձրացման», «լեզվաքաղաքականության եւ կրթության բնագավառների օրենսդրության տեխնիկական հակասությունների» վերացման անհրաժեշտությամբ, մինչդեռ դրանք կոչված են ընդամենը սքողելու բուն նպատակըՙ շահախնդրության ասպարեզ դարձնել նաեւ հանրակրթությունը: Եվ այդ շահախնդրությանը, հայկական դպրոցի հետ, զոհ կարող է գնալ նաեւ հայոց լեզուն:
«Լեզվի մասին» ՀՀ օրենքի 2-րդ («Կրթության լեզուն») հոդվածի հիմնարար դրույթը («Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական եւ ուսումնական համակարգերում դասավանդման եւ դաստիարակության լեզուն գրական հայերենն է») փոխելովՙ միանգամայն ակնհայտ է, որ փոխվում է օրենքի տրամաբանությունը, որով մինչեւ այսօր լեզվի օրենքը գիտակցվում է իբրեւ օրենք հայոց լեզվի մասին: Իսկ նշված դրույթի փոփոխությամբ կամ կորստով օրենքն ամբողջովին էազրկվում է, եւ խոսքն այլեւս ինչ-որ օրենսդրական փոփոխությունների մասին չէ, այլՙ օրենք փոխելու:
Առաջարկվող փոփոխություններով արժեզրկվում է ոչ միայն լեզվի մասին օրենքը: Եթե հայոց լեզուն այլեւս կրթության ու դաստիարակության լեզու չէ պարտադիր կերպով, ինչպես ամրագրված է օրենքում, անիմաստ է դառնում հայերենի գործածության պարտադրություն պահանջել մյուս օրենքներից («Գովազդի մասին» եւ այլն): Նույնիսկ հակառակը. դիցուք, անգլերենով կրթություն ստացող երեխայի համար հիանալի դիտողական պարագա կարող են դառնալ մայրաքաղաքի փողոցների հազարավոր անգլերեն ցուցանակներն ու գովազդները:
Մեր լեզվական ինքնությանը նետված այս մարտահրավերի վտանգավորությունը հայ մտավորականության համար, թվում էր, լինելու է այնքան ակնհայտ, որ բողոքի ալիք պիտի բարձրանարՙ ջնջելու համար ապազգային այս հերթական նկրտումը: Սակայն հայ մտավորական միտքը (թող ներվի այս կրկնաբանությունը) զարմանալի հանգիստ է եւ միայն երբեմն-երբեմն է թույլ տալիս իրեն հրապարակ գալ ու բանավիճել: Բանավեճի մի կողմն էլՙ գիտնական ու գրող, պաշտոնյա ու քաղաքական գործիչ, դեմ չէ ազգադավ այս ձեռնարկումը կյանքի կոչելուն:
Վտանգավոր է, որ առաջարկվող փոփոխություններին կողմ է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, կողմ այնպիսի անվրդովությամբ, որ սկսում ես մտածել, թե գուցե մեզ եւս մի պաշտպան է պետքՙ հայ մարդու իրավունքների: Նաեւ զարմանալի է, որ Արմեն Հարությունյանը, աննախադեպ բան, առաջարկին արձագանքում է գրեթե ակնթարթորենՙ կարծես տագնապելով, որ իր հապաղումով նախաձեռնության հանդեպ կարող է բացասական կարծիք ձեւավորվել: Մարդու իրավունքների պաշտպանը համոզված է այս փոփոխությունների բերելիք արդյունքների հարցում, որովհետեւ, նրա պնդմամբ, օտար (մասնավորապես ռուսական) կրթություն ստացածները հայկական կրթություն ստացածներից առանձնանում են «լայնախոհությամբ», եւ նրանց հետ «հեշտ է աշխատել»: Ահա այս «տեսլականով» դրվատելով ԿԳ նախարարության նախաձեռնությունըՙ մարդու իրավունքների պաշտպանն իբր ելնում է մարդուՙ ցանկացած լեզվով (այլընտրանքային) կրթություն ստանալու իրավունքի ապահովման անհրաժեշտությունից: Բայց հնարավոր համարել դպրոցահասակ երեխայի գիտակցված որոշումըՙ կրթություն ստանալ օտար լեզվով, պարզապես զավեշտալի է: Նույնչափ զավեշտալի է այս դեպքում մարդու իրավունքները հարգելու մասին խոսելը: Փոխանակ ընդունելու, որ հնգամյա երեխային պարտադրելով կրթություն ստանալ օտար լեզվովՙ բռնանում ենք աշխարհայացքն ու մտածելակերպը բնական եղանակովՙ մայրենի լեզվով ձեւավորելու նրա բնական իրավունքի վրա, մենք մեկ այլ անձի (թեկուզ ծնողի) պարտադրանքը նենգափոխում, հռչակում ենք երեխայի իրավունք: Հետո սկսում ենք պաշտպանել այդ իրավունքը:
Առաջարկվող փոփոխություններին դեմ չէ հայ խորհրդարանականը: Նրանցից Անահիտ Բախշյանի համոզմամբՙ օտար լեզվով ուսուցմամբ դպրոցների բացումը չի վնասի մատաղ սերնդի լեզվական կրթությանը, քանի որ այսօր, երբ դեռ այդպիսի դպրոցներ չկան, արդեն իսկ ցածր է հայերենի իմացության մակարդակը: Հետեւաբար, տրամաբանում է նախկին մանկավարժը, օտարալեզու ուսուցմամբ դպրոցները վտանգավոր չեն: Զարմանալի տրամաբանություն չէ՞: Բայց ամենազարմանալին այն է, որ քաղաքական գործիչը ներքին այս մարտահրավերի ամբողջ վտանգավորությունը քննում է զուտ լեզվական տեսանկյունիցՙ չտեսնելով կամ չտեսնելու տալով խնդրի քաղաքական, հոգեբանական, սոցիալական եւ մյուս առումները:
Փոփոխություններին տարբեր վերաբերմունք ունեն լեզվաբանները. նրանցից, օրինակ, Ռուբեն Սաքապետոյանի կտրուկ մերժողական խոսքին Նարինե Դիլբարյանը հակադրում է իր պաշտպանական «տրամախոսությունը»ՙ հօգուտ օտարալեզու դպրոցի:
Այսպիսովՙ վտանգի համընդհանուր գիտակցում չկա: Եվ եթե երբեմն առկայծում էլ են դրանք, ապա շուտով կորչում են համատարած անտարբերության գորշ պատկերի վրա: Առավել զարմանալին այն է, որ հայոց դպրոցի համար նյութվող այս դավի առաջ անտարբեր ու համր է հայ մանկավարժը: Համենայն դեպս, առ այսօր նրանցից որեւէ մեկի տագնապին կամ մտահոգությանը հրապարակավ ականջալուր չեղանք, իսկ հայ ուսուցչի անտարբեր լռությունը կրթական գործի մեր ղեկակալները հաստատ կդարձնեն փաստարկ իրենց անելիքը հասարակության աչքին ոչ միայն անվտանգ, այլեւ նույնիսկ ազգանպաստ ներկայացնելու համար:
Խնդրի վերաբերյալ քննարկումներում եւ բանավեճերում համարյա միշտ խոսվում է օտարալեզու ուսուցմամբ դպրոցների մասին, մինչդեռ նախագծում խոսքը կրթական գործունեություն իրականացնող նաեւ այլ հաստատությունների մասին է («Հայաստանի Հանրապետության տարածքում... օտար լեզուներով ուսուցման ոչ հանրակրթական եւ հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնել...»), որից պիտի ենթադրել, որ շուտով մենք ունենալու ենք օտարալեզու ուսուցմամբ նախադպրոցական հաստատություններ նույնպես: Ահա այսպես հայոց դպրոցի առանց այն էլ խարխուլ շենքը քանդվում է արդեն խոր հիմքից: Եվ այդ հիմնավեր գործին, մոդային տրվելու ինքնամոռացությամբ, շուտով կլծվի հասարակության մի լայն հատված: Մնում է պատկերացնել, թե իրենց զավակներին անգլիական, ռուսական կամ ֆրանսիական մանկապարտեզ հանձնելու համար ի՛նչ զոհողությունների կգնան հայ մայրերն ու հայրերը: Ու այդ բանն անելուն նրանց կմղի ոչ միայն հարեւանից ու բարեկամից հետ չմնալու հայկական բնավորությունը, այլեւ ոչ հեռավոր անցյալի հիշողությունը. նրանք նորից նոր կհիշեն, թե խորհրդային ժամանակներում ի՛նչ նախապատվություններ կային ռուսական կրթություն ունեցողների համար. դրանք արտոնություններ էին, որոնցով զինված մեր ռուսախոս եղբայրներն ու քույրերը ներողամիտ ու նույնիսկ քամահրական վերաբերմունք ունեին ազգային լեզվով կրթություն ստացածների հանդեպ: Եվ մենք հետ ենք բերում այդ ժամանակները: Հետ ենք բերում, որ հայոց լեզվով կրթություն ստացածին հիմա քամահրել սկսեն անգլիական, ռուսական, ֆրանսիական դպրոցի սովորողն ու շրջանավարտը: Գուցե նաեւՙ թուրքական:
Փոփոխություններով առաջարկվում է թույլատրել օտարալեզու ուսուցմամբ թե՛ մասնավոր, թե՛ պետական հաստատությունների գործունեությունը, եւ դժվար չէ կռահելՙ ինչու՛: Օտարալեզու ուսուցմամբ պետական դպրոցներն իրենց բոլոր առավելություններով իհարկե՛ նախատեսվում են երկրիս ունեւոր եւ պաշտոնեից դասի ժառանգների համար (ինչպես, օրինակ, պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը), իսկ մասնավորները բաժին կընկնեն աղքատ խավի երեխաներին (ինչպես, օրինակ, ՀՀ-ում գործող բոլոր մասնավոր համալսարանների նույնՙ իրավաբանական ֆակուլտետները): (Գթասի՜րտ են մեր օրինաստեղծները. նրանք օրենք են գրում նաեւ հասարակ մարդկանց համար):
Այո, օտարալեզու ուսուցմամբ դպրոցները կսպասարկեն հիմնականում ունեւոր խավին, որովհետեւ դժվար է պատկերացնել, թե այդուհետեւ հայ որեւէ մեծահարուստի զավակ կհաճախի հայկական դպրոցՙ թողած հեռանկարի եւ հավակնությունների առումով անմրցելի օտարալեզու դպրոցները: Սրանք հիմնադրման առաջին իսկ օրվանից կվերածվեն «էլիտար» հաստատություններիՙ այդպիսով կամա-ակամա նսեմացնելով հայկական դպրոցը, այդ դպրոցի աշակերտին եւ ուսուցչին: Եվ քանի որ վերջիններս մեծ թիվ են կազմում, ուրեմն հանրության գիտակցության մեջ նսեմացած է երեւալու հասարակության մի լայն շերտ: Սոցիալական բեւեռացվածությամբ եւ հոգեբանական մեծ խզվածքով բնութագրվող հայ հասարակությունն ահա այսպես կկորցնի իր ներսում գոյացած սոցիալական անջրպետը փոքր-ինչ չեզոքացնող վերջին գործոնըՙ հանրակրթական դպրոցը, որտեղ, առանձին դեպքեր հաշվի չառած, նոր սերունդը հոգեբանորեն վերջնականապես շերտավորված չէ:
Գաղտնիք չէ, որ հայոց դպրոցին մեծ հարված է հասցրել 1990-ականներին ծայր առած հայրենալքությունը, ինչի հետեւանքով հարյուրհազարավոր հայորդիներ մայրենի դպրոցներում չուսանեցին եւ այլեւս երբեք չեն ուսանի: Այսօր էլ հայոց դպրոցը շարունակում է աշակերտազրկվել: Կրթօջախները երբեմն նույնիսկ անառողջ մրցակցության մեջ ենՙ ամեն գնով աշակերտ եւ հատկապես առաջինդասարանցի հավաքագրելու համար: Շատ դպրոցներում դասարան բացվել-չբացվելու խնդրի լուծումն ուղղակիորեն կախված է եւս մեկ աշակերտ ունենալու կամ չունենալու հանգամանքից: Մեր դպրոցի համար ահա այս անմխիթար պայմաններում է ասպարեզ գալու անողոք ու զորեղ թշնամինՙ օտար դպրոցը, որի թիկունքին կանգնած է գլոբալիզացիան, ամեն գնով եւ օր առաջ «միջազգայնանալու» մարմաջը, ինչպես նաեւ մեր սեփական օտարամոլությունն ու հայ ունեւորի լայն բացված գրպանը: Օտար դպրոցի թիկունքին սարի պես այս կանգնածները, սակայն, չարի պես եւ դեմ հանդիման են կանգնած հայոց դպրոցինՙ ի զորու եթե ոչ ոչնչացնելու (դա կանեն հետո), ապա առնվազն թուլացնելու, տկարացնելու նրան: Իսկ առայժմ օտար դպրոցները հայկական դպրոցներից կխլեն հազարավոր հայ մանուկների, որպեսզի իրենց գլոբալ ծոցում բուծեն լեզվուրացներ ու ազգամոռներ, ազգային գաղափարներից «սրբագրված»ՙ ինտեգրված հայեր: Ուրի՛շ հայեր:
Չեմ հավատում, թե սա է ԿԳ նախարարության «տեսլականը»: Իսկ եթե, այնուամենայնիվ, սա է, ուրեմն նա... ճիշտ ճանապարհի վրա է:
Հ.Գ. Ենթադրվում էր, որ լեզվի օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնության հեղինակները պետք է ուշադիր լինեինՙ գոնե լեզվական մեղանչումներ թույլ չտալու համար: Սակայն ԿԳ հայրենի նախարարությունում ըստ երեւույթին հայկական կրթությամբ բանասեր չի գտնվել, որ աչքի անցկացներ նախագիծն ու բացառեր, օրինակ, այս անհեթեթությունը. «Օրենքի ընդունումը կկարգավորի սովորողների սոցիալական խնդիրների ..... հարցը .....»: Կամՙ ի՞նչ պետք է հասկանալ հետեւյալ նախադասությունից. «Ներկայումս «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանափակում է միջազգային հեղինակություն ունեցող միայն հանրակրթական այլընտրանքային հաստատությունների մուտքը Հայաստանի Հանրապետություն, այն դեպքում, երբ որակյալ կրթություն ստանալու պահանջարկը մեծ է, իսկ արտերկրում դա ապահովելու հնարավորություն ունեցողներինըՙ քիչ»: Ընդգծված երկրորդական նախադասության միտքը կռահել կարելի է միայն: Դրությունը մասամբ կշտկվեր, եթե «ունեցողներինը» բառի փոխարեն գործածված լիներ «ունեցողները»: Ի դեպ, այս նախադասության մեջ գործածված «մեծ» ու «քիչ»-ը հականիշներ չեն, ինչպես ներկայացված է նախագծի հիմնավորման մեջ:
«Օրենսդրական այս նախաձեռնությամբ առաջարկվում է հնարավորություն տալ, որպեսզի .....», ասվում է օրենքի հիմնավորման մեջ, եւ դարձյալ չի գտնվել մի բանասեր, որ ասերՙ «հնարավորություն տալ, որպեսզի» ձեւակերպումը ռուսական մտածողության հետեւանք է, իսկ մաքուր հայը կասիՙ «հնարավորություն տալ, որ»:
Կարծում եմՙ հենց միայն այս (նաեւ չնշված) մեղանչումները շտկելու համար կառավարությունն օրենքի նախագիծը պիտի հետ ուղարկի:
Բայց ամենածանրը, իհարկե, մեղանչումն է հայոց լեզվի եւ հայոց դպրոցի հանդեպ: Եվ այս մեղանչման համար օրենքի նախագիծը ոչ թե պիտի հետ ուղարկել, այլ մերժել անվերադարձ:
ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ, Վանաձոր